Ձեզ դո՞ւր կգա, եթե ամեն օր աշխատանքի գնալիս անցնեք փորձությունների միջով, հայհոյեն, ձվերով, պոմիդորներով հարվածեն. կհասնեք գործի տեղ, դիմում կգրեք, մի կերպ կհասնեք տուն ու այլևս դուրս չեք գա, միչև ձեր մասին մոռանան։ Հարց ունեմ իմքայլական պատգամավորներին․ ձեզ դուր է գալի՞ս ձվերի տարափի տակ ապրելը։ Դո՞ւր է գալիս ամեն անգամ տնից դուրս գալիս անցնել Ֆորտ Բոյառի փորձությունների միջով։ Դուք ամեն օր փախեփախ եք շարժվում, ծածուկ մուտք գործում ԱԺ, ավտոբուսներով ոստիկաններ բերում- կանգնացնում, անցնելիս էլ դիմակը մինչև աչքերը քաշում եք, որ ձեզ չճանաչեն։ Ամեն քայլի ձեր ու ձեր ղեկավարին հայհոյում են, անիծում են, ճանապարհը փակում են։ Ձեր մասին մեր վիդեոների կողքը գրում ենք 18+, որովհետև ամոթ է լսելը, թե ինչ են ասում ձեզ։ Ու սա վերջ չի ունենա, շարունակվելու է շատ երկար, անգամ երբ հրաժարական տաք։ Բայց գոնե ձեր լիդերի հրաժարական տալը կօգնի, որ ձեզ մոռանան, մարդկանց աչքի առաջ չեք լինի։ Հիմա հանրային սպասելիքը Փաշինյանի հրաժարականն է, իսկ դուք թիմակից եք, հանրային դեմք եք և ձեզ տեսնելը ջղայնացնում է։ Գիտե՞ք ինչու, որովհետև դուք հանրային գիտակցության մեջ դավաճան եք, հող եք տվել, աղետ եք բերել։ Դուք էլ միգուցե ձեզ եք դավաճանված զգում, Նիկոլ Փաշինյանը ձեզել է խաբել, բայց դե մեկ է՝ դուք ևս կրում եք դավաճանության պատասխանատվությունը։ Նիկոլ, լա՞վ ես զգում, որ թիմակիցներդ փողոցային շան օրի են, ամեն օր նվաստացումների միջով են անցնում, հանցագործ են դառնում։ Կարծում եմ՝ իրեն մեկ է, նա դրա մասին՝ ձե՛ր մասին, չի մտածում։
Իսկ այդ ամենի պատճառը հրահրած պատերազմն է, պարտության տարած պատերազմն է, գաղտնի ստորագրած կապիտուլյացիան, անմեղ զոհերը, հայրենիքի կորուստը։ 44-օրյա պատերազմի ու կապիտւլյացիայի ամենատանջող բանը բայց գիտե՞ք ինչն է։ Գաղտնիքները։ Գաղտնիքները պարտությունից ավելի ցավալի են, որովհետև այդ գաղտնիքների բացահայտումից է պարզ դառնալու, թե ինչու հանկարծ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, միջազգային զեկույցների համաձայն՝ բնակչության թվի համեմատ ամենառազմականացված երկիրը այսպիսի պարտություն կրեց։ Ինչո՞ւ Փաշինյանը բոլոր հնարավոր տարբերակներից ընտրեց պատերազմը և գնաց պարտադիր պարտության։ Արցախը, Հայաստանից ոչ փոքր հատված հանձնվեց թշնամուն, հազարավոր մարդիկ զոհվեցին, դարձան անտուն-թափառական, ճակատագրեր խեղվեցին հենց էդ գաղտնի գործընթացների արդյունքում։
Ամեն օր հրապարակվում են տեղեկություններ ու փաստեր, որոնք ամբողջացնում են պատկերը և ողջամիտ կասկած են հարուցում, որ հայ ժողովրդի դեմ դավադրություն է եղել։ Կբերեմ ընդամենը մի քանիսը, փորձենք հասկանալ, թե ո՞ւմ էր պետք, որ բանակցությունները ձախողվեն ու սկսի պատերազմ, ո՞ւմ էր պետք պատերազմի ժամանակ տուգանքներով, ֆեյքային գրոհներով կասեցնել վտանգի մասին մամուլի զգուշացումները։ Ո՞ւմ էր պետք իրականությունը թաքցնելը, ո՞ւմ էր պետք Հայաստանում պատերազմը խաղ ու պար ներկայացնելը, Արցախից իրողությունները չփոխանցելը։
Նիկոլին չենք հավատւմ, նա ստում է միշտ․ օրինակ՝ ասում էր, թե բոլոր բանակցություններում Շուշիի հանձնելը եղել է, այնինչ սուտ է, ասում էր, որ նախկինները շրջաները հանձնում էին խաղաղության դիմաց, այնինչ սուտ է, միշտ բանակցել ենք կարգավիճակի շուրջ։ Ասում էր, թե անհնար էր խուսափել պատերազմից, բայց սուտ է։ Գնում է պետական հեռուստաընկերության եթեր ու ստում․ ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ «Մեղրի» բառ կա, ո՛չ «Միջանցք» բառ, ո՛չ «Սյունիք» բառ։ Իբր թե՝ Հայաստանից չեմ տալիս։ Ո՞ւմ ես հիմարի տեղ դնում, արա՛, էդ դավաճանական փաստաթղթում չկա նաև Սոթքի մասին, բայց տվեցիր, չկա Շուռնուխի մասին, Որոտանի մասին, Դավիթ Բեկ գյուղի հողերի մասին, ԽՍՀՄ սահմանների մասին։ Բայց նաև ասում է, որ Սյունիքի սահմանները գծում է բանավոր համաձայնությամբ՝ որ պատերազմ չլինի։ Սա է հենց դավաճանության կասկածի հիմքը։ Շատ փաստեր են հրապարակվում, որոնք ի մի բերելով՝ դավաճանությունը դառնում է շոշափելի։
Օրինակ՝ ասում են, որ պատերազմի երկրորդ օրից սկսած՝ առաջարկվել են պատերազմը դադարեցնելու տարբերակներ, սկզբում մեկ շրջանի դիմաց, այնուհետև՝ մինչև 5 շրջան, բայց մերժել է Փաշինյանը։ Արցախի ազգային հերոսը գրում է, որ նոյեմբերի 9-ին արդեն որոշում էր կայացվել գրոհը շարունակել դեպի Շուշի-Քարին տակի խաչմերուկ, բայց չհասցրին, որովհետև կապիտուլյացիա ստորագրեց։ Տեղեկություն են հայտնում, որ Նիկոլը հարբած վիճակում պարտադրել է գրավել Լելե Թեփե բարձունքը՝ ցույց տալու համար, թե Սերժը չկարողացավ պահել, ես հետ բերեցի․ մարդկային ու տեխնիկական մեծ կորուստների գնով մի քանի րոպեով գրավել են, կոչումներ ստացել ու հանձնել բարձունքը։
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ասում է, որ ուզեցել է գալ ու իր մասնագիտական փորձով օգնել, Դավիթ Տոնոյանն ասել է՝ կարիք չկա։ Նաև չի թողել ՌԴ-ից մասնագետ ուղարկել, չնայած որ ռուսական տեխնիկան չէին կարողանում աշխատացնել։ Այդ տեխնիկան այդպես էլ չի աշխատել։ Արամ Գաբրիելյանովն ասում է, որ Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. Ասում է, որ կա այդ խոսակցության ձայնագրությունը։ Ու ես կասկած անգամ չունեմ, որ Ռուսաստանում շատ փաստերի են տիրապետում։ Հայտարարվեց, որ վարչապետի որդուն տարհանել են զոհերի գնով, մյուսներին թողել են, ու տարհանողը գեներալի կոչում է ստացել։ Փաստ է հրապարակվում, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և առաջարկել ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ, նկարագրել հնարավոր պատերազմը և կոչ արել, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ։ Անտեսվել է նամակը։ Ավելին, պատերազմի ամբողջ ընթացքում այդպես էլ չդիմեցին ՀԱՊԿ-ին։ Ինչու՞, չկա պատասխան։ Հրապարակվեց Արայիկ Հարությունյանի հեռախոսազանգը, որտեղ դժգոհում է, որ արդեն 10 օր է՝ օգնություն է խնդրում Հայաստանից, բայց ապարդյուն։ Այ քեզ բան, բա ինչո՞վ էր զբաղված այդ 10 օրերին Հայաստանի իշխանությունը, պոպոկոռնը դրած նայում էր, թե ինչպես ենք պարտվո՞ւմ։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը աղմկահարույց ասուլիս տվեց ու խոսեց գնված անօգուտ զենքերի, բանակի համալրումը ոչ թե պահեստային զինվորականներով, այլ կամավորականներով համալրելու մասին, որն անմտություն է։ Ինչու՞ է Փաշինյանը կանգնեցնել տվել համալրումը, ինչո՞ւ է կամավորականների հավաքագրել, եթե ուներ ռեզերվ, ո՞վ կաներ այդպիսի բան եթե ոչ դավաճանը, մտածում են մարդիկ։
Կան սխալներ, որոնք եղել են անգրագիտության արդյունքում, կան սխալներ, որոնք եղել են դիտավորությամբ։ Փաստերով լցված է համացանցը։ ՀՔԾ-ն, դատախազությունը ուսումնասիրում են, էս փաստերը նրանք ունեն, բայց արդյո՞ք դուք վստահ եք, որ Նիկոլի ուղիղ հրահանգը կատարող այդ կառույցները անաչառ կլինեն։ Ես վստահ չեմ, այլապես պետք է արդեն տաս անգամ ձերբակալված լիներ։ Վստահ կարող եմ լինել միայն այն ժամանակ, երբ Նիկոլը չլինի վարչապետի պաշտոնում։ Բնականաբար՝ նա չի թողնում, խոչնդոտում է, որ հանգիստ քննեն ու դրա ապացույցն այն է, որ նա ազատության մեջ է ու այդ պաշտոնին։
Կարճ ասած՝ պայմանավորված պարտության, դավաճանության հոտը բուրում է։ Դավաճանություն է՝ թե՛ ժողովրդին, թե՛ զինվորին, թե՛ ղարաբաղցիներին, թե՛ Հայաստանի բարեկամներին, բարեկամ երկրների ղեկավարներին, որոնք Հայաստանի համար անհանգստանում էին, ծառայություն-օգնություն առաջարկում, դավաճանություն նաև անտեղյակ թիմին։ Ստեղծված է վիճակ, որտեղ թիվ մեկ պատասանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, չունի նամուս ու թասիբ հրաժարական տալու և իրավապահներին հանձնվելու համար։ Ժողովուրդն էլ կատարվածից դեռ շոկի մեջ է, դեռ ամբողջությամբ չի պատկերացնում ու գիտակցում, թե իրականում ինչ է կատարվել։ Ժողովուրդ, եթե Փաշինյանի համար Արցախը հայրենիք չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը հայրենիք լինի։ Իսկ թե 5 միլիա՞րդ է վերցրել պարտության տանելու համար, թե՞ այլ ինչ-որ բան, ցույց կտա արդար քննությունը։ Բայց դա կլինի միայն իր հրաժարականից հետո։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը