09 12 2020

«Կարճ ասած»․ Կա՛մ կանենք հենց այս բաները, կամ էլ նամազ անել սովորեք․ Ընտրությունը քոնն է, ժողովուրդ



Շատ կարևոր է, որ հանրությունը, որը, թվում է, անտարբեր է իր կյանքի, ճակատագրի նկատմամբ, լիարժեք պատկերացում կազմի, թե ինչ է կատարվում, համոզվի, որ մեզ պետք է նոր իշխանություն և իմանա՝ ինչի համար ու ինչ պետք է անի այդ իշխանությունը։ Շեշտեմ՝ ժամանակավոր կառավարությունը։ Մենք այս պահին արտահերթ ընտրության ժամանակ և հնարավորություն չունենք, բայց մյուս կողմից ունենք իշխանափոխության մեծ կարիք։ Ինչո՞ւ է անհրաժեշտ, ինչո՞վ պետք է զբաղվի նոր իշխանությունը, որ գործողը չի կարողանում։

Առաջին հրատապ խնդիրը գերիներն են և մեր անպաշտպան սահմանները։ Արդեն ոչ միայն Արցախի մնացած սահմանները, այլ արդեն Հայաստանի սահմանները։ Դրանք անպաշտպան են։ Կապիտուլյացիայի պայմանագրով գրված ու չգրված հողերը շարունակում ենք տալ, սակայն գերիները դեռ Ադրբեջանում են։ Սրանով զբաղվել պարտավոր է միմիայն կառավարությունը։ Այս իշխանությունը անո՞ւմ է, ոչ։ Ո՞նց պետք է բանակցի գերիների հարցով, եթե ում հետ պետք է բանակցի, իրեն ծաղրում է։ Ամեն օր է ծաղրում։ Գնա լուրջ դեմքով նստի իրեն նվաստացնողի հետ ի՞նչ խոսի։ Եվ քանի որ չի կարողանում այդ հարցով զբաղվել, դրա համար էլ իմքայլական պատգամավորն ասում է, թե մեր գերիների հետ լավ են վարվում։ Այո, այս՝ իրեն լեգիտիմ համարող իշխանական պատգամավորը նայում է ադրբեջանցիների այն տեսանյութերը որտեղ հայ տարեց մարդուն գլխատում են, բայց ոչ, ասում ե, որ այնտեղ մեր գերիներին լավ են վերաբերվում։ Ասում են, նա հայ է, այդ պատգամավորը, համենայնդեպս՝ փաստաթղթերով։ Իսկ իրականում, իշխանափոխությունից հետո կիմանանք։ Խնդրեմ, մեր զինվորները վրաններում են քնում, անտառում են քնում, զորամասերն ավերվել են կամ էլ մնացել թշնամուն, իսկ գերիները խնդիր չունեն, իերնց հետ ամեն բան լավ է։ Կրկնում եմ, պատգամավորներից մեկը հայտարարեց, որ այդպես է ասել ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Իշխանությունը չի կարողանում գերիների հարցը լուծել արդեն ուղիղ 30 օր։ Չի էլ կարողանալու, հույս չունենաք։ Սրանց հետ այլևս ամեն բան պարզ է։ Այս հարցով պետք է զբաղվի նոր, կոմպետենտ և փորձառու վարչապետը՝ իր կառավարության անդամներով։

Սահմանի խնդիր կա։ Ադրբեջանը ամեն օր առաջ է գալիս, ասում է՝ GPS-ով եմ գծել։ Նիկոլ Փաշինյանը պախկվել է տանը կամ առանձնասենյակում, ոչ մեկի չի ընդունում, ոչ մեկի համար հասանելի չէ, GPS-ն է որոշում, ու թշնամին։ Մենք կոնկրետ չգիտենք՝ Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրից ինչքանն է մեզ մնացել պատերազմից և Նիկոլի հանձնումից հետո։ Թշնամու զորքի դեմ գյուղացին է իր բահով, հայկական զորք չկա։ Փաշինյանն է մտնում եթեր ու ասում է, այո, ցավոտ գործընթացներ են։ Չէ, ժողովուրդ ջան, սենց չի լինում, պետք է լինի նորմալ ղեկավար, ով տեր լինի իր արած-չարածին ու զբաղվի սրանով, օր առաջ։

Հայաստանում դուք տեղյա՞կ եք, թե ինչով են զբաղվում փախստականները, ոնց են ապրում, ով է տեր կանգնում նրանց։ Մարդիկ տուն են կորցրել, ու փոխարենը ստանում են 300 հազար դրամ, անգամ տան տանիքի մատերիալ չի անում էդ գումարը։ Սա պետք է անի պետությունը։ Հնարավոր է անի համահայկական աջակցությամբ, այո, բայց դրանով պետք է զբաղվի պետությունը, այլ ոչ՝ անհատները։ Տարեցներն իրենց թոշակն են ուղարկում, երեխան ընկույզ է վաճառում, գումարը փոխանցում հիմնադրամ, բայց պետք են մեծ հանգանակություններ։ Սփյուռքի մեր հայրենակիցները, մեծահարուստները, տեղի հնարավորություն ունեցողները չեն վստահում իշխանությանը։ Դրսի խոշոր հայ գործարարները, որ պետք է գումար տան, ասում են՝ Նիկոլ հեռացիր։ Պարզ է, չէ՞։ Քանի սա այստեղ է, ոչ մեկը գումար չի տալու, կհավաքվեն ընդամենը կոպեկներ, որոնք քիչ են։ Մենակ փախստականներին տներով ապահովելը չէ, տնտեսության մեջ այլ ներդրումներ են պետք, տնտեսությունը կիսամեռ վիճակում է։ Նոր վարչապետը սրանով ևս պետք է զբաղվի։ Նա պետք է հաշտեցնի Սփյուռքը Մայր հայրենիքի հետ, դրա կարիքը էսօր կա, շատ մեծ։

Ասացեք, տեսնեմ, եթե պետք է շենքերի համար դիմենք Ռուսաստանին, գերիների համար դիմենք Ռուսաստանին, սահմանագծման համար դիմենք Ռուսաստանին, էլ ի՞նչ ենք անում էս ձրիակերներին։

Նոր վարչապետը պետք է մարդկանց մեջ հուսահատությունը վերացնի։ Բոլորիս շրջապատում շատ են նման մարդիկ, որ ասում են՝ սահմանը բացվի՝ գնալու ենք։ Մարդիկ չեն մտածում Հայաստանում տուն գնելու մասին, բան ստեղծելու մասին, որովհետև անվտանգ չեն համարում։ Դա՛ պետք է փոխել։ Պետք է քաղաքացին զգա, որ պետության մեջ է ապրում, թիկունք ունի, կարգուկանոն կա։

Մինչ ընտրությունների նշանակումը, նոր վարչապետը պարտավոր է աշխատանքից ազատել իրենց ոլորտները տապալած պաշտոնյաներին։ Բայց միաժամանակ, նա պարտավոր է ոչ թե պարզապես իրեն սատարողներով լցնել կառավարությունը, այլ ընտրել կարողներին։ Նիկոլ Փաշինյանը կանչում էր, օրինակ, Դավիթ Սանասարյանին ու ասում՝ ո՞ր պաշտոնում ես քեզ պատկերացնում, նա էլ, թե՝ վերահսկողի։ Ու անկախ նրանից, որ էդ ոլորտի հետ կապ չունի, վստահում էր ոլորտը իրեն։ Տեսանք ինչ եղավ։ Պետք է լինի պրոֆեսիոնալների, արհեստավարժների և պատասխանատուների կառավարություն։

Նոր կառավարությունը պետք է երկրում կայունությունը վերականգնի։ Սա ամենակարևոր հարցերից է։ 2,5 տարի մեր երկրում թշնամանք է հրահրվել, ու իրավիճակը հիմա կատաստրոֆիկ է։ Դա մեր ներուժը թուլացրեց և բերեց պատերազմի։ Մեր թշնամին մեզանից լավ վերլուծեց ու հասկացավ, թե որն է մեր պատմական ամենաթույլ կետը ու հարձակվեց։ Իսկ ինչո՞ւ մենք թուլացանք, ո՞վ դա արեց։ Ինչո՞ւ էր պատերազմի ամբողջ ընթացքում թշնամություն սերմանվում ու ջլատում մեր ուժերը։ Պետք է բացահայտվեն բոլոր թշնամանք հրահրողները, իշխանության աճեցրած բոլոր ֆեյքերը, ատելություն տարածողները, դավաճանները, երկիրը հանձնողները։ Սուս ու փուս պետք է այդ ամենը արվի, առանց շոուների։ Պետք է թույլ չտալ երկիրը քանդողներին լքել երկիրը, քայքայել ու թռնել։ Բայց՝ սուս ու փուս։

Պետք է նոր վարչապետ, որը կարողանա բանակցել Ալիևի հետ, բայց ոչ վերելակում ու ոչ վիզ ծռելով։ Նոր վարչապետը պետք է մերժի գործողի՝ խնդիրը պետք է լուծվի երեք ժողովուրդներին ընդունելի տարբերակով ախմախ թեզը։ Նորը պետք է չասի՝ Ալիևը կիրթ է ու կառուցողական, պետք է չասի՝ Արցախը Հայաստան է ու վերջ։ Պետք է շարժվի այն տրամաբանությամբ, որ բանակցում է թշնամի երկրի ղեկավարի հետ, ու ոչ թե նրանից պետք է սովորի-տեղեկանա, այլ նախկին բանակցողներից, գործից հասկացողներից։

Նոր վարչապետը պետք է կարողանա Հայաստանի արտաքին քաղաքականությունը դուրս բերել փակուղուց։ Այս որակի իշխանությամբ մենք հասել ենք մի կետի, որ եռացող այս տարածաշրջանում, փոփոխված աշխարհում մենք դուրս ենք մնում ծրագրերից, մեկուսանում ենք, որևէ հարցում դերակատար չենք։ Մեր հարցերը քննարկում են բոլոր երկրները՝ բացի մեզանից։ Դարձել ենք արդեն Ուկրաինա, ամենից վատ իմաստով։

Ամենակարևորը՝ նոր կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է կետ առ կետ անի այն, ինչ խոստացել է։ Խոստացավ թալան վերադարձնել, պետք է անի, խոստացավ պարգևատրում չտալ, պետք է անի, խոստացավ արագաչափ հանել, պետք է անի։ Պետք է ամեն հանդիպմանը նրան չհիշեցնենք խոստումները, դրանք պետք է անեն և ցույց տան, ոչ թե միայն խոսեն։ Պետք է չլինի լկտի պոպուլիստ, կուշտ ենք մինչև կոկորդներս։

Վերջապես, նոր իշխանությունը պետք է գնա նորմալ արտահերթ ընտրությունների, երկիրը հենց դրան տանի, պետք է չխաբի ժողովրդին։

Ժողովուրդ, այսօր իշխանություն չկա, նա դեպրեսիվ վիճակում է, ոչ մի տեղում, իշխանություն չկա, ո՛չ կառավարությունում, ո՛չ քաղաքապետարաններում, ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ սահմանը գծելիս, ո՛չ արտաքին, ո՛չ ներքին հարցերում։ Այն, ինչ դուք եք տեսնում, իշխանություն չէ։ Անկախ ամեն ինչից, կապիտուլյացիայի բերած իշխանությունը պետք է ռադ լինի։

Կարճ ասած՝ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը լեգիտիմություն չունի։ Նա ոչ միայն վստահություն չի վայելում, այլ նրան ատում են, ասում են դավաճան։ Պետք է գնա, և գա ժամանակավոր կառավարություն՝ այս խնդիրները լուծելու համար։ ժողովուրդ, ձեզ այս վիճակը, վստահ եմ, դուր չի գալիս, ոչ մեկիս դուր չի գալիս։ Ուրեմն եկեք փոխենք։ Ուրեմն մի մնացեք որպես սպառող, մի ձեր ամեն օրը ծախսեք ուղիղ եթերների առաջ, ձեր ներկայությամբ լցրեք հրապարակները, փողոցները։ Եթե իշխանությունը չի հասկացել, որ պետք է հեռանա, ուրեմն պետք է հասկացնողները շատ լինեն։ Կամ սրանց կքշեք հետույքը սոսնձած աթոռներից կամ էլ գնացեք նամազ անել սովորեք։ Նիկոլի պարագայում մեր ապագան դա է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ