Այսօր ամբողջ Հանրապետությունում բողոքի ակցիաներ էին։ Պահանջում էին մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մարդիկ կոնկրետ պահանջով փակում էին փողոցներ, մարդիկ դուրս էին գալիս իրենց տներից և միանում ակցիաներին․ վարորդը մեքենան կանգնեցնում էր և միանում ակցիային։ Թվում է մի պահ, թե իրավիճակը նման է 2018-ի իրադարձություններին։ Բայց ոչ, խիստ տարբեր է։ Երբեք իշխանության դեմ նման լայն հանրային, հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա չի եղել։
Ովքե՞ր են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պահանջում են պատերազմի մասնակիցները, որոնք տեսել են, որ իրենց պահած հողը անհասկանալիորեն հանձնվում է թշնամուն։ Հրաժարականը պահանջում են շուրջ 200 համայնք՝ գյուղ ու քաղաք՝ Լոռու մարզից մինչև Սյունիքի մարզ, Շիրակից մինչև Գեղարքունիք։ Ինչո՞ւ են պահանջում հրաժարական․ որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքից մի հսկայական հատված դարձրեց թշնամուն սահմանամերձ։ Սյունեցին ինչպե՞ս հրաժարական չպահանջի, երբ ստիպված ինքն է բանակցում թշնամու հետ ու արդյունքում մեկ օրում մեկ կիլոմետր զիջում է։ Որովհետև պետություն չկա, իշխանություն չկա, տեր չկա երկրին։ Կապիտուլյացիոն փաստաթուղթը Ադրբեջանը միայնակ է իրականացնում, նա որ հողի վրամատը դնում է, գալիս ու գծում-տանում է։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են մեծ թվով դիվանագետներ, որոնք տեսնում են արտաքին քաղաքական թշվառ վիճակը, համակարգը նոր թշվառներով լցնելը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են 500-ից ավելի փաստաբաններ, ովքեր տեսնում են, թե ինչպես է իրավապահ համակարգը փլուզվում։ Հրաժարական են պահանջում մշակույթի բազմաթիվ գործիչներ, ռազմական փորձագետներ, տնտեսագետներ։ Դուք տեսե՞լ եք էդպիսի իշխանություն Հայաստանում, որի հրաժարականը պահանջի գիտությունների ազգային ակադեմիան, Մայր ԲՈՒՀ-ը։ Դուք տեսե՞լ եք մի իշխանություն, որի հրաժարականը պահանջեն հայոց կաթողիկոսները։ Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Առաջինը 2018 թվականին իշխանությանը կոչ էին անում իմաստնության, իմաստուն որոշումներ կայացնելու։ Հիմա երևի տեսնում են, որ այս իշխանությունից իմաստնություն պահանջելն անիմաստ է։ Ուշացել են, ինչ պետք է աներ, արել է, և պահանջում են հրաժարական։ Հրաժարական են պահանջում Սփյուռքի բազմաթիվ կառույցներ։
Կրկնում եմ՝ երբեք չենք ունեցել նման լայն կոնսոլիդացիա։ Հիմա՝ պատերազմից հետո, երբ ամեն մի դետալը սկսում ես վերլուծել, պատերազմի մասնակիցներն ասում են իրենց աչքով տեսածը, դիվանագետները՝ իրենցը, բոլորն իրենց իմացածը պատմում են, այսօր նոր մենք հասկանում ենք երկուսուկես տարվա մեծ, այլանդակ, լկտի սուտը, որից ավելի է բորբոքվում հանրությունը։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս ու ասում, թե իշխանափոխության կոչերը ժողովրդի աջակցությունը չեն վայելում։ Լո՞ւրջ, բա ամբողջ օրը ինտեռնետում վեր ընկած եք, չեք տեսնո՞ւմ սա։ Բա որ դուք եք վայելում ժողովրդի աջակցությունը, բա ինչո՞ւ եք փախեփախ ման գալիս։ Առաջ պատգամավորներիդ սիրելի վայրը Հյուսիսային պողոտան էր, ամեն անգամ պողոտայով անցնելիս մի ծայրից մինչ մյուսը հասնելը տասնյակ պատգամավորի ու նախարարի էինք հանդիպում՝ ԱԺ փոխխոսնակից սկսած։ Հիմա ո՞ւմ եք տեսնում իմքայլականներից փողոցում, սրճարանում։ Պատմում են, որ մի մոլորյալ պատգամավորուհի դուրս էր եկել փողոց, ու բոլորը գոռացել էին դավաճան, փախել էր։ Էդ աղջկա հետևից դիվանագետներն ու ակադեմիկները չէին գոռացել դավաճան, այլ ժողովուրդը, որը, ըստ Նիկոլի, իրեն է հավանում։
Ո՞ւր են պատգամավորներդ, ո՞ր մի մկան ծակն են մտել, դե եկեք աջակցեք։ Պատգամավորների տան դիմաց ամեն օր գոռում են դավաճան, էս ա՞ ձեր աջակցությունը։ Պատգամավորներին բացի ազգային ժողովից, որտե՞ղ եք տեսնում։ Էնտեղ էլ նյարդային են, չշփվող, գլուխները կախ։ Երկու բառ խոսում են, բլթոցն անպակաս է։ Մեկը ասում է՝ դե որ էդպես է, Պուտինի հրաժարականը պահանջեք, մյուսն ասում է՝ չենք ուզում ասել մենք պարտվել ենք, որ չստացվի Ադրբեջանը հաղթել է, էն մեկն ասում է՝ պատերազմի օրենքն է, պարտվել ենք ու ինչ տվել են՝ ստորագրել ենք։ Էն հեղափոխական թրաշով դասախոս պատգամավորն ընդհանրապես, ինքնատիրապետումը կորցնում է մեր լրատվամիջոցի միկրոֆոնը տեսնելիս։ Սրանցով ե՞ս իշխանություն պահում։
Հա, կառավարության դիմաց 20 հոգու կկազմակերպեք, որ ձեր օգտին խոսեն, բայց դա չէ, չէ՞, ժողովուրդը։ Կազմակերպած, զոռով բերած մարդիկ են։ Չգիտես ինչու, զինվորական հագուստով են, Երևանի փողոցներում, ասում են՝ կռվել ենք, բայց Քարվաճառը Ջեբրաիլից չեն տարբերում․․․ Լրիվ խեղկատակ։ Մի կին գոռգոռում է, թե՝ այո, աջակցում է Նիկոլի․ երբ հարցնում ես լավ է՞, որ արյունով պահած հողերը հանձնել է, ասում է՝ հա, ու արագ հեռանում։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ակցիա անել կառավարության դիմաց ու շնորհակալություն հայտնել Նիկոլին, որ Արցախը տվեց։ Երևի մտածում են, որ լավ է՝ Չարենցավան քաղաքը պահպանեց ու չարենցավանցիներին փրկեց կոտորածից։ Կամ մեկ այլը, որ ասում է՝ հայրենիքի կորստի դեմ ընդվզողները սրիկաներ են։
Մի խոսքով, հիմա արդեն ժամանակն է, որ բոլորը որոշեն իրենց անելիքն ու ասելիքը՝ իրենք որտեղ են գտնվում, ո՛ր կողմում են։ Սա պայքար է ընդդեմ դավաճանության՝ կամ դուք դավաճանության կողմն եք և դավաճան կամ ժողովրդի հետ եք, որն ընդվզում է։ Երրորդ ճանապարհ չկա, մանրևրելու տարբերակ չկա։ Ու էնպես չէ, որ կարող եք 5 պակաս թռնել անդունդն ընկնող իմքայլական գնացքից։
Հասկացեք, ի վերջո, այդ ջահել թիմն իր կարիերան արդեն ավարտեց, վաղը բոլորիդ ճակատին գրած է լինելու դավաճան։ Ձեր դեմքերը բոլորը հիշում են, ձեզ վաղը աշխատանքի չեն վերցնի ո՛չ Սանիտեկում, ո՛չ ֆայլաբազարում։ Անգամ Սորոսի գրասենյակում չեք աշխատելու։ Անկասկած է, որ այդ գրասենյակը Հայաստանում չի լինելու այլևս։ Դուք ավարտում եք ձեր կարիերան դեռ շատ երիտասարդ տարիքում, վերջին շանսն եք բաց թողնում, մաքրվելու։
Կրկնում եմ, հիմա ավելի լայն կոնսոլիդացի կա, քան 2018-ին։ Էն ժամանակ ասում էին՝ Սերժ Սարգսյանը խաբեց, խոստացել էր վարչապետ չլինել, բայց եղավ։ Ուրեմն պետք է գնա։ Բա Նիկոլը քանի՞ անգամ է խաբել։ Նա ասում էր անհնար է մի օր հանկարծ իմանաք, որ Ղարաբաղի հարցը լուծվել է, ժողովուրդն է լուծելու և այլն։ Ես ո՞վ եմ՝ Արցախցու տեղը որոշեմ։ Հիշեցի՞ք։ Չի խաբե՞լ։
Իրականում Փաշինյանի գնալու հարցը անգամ քննարկման ենթակա չէ։ Իրականում, էդ գնալը միայն Ղարաբաղով պայմանացվորված չէ, մենակ Ղարաբաղի հարցը չէ՝ տնտեսությունն է կոպլապսի մեջ, արդեն համահայկական հիմնադրամի փողերը, որ ողջ աշխարհի հայությունը հանգանակել էր Արցախին օգնելու համար, թոշակ եք բաժանում, պարգևավճար եք տալիս, բյուջեն քամել եք։ Մենակ դա չէ, դատավորներն են, պատերազմի զոհերն են, կորոնավիրուսի զոհերն են, դեբիլներին կառավարություն ու քաղաքականություն բերելն է։ Այս ամենը կուտակվել է արդեն, ու այլևս մեկ կաթիլ տեղ չկա լցված բաժակում։ Հայաստանը գրեթե միշտ աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում զբաղեցնում էր առաջին տեղերը, իսկ հիմա անգամ Պաշտպանության նախարարը չի բացառում, որ թուրքերը դիվերսիա կանեն Երևանում։ Այ սա է։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաղում է ժամանակի վրա, բայց անգամ անհայտ է, թե էդ ժամանակն իրեն ինչ է տալու։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը երբ հիշատակում էր կոնսենսուս մինուս մեկի մասին, հենց սա՛ նկատի ուներ։ Այսինքն, դա չէր նշանակում, որ բոլորը միավորվում են։ Ոչ, դա նշանակում էր, որ բոլորը լինելու են նույն կարծիքին, բացի Նիկոլից։ Նիկոլ Փաշինյանը մնացել է մենակ, քաղաքական և հասարակության ամբողջ դաշտում, անգամ սեփական թիմում։ Թիմ չկա, թռած են։ Հիմա բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կայացել է այդ կոնսենսուսը։ Փաշինյանը երկիրը տանում է ցնցումների ամեն օր։ Երկիրը մեղք է, Նիկոլ, գնա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը