03 12 2020

«Կարճ ասած»․ Ընդամենը մեկ քայլ, որով ԱԱԾ-ն կփրկվի վարկաբեկումից



 

Ազգային Անվտանգության Ծառայության անունից այսօր հայտարարություն է տարածվել։ Այս բացառիկ կառույցի անունից անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի դավաճանական փաստաթղթի գիշերվա անհնազանդության ակցիաներին։ Գրում է․ «Զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում ծավալված ռազմական գործողություններին»։

Մտածե՛ք, մի հատ․ Բողոքի ակցիայի մասնակիցն ու բանակում ծառայած լինելը ի՞նչ կապ ունեն ԱԱԾ իրավասությունների հետ։ Հայաստանում կա՞ նման օրենք, որ պետք է բողոքի ակցիա անեն միայն բանակում ծառայածներն ու պատերազմին մասնակիցները։ Իսկ Նիկոլը բանակում ծառայել է՞, որ այդ թուղթը ստորագրում էր, 91-94 թվերի պատերազմին, ապրիլյան պատերազմին մասնակցել է՞։ Իսկ փոխվարչապետ Ավինյանը ծառայել է՞, իսկ Արարատ Միրզոյա՞նը։ Իմքայլական պատգամավորներից քանի՞սն է ծառայել, որ գնում-սելֆի էին անում պատերազմող Արցախում։ Իսկ ինչո՞ւ չեք գրում, որ նոյեմբերի 9-ի գիշերը ծեծի է ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը բանակում չի ծառայել, պատերազմին չի մասնակցել և հանդիսանում է ՔՊ անդամ։

ԱԱԾ ի՞նչ գործն է հայտարարելը, որ բողոքի անգհնազանդության գործողության մասնակից են «հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները»։ Ե՞վ․․․իսկ որ այնտեղ էին և ըստ որոշ տվյալների՝ առավելապես իշխանական նախկին համախոհները, դա ինչ-որ բան է՞ փոխում։ Ուզում եմ ուղղակի, այդ տեքստ գրողի ու տարածելու հրահանգ տվողի տրամաբանությունը հասկանալ։ Ուզում եմ հասկանալ, եթե այդ բողոքողները հակաիշխանական են, նշանակում է Փաշինյանը մեզ չի՞ խաբել 44 օր, գաղտնի չի՞ ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, չի՞ դադարեցրել լրահամալրումը պատերազմի 3-րդ օրը, իր կնոջը չի՞ ուղարկել Ստեփանակերտի շտաբ՝ հետևելու «բնականոն» ընթացքին։ Ինքը չէ՞ր, որ պատերազմի 5-րդ օրը կարող էր հրադադար կնքել՝ փրկելով հազարավոր կյանքեր, պահելով Արցախը։ Բայց չի արել, միմիայն նրա համար, որ իրեն դավաճան չասեն։ Այդ դեպքում, դուք այդ նույն բողոքը չունե՞ք, ձեզ համար այդ ամենը նորմա՞լ էր, ընդունում եք, որ կարող է և այդպե՞ս լինել։ 

Ես չեմ հասկանում, կարող ա՞ ԱԱԾ-ում արդեն աշխատում է Նիկոլի ընտանեկան «Հայկական ժամանակի» կոլեկտիվը, որը նրա հրաժարականից հետո էլ կպաշտպանի նրան։

Չնայած, ինչու՞ ենք զարմանում, ԱԱԾ անունից նոր չէ, որ այդպիսի հաղորդագրություններ է տարածվում, երկու տարի առաջ էլ, էլի քաղաքական երանգներով ռեպորտաժ էր տարածում, օրինակ՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի վերաբերյալ։ Տեսանյութ էր տարածում՝ մեջը ասելով «մեր հավաստի տեղեկություններով»։ Մի օր էլ սկսեց ֆեյք բռնել, սատանա ու այդպես։

Հաղորգագրությունը տարածել եք, դե մտեք տակը կարդացեք ինչ կարծիքի են սովորական մարդիկ ձեր տարածածի մասին։ Մարդիկ արդարացիորեն հարցեր են բարձրացնում․ ստուգու՞մ եք, արդյոք, ինչպե՞ս հայրենիքը հանձնվեց Ադրբեջանին այդքան հեշտությամբ․ երկրից ելքը փակեք որոշ մարդկանց համար, որ չթռնեն․ սորոսականներին բռնեք, ոչ թե Արցախն ազատագրած նախագահ Քոչարյանի կողմնակիցներին․ ինչպե՞ս է, որ փաստաթղթում չկա գրած, բայց Ալիևը օրը հայկական մի տարածքի վրա գալիս-տեղավորվում է և այլն։ Սրանով զբաղվեք, պարոնայք, դուք էլ հո «Իմ քայլը» դաշինքի կամիկաձեներ չե՞ք։ Բացահայտեք, հասկանանք, սա վերջը դավաճանությո՞ւն էր, թե՞ հանցավոր անհեռատեսություն, իսկ միգուցե նա հիվա՞նդ է, անմեղսունա՞կ է, պարզե՞լ եք այդ ամենը։ Ձեզ ասեմ, ցանկացած դեպքում, այդ ամենը միմիայն վրդովմունքի, ցասումի ու անհնազանդության պետք է բերեր քաղաքացիներին և վստահաբար՝ դրան պետք է վերաբերել ըմբռնումով։ Մարդիկ, բոլորս, Հայրենիք ենք կորցրել, հազարավոր հայրենակիցներ են զոհվել, հարյուրները դեռ հայտնի չէ՝ ո՞ղջ են, թե՞ ոչ, դուք ընկել կառավարության ջարդած պատուհաններով ու Փաշինյանի գողացած-հետ բերած օծանելիքո՞վ եք զբաղվում։ Կարծում եմ, այնուամենայնիվ՝ ոչ։ Սակայն այդտեսակ հաղորդագրություններով Փաշինյանի՝ արդեն չեղած իշխանությունը, շարունակում է վարկաբեկել պետական ինստիտուտները, հանուն մի քանի օր ավել աթոռից կպած լինելու։ Թույլ մի՛ տվեք, ասեք՝ թող գնան իրենց սպասարկող «Ազատություն» ռադիոկայաններով անեն, դուք դրա համար չե՛ք։

Կարճ ասած՝ հարգելի ԱԱԾ, վերջապես զբաղվեք, ձեր անմիջական գործառույթներով, բացահայտեք, թե այս ամենը ինչպես տեղի ունեցավ։ Մի սպասեք մինչ իշխանություն կփոխվի, հրահանգ ստանաք նոր։ Բացահայտե՛ք, և այդ վարկաբեկվածի խարանից կձերբազատվեք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ