30 11 2020

«Կարճ ասած»․ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց



Պատերազմի օրերին ընդհատել էինք «Կարճ ասած» հաղորդման նկարահանումները։ Որովհետև մի կողմից տեսնում էինք այն ահռելի բացթողումները, որ կատարում են Հայաստանի ու Արցախի իշխանությունները՝ զինվորներին ու կամավորներին մահու բերան տանել, հող հանձնելու համար նախապատրաստումներ, ռազմադաշտից եկողներից լսում էինք զենքի մատակարարման պակասի, այլ խնդիրների և բարդակի մասին, մյուս կողմից չէինք կարող այս ամենը թողնել մի կողմ և սուտ ոգևորության տանել մարդկանց, արծրունհովհաննիսյանություն կամ վահրամպողոսյանություն խաղալ։ Միաժամանակ լռելն էր անտանելի․ չլռեց մեր կայքը՝ արդյունքում տասնյակ տուգանքներ ստանալով։ Մենք շարունակելու ենք վեր հանել այս իշխանության արատները, որոնք մեկը չեն, տասը չեն, անգամ հարյուրը չեն։

Այո, չափազանց դժվար է հաշտվել այդ մտքի հետ, բայց մեր երկրի վարչապետը ստախոս է։ Ցանկացած երկրի համար ողբերգական է դա, որ ղեկավարը ստախոս է, այն էլ պարզունակ ժուլիկ։ Մարդը երկիրը հանձնել է, հողը, որի վրա մի քանի տասնյակ հազարավոր մարդու արյուն է թափվել՝ 1991 թվականից ի վեր, հանձնել է թշնամուն, հանձնել գաղտագողի։ Ու արդեն 20 օր արդարանում է։ Նրա բոլոր արդարացումները հերքվում են, բայց շարունակում է արդարանալ՝ միմիայն ստելով։ Նիկոլ Փաշինյանը անհույս ստախոս է, նաև՝ մեծամիտ։

Ծավալուն գրառումը, որն արեց իր ֆեյսբուքյան էջին նոյեմբերի 29-ին, շատ ողբերգական բան բացահայտեց։ Ասում է՝ կարող էր պատերազմ չլինել, ավելի լավ տարբերակ էր հնարավոր, սակայն չի գնացել խաղաղ ճանապարհով, որ չասեն դավաճան է։ Մարդը պատերազմի պատրաստ չէր, բայց գնացել է, ամեն բան արել է, որ պարտվենք, որ հետո ասի, թե տեսեք՝ հողերը իսկականից տվեցինք։ Փաշինյանը պատերազմը հրահրել է, արդյունքում՝ Արցախի 80 տոկոսը հանձնել է թշնամուն, 5 հազար մեր քաջ տղերք զոհվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են հաշմանդամ, գերիներ ունենք, որոնք խայտառակ վիճակում են պահվում, նվաստացվում են, զորամասերը ոչնչացվել են, զինվորներն անտառում են քնում, ունենք մեծաքանակ փախստականներ, տվել ենք Շուշին, Հադրութը, Հայաստանից ենք մասեր տալիս, բյուջեի վրա ճեղք է ավելացել շատ մեծ, արտաքին նորանոր պարտքեր ենք շալակում, որ Նիկոլին չասե՞ն դավաճան, որ ֆեյսբուքի լայքերը չպակասե՞ն։ Բայց ասում են, չես կարող դավաճանին բարեգործ ասել։

Նիկոլ Փաշինյանի ստերը մերկացվում են ամեն անգամ։ Ասում է՝ երբ էլ պատերազմը դադարեցնեի, արդյունքը նույնն էր լինելու։ Այսինքն, 10-րդ օրը կանգնեցներ, 5 հազար զոհ էիր ունենալո՞ւ, էդպե՞ս էիր պայմանավորվել, էդքան հող էիր տալո՞ւ։ Մարդկանց՝ քո ժողովրդի կյանքը արժեք չունե՞ր։ Անմիջապես հրապարակվեց փաստաթուղթ, որը մերկացրեց այս սուտը։ Կապիտուլյացիան ստորագրելուց շուրջ 10 օր առաջ Նիկոլին առաջարկվել է փաստաթուղթ, որտեղ Լաչինի ու Քելբաջարի մասին խոսք չկա, գերիներին անհապաղ վերադարձնում են, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին խոսք չկա, Սոթքի մասին չկա։ Այդ փաստաթուղթը մերժել է Փաշինյանը, ոչ թե Ալիևը։

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է բոլոր բանակցային փաստաթղթերը՝ մադրիդյան սկզբունքները, կազանյան փաստաթողթի տարբերակը, ամեն ինչ․ չի խոսում մեզ համար շատ նպաստավոր Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին։ Նա ասում է, թե արդեն փակուղում էր 2011 թվականից, հետո՝ 2013 թվականից, հետո ասում է 2018 թվականից արդեն խաղաղ կարգավորման տարբերակ չկար։ Եթե դուք գիտեիք, որ այդ ժամանակից փակուղում էր, ուրեմն ամենամեծ դավաճանությունը հենց դա է․ երբ եկաք ու պարզեցիք, որ խաղաղ կարգավորման տարբերակ չկար, եթե կարևորը աթոռը չէր, ինչո՞ւ չասացիք ժողովուրդ, ես էս տարբերակով չեմ կարող բանակցել, խաղաղություն չի բերում, ինչո՞ւ հրաժարական չտվեցիք, գար մարդ, որը կարող էր խաղաղություն բերել առանց զիջելու։ Դա էլ մի կողմ, կյանքներիդ երազանքն էր պաշտոնն ու իշխանությունը․ եթե պարզ էր, որ խաղաղություն չի լինելու, դուք էլ թուղթ չեք ստորագրելու, նշանակում է՝ լինելու էր պատերազմ, այն, ինչ եղավ։ Հիմա հարց․ բա այ ոչնչություններ, ինչո՞ւ էիք խաղաղություն քարոզում առաջին իսկ օրվանից, երբ Ալիևը պատերազմի էր պատրաստվում, ինչու՞ էիք հակաօդային պաշտպանության միջոցներ առնելու փոխարեն ելակ գնում-ուղարկում բանակին, եթե պատերազմ էր լինելու, ինչու՞ էիք բանակի սննդի ծախսերն ավելացնում ԱրտԼանչեր բերելով։ Զենք ու նոր պաշտպանողական տեխնիկա գնելու փոխարեն շտաբային ծախսերն էիք ավելացնում, բուն զինծառայողներին կրճատելով։

Ձեր կառավարման ժամանակ, այո, չէր կարող լինել խաղաղություն, դուք մեկ ասում էիք Ալիևը կառուցողական է տրամադրված, մեկ ասում էիք՝ իր հետ չեմ կարողանում բանակցել, Ադրբեջանի ժողովրդի հետ կբանակցեմ․ մեկ ասում էիք խնդիրը պետք է լուծվի երեք ժողովուրդներին ընդունելի տարբերակով, մեկ ասում էիք Արցախը Հայաստան է ու վերջ․ մեկ ասում էիք խնդիրը չունի ռազմական լուծում, մեկ ասում էիք խնդիրը չունի դիվանագիտական լուծում։  Ձեր հայտարարությունների ո՛չ այստեղ էին գլուխ հանում, ո՛չ միջնորդները, ո՛չ թշնամին։ Ահա պատերազմի պատճառը։ Ընդ որում, ստում է՝ խեղաթյուրելով մինչ իր գալը բանակցությունների իրական իրավիճակն ու օգուտը․ դեռ 2016-ին էր, Ալիևն ինքն էր հայտնում, որ փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում, որ ճանաչի Արցախի անկախությունը։

Ու չփորձեք հողեր տալու համար նախկիններին մեղադրել։ Առաջին՝ նախկիները ձեզ ազատագրված Արցախով Հայաստան են ժառանգել։ Փաշինյանն ասում է, թե նախկին իշխանությունը հողերը տալու բանակցություն էր վարում։ Շատ լավ։ Եթե դուք գայիք ու ասեիք, որ շարունակում եք նախկին քաղաքականությունը, դեռ շանս կլիներ, ասեինք՝ դե դա էր, մարդը շարունակեց, բերեց հողերի հանձնման։ Բայց դուք եկաք ու ասացիք՝ ես չեմ շարունակում Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ կետից եմ սկսում։ Ձեր կետը բերեց-հանգեցրեց պատերազմի ու կապիտուլյացիայի։ Դուք ձեր կետում հաջողել եք, որովհետև հենց այդ նպատակով եք եկել, ես այդ կարծիքին եմ։

Ի վերջո, բանակցություններից այսօր բոլորից լավ է տեղյակ ՌԴ նախագահը, պատասխանատու մարդ է, ձեր պես չի ու հայտարարում է, որ Շուշին չհանձնելու հնարավորություն է եղել, հայտարարում է, որ երբեք բանակցություններում չի եղել Շուշիի հարցը։ Հիմա Փաշինյանը սուտ խոսելու մեջ մեղադրում է Պուտինին, ասում է, թե մեր բարեկամ երկրները ևս հակված են եղել մեզ համար վատ տարբերակներին։ Սա ասում է իր՝ Մոսկվա գնալուց անմիջապես առաջ։ Մարդ չգիտի՝ ինչ ասի։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի արդարացումներն ուղղված են անգրագետ մասսաներին, որոնք պետք է հավատան տխմարությանը։ Կհավատա՞ն․ ինտելեկտից է կախված, մեկ էլ ինքնապաշպանական բնազդից, եթե այդպիսին գոնե կա։ Մենք այս ամբողջ ընթացքում, ավելի քան երկուսուկես տարում բազմիցս ասել ենք՝ այդ մարդը պարզ ստախոս է և տանում է համազգային աղետի։ Եթե մարդիկ կան, որ լավ են զգում նրանից, որ Նիկոլն իրենց էշի տեղ է դնում, թող շարունակեն ապրել որպես այդպիսին։ Բայց մենք հո գիտենք, թե ինչ է եղել ու ինչ է անում։ Ու ինչ կատարվեց նոյեմբերի 9-ին, դրա սաղմերը դրվեցին 2018 թվականին, այսպես կոչված հեղափոխությունից հետո։

Նիկոլ Փաշինյանը արդեն երկու օր է՝ ֆեյսբուքյան էջով ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, մնում է ունենանք դատախազություն, որ գնա նրա ելույթների հետևից։ 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ