Հայաստանի նորօրյա պատմության մեջ, ցավոք, շատ չեն դեպքերը, երբ մեր ազգը միասնական է եղել։ Միասնականությունը դրսևորվել է միայն բացառիկ դեպքերում՝ պատերազմների, սահմաններին սադրանքների ժամանակ, ապրիլի 24-ին, երբ պետք է միասին բարձրանանք Ծիծեռնակաբերդ։ Մնացած ժամանակ բաժանվում ենք մասերի, բաժանողներ միշտ գտնվում են, ամեն անգամ, կարծես կազմ-պատրաստ՝ հարմար պահի են սպասում։
Բազմիցս եղել են դեպքեր, երբ ներքին խնդիրներ ենք ունեցել, ու միշտ երկրի ղեկավարը հանդես է եկել համերաշխության կոչերով, փորձել է ինքը իրավիճակը թուլացնել, լիցքաթափել։ Բայց հիմա խիստ տարօրինակ է՝ այս փուլում, երբ հայ ժողովուրդը մեկ մարդ դարձած թիկունք է բանակին, բոլորիս հայացքը ուղղված է սահմանին, երբ թշնամին մեր քթի տակ է, երբ թշնամու անօդաչուն հասնում է մինչև Երևանի մատույցներին, մենք տեսնում ենք, որ մեր միասնականությունը խաթարելու փորձ է արվում՝ ամենաբարձր մակարդակով, այնինչ՝ հակառակն էինք սպասում։
Այսօր առավոտյան, երբ սպասում ենք լուրերի առաջնագծից, սրտներս նեղված՝ հերթական հերոսացված նահատակների ցանկն ենք կարդում, պատերազմի թեժ պահին հայտարարություն է տեղադրում վարչապետը, թե ինչ-որ մարդիկ գնացել են առաջնագիծ, զինվորներին ասել են, թե Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի և այլն։ Ու վարչապետն ասում է, թե տեղեկություններ կան, որ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Հստակություն չկա, վարչապետն ասում է՝ որոշ տեղեկություններով։ Նախ այս հայտարարությունը ոնց որ ամպրոպ լիներ՝ անամպ երկնքում, չնայած որ մեր երկինքը արդեն 12 օր է՝ անամպ չէ։ Այս հայտարարությունը, մեղմ ասած խուճապային էր, այս պատերազմական օրերում, ռազմական դրության ժամանակ։ Իսկ մեզ՝ լրատվամիջոցներիս, կոչ են անում զգույշ լինել, ուշադիր լինել, որևէ պարագայում խուճապ չտարածել։
Նախ՝ բովանդակության մասին։ Բոլոր նրանք, ովքեր բանակում ծառայել են, գիտեն, որ զինվորին չի կարող որևէ մեկը համոզել ու ստիպել դիրք բաց թողնել, նահանջել, հանձնվել, զինվորը կատարում է հրաման՝ իր վերադասի հրամանը։ Չի կարող որևէ մեկը գնալ-հասնել դիրքեր ու զինվորին ստիպել դիրք թողնել, նա էլ՝ ստիպված անի։ Այդպիսի բան կարող է հորինել այդ գործից անտեղյակ, չպատկերացնող մարդը։ Այդ դեպքում, պարոն Վարչապետ, եթե կան կոնկրետ կորցրած դիրքեր, խնդրում ենք նշել անունները, իմանանք՝ որ դիրքերն են, ովքեր են պաշտպանողները եղել, հանձնողը եղել, որովհետև հանձնողը համոզողից ավելի դավաճան է։ Առանց անունի՝ մեր տեղեկություններով նյութերի հրապարակումը վայել չէ պետության ղեկավարին, մանավանդ երբ ծանրագույն հանցագործության մասին եք խոսում, մանավանդ՝ պատերազմի օրերին։
Երբ ԱԱԾ-ի փոխարեն վարչապետն է լուր հրապարակում ու չկա որևէ ապացույց, որևէ հիմնավորում, դա հարցեր է առաջացնում։ Երևանում՝ մարտական գործողություններից հարյուրավոր կիլոմետր հեռու, հայտնաբերել եք մարդու, որը սահմանում ստիպել է դի՞րք զիջել։ Եթե կա նման տեղեկություն, ապա այդ մասին հստակ պետք է հայտարարեն Արցախի կամ Հայաստանի պատկան մարմինները։
Առանց հիմնավորման ներկայացված այս լուրը ցավալի բանի մասին է խոսում՝ սկսվել է զինվորներին, հերոսներին վարկաբեկելու գործընթաց։ Պատկերացնո՞ւմ եք, թշնամու դեմ կենաց-մահու կռիվ է տալիս զինվորը, որ հետո համարվի դիրք զիջո՞ղ։ Մեր զինվորը դավաճա՞ն է։ Նրանք մեր տղերքն են, մեր ախպերներն են, ի՞նչ դավաճան եք ման գալիս։ Ինչո՞ւ են իրար դեմ հանում։ Իսկ եթե արդեն թշնամու դեմ կռվելու փոխարեն սկսենք դավաճաններ փնտրե՞լ, մեկս մյուսին կասկածե՞լ, իրար պախարակե՞լ, ո՞վ է պատասխան տալու։
Էս պահին մեզ դա՞ է պակասում, որ արդեն հանուն հայրենիքի կռվողներին բաժանենք սևերի ու սպիտակների՞։
Չհաստատված լուրը վարչապետը դնում է իր ֆեյսբուիքյան էջին ու ուղղորդում՝ առաջ է բերում նաև քաղաքական ուղղորդման վարկած։ Իհարկե՝ չի ասում, թե ընդդիմությունից են այդ, այսպես կոչված՝ դավաճանները։ Գուցե իշխանությունից են, գուցե ընդդիմությունից, բայց արդյո՞ք հիմա դրա ժամանակն է, ինչ-որ վարկածներ բերել առաջին պլան։ 2016-ին ընդդիմության մեջ կային ուժեր, որ պատերազմի թեժ օրերին պնդում էին, թե դա տեղի է ունեցել Ռուսաստանի թույլտվությամբ և համաձայնությամբ։ Հիմա գոնե չենք տեսել նման ուժերի։ Ավելին, այս օրերին բոլոր քաղաքական ուժերը միահամուռ են, կամավորական ջոկատներ են կազմում, մեկնում ճակատ, կյանքն են տալիս, դիրք են գրավում, որ դուք հիմա պառակտում մտցնե՞ք։ Առանց այն էլ հիմա ամեն ինչ արվում է մարդկանց նեղացնելու համար, մի մեծ թիմի առաջնորդի կալանավորում եք, երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վճռաբեկում դատախազության բողոքը անհասկանալի կերպով վարույթ եք ընդունում, գեներալների վիրավորում։ Հիմա էլ սա՞։ Թվարկածներս են բանակին շատ օգուտ տվե՞լ, թե անհասկանալի բրիգադը, որ երկուսուկես տարի քանդում ու թշնամացնում է, երկիրը բանակների բաժանում։
Դիմում եմ երկու տարվա ընթացքում երեք անգամ առանց ղեկավարի մնացած ԱԱԾ-ին, մենք՝ լրատվամիջոցներս, զերծ ենք մնում չստուգված և խուճապ առաջացնող տեղեկություն հրապարակելուց։ Պատերազմական իրավիճակին համաձայն, համագործակցում ենք ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության և կառավարության ՊՈԱԿ-ի հետ, յուրաքանչյուր տեղեկություն մաղով ենք անցկացնում, նոր հրապարակում, բա էս ակնհայտ պառակտումը ռազմական դրության ժամանակ չեք տեսնո՞ւմ։ Ադրբեջանցիներն Հայ ազգին իրենց անհեռատես քայլով միավորեցին, որ երկրի ներսից բաժանե՞նք։ Ախար մեր միավորումն առաջին հերթին այ էս տղերքին է պետք, թշնամու դիմաց պինդ կանգնածներին։ Մենք պետք է ներսում պինդ լինենք, որ իրենք էլ ամուր կանգնեն սահմանին։
Սա հեռահար նպատակներ հետապնդելու է նմանվում, էս պահին մեր պաշտպանության նախարարությունը, Արցախի պաշտոնյաները հայտարարում են, որ վճռական հարվածն ենք հասցնում թուրք-ադրբեջանական ահաբեկչական բանակին, թշնամին շուտով զինադադար է խնդրելու։ Իսկ երբ նրանք տեսնեն, որ արդեն իրար մեջ դավաճան ենք փնտրում, զինադադար կխնդրե՞ն։
Ինձ մոտ արդեն շատ ծայրահեղ տպավորություն է ձևավորվում՝ ի՞նչ է, սկսվել է անհաջողությունների համար մեղավոր գտնելու օպերացիա՞։ Իսկ գուցե սա՝ «ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու» խոսքերի շարունակությո՞ւնն է։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, պատերազմի ընթացքը ավելի հեշտ է, քան հետպատերազմյան ընթացքն է սպասվում, որովհետև մենք ունենք ավերված քաղաքներ, ռմբակոծված եկեղեցիներ, մատուռներ, որ պետք է կառուցենք, շենացնենք։ Հիմա է՛լ ավելի է պետք միասնությունը, որ երկիրը ոտքի կանգնի։ Ներքին թշնամի, դավաճան հրահրելով, չենք կարող դուրս գալ այս պատերազմի հետևանքների տակից։ Հատկապես, երբ կրակը դեռ չի դադարել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը