Պատերազմի առաջին օրից ստիպված եմ կոչերով դիմել Հայաստանի ներսում տարբեր խմբերի, տարբեր գործիչների, պուլտով ղեկավարվող բազմաթիվ մարդկանց, կոչ անել, որ մի քանի օր սսկվեն։ Մենք կոչ ենք անում, բայց որոշ մարդկանց ուղղված կոչերը ականջից մտնում են, քթից դուրս են գալիս։
Կա՞ որևէ մեկը, որ մտածում է, թե մենք՝ լրատվամիջոցններս, ավելի քիչ բան ենք իմանում սահմանում կատարվողից, քան, ասենք, պատգամավորն ու իշխանավորը։ Կա՞ մեկը, որ մտածում է, թե պատերազմի սարսափելի կադրերը մեր տեսախցիկները չեն ֆիքսել։ Որևէ մեկդ կասկածո՞ւմ է, որ մենք գիտենք բանակում սննդի մատակարարման մասին էլ, ջրի մասին էլ, զենքի մասին էլ, զոհերի մասին էլ, ձեռքբերածի ու կորցրածի մասին էլ, ելակի մասին էլ, ավտոմատով սամալյոտի վրա կրակելու մասին էլ, Ստեփանակերտում իրական իրավիճակի մասին էլ։ Իսկ մտածե՞լ եք, թե ինչու այդքանն իմանալով հանդերձ, հրապարակում ենք հիմնականում պաշտոնական ինֆորմացիա։ Պարզապես չենք ուզում այս իշխանության տեսակետից տարբերվող ինֆորմացիա տալ, չենք ուզում որևէ մեկի հայրենասիրությունը կոտրել, մեզ համար կարևոր է մեր միահամուռ լինելը, մեր պետության և ամենից կարևորը՝ Արցախի շահը։
Ես ներկայացնում եմ ազատ, ո՛չ պետության կամ իշխանության կողմից կառավարվող լրատվամիջոց։ Եթե այդ լրատվամիջոցը թերթեք, սահմանների մասին համարյա միայն պաշտոնական ինֆորմացիա է, կմտածեք՝ պետական կայք է։ Դա էդպես պետք է չլինի, սակայն մենք լավություն չենք անում, մենք այս պահին ճիշտ ենք համարել այդ գործելաոճը, որովհետև թշնամին մեր սահմանին է, մեր երկիր է մտնում, ներսի պրոբլեմների մասին խոսելու ժամանակը կգա։
Բայց, պարզվում է մենք քաղաքական սոլիդարություն ենք պահում, բայց իշխանական գործիչները, նրանց ֆեյքերը, լոսանջելեսյան գրանցումով պառվա․․․տոտաները, շարունակում են հին քաղաքականությունը, ոչ մի օր դադար չեն տվել, հայհոյանքները անպակաս են ոչ իշխանական լրատվամիջոցներին։ Վարկաբեկում են մեր նյութերը վերցնում են ու տարածում, գրում՝ թուրքեր, ռուսասերներ, չգիտեսինչեր։ Մե՜զ։ Մե՛զ, որ գիշեր ցերեկ աշխատում ենք, հարյուր հազարավոր մարդիկ նայում են, տեղեկացվում են, ոգևորվում։ Մեզ, ում աշխատանքի արդյունքում լուրերի պակաս չկա, ու չի զգացվում հարյուրավոր պատգամավորների ու պաշտոնյաների՝ մկան ծակը մտած լինելը։
Նյութ ես դնում, մեկ էլ մի պատգամավոր տանում-դնում է իր ֆեյսբուքյան էջին ու հրահրում, հետո իմքայլականներն ու իրենց ֆեյքերը, կաթսա ու շերեփով հայրենասիրություն քարոզողների թիմը մտնում է ու դրա տակ իրենց ծնողների պատկերը նկարում։ «Ֆա՛ս» հրահանգ է տրվում, չգիտես թե հիմա ինչո՞ւ։ Մենք մեզ զսպում ենք, լեզուներս ատամներիս արանքն ենք պահում, որ դուք ձեզ շարունակեք էդպես պահե՞լ։
Այո, մեր ազգի ողբերգությունն է, որ էս ամեն ինչին զուգահեռ, ունենք էդ կարգի հանրային խորհրդի նախագահ ու պատգամավորներ։ Թշնամուս չեմ ցանկանա․․․չնայած չէ՛, կցանկանամ։ Հարգելի իշխանություն, լռեցրու քո սազանդարներին։ Պարա՞պ են, սահման չեն գնում, գոնե մի քանի օրով դրանց ֆեյսբուքը արգելի՝ սսկվեն։ Դուք գիտե՞ք, որ հնարավոր է՝ մարդիկ լինեն, ովքեր հրաժարվեն կամավորագրվելուց, քանի որ տեսնում են՝ իրենց հարկերով սնվող որոշները հա՛մ չեն գնացել սահման, դա քիչ է, մի հատ էլ սրան-նրան են կպնում, հայհոյում ու զինվորին թողած՝ անդադար վարչապետին են փառաբանում։ Ու իհասթափվում են՝ ինչո՞ւ գնամ դրանց պատպանեմ։
Մենք, որպես լրատվամիջոց, թողել ենք զենքերը ու օրը 24 ժամ դնում ենք միջազգային, տեղի պաշտոնական ինֆորմացիա։ Մեր տեղեկությունները, մեր, մեր գործընկերների աչքով տեսածը ցույց չենք տալիս, մեր ունեցած լուսանկարները չենք դնում՝ մազաչափ անգամ չվնասելու համար մեր պայքարն ու գործը։ Ուրեմն հետ քաշեք ձեր ֆեյքերին, ձեր անկապ ստատուսչիներին, հետ քաշեք միայն բախտի բերմամբ այսօր պաշտոնյա դարձած կասկածելի տարրերին։ Տարեք ուրիշ ֆրոնտում կռվելու, թող մտնեն ադրբեջանցիքի ու թուրքերի գրառումների տակ հայհոյեն, միջազգային կայքերի տակ։
Այս օրերին լիքը արտասահմանյան կայքեր, հեռուստաընկերություններ ողողված են Արցախի մասին տեսանյութերով, դրանց տակ ադրբեջանցիներն ակտիվ աշխատում են, մտնում ու հասարակական կարծիք են ստեղծում։ Նայում ես՝ տակը լիքը ադրբեջանցիներ են, ու ընդամենը մի քանի հայեր։ Մեր աշխատակիցներին խնդրում ենք մի քանի նյութ պակաս դնել և դրա փոխարեն արձագանքել էդ ադրբեջանցիներին, որպեսզի երևա՝ մեր մոտից էլ արձագանք կա։ Էս իշխանական հազար ու մի պարապ գորչծիչներն ու դրանց ֆեյքերը լավ կլինի մեզ թիրախավորելու փոխարեն նրա՛նց հայհոյեն։ Գնացեք գոնե էդ ճակատ, դրանով գոնե ցույց կտաք, որ ողջ եք դեռ։
Մեզ մի՛ սադրեք։ Ձեր երկու տարվա դիլետանտական չաշխատանքի արդյունքում էսօր մեր երկիրը մինչև կոկորդը խրված ա․․․ցեխի մեջ։ Ուրեմն մեզ մի՛ սադրեք, մի՛ ստիպեք, որ էս պատերազմական օրերին սկսենք դրսի թուրքի հետ միասին՝ ներսի խառնակիչների հետ էլ կռիվ տալ։ Բայց դրա ժամանակը գալու է, ու ասեմ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը մի կերպ է իրեն զսպում, որ հենց հիմա ձեզ ու ձեր փիարչիներին չսատկացնի իր մամուլի էջերում։
Կարճ ասած՝ չկա որևէ իշխանական գործիչ, առավել ևս՝ այսօրվա իշխանությունից, որ հայրենիքն ավելի շատ է սիրում, քան մենք՝ լրատվամիջոցներս։ Հավատացեք, թերությունները, ձեր ստեղծած խնդիրներն էնքան շատ են այ էսքան, որ դրանց տակից ես չգիտեմ՝ ոնց եք դուրս գալու։ Դրա համար գոնե լռեք, գոնե հիմա մեզ մի՛ խոսեցրեք։ Դուք ունեք շաաատ հարմար միջավայր, ի տարբերություն 2016 թվականի․ հիմա ընդդիմությունը բազմապատիկ ավելի պետականամետ է ու մարդկային։ Ուրեմն գնահատեք ձեզ տրված այս պարգևը։ Դուք բարեփոխվողը չեք, ունակ չեք դրան, բայց ձեր պետականաքանդ գործունեությունը հիմա զսպեք, գոնե մինչ սահմաններըի խաղաղվելը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը