Արցախյան պատերազմի իներորդ օրն է, ու հանդարտվելու փոխարեն թեժանում է։ Այն, որ մեկ շաբաթում դիրքորոշումներն անգամ մի փոքր չեն մոտեցել, բանակցություններից ծայրահեղ հեռու են, արդեն երկարատև պատերազմի վտանգ ունի։ Իսկ Թուրքիայի մասնակցությունն ընդհանրապես Արցախը դարձնում է միջազգային բախման թատերաբեմ։
Այս պահին շարունակվում են փոխադարձ զոհերը, քաղաքացիական ու ռազմական ավերածությունները։
Այս 9 օրերի ընթացքում մեր գլխավոր հերոսը մեկն է՝ բանակը։ Բոլորս պետք է միավորվենք բանակի շուրջ։ Բանակն է, որ սպիտակացնում է բոլորի դեմքը, բանակն է, որ դիվանագիտական ճակատում բոլոր սխալները զգում է իր մաշկի վրա՝ մեր զինվորի կյանքի ու առողջության գնով։ Վերջ է տրված բանակցելուն ու կոչ է արվել նետվել մարտի դաշտ, կռվել մինչև վերջին փամփուշտը։ Դիվանագետներն ու քաղաքական գործիչներն էլ են դարձել զինվոր, մեկնել Արցախ։ Բոլորի տեղը գիտենք, չեն երևում խորհրդարանականները, բացի մի քանիսից։
Այս պահին, միասնականության կոչերի ու առանց կոչի անգամ միավորվելու ժամանակ մենք նաև տեսնում ենք բաներ, որոնք պետք է ամոթ լիներ անելը, մերժելի լիներ։ Հիմա դիմեմ նրանց, մնացածդ կհասկանաք՝ ում մասին է խոսքը։
Դադարեցրե’ք փիարվելը, սահմանը կամ պատերազմը փիարի տեղ չէ։ Դադարե՛ք զինվորի արյունը կամ սխրանքը սրա-նրա աչոկ հավաքելուն ծառայեցնելը։ Դադարեցրե’ք փառաբանել զինվորի սխրանքը լուրի տեսքով փոխանցողներին։ Պատերազմի հետ կապ չունեցողներ, դադարեցրե՛ք զինվորական համազգեստով ուղիղ եթեր մտնելը։ Մեր տղերքը չե՛ն զոհվել, որ որոշ մարդիկ փիար անեն։ Ծնողը, որը պատերազմում զոհված զավակին է հուղարկավորում, ոչ մի կերպ չի՛ կարող հասկանալ ձեր ինքնագովազդը ու ձեր ֆեյքերի չարչարանքը ձեզ բարձրացնելու համար։ Մեր տղերքը չեն կռվում, որ հայտնի շրջանակները ֆեյքային գրոհներով արդարանան՝ հիմա՞ է զենքը շատ, սնո՞ւնդը, թե՞ ապրիլյանի ժամանակ։ Ժամանակը չէ նման համեմատություններով բորբոքելու առանց այն էլ հերքված թեման։ Արցախում զենքով նկարվելու ժամանակը չէ, հաղթանակներ վերագրելու ժամանակը չէ, պատմություն կեղծելու ժամանակը չէ։ Զինվորը կյանքի գնով ամեն մի թիզի վրա իր արյունն է թողնում, իր կյանքը, ջահելությունը, որ որոշ մարդիկ փիար անե՞ն, մեկ այլի վարկանիշը քննադատությունից փորձեն պահե՞ն։
Թշնամին անընդհատ սուտ լուրեր է տարածում, որպեսզի Հայաստանի քաղաքաներին, բնակավայրերին հարվածելու իրավունք վերապահի իրեն։ Նշանակում է, որ հաստատապես ոգևորվելու ժամանակը չէ։ Դադարեցրեք ամեն մի խոցված ԱԹՍ-ի համար տոնախմբություն անել ֆեյսբուքում, այդ տոնախմբությունը այնտեղ՝ ավերակների մեջ գտնվող Ստեփանակերտում չեն անում։ Ուզում եմ հարցնել՝ հարգելի քաղաքացի, իմ հպա՛րտ հայրենակից, երբ դու հանգիստ նստած ֆեյսբուքում քոմենթ ես անում, թե հեսա Բաքուն վերցնելու ենք, որ ոչ մի կերպ չես մասնակցում այդ կռվին, և ավելին, հաճախ գովում ու փառաբանում ես այդ հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցողների, դու տեղյա՞կ ես, որ էդ պահին սահմանին մեկ ուրիշը, լրիվ ուրիշը կյանքն է մաշում։ Ե՞րբ եք իրականություն վերադառնալու։ Ե՞րբ։ Ինչքան շուտ, այնքան շուտ կհարմարվեք իրավիճակին։ Լավ է, որ հայրենասիրական ոգին բարձր է, բայց երբ դուք ֆեյսբուքն եք ողողում ավելորդ ուռաներով, տպավորություն եք ստեղծում, թե դաշտային Ղարաբաղն էլ ենք ազատագրել, թե սահմանին մեղր են բաժանում, զինվորը կռվում է փողկապով, հանգիստ նետում նռնակն, ու զոհվում են բազմաթիվ ադրբեջանցիներ։ Ոչ, դա ուժերի գերագույն լարում է պահանջում, ոչ թե ֆեյսբուքյան լայքեր։
Վաղը պատերազմը կավարտվի, հայրենիքը կսկսենք շենացնել էլի, բայց որդեկորույս ոչ մի մոր վիշտ թեթևացնել չի լինի, ինչպես չեղավ պատերազմը ավարտելուց 25 տարի անց։ Կորուստը կորուստ է ընդմիշտ։ Եվ ուրեմն՝ ուրիշի անդառնալի կորստի վրա մի՛ կայացեք։ Վերջ տվեք, մանավանդ որ դուք այլ տեղում եք, իսկ նա, ում հաշվին փիարվում եք՝ գուցե հենց այս պահին արնաքամ է լինում։ Պետք է ռեալ գնահատել իրավիճակը, իսկ անտեղի աղմուկը դա թույլ չի տալիս, շատերդ այսօր մոլորության մեջ եք, որը հաղթական ոգի պահելու հետ կապ չունի։
Անթույլատրելի է ռեալ իրավիճակը գնահատողներին համարել չուզող ու դավաճան։ Խառը ժամանակներ են, բոլորը ընդդիմադիր զենքերը դրել են ու միացել են զինվորին, դուք դրել՝ հաղթանակը սրանն է-նրանն է․ հաղթանակը զինվորինն է ու սպայինը, որոնք, փա՛ռք Աստծո, այսօր ֆեյսբուքից հեռու են։ Այո, միավորված ենք, բայց՝ բանակի շուրջ, Արցախի շուրջ։ Ես չեմ կարող միասնական լինել հիմա նրանց հետ, ովքեր իմ հայրենակիցն են, բայց ցավում են ադրբաջանցիների ռազմական օդանավակայանի ավերման համար, ես չեմ կարող միասնական լինել նրանց հետ, ովքեր թուրք են ներում, ովքեր պահանջում են պահպանել Ադրբեջանի ռազմավարական օբյեկտները, որոնք հիմա խոսում են ռուսական ռազմաբազայի դեմ։ Միասնական լինել նրա՞նց դեմ։ Օ, կներեք, ես չեմ կարող։
Հիմա անկապ մի՛ գովեք սրան-նրան, ձեր ճաշակով․ եթե հիմա գովելու կարիք ունի ու արժանի է, ապա միայն զինվորը, ուրիշ ոչ ոք։ Ոչ ոք։ Զինվորը, նրան զինվոր դաստիարակողները ու հատկապես ծնողները, որոնք լուռ ու հպարտությամբ տանում են իրենց ցավը, որովհետև որդին այնտեղ է՝ կռվում է հանուն հայրենիքի, զոհվում է հանուն հայրենիքի։ Իսկ թե ինչու է հենց հիմա զոհվում, ինչու կարիք առաջացավ, որ նա գնա ու զոհվի հանուն հայրենիքի, այդ մասին՝ հետո։
Կարճ ասած՝ այո, մենք հաղթելու ենք, բայց հաղթելու հետ կապ են ունենալու նրանք, որոնք ներդրում են ունեցել դրան, ոչ թե նրանք, ովքեր ուրիշի զավակների ֆոտոն դնելով աչոկ են հավաքել: Կավարտվի, որից հետո լիքը հարցեր իրենց պատասխանն են սպասելու։ Հաղթելու ենք ու պահանջելու ենք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը