24 09 2020

«Կարճ ասած»․ Ապացուցվեց մի շատ կարևոր բան․ Ինչո՞ւ քաղաքացին չի ներում այս իշխանությանը



Երբ մարդիկ բողոքում են ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի դեմ, իսկ հիմա շատերի ու շատ բաների դեմ են բողոքում, անպայմանորեն համեմատում են նախկին տարիների հետ և հիասթափված ու զարմացած ասում՝ «առաջվա պես եք անում», «էս նախկին ժամանակները չեն, որ ինչ ուզեք՝ անեք» և այլն։ Իշխանությունն էլ շատ ծանր է տանում, որ իր ժամանակներն ու նախկին տարիները հավասարության մեջ են դնում։ Հիասթափեցնեմ, շատերը, շա՜տ-շատերը, հարյուր հազարները սկսել են ավելի լավ տպավորություններով հիշել էն տարիները որոնք մերժել են՝ երբ իրենք առավել անվտանգ էին, սոցիալական խնդիրները ավելի քիչ էին։ Գուցե չէին սիրում իշխանությանը բավարար չափով, իշխանությունն էլ բավարար չափով քաղաքացու խնդիրները չէր լուծում, բայց մարդիկ այդ իշխանությունից սպասելիք չունեին, սովորական կյանք էր։ Հիմա ունեն լիքը սպասելիքներ ու օր-օրի հուսալքվում են։ Տնտեսությունից մինչև անվտանգություն ու մարդկային հարաբերություններ՝ զրոյական մակարդակում են։ Այ դրա համար էլ չեն ներում այս իշխանությանը։

Իշխանության համար ամենավատը ո՞րն է․ այն է, երբ սկսում է կտրվել իրականությունից, մեկուսանում է հանրությունից, զբաղված է միայն իր անձնական բարեկեցությամվ, իշխանական դիրքեր ամրացնելով, չի շփվում, չի կատարում խոստումները, բնականաբար՝ չի տիրապետում մարդկանց վիճակի մասին իրականությանը։ Ու իրեն թվում է, թե ունի էն հարգանքը, որ ուներ երկու տարի առաջ։ Ու քանի որ իրականության զգացումը կորցրել է, անում է սխալ սխալի հետևից։

Պատկերացրեք՝ մարդը, որ միշտ փողոցում ակտիվ է եղել, ցույցեր է արել, մարդկանց է ոտքի հանել, հիմա գնացել-տեղավորվել է շքեղ առանձնատան մեջ, սպասավորներով, մեքենաների պարկով, բոլոր հարմարություններով, քարտուղարուհի, պադավատ, էլ վարկով լվացքի մեքենա չի առնում․ ու դու ասում ես՝ արի ինձ պատասխանի, թե ինչու հացի փող չունեմ։ Կգա՞։ Նա արդեն ուրիշ իրականության մեջ է։

Նախկինո՞ւմ էր լավ, թե՞ հիմա․ ես չեմ ուզում և ճիշտ չեմ համարում մտնել էդ դիսկուրսի մեջ, բայց իրականությունն այն է, որ ներկան գնացել է ոչ մեր պատկերացրած ուղով։

Պատգամավորներին, ձեր քվեով պատգամավոր դարձած իմքայլականներին ասում ենք՝ մարդիկ դժգոհ են հազար ու մի հարցերից, պատգամավորն ասում է՝ դժգոհություններ կան, բայց լուրջ ծավալ չունեն։ Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Ռուբեն Ռուբինյանը, ասում է՝ ես չեմ կարծում, որ կա հանրային դժգոհություն իշխանություններից։ Ձեր բողոքը հեչ, դա ոչ մեկին պետք չէ։ Առաջ էլ էր այդպես, ասում էին՝ երկրում ամեն ինչ նորմալ է, այո, կան խնդիրներ, կան դժգոհողներ, բայց դա փոքր տոկոս է։ Նույնն է և հիմա, ու էլ ավելի վատ։ Նախ փոքր տոկոս չէ, ուղղակի ոչ բոլորն են իրենց խնդիրների համար հասնում կառավարության շենք։ Բայց դու պետք է չսպասես, որ մարդը գա-հասնի կառավարության դիմաց, նոր տեսնես, որ խնդիր ունի, բա մարզպետարաններ, նախարարություններ ինչի՞ եք պահում։ Եթե անգամ փոքր տոկոս է, պետք է չլուծե՞ք հարցը, դարնա ձնագնդի՞։

Էս մարդիկ պարզապես շատ արագ սովորեցին նոր կյանքին ու սկսեցին անել այն, ինչից հենց իրենք էին բողոքում։ Օրինակ՝ 2018 թվականին մեծ սկանդալ հասունացավ դիվանագիտական անձնագրերի թեմայով, ասացին, թե շատերին անտեղի բաժանել են, աղմուկ հանեցին ու անգամ Հենրիխ Մխիթարյանից հետ վերցրին դիվանագիտական անձնագիրը։ Վերջերս պարզվեց, որ այս իշխանությունը աջ ու ձախ դիվանագիտական անձնագիր է բաժանել։ Նախկիններին մեղադրում էին ճոխ ու անիմաստ ծախսերի համար, պարզվում է հիմա էլ ավելի վատ է, իրենք են 250 հազար դոլարով ինքնաթիռի վրա գերբ ու դրոշ նկարել տալիս, 31 միլիոն դրամ տալիս են, որ մի քանի հոգու դիմակով նկարը ողողի փողոցների գովազդային վահանակները, էլ չեմ ասում 2 միլիոն դոլարանոց վերանորոգումները, 1 միլիոն դոլարով երկու ավտոմեքենան, անիմաստ թանկ չվերթները։ Ասեմ ավելին, եթե այս ամենը, ինչ անում են այսօրվանները, անեին Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմիկվանները կճղեին իրենց։ Պատկերացնու՞մ եք, նախկին նախագահն ինքնաթիռի ներկելու վրա այդքան փող դուրս գրեր, Նիկոլը ԱԺ ամբիոնից չէր իջնի։ Առաջ ասում էինք՝ պաշտոնյաներին շատ են վճարում, հիմա ավելացրել են նաև պարգևատրումներ, ու ՊԵԿ նախագահը հայտարարում է՝ միայն աշխատվարձով հնարավոր չէ։ Էն ժամանակ ասում էին՝ Սերժ Սարգսյան է մեղավոր, որ ձեր յուրաքանչյուրի տան դիմաց ասֆալտ-բետոն չկա, հիմա ասում են՝ մարդիկ գալիս պահանջում են, որ իրենց հայաթի 5 մետրը ասֆալտենք, բան դա վարչապետին դիմելու հարց ա՞։ Չէ, վարչապետին դիմելու հարց չէ, բայց էն ժամանակ էլ գուցե նախագահին դիմելու հարց չէր, բայց սովոր էինք լիքը աղբամանի, չսարքված վերելակի համար մեղադրել նախագահին։ Նախկինում ասում էին՝ միսը թա՞նկ ա՝ բանջարեղեն կերեք, հիմա ասում են՝ կերեք փոխարինիչ, լվացքի մեքենա չունեք, ձեռքով լվացեք։ Էն ժամանակ էլ էր ոստիկանը ծեծում, հիմա էլ, ուղղակի էն ժամանակ աղմուկ բարձրացնողները հիմա ծեծողներին հրահանգ տվողներն են ու ծեծը որակում են համարժեք ուժ: Առաջ քննադատում էին վարորդին տուգանելու համար, հիմա անգամ ազատ շնչելու համար են տուգանում, առաջ ասում էին հարկերը շատ են, հիմա հարկեր են ավելացնում, այն էլ՝ անգամներով, օրինակ՝ գույքահարկը։ Առաջ ասում էին ժողովրդի ձայնը լսելի չէ, հիմա իմքայլականներն ասում են՝ թող մեզ զանգեն միայն մեզ ձայն տվածները, այն էլ՝ աշխատանքային ժամերին։ Առաջ վայնասուն էր ծառտահատման դեմ, հիմա ծառահատման անունը դրել են խորը էտ։ Առաջ ասում էին ձերոնցականներին եք պաշտոն տալիս, հիմա իրենցականներին է հա՛մ պաշտոնը, հա՛մ պարգևատրումը, ընդ որում՝ ոչ միայն դրամային։ Պարզվում է՝ կյանք փրկած բժիշկներին էլ են մերոնցական-ձերոնացկանի բաժանում։ Լենա Նազարյանի ականջը կանչի, երբ հարցնում էին անիմաստ գործուղումներից, ասում էր՝ նույն գործուղումն է, ուղղակի հիմա լավ հիմնավորում ենք։ Առաջ էլ բողոքողներին ասում էին ձեր ցույցին 20 հոգի է մասնակցում ընդամենը, հիմա էլ։ Առաջ քաղաքական ճանապարհն անցնում էր Մելիք-Ադամյան փողոցով, հիմա՝ Սայաթ նովա 40 հասցեով․․․ Ես չեմ զարմանում, ուղղակի դուք էիք մտել ձևի մեջ, թե մե՜նք, ժողովո՜ւրդը, մե՛ր ժողովուրդը․․․

Կարճ ասած՝ էս մարդիկ, որ եկան անցյալը մերժելով, իրականում մերժեցին միայն լավը, էն դրականը, որ մեր երկրում կառուցվել էր՝ քարը քարի վրա դնելով։ Իսկ վատ բաներն ավելի ընդլայնեցին, մեծացրին ու լկտիացան՝ շատ ավելի շուտ, քան կարող էինք պատկերացնել։ Ապացուցվեց մի շատ կարևոր բան․ ժողովուրդը սխալվում է, այն էլ այսպես՝ պրիմիտիվ ու հեշտ խաբվելով։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ