18 09 2020

«Կարճ ասած»․ Իսկ կա՞ մեկը, որ չի բողոքում



 

Այնքան խառը իրադարձություններ են կատարվում ամեն օր մեր երկրում, որ սատանան էլ չի կարող գլուխ հանել։ Ամեն օրն է թեժ, լրահոսում մի քանի գլխավոր լուր կա։ Ուժերի գերագույն լարում է, արձակուրդը նոր է ավարտվել, բայց արդեն հոգնել ենք։ Ես նման բան երբեք չեմ հիշում, որ հանրության բոլոր շերտերը բողոքեն իրենց խնդիրներից ու դուրս գան փողոց։ Բժշիկները, պատգամավորները, խաղողագործները, կենցաղային խնդիր ունեցողները, երկրից գնալ ցանկացողները, հագուստ վաճառողները, թոշակառուները, վարկ ունեցողները, տոկոսի տակ մնացածները։ Մեկ օրում մեր երկրում կատարվող աղմուկը նախկին մեկ շաբաթվա աղմուկն է։

Վաղ առավոտից բողոքի ակցիա կրթության նախարարության դիմաց, նախարարի լուսանկարը աղբամանի վրա տարածում են քաղաքում։ Ամոթ է, բայց ի՞նչ արած։ Հետո ավելի ամոթալի բան ենք տեսնում՝ ոստիկանությունը քաշքշում է դիմակ չդրած կնոջը։ Ոստիկանն ունի օրենքով իրեն տրված այլ գործիքներ, այն է՝ տուգանք։ Բայց ոչ, քաշքշում է, ղեկավարներին երևի դուր է գալիս, որ հազարավոր մարդիկ նայում-հայհոյում են։ Հետո բողոքի ակցիա կառավարության մոտ, էլի բերման ենթարկումներ։ Հետո աշխատանքից ազատման դիմումներ են գրում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակազմը, կաթվածահար է արվում հիմնարկի աշխատանքը՝ վարչապետի որոշման պատճառով, հետո տեսնում ենք, որ այդ թեման այնքան է զարգացել, որ վարչապետի տիկինն էլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն է վայր դնում, ու արդյունքում վարչապետը «զադնի» է դնում։

Բողոքի ակցիա են անում խաղողագործները, ասում են՝ ինչո՞ւ եք խաղողի մթերման գինն իջեցրել, սպառնում են այլևս չմշակել։ Մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ երկրորդ նախագահի ժամանակ մթերում էիք 170 դրամով, իսկ հիմա 110 դրամ է, նկատի ունի որ եթե ինքը էդքան վատն է, բա ինչու էինք ավելի լավ ապրում։ Արդարացի հարց է բարձրացնում։ Պատասխանը չկա։ Էդ ակցիան չավարտված՝ արմավիրցիներն են ճանապարհ փակում, թե՝ ինչո՞ւ մեզ խորհուրդ տվեցիք այսինչ կուլտուրան մշակել, բայց չեք օգնում իրացնել։ Էս մարդիկ ոչ մեկն էլ սխալ չէ, նա հեռու է քաղաքական խաղերից, հող է մշակում, ապրում է, հիմա էս տարի ասացիք մի գնացեք խոպան, էստեղ մնացեք-մշակեք։ Մնացել են, հող են մշակել, չեք օգնում իրացնել ապրանքը։ Կրա՞կն է ընկել մարդը։ Գյուղատնտեսական աշխատանքների թեժ ժամանակ մարդը փոխանակ հող մշակի, ակցիա է անում։ Մարդը կրա՞կն է ընկել, որ դուք ձեր տեղում չեք։

Մարդն ասում է՝ ես քեզ եմ ընտրել, որ լավ ապրեմ, ինչո՞ւ եք խնդիրներ ստեղծում ինձ համար, մի՛ խանգարեք, գո՛րծ արեք։ Հիմա արդեն բոլորը վստահ են, որ իրենք խաբված են։ Ու դա երևում է ամեն օր։ Ինչո՞ւ եմ էսպես ասում։ Քաղաքացու օրակարգը գիտենք, իսկ իշխանության օրակարգը ո՞րն է։ Մինչ մարդիկ իրենց խնդիրներով գալիս-հասնում են կառավարության դիմաց կամ ճանապարհներն են փակում, իշխանությունը զբաղված է իր կասկածելի ծրագրերի համար դիրքեր ամրացնելով։ Տեղի ունեցավ ՍԴ անդամների ընտրություն, խախտվեց սահմանադրությունը։ Դրեցին, ձևափոխեցին, ձևախեղեցին, հետո հայտարարեցին, թե վերջ, ճգնաժամը վերացել է։ Իսկ ի՞նչպե՞ս է վերացել, իսկ գուցե խորացե՞լ է։ Եթե քո ՍԴ անդամին այդ շենքում հետաքրքրում է միայն ուրիշի աշխատասենյակ ներխուժել-գրավելը, դու այդ ի՞նչ ճգնաժա՞մ ես վերացրել՝ Վահե Գրիգորյանի անձնական ամբիցիայի իրականացու՞մը։ Էդ ճգնաժամն արդեն կա բոլոր հիմնարկներում, ու լուծման փոխարեն իշխանությունը զբաղված է ներիշխանական ու ընդդիմության հետ ռազբորկաներով։ Նամյոկներով կռիվ են անում։ Մարդիկ եկել են բողոքի ցույց անելու, ու կառավարության շենքի մոտ ծառերի տակ ուղիղ եթերով նայում են խորհրդարանում բանավեճերը, ծիծաղում դրանց մակարդակի ու որակի վրա։

Պլենտուսից ներքև մակարդակ։ Ջահել պատգամավորը ամբիոնից խոսում է, երկրորդ նախադասությունից զարմանում ես՝ լավ, էս ե՞րբ հասցրեց փչանալ։ Էս ո՞նց եք փչացրել մեր երկրում մթնոլորտը։ Ու դուք խոսում եք սիրուց ու հանդուրժողականությունի՞ց։ Որտե՞ղ է էդ սերը։

2018 թվականին երիտասարդությունը ոտքի էր ելել, խանդավառված էր, որովհետև իրեն թվում էր որ նոր ճանապարհ է բացվում, ոգևորվել էր, ուզում էր, որ արդեն ինքը մասնակից դառնա մեր երկրում որոշումներին, կառավարմանը, ուզում էր իրեն զգալ դերակատար։ Ընդամենը երկու տարի է անցել, երիտասարդության մեջ դուք տեսնում ե՞ք ոգևորվածություն, պայծառ միտք, ինչ-որ բան անելու վճռականություն․ խելացի մարդիկ, որ առաջ մտածում էին պատգամավոր ու պաշտոնյա դառնալ, հիմա մտածում են՝ գնամ սրանց մեջ ի՞նչ անեմ։ Որակ եք փոխել, մակարդակ եք իջեցրել։ Էս կարգի բարոյական անկում իչնչպե՞ս կատարվեց, ես չեմ հասկանում։

Սա՛ է էսօրվա որակը, դրա համար էլ բոլորը բողոքում են, ոչ մեկը գոհ չէ իր ապրելակերպից, իր ոլորտում փոփոխությունների որակից, հետընթաց է։ Ժողովուրդը տապակվում է էս իրականության մեջ, իսկ իշխանությունն իր ոտքերի տեղն է փորձում պնդացնել։ Մարդիկ որևէ լուրջ խնդիր չեն լուծել, որևէ մեկի մատից մի փուշ չեն հանել, որևէ բողոքողի խնդիր չեն կարգավորել, դժգոհության պատճառ չեն վերացրել, միայն ավելացրել են, բայց ասում են՝ պետք է մնանք, դո՛ւք եք մեզ բերել, ձեններդ կտրեք։

Էս ամենը կանցնի, սա էլ կապրենք, բայց ափսոս է մեր ժամանակը։

Կարճ ասած՝ Մթնոլորտ պետք է փոխվի, Հայաստանի մթնոլորտը ատելություն է ծնում, այս մթնոլորտում նորմալ միտք, գաղափար չի կարող ծնվել։ Սա մարդուն ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես, ֆինանսապես, ամեն հարցով ոչնչացնող մթնոլորտ է։ Գիտենք ովքեր են ստեղծել էս վիճակը, բայց արդյո՞ք նրանք կարող են շտկել այն, ինչ իրենք փչացրել են։ Կարծում եմ՝ պատասխանը ինքներդ գիտեք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ