ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին առանց նախապայմանների առարկայական բանակցություններ սկսել։ Ցավոք, բայց այսօր անհասկանալի է, թե ինչ առարկայական բանակցությունների մասին է խոսքը։ Արցախի հարցում այնքան անհաջող ու իրարամերժ հայտարարություններ են հնչել, որ չենք հասկանում՝ որն է առարկայականը։
Ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարարը, հարցազրույց տվեց, ու այդպես էլ անհասկանալի եղավ՝ էս մարդկանց օրակարգը ո՞րն է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունն, ի՞նչ է ակնկալում արցախյան բանակցություններից, ի՞նչ օրակարգով է գնում․ եթե օրակարգն այն է, որ լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, դա օրակարգ չէ՝ սկզբից էլ պարզ էր․ եթե այն է, որ Արցախը Հայաստան է և վերջ, դա էլ օրակարգ չէ։ Եթե բանակցությունների է գնում օրակարգով, թե մեզ համար կարգավիճակը առաջնային չէ, այլ գլխավորը անվտանգությունն է, դա անհաջող օրակարգ է։ Ասենք՝ ինչ-որ «միջազգային կառույց» ու Ադրբեջանը երաշխավորում են քո անվտանգությունը Ադրբեջանի կազմում, կհամաձայնե՞ս։ Որովհետև առաջնայինը քո կարգավիճակի միջազգային ճանաչումն է, որից կբխի նաև անվտանգության երաշխիքները։ Մերոնք այս մասին ոչինչ չեն ասում՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի ղեկավարությունը։
Ասում էինք՝ լավ, բան չեն հասկանում Արցախի հարցից, բանակցություններից, ընթացքում կսովորեն, բայց պարզվում է, որ երկու տարի բան չեն սովորել էս մարդիկ։ Ովքե՞ր են իշխանությունների խորհրդատուները, ի՞նչ խորհուրդներ են տալիս, նրա՞նց խորհուրդներով է շարժվում ղեկավարությունը, ոչ մեկս չգիտենք։
Արցախի նախագահն ասում է՝ «Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ», մեկ օր անց Արցախի արտգործնախարարն ասում է՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է»: Լավ, ժողովուրդ, հիմա որի՞ խոսքը մենք համարենք առաջնային։ Դուք գոնե կարո՞ղ եք խոսքներդ մեկ անել։ Կամ ինչպե՞ս կարող է ինքնիշխան, անկախ ու միջազգային հանրության կողմից ճանաչում պահանջող պետության ղեկավարն ասի՝ ինձ համար կարևոր չէ․․․ Ո՞նց կարևոր չէ, բա ու՞մ համար է կարևոր՝ ռուսի՞, վրացո՞ւ թե՞ արգենտինացու ու իրենց նախագահների համար։ Բա եթե կարևոր չէ, դուք ձեր հանդիպումներին միջազգային կարույցների ներկայացուցիչների հետ ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք ասում, պահանջում նրանցից որպես միջազգային կառույցներ։
Արցախի հարցում մեր այս երկու պետությունների իշխանությունները ոչ միայն չունեն տեսակետ, չեն հասկանում՝ ո՞ւր են ընկել, ինչո՞վ են զբաղվում, այլև մուրճը ձեռքներին քանդում են նախկինում եղածները։ Օրինակ, 98 թվականից ի վեր, բանակցություններն ունեցել են հստակ ուղղություն, ու իշխանությունները զարգացրել են, խորացրել, երբեմն սրացել է իրավիճակը կամ հանդարտվել, բայց ուղուց չեն շեղվել։ Բանը հասել էր այնտեղ, որ Հայաստանն առանձնանում էր սկզբունքայնությամբ ու կառուցողականությամբ, այդպիսին էին մեզ ճանաչում։ Երկու տարի՝ շիլա շփոթ է, ով ինչ ուզում հայտարարում է, ով ինչ ուզում անում է, մեկն ասում է՝ սկսում եմ իմ կետից, հետո ասում է՝ ուզում եմ երեք ժողովուրդների համար էլ ընդունելի լինի, հետո ասում են պատրաստվեք պատերազմի, հետո ասում են զենքերը հանեք-զանգուլակ սարքեք, հետո ասում են՝ բանակցենք Ադրբեջանի ժողովրդի հետ, հետո էլ՝ բանակցում ենք, տեսնենք ինչ կլինի, հենց դուրներս չեկավ, կմերժենք և այլն և այլն։ Էս քաոսից ոչ մեկը գլուխ չի հանում, չես կարողանում բռնես թելն ու հասկանալ՝ որտեղից ինչ սկսեց։
Ու հենց այս անորոշությունն է, որ քաղաքացիների մեջ կասկած է մտնում, թե դիտմամբ են անում, անում են, որ մեր դիմադրողականությունը փչացնեն՝ իր բոլոր վատ հետևանքներով։
Հայաստանն ապակառուցողական դաշտ է տեղափոխում իրեն իր ոչ ադեկվատ հայտարարությունների պատճառով։ Ո՞վ քննադատեց Ադրբեջանին հուլիսյան սադրանքների համար։ Քննադատելու համար նաև պետք է ունենալ դաշնակիցներ, աջակցություն դրսից։ Ունե՞ք։ Ոչ միայն չունեք, այլև լուրջ չեն ընդունում, չեն քննարկում ձեզ հետ խնդիրը։ Ռուսաստանի նախագահը մեր թեմայով զրուցում է Թուրքիայի նախագահի հետ, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, Ադրբեջանը՝ Ռուսաստանի հետ, Ռուսաստանը՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ։ Մեզ հետ զրուցող չկա։ Բայց թեման մերն է։
Եթե պետք է ամեն ինչ թողնվեր այսպես ինքնահոսի, մեր ինչի՞ն էր պետք ղեկավարը։ Դու քեզ դնում ես ապակառուցողական հոսքի մեջ ու մղում ես պատերազմի։ Պատերազմը ոչ մեկին դուրեկան չէ։ Դուք գուցե չեք հասկանում դա, որովհետև երբեք դրա միջով չեք անցել, դուք միշտ փախել եք, խուսափել ու օգտվել ուրիշի կերտած հաղթանակի բարիքներից, անկապ տեղը հաղթանակը ձեզանով արել կամ, եթե չի ստացվել՝ փնովել։ Հիմա էլ կխուսափեք, ձեզ չոռ էլ չի կպնի, բայց պատերազմը ժողովրդի համար կյանք է արժենում, թանկի կորուստ է։ Հենց սեպտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամին խախտել է հրադադարն ու ունենք զոհ։ Ափսոսում ենք, ցավակցում ընտանիքին, բայց հասկանանք՝ էս մահաբեր ալիքը ճեղքելու համար մեր իշխանություններն ի՞նչ են անում։
Դրա համար ասում ենք՝ ձեզ բերել ենք ինչի՞ համար, բանակցելո՞ւ, թե՞ հախուռն մեծ մեծ փրթելու ու պետքական բան չանելու։
Եթե չունես գիտելիք, փորձ, օրակարգ, ու դատաչկ տեղը ինքնասիրահարված ես, ստացվում է՝ պատերազմ, զոհ, ողբերգություն։ Թե՞ սովորական են արդեն զոհերը՝ հազար քանի հարյուր կորոնավիրուսից են մահացել, քսանից ավելին թունավորումից, էսքանն էլ պատերազմից։ Աջ ու ձախ մահ եք տարածում ու դեռ համարձակվում եք մի հատ էլ շահարկել մարտիմեկյան զոհերի հարցը, որի խորքում հենց էլի դուք եք։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, վերելակային դիվանագիտությունը, վայրիվերո հայտարարությունները, ելույթներն ու մյուս բաները Հայաստանին մոտեցրել են իրական առարկայական պատերազմի։ Մենք չգիտենք, թե որն է օրակարգը Արցախի մասով, ինչ են ուզում անել, ի՞նչ են անում, եթե անում են։ Իրենց համար գլխացավանք է Արցախի հարցը։ Արցախը խաղ չէ, դա փոքրիկ, ամուր պետություն է։ Քո մի սխալ խոսքը, սխալ քայլը, քո անգրագիտությունը, բերում են աղետի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը