Թեժ ու շոգ ամառն ավարտվեց, և հիմա թևակոխել ենք նույնքան թեժ ու շոգ աշուն։ Ամեն տարի ասվում է՝ հեսա թեժ գարուն է լինելու, թեժ ամառ է լինելու, բայց երկու տարի և ավելի է, որ թեժ է ամեն օրը՝ իշխանության թեթև ձեռքով։ Ամառը նկատելի դարձավ մի քանի բանով՝ սովորական դարձած կորոնավիրուսը, որի դեմ այդպես էլ իշխանությունը չպայքարեց, ընդամենը գնաց վիրուսի հետևից, հաշվեց մահերը, մարդկանց աղքատացումը արձանագրեց։ Եվ եթե վիրուսը ինչ-որ չափով նահանջեց, ապա միմիայն բնական ճանապարհով։
Ամառը նկատելի էին կրթության ու առողջապահության ոլորտների խայտառակ ու հանցավոր ձախողումները, նախարարների հանդուգն պահվածքը։ Ամառը աչքի ընկավ ասֆալտապատումների վերաբերյալ իշխանության հրճվանքով․ դա շատ ցուցադրական էր, ձևական ու չափազանցված։ Արտագնա աշխատանքի չմեկնածներին իշխանությունը խոստացել էր ապահովել շինարարական աշխատանքով։ Մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շինաշխատանքների ծավալը հիսուն և ավելի տոկոսով անկում է ապրել։ Բայց միևնույն է՝ այս իշխանությունը սիրում է ասֆալտն ու հպարտանում դրանով․ հազար ու մի տված խոստումները դնում է մի կողմ ու ներկայանում մեկ բանով՝ ասֆալտ եմ անում։ Իսկ ի՞նչ են անում, քանդում են հինը, փռում նորն ու ասում՝ աննախադեպ բան, 80 թվից այս կողմ չէր եղել։ Իսկ ի՞նչ եք սարքել, ինչպե՞ս, ինչի՞ հաշվին։ Պետությանը վարկի տակ գցելո՞ւ։ «Աննախադեպ» բառը սիրող այս իշխանությանն տեղեկացնեմ, որ տեղի է ունեցել աննախադեպ բան՝ Հայաստանի արտաքին պարտքը պատմության մեջ առաջին անգամ անցել է 6 միլիարդ դոլարը, պետական ընդհանուր պարտքը՝ 8 միլիարդ դոլարը։ Պարտք եք վերցրել, որ ձեր թերացումները ծածկեք, որ բյուջեն կատարեք։ Պարտքով ասֆալտ եք փռել, հսկայական ֆինանսական բեռ եք ավելացրել ամենահեշտ բանի վրա։ Քանի՞ փողոց եք կառուցել, քանի՞ փողոց եք վերակառուցել, քանի՞ թունել ու կամուրջ եք սարքել, նոր ճանապարհ բացել։ Ոչ մի, ձեզանից առաջ արդեն արել էին, ուղղակի օրը 10 հատ ռոլիկ չէին սարքում։ Վարկ եք վերցրել, որ շարունակեք ձեր շռայլ ծախսերը, մինչդեռ տնտեսություն անկումներ է գրանցում ամսե-ամիս։ Աշխատատեղեր են փակվում, բայց իշխանության ներայացուցիչները բարգավաճում են, տներ ու մեքենաներ են գնում։ Սա էլ է աննախադեպ բան։ Աղքատացող երկրում, պաշտոնյաները չպետք է հարստանան, այդպես չէ՞, պա՛րոն Փաշինյան։
Ամռանը ոչ մի օր աչք չբացեցինք բողոքի ակցիաներից, կառավարության շենքի հարակից հատակն արդեն մաշել է բողոքավորների ոտքերի տակ։ Խմբերը հաջորդում էին իրար, ավտոներկրողները դժգոհ դադարեցնում էին ակցիան, գալիս էին հագուստ վաճառողները, նրանք գնում էին, գալիս էին այսինչ նախարարից դժգոհները, դասախոսները, օպտիմլացման արդյունքում գործազուրկները, ՌԴ մեկնել ցանկացողները։ Ի դեպ, հատկապես վերջինները այդպես էլ չհասկացան, որ իրենց խնդիրը լուծել Հայաստանի կառավարությունը չի կարող։ Սրանք միայն խոսել գիտեն, այն էլ՝ դիստանցիոն, ու ոչ մի պարագայում՝ դեմ առ դեմ։ Ժողովուրդը եկել է իր ընտրյալների մոտ, իր քվեով խորհրդարան եկածների, իր հարկերով սնվողների մոտ ու ասում է՝ թուրներդ աջ ու ձախ կտրում էր, ասում էիք՝ բոլորը պետք է հաշվի նստեն մեր արած հեղափոխության հետ, բա մեր հարցերը լուծեք, գնանք։ Ու ի՞նչ է պատասխանում ԱԺ փոխխոսնակը․ դեսպանի համարը տամ՝ զանգեք։ Մարդը էլ ո՞նց ասի՝ մենք չկանք, մենք հարց լուծող չենք, մենք հարց ստեղծող ենք, եղունգ ունեք՝ գլուխներդ քորեք։ Եթե մեր երկրի ղեկավարը կարողանար լուծել այդ հարցը, առաջին հերթին ինքը իր համար կլուծեր, որ գոնե մեկ հանդիպում ունենար Ռուսաստանի նախագահի հետ, գոնե մեկ հեռախոսազրույց ունենար։ Աննախադեպ բան է, որ ութ ամիս Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները չհանդիպեն կամ անգամ հեռախոսով չխոսեն։ Մեր իշխանությունը կարծես դեպորտ արված լինի Ռուսաստանից։
Լավ, էս Մանր հարցերից գլուխ չեք հանում, բա տնտեսական խորը հարցերը ո՞նց ենք լուծելու, ճգնաժամից ո՞նց ենք դուրս գալու, անվտանգության հարցերը ո՞նց ենք լուծելու։
Նկատելի էր ընդդիմադիրների վրա գործեր սարքելու արատավոր պրակտիկայի շարունակումը, ձայնագրությունները, շանտաժը։ Այդ ամենը արվում էր առանձ ձևական համընկնումների և պատահականությունների։
Ամառը աչքի ընկավ նաև երկար սպասված մի քանի հարցազրույցներով։ Հարցազրույց տվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երկու տարվա մեջ առաջին անգամ ու ինչպես որ խոստացել էր, խոսեց ապրիլյան պատերազմից։ Չկար հարց, որին չպատասխանեց։ Ու այդ հարցազրույցը եկավ հերթական անգամ ցույց տալու, թե որքան կեղծ ու շինծու է եղել ապրիլյան պատերազմի մասին այսօրվա իշխանության պատկերացումները ու որքան դատարկ է հանձնաժողովը, որը ցուցումներով ինչ-որ բաներ է քննում։ Այնքան փնթի են, որ անգամ չեն կարողանում քննության առած փաստաթղթերը տիրություն անեն, մնա գաղտնի, պարզվում է՝ ինչ-որ օտար մարդկանց ձեռքերում է հայտնվում։ Այդքանից հետո կանգնում մեծ մեծ փրթում են, թե հեսա տեսեք ինչեր ենք բացահայտում։ Ես լինեյի Սերժ Սարգսյանի տեղը, չեի գնա այդ շինծու շոու սարքողների մոտ։ Ո՞վ են դրանք, որ մի հատ ել հարցեր տան։
Հեռուստաընկերություններին, ապա տնտեսագետներին հանդիպեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հարցազրույց տվեց ռուսական RBK-ին։ Բոլոր դեպքերում էլ աչքի ընկավ այն, որ պետության ղեկից 12 տարի առաջ հեռացած ղեկավարը իրավիճակին տիրապետում է, վերլուծում է տասնյակ անգամ ավելի լավ, ճշգրիտ ու ռեալ, քան դա արել է գործող ղեկավարը պաշտոնավարման ողջ ընթացքում իր տասնյակ ասուլիսներով, բազմաթիվ հարցազրույցներով։ Պետության մասին մտահոգությունից դրդված՝ քաղաքական հայտ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը, այս իշխանությունների գլխավոր ընդդիմախոսն է, բայց քննադատելուց զատ բազմաթիվ հարցերում տվեց լուծումներ, աշխատելու ճիշտ ուղի՝ խնդիրները հարթելու համար։ Հարցազրույց տվեց նաև Նիկոլ Փաշինյանը, ու մենք հասկացանք, որ ոչ, որքան էլ ադեկվատ գնահատականներ հնչեն, մեկ է՝ այսօր Հայաստանը ղեկավարում է ինքնասիրահարված դիլետանտների այս թիմը։
Ամառը շատ այլ բաներով ևս աչքի ընկավ, չենք ուզում ու ֆիզիկապես չենք կարող բոլորին ու ամենքին անդրադառնալ։ Բայց ամռան խնդիրները մենք չթողեցինք ամռանը, այլ մեզ հետ բերեցինք աշուն, որը դարձյալ թեժ է, շոգ ու անհասկանալի հեռանկարով։ Այս խնդիրները ցույց տվեցին, որ այս կառավարությունը՝ իր բոլոր ճյուղերով, պետական ինստիտուտները, կոռոզիայի են ենթարկվում։ ԱԺ-ն իր տեղում չէ, կառավարությունն իր տեղում չէ, ներսում չկա բանավեճ, զարգացում, լճացել են արդեն ու ճահճացել։ Սա նկատելի է բոլորի համար։ Ձեր չաշխատելը, գլուխ պահելը, հաճախ՝ անկարողությունը, թալանը, բյուջեն վատնելը, շռայլությունները, հակապետական պահվածքը ձեր կարծիքով անցնում է աննկա՞տ։ Չէ, ոչինչ չի վրիպում մարդկանց աչքից։ Ու արձագանքը ուշագրավ է․ նման բան եղել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության առաջին տարիներին, երբ մարդիկ հրաժարական էին արդեն պահանջում։ Դուք կրկին անցաք այդ ճանապարհով։
Կարճ ասած՝ արդեն երկու տարի ամենօրյա տագնապով սպասում ենք, թե ինչ է լինելու։ Մարդիկ նյարդային են, լարված, բոլորը և ամեն պահ սպասում են ինչ-որ բանի, բայց ցավոք, քիչ են մարդիկ, որ լավ բանի ակնկալիք ունեն։ Տագնապ կա, որ ամեն պահի մեկ այլ սխալ որոշում են ընդունելու, նոր դժգոհություն է պայթելու։ Եվ ոչ մի բարի գործ և ոչ մի դրական քայլ այս իշխանության կողմից։ Ուրեմն նոր շրջանը հռչակենք զարացման շրջան, ազգային նպատակ դնենք այս ընթացքը կասեցնելը։ Վերցնենք մեր ձեռքը խոստումներ թերթիկը և յուրաքանչյուրի համար պահանջենք պատասխան։ Լո՛ւծիր կամ՝ գնա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը