14 08 2020

«Կարճ ասած». Ստի՞, թե կոռուպցիայի մեջ չկաք



Վարչապետ Փաշինյանն ասում է, թե առաջ կառավարությանն ասում էին կոռումպացված է, չէին վստահում, իսկ հիմա ղալաթ կանի մեկը, որ ասի, թե՝ կառավարությունը կոռումպացված է։

Նախ, սա ի՞նչ բառապաշար է, դուք վարչապե՞տ եք, թե՞ ինչ: Եվ հաջորդը,  կոռումպացվածության գնահատականը վարչապետը չէ, որ պետք է տա, առավել ևս՝ դուք։ Իսկ ընդանհրապես, իշխանությունը չի կարող գնահատել իր կոռումպացվածության մակարդակը, քանի որ խոսքը իր մասին է։ Դժվար թե, կոռումպացված մի վարչապետ ինքն իր մասին ասի որ կոռումպացված է: Դրա համար էլ ամբողջ աշխարհում կան հակակոռուպցիոն մարմիններ, ու մշտապես ընդդիմությունը պնդում է, որ պետք է այդ մարմինները ղեկավարեն ընդդիմադիրները, որովհետև ընդդիմությունն է, որ կարող է բացահայտել իշխանական կոռուպցիոն երևույթները։

Բացի այդ, եթե երկրի ղեկավարը ասում է՝ ես կոռումպացված չեմ ու դա կրկնում է ամեն օր, ավելի շուտ մտածում ես, որ հենց նա թաղված է կոռուպցիայի մեջ։ Եթե երկրի ղեկավարը կոռուպցիայի մեջ չկա, ղալաթ կանի մեկը, որ կոռուպցիա կանի: Դե եկեք տեսնենք, արդյո՞ք ինքը չկա:

Նախ, համաձայնվեք որ մենք, շատ բան կարող ենք չիմանալ․ երկրորդը, Նիկոլ Փաշինյանը միշտ ասել է կոռուպցիան իսպառ վերացրել եմ, բայց օրը մեկին կոռուպցիայի վրա բռնում են։ Կարող ենք, չէ՞, մտածել, որ ոչ բոլորին են բռնում, եթե 10 հոգու բռնում եք, ուրեմն 1000-ի մասին չեք էլ իմանում, 100-ին էլ կարող եք չտեսնելու տալ, որովհետև ձերոնցական են։

Նայեք կառավարության կազմը, պատգամավորների կազմը, պետեկամուտների կոմիտեի կազմը, ԱԱԾ կազմը, մյուս հիմնարկները, թերթեք կենսագրությունները, գտեք կապերը մեկը մյուսի հետ ու կտեսնեք, թե ինչպես են այս թիմի անդամներն իրենց ազգուտակին, ընկերներին ու ծանոթներին, խնամիներին տեղավորել պետական կառավարման համակարգ, բարձր աշխատավարձերով նստացրել բյուջեի վրա։ Միայն այն, որ Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբորորդին, քավորի եղբայրը պատգամավոր են, քավորը քաղաքապետ, մանկության ընկերը ոստիկանապետ, դա, պարոն վարչապետ արդեն կոռուպցիա է։ Կարծում եմ որևէ մեկը չի կարող մեզ հավատացնել որ, օրինակ, Հրաչ Հակոբյանը, Սիփանը ու քավորի եղբայր Ղալումյանը ամենից անկախ, ազնիվ ու ամենից՝ կարևորը արհեստավարժ պատգամավորներն են, որոնց տեղը Սերժ Սարգսյանի կուսակցությունը չգիտեր, թե չէ՝ հենց իրենց կբերեր խորհրդարան նախկինում: Պարզ է, որ այդպես չէ, նրանցից ոչ մեկն էլ, բացի Նիկոլի ցույց տված կոճակը սեղմելուց, ուրիշ ոչ մի ծառայություն երկրի համար չեն կատարում: Իսկ աշխատավարձ և այլն ստանում են հարկատուներիս հաշվին:

Եթե կնոջը նշանակում ես ԱԺ փոխնախագահ, ամուսնուն՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, դա ավելի շուտ կոռուպցիայա։ Երբ ԱԱԾ տնօրենն իր սանիկին իր մոտ է բերում պաշտոնի, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Սերժ Սարգսյանի ժամանակ, օրինակ, նման բաները համարվում էին կոռուպցիա, ու այդ մասին բարձրաձայնում էր առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը։

Մշտապես հայտարարություններ են տարածվում այն մասին, որ կառավարությունը մեկ անձից գնումներ է կատարել, բավականին մեծ թվով ապրանք ու՝ մեծ արժեքով։ Արսեն Թորոսյանի կնոջ պետպատվերն ավելացել է 5 անգամ ամուսնուն նախարար նշանակելուց հետո, ձեր իսկ խորհրդական Արշակ Կարապետյանի կնոջ ղեկավարած կազմակերպությունը, նույնպես հեղափոխությունից հետո, հեղափոխական արագությամբ շահում է պետական տենդերները: Դա դեռ նույն բյուջեի փողերն են, ու դա դեռևս կոչվում է կոռուպցիա։

Երբ վերահսկողական ծառայությանդ պետը հայտարարում է, թե ձե՞զ ինչ իմ ունեցվածքը որտեղից է, ուրեմն առնվազն պետք է կոռուպցիոն կասկածանքով հետաքնություն սկսվի։ Երբ վարչապետի տիկինը հայտարարում է, որ կոռուպցիոն եղանակով աշխատած գումարները կարող եք իմ հիմնադրամին տալ, դա կոռուպցիոն գործարքի առաջարկ է։ Երբ մարզպետդ ասում է ընդամենը երեք բարեկամի եմ աշխատանքի տեղավորել ինձ մոտ, դա կոռուպցիա՞ է, թե՝ ոչ։ Երբ վարչապետը արտերկրում գտնվող իր քաղաքացու մոտ բանագնաց է ուղարկում ու ասում՝ փող տուր ու քեզ չեմ բռնի, կոռուպցիա՞ է, թե՝ ոչ։ Պարզել է պետք, առնվազն: Որևէ ընթացք կա՞ այդ գործով։ Զրո՛: Կառուպցիա չէ՞ դա, ես չգիտեմ, թող ինքն ասի: Երբ ՍԴ դատավոր եք նշանակում մարդու, որը մեկ տարի շարունակ գործի չի գնում, բայց ստանում է միլիոնավոր դրամներ, դուք էլ աչք եք փակում, որևէ անգամ նրան չեք հարցնում, հպարտ-հպարտ էլ ասում եք՝ այո՛, մեր ընկերն ա, հիմա դա կոռուպցիա՞ է, թե ոչ։ Պարզ է չէ՞, եթե այդպես իրեն պահեր Հրայր Թովմասյանը կամ Ֆելիքս Թոխյանը, հենց էդ թեմայով լսումներ կանեիք, մի հատ էլ գործ կհարուցեիք պետական միջոցների չարամտորեն վատնման առիթով: Պատկերացնում եմ, ձեր ջղայն դեմքներով ճեպազրույցները, վերջում էլ Արարատ Միրզոյանը կհայտարարեր, էտ չե՞ք, Սերժի վախտվա ՍԴ անդամներ... Բայց դե ձեր ընկերն ա, Վահե Գրիգորյանը ձեր հրահանգով գնում էր ՀՔԾ ելույթներ էր գրում, հարցազրույցներ էր տալիս։ Պետք  չէ՞, մի բանով էլ դուք օգտակար լինեք։ Ինքն էլ ինչ ուզում անում է, փող է ստանում՝ ոչինչ չանելով: Էստեղ են ասում՝ ասա ով ա ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Կոռուպցիայի դասագրքային օրինակ:

Ընդամենը օրերս պարզ դարձավ, որ ԱԺ-ն 300 հազար դոլարի պարգևավճար է բաժանել՝ աշխատավարձի 125 տոկոսի չափով։ Ընդհանուր առմամբ՝ 110 միլիոն դոլար և ավելի պարգևավճար եք բաժանել ձեր մեջ՝ թաքուն, գաղտնի, որ չպեղեինք, չէր էլ իմացվի։ Դա կոչվում է կո-ռուպ-ցիա։

Վարչապետի անունը շրջանառվում է սիգարետի, զենքի մաքսանենգության մեջ, երկաթի ու ադամանդի առևտրի մեջ, հերքելու փոխարեն Փաշինյանն ընդամենը ասաց, որ չի պատրաստվում ապացուցել որ ուղտ չէ։ Բայց պետք էր, չէ՞ կատարել անկախ մարմնի կողմից հետաքննություն՝ պարզելու՝ կա՞ այդպիսի թեմա, թե՞ ոչ: Չկա հետաքննություն, զրո: Կոռուպցիա՞ է, թե՝ ոչ։

Կարճ ասած՝ «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ապա ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում՝ ինձ հրապարակում կախաղան հանել», գիտե՞ք ով է ասել՝ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, մեծ մասը այս ամենի տեղի են ունեցել ձեր թողտվությամբ, հանձնարարությամբ կամ համաձայնությամբ։ Դուք եք չէ՞, որպես երկրի ղեկավար, էս ամենի թողտվողն ու համար մեկ պատասխանատուն։ Հը, պարոն վարչապետ, բերե՞նք պարանը։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ