11 08 2020

«Կարճ ասած»․ 300 միլիոնից մինչև 15 մլրդ դոլարանոց ֆեյք ծրագրեր․ չինական որակի ներդրումները



Ես չեմ զարմանա, եթե Նիկոլ Փաշինյանը մի երեք օր չերևա հանրության աչքին, հետո գա-ասի, թե Լուսին էր բարձրացել։ Չեմ զարմանա, այ էդքան աբսուրդային իրավիճակում ենք։ Աժ իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան էջում ավետել էր Հայաստանում չինական ներդրումով գիտական քաղաք հիմնելու մասին։ 15 միլիարդ դոլար արժեքով։ Օգոստոսի 6-ին պայմանագիրը կնքել են, պատգամավորն էլ վերցրել-դրել էր իր ֆեյսբուքյան էջին․ էնքան ձեռք առան, որ հանեց էջից, բայց աղմուկը մնաց։

Պատկերացնո՞ւմ եք, մի չնչին ներդրում է լինում, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սկսում է տրակտատ գրել, թե՝ նման բան երբևէ չէր եղել և այլն և այլն։ Բայց Հայաստանի համար իրոք աննախադեպ ներդրման մասին՝ ոչ մի խոսք։ Ավելին ասեմ, պայմանագիրը կնքած Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության կայք ես մտնում, ոչ մի բառ ներդրման մասին, վերջին թարմացումն էլ 2015 թվականին է արվել։ Ոչ մի բանից տեղյակ չեն ո՛չ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ո՛չ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Ոչ մեկը չգիտի։ Գագիկ Ծառուկյանն ասում էր, թե Աբու Դաբիից խոշոր ներդրում է բերելու, սկսեցիք ձեռք առնել, թե թագաժառանգը չէր, Երևանի կարգին քաղաքապետի հետ հանդիպմանը ջինսով էր գնացել, ոչ թե վեչեռնի հագուստով ու թոզմիշ արիք․ բա 15 միլիարդ գումար են բերում, պետությունն անտեղյակ է՞։ Որ ասում եմ փնթի եք, դիմադրում եք։

Էս երկու տարում էնքան բան ենք լսել, որ նախագիծը՝ կլինի 15 միլիարդ դոլար, թե 10 միլիոն, ընդունում ենք դեմքի նույն՝ անտարբեր արտահայտությամբ՝ վստահ, որ նման բան չի էլ լինելու։ Ինչո՞ւ։

Նիկոլ Փաշինյանը հազար անգամ հայտարարել է, որ Սփյուռքի մեր հայրենակիցները կազմ- պատրաստ սպասում են, որ գան ներդրում անեն, նորանոր բիզնեսներ բացեն, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծեն, հայրենիքը շենացնեն։ Ոչ մի իրական ներդրողի դեմքը չտեսանք։ Հետո ասացին, որ որպեսզի ներդրում գա, պետք է օրենսդիր իշխանությունն ու դատական իշխանությունն էլ մեզանով անենք։ Դա էլ արեցին, բայց ներդրում չեկավ։  Հետո ձևը փոխվեց, որոշեցին Հայաստանի ներսից ներդրում հավաքել, բոլոր մարզերում ներդրումային համաժողով արեցին։ Համարյա զրոյական արդյունք ունեցան։ Տեսան չի լինում, մարդիկ սկսում են հիասթափվել, ֆեյք ներդրումներ գրանցեցին, ֆեյք գործարաններ բացեցին։ Նիկոլ Փաշինյանը չալարեց, գնաց կարմիր լենտը կտրեց ու հոպլա՝ հայկական արտադրության տեխնիկայի գործարան բացեց։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, տեխնիկայի խանութ մտնելիս խնդրեք թող Նիկոլի բացած հայկական տեխնիկայից մի հատ փոքրիկ նմուշ տան ձեզ։ Չկա։

Հետո արդեն սկսեցին խոսել խոշոր ներդրումների մասին, որոնց մինչև հիմա սպասում ենք։ 2018թ․ նոյեմբերին «Էկոտեխպրոմ» ընկերությունն ու Բիզնես Արմենիա հիմնադրամը 285-340 մլն դոլարի ներդրումային համաձայնագիր ստորագրեցին, փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարն էլ գլխավերևում կանգնած էին։ Հայաստանում պետք է կառուցվեր արտադրական համալիր՝ 100 հեկտար տարածքում 3 գործարան, տեխնիկական և կերակրի աղի, սոդայի, ապակիների արտադրություն, շուրջ 1100 աշխատատեղ։ Վերամբարձ խոսքեր ասացին, թե՝ Հայաստանը գրավել է ներդրողների ուշադրությունը հեղափոխությունից հետո, իրար հերթ չտալով դիմում են կառավարությանը։ Բա էլ ինչի՞ էդ ծրագրի մասին չեք խոսում։ Կարող է՞ կորոնավիրուսով վարակվեց ու մեռավ։

2018թ․ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Գավառում 589 մլն դոլարի ներդրումների ծրագրերի ցուցակ ցույց տվեց։ Քարոզարշավ էր, ընտրություններում շռնդալից հաղթեց, ու ցուցակը սարքեց զուգարանի թուղթ։ Ահա թե ինչ եղավ էդ ներդրումների ճակատագիրը։ Ու հիմա իմ սիրելի Քյավառում մարդիկ անհամբեր սպասում են, որ հեսա 600 միիլիոն դոլարի ներդրումով զավոդ են բացելու, գնան-աշխատեն։ Չի բացվելու ոչ մի աշխատատեղ, ժողովուրդ, ձեզ խաբել է, որ դառնա վարչապետ։

Ասում էիք՝ պետք է հրապարակի տոնածառն ու նոր տարվա միջոցառումը շքեղ լինի, որ Հայաստան ներդրում գա։ Տոնածառ փարթիից հետո քանի՞ հոգի է եկել։

Ներդրումների ու տնտեսական հեղափոխության ուղղությամբ ընդամենը մեկ ռեալ բան է արել Նիկոլ Փաշինյանը։ Արարատի մարզում ներդրումային համաժողովի ժամանակ շնչակտուր բեմ թռավ ու հայտարարեց, որ «տնտեսական հեղափոխությունից» հետո «աշխատող» բառի փոխարեն կօգտագործենք «գործավոր» բառը: Ասաց ու մի հատ էլ շնորհակալություն հայտնեց գաղափարի համար։ Ու էդ անշնորհակալ գործարարներին նայի, որ էդքանից հետո ներդրում չբերեցին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը պետք է դառնա հայկական ներդրումների թիվ մեկ ուղղություն։ Հիմա աշխարհի հայ գործարարները քանի՞ միլիարդ դոլարի ներդրում են անում արտասահմանում, քանի միլիոն դրամի՝ Հայաստանում։ Բա ինչի՞ ձեր խոսքը գետնով տվեցին։ Միակ ռեալ ներդրումը, որ Սփյուռքիօ գործարարներն արել են Հայաստանում, եղել է Ռոբերտ Քոչարյանի համար մուծած 4 միլիոն դոլար գրավը։ Մեկ օրից էլ պակաս ժամկետում ավելի դրսի հայերն ավելի շատ գումար են փոխանցել այդ նպատակի համար, քան Նիկոլ Փաշինյանը երկու տարում մեր հայրենակիցներից բերել է։ Սա հենց Սփյուռքի խոսքն է, թե ում են վստահում, ում չեն վստահում։ Ավելին, Հայաստանից են գնում ներդրումներ։ Մեկ տարում 45 տոկոսով ներդրում է պակասել, 40 տոկոսով էլ ներդրում է երկրից փախել։ Սա՛ է իրականությունը։ Օրը մի մարդու մասին լսում ենք, որ բիզնեսը Հայաստանից տանում է։ Քարոզարշավի էր գնում ու ոգևորում՝ ժողովուրդ, ներդրողը եկել է, ծրագիրը կա, ամեն ինչ կա, 600 մարդ աշխատելու է, մնում է միայն տարածքը տրամադրենք ու վերջ։ Ո՞ւր է։

Էդ գործարանները եթե բացվեն, բոլորս կուրախանանք, կերջանկանանք, բոլորիս բարեկամների, ընկերների, ծանոթների մեջ լիքը գործազուրկներ կան, կգնան-կաշխատեն։ Բայց, ախր, մարդկանց անիմաստ հույս եք տալիս, թե հեսա բացվում են․․․

Կարճ ասած՝ այս ամենը տեսնելուց հետո է, որ երբ սրանք հայտարարում են մի խոշոր ներդրման մասին, մի քանի հոգի ուրախությունից է մեռնում, մի երկու հոգի՝ ոգևորությունից, բայց մեծամասնությունը՝ ծիծաղից։ Հայաստանի ՀՆԱ-ից կրկնակի ավելի ներդրումներ էր խոստանում։ Ու ի՞նչ։ Սա ստի, կեղծիքի, կեղծ տնտեսական հեղափոխության, կեղծ գործարանների կառավարություն է։ Չեք էլ հասկանում, որ արդեն խայտառակ եք լինում, ձեզ վրա ծիծաղել եք տալիս։ Ծաղրի առարկա եք դառնում։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ