28 07 2020

«Կարճ ասած»․ Քոչարյանի ազդեցությունից ազատվելու ձեռնարկ՝ իշխանության համար



 

Կրթության, գիտության և այլ ոլորտների նախարար Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել ու իր թերացումների համար մեղադրել ուրիշներին։ Արել է այն, ինչ անում են էդ թիմում բազմաթիվ պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանից սկսած։ Բարձր միավորներ են հավաքել մի շարք դիմորդներ, չեն անցել համալսարան, որովհետև Արայիկ Հարությունյանը որոշել է «ալիֆռանգի» ձևով կազմակերպել քննությունները։ Նրանք ցույց են անում, սրանք էլ, թե՝ գնա՛ցեք, եկող տարի կգաք, հեռակա դիմեք, էս արեք, էն արեք։ Ու որպեսզի նախարարն իրեն ապահովագրի խնդիրների լուծման անկարողությունից, քաղաքական աստառ է տալիս ակցիաներին, թե՝ ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Վերջ, սա առիթ է, որ դիմորդների հարցը չլուծեն։ Դուք կասեք պարոնը մանկամիտ է, բայց ո՛չ, պարզապես հեղափոխական նախարար է։ Չնայած որ մանկամիտներին պաշտոն տալը Նիկոլ Փաշինյանի բրենդն է։

Նախարարը պնդում է՝ նրանք չեն ընդունվելու այն ֆակուլտետը, որ դիմել էին առաջին հայտով։ Նախարարը սադրում է դիմորդներին։ Նոր են դպրոցն ավարտել, նոր են կյանք մտնում ու հենց առաջին թռիչքից նրանց թևերը կտրում եք, ասում՝ խնդիրը քաղաքականացնում եք։ Սովորաբար հենց այդպես է, պարոն նախարար, երբ խնդիր եք ստեղծում, ու լուծելու փոխարեն հայտարարում եք՝ իրենց ուզածով չի լինելու, բնականաբար՝ դա դառնում է քաղաքական հարց, ու դրա լուծումը ևս իրականացվում է քաղաքական միջոցներով, օրինակ՝ հրաժարականի։ Մի քիչ էլ անցնի որևէ կուսակցություն ծրագիր կազմելիս կրթության տողում նշվելու է՝ Արայիկ Հարությունյանի արածների բարեփոխում։ Իսկ այդ դուք չէի՞ք որ մարդկանց խնդիրները բարձրաձայնեցիք, քաղաքականացրիք, արագաչափը քաղաքականացրիք, թոշակները քաղաքականացրիք, Օպերայի սրճարանները քաղաքականացրիք, եկաք իշխանության։

Ի՞նչ է նշանակում՝ դիմորդներն ընկել են քոչարյանականների ազդեցության տակ։ Եթե ուզում եք իմանալ, այսօր ողջ երկիրն է քոչարյանական ազդեցության տակ ու ձեր շնորհիվ․ դուք չկարողացաք Հայաստանը դարձնել ավելի լավը ու բարեկեցիկ, անվտանգ, գոնե այնքան, որքան Քոչարյանի ժամանակ էր։ Ուզո՞ւմ եք երկիրը հանել քոչարյանական ազդեցության դաշտից, կառավարման մակարդակը բարձրացրեք, 2005-ի ներգաղթի ցուցանիշները վերականգնեք, երկնիշ տնտեսական աճ ապահովեք, պետական պարտքը պակասեցրեք ու բերեք 2007-ի մակարդակին, անվտանգությունը բարձրացրեք, երկրի միջազգային վարկը բարձրացրեք, ներդրումներ բերեք տոննաներով, ու Քոչարյանը գործոն չի լինի։ Չանեք այդ ամենը, ավելի շատ մարդ է ամեն օր ասելու՝ բա Քոչարյանի ժամանակ լավ էր, է՛լի։ Հենց մարդիկ խնդիրների մեջ թաղվում են, հիշում են Քոչարյանին ու հույս կապում նրա հետ։ Մարդը քանդված երկիր է վերականգնել, դո՞ւք ինչ եք արել՝ փողոցային ակցիաներով հաղթել եք, եկել եք իշխանության ու կներեք բառիս համար՝ «կայֆավատ» եք լինում։ Ու զուգահեռ ոչինչ չեք անում, որևէ խնդիր չեք լուծում, խնդիր ունեցողներին բաժանում եք ճամբարների ու դա դարձնում պրոբլեմը մոռանալու հիմնավորում։ Մարդ եմ ասել, որ իր ոլորտի խնդիրները լուծելու փոխարեն բորբոքի, փողոց հանի, ոստիկաններին էլ տողատակով ասի, թե՝ ցրեք էդ դիմորդներին, քոչարյանական են։ Իսկ քոչարյանականի բարեկամը կարո՞ղ է դիմորդ լինել։ Դուք հիմա ո՞ւմ նախարարն եք, նիկոլականների՞․ է նիկոլոկաններ էլ կան։ Ասեք իմանանք, թող քոչարյանականներն իրենց համար կրթության նախարար նշանակեն։ Ստացվում է, որ քոչարյանականներն ուզում են կրթությունը զարգանա, որ 18,5 միավոր ստացածը, արդարորեն, ընդունվի համալսարան, նիկոլականները չեն ուզում, իրենցը 7,5 բալն է։ Հիմա ո՞ր մեկն էր լավը, ճիշտը, արդարը։

Պատկերացնո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանն իր ժամանակ ասեր՝ սա լևոնական է, ռադ արեք, սա նիկոլական է, երկիրը երկիր կդառնա՞ր։ Էսօր Քոչարյանի դեմ նյութեր գրող լրատվամիջոցներ կան, որ պատկանում են մարդու, որը Քոչարյանի իշխանության գալուց հետո փախել էր երկրից։ Բայց երկրորդ նախագահը, ասում են, հետ բերեց, ասաց՝ աշխատիր հանգիստ, բիզնեսդ արա։ Եկավ, բիզնես արեց, մի քանի անգամ ավել հարստացավ։ Այո, անգամ լևոնական թալանչիները ույուտ ապրում էին Քոչարյանի ժամանակ։ Էսինչականների չէր բաժանել երկիրը։ Իսկ դուք պարոնայք, ուղղակի ականապատել եք։

Դու երկիրը էնպես սարքի, որ բոլորը դառնան Նիկոլական, նիկոլոկան ժամանակները դեռ մի 20 տարի հետո էլ հիշեցնեն, ոչ թե խնդիրները կուտակեն, ու մարդիկ սկսեն փնտրել դրա լուծողին ընդդիմադիր դաշտում։ Ընդամենը երկու անգամ եք ընդունելության քննություն կազմակերպել և խնդրեմ՝ «բորշել» եք։ Որ ոլորտը նախկին իներցիայով գնացել է, նորմալ է եղել, հենց իներցիան կանգնեցրել, սկսել եք դուք մի բան անել, հերն անիծել եք, անմիջապես։

Ու ասեմ՝ իմանաք՝ ձեր անկարողության պատճառով Քոչարյանի աջակիցներ կան ամենուր՝ բոլոր պետական հիմնարկներում, մասնավոր հիմնարկներում։ ՀՔԾ, ոստիկանություն, կրթության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, կառավարություն, բոլոր տեղերն էլ ծանոթ-մտերիմներ կան, ասում են՝ «արա էս ո՞վ են, ե՞րբ ենք ազատվելու»։ Երկու տարի եք իշխանության, ու արդեն անգամ այդ մարդիկ մտածում են ձեզնից ազատվելու մասին։ Որովհետև մեծ մեծ խոսում եք ու ոչինչ չեք անում։ Որ ուզում եք իմանալ՝ Քոչարյանը իրոք մեղավոր է, որ ձեզ պես չի գովազդել իր արածը․ Նիկոլ Փաշինյանը ամեն ասուլիսում 100 փաստ է հրապարակում, որ արել է․ ու ի՞նչ են դրանք՝ «վարչապետի ուղերձը հրապարակվել է ուղիղ եթերում», «վարչապետը գնացել է հարցաքննության», «նախագահականի դարպասները բացվել են», արևը ծագել է, էլ եսիմ ինչ․ սրա՛նք են ձեր արածները, որով հպարտանում եք ու սարքել եք երկրի գլխավոր նորությունը, սաղ աշխարհին էլ մեզ վրա խնդալ եք տալիս։ Էսքան անում եք, էսքան՝ գովազդում։ Դրա համար էլ առաջ ասում էին՝ «արա, էս Նիկոլը ինչ լավ ա խոսում», հիմա ասում են՝ «արա, էս Նիկոլը ինչ շատ ա խոսում»․ բայց մեկը չկա՝ ասի՝ էս ի՞նչ լավ ա աշխատում։

Ժողովրդի մի մասնիկն էիք, մետրոյով էիք սկզբում գնում գործի, հետո ձեզ շրջապատեցիք թիկնազորով, ոստիկաններով, առանց ախռանիկի հագուստը չեք հագնում հիմա էլ խնդրեմ, արդեն չեք հանդուրժում ձեր դեմ մի թթու խոսք։

Կարճ ասած՝ ոչինչ չեք անում ավելացնելու համար, քանդում եք ու ոչինչ չեք ստեղծում։ Կանգուն հիմնարկը հերոսաբար քանդում եք ու սկսում նորից նույնը կառուցել, ծուռումուռ բան է ստացվում։ Դուք հենց այս պահին զբաղված եք ձեր ոտքերի վրա կրակելով։ Դա ո՛չ Սերժի համար է վատ, ո՛չ Քոչարյանի, ոչ էլ մյուսների․ ձեզ եք կրակում։

․․․Տարիներ առաջ մի հորթ ունեինք․ գարնանը առաջին անգամ դուրս հանեցինք հորթին գոմից, սա թռչկոտում էր աջ ու ձախ, աշխարհն իրենն էր, չգիտեր որտեղից սկսեր, որտեղից վերջացներ, ամբողջ հողամասում թռչկոտում էր։ Իր համար խոտ էինք աճեցրել, չէր ուտում, մենակ թռչկոտում էր աննպատակ։ Մի քանի րոպե թռչկոտեց աջ ու ձախ, ընկավ, ոտքը կոտրվեց․․․ Սատկեց․․․

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ