Երեկ համացանցը ցնցել էր Հայաստանի իշխող ամուսնական զույգը։ Ուզում եմ անդրադառնալ նրանց 2 գրառումներին։
Սահմանամերձ գյուղեր էր այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նույն այն զինվորական կամուֆլյաժով, որով խաղաղասիրության քարոզի էր դուրս եկել։ Հայաստանի քաղաքացի է, որ բնակավայրը ցանկանում է՝ կարող է գնալ սելֆի անելու։ Աննա Հակոբյանն ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է՝ գնացել էի քաջալերելու սահմանամերձ համայնքների բնակիչներին։ Ինձ մոտ միանգամից հարց առաջացավ՝ ի՞նչ էիք քաջալերում, տի՛կին Հակոբյան։ Ձեր ո՞ր փորձով պետք է քաջալերվեն՝ պատերազմի՞ եք մասնակցել, տքնե՞լ եք սահմանամերձ բնակավայրում, մեշո՞ք եք շալակել, զե՞նք եք երբևէ բռնել, ձեր ինչո՞վ, ո՞ր փորձով պետք է քաջալերվեն։ Օրինակ ի՞նչ պատմություն պետք է պատմեր, վարչապետի տիկինը․ ինչպես ամուսինը 2008-ի մարտի 1 սադրեց ու թռավ պադվալներում պախկվե՞ց, իսկ պայմանավորվեց, որ համաներում է լինելու, դուրս եկա՞վ։ Թե ոնց նույն սահմանամերձ Իջևանից լինելով, խուսափեց բանակ գնալո՞ւց, իր ծննդավայր պաշտպանելո՞ւց։ Ա՞յդ պատմությունն է քաջալերող։ Գուցե այն մե՞կը, որ նախկին դեսպանի մոտ մարդ է ուղարկում, որ գումար մուծվի ու հայրենիք չվերադառնա, թե՞՝ որ շանտաժներով թերթ էր պահել։
Դե իհարկե, իշխանական քարոզչությունը ասում է, որ սա հերոսություն է, որ վարչապետի տիկինն այցելում է ռազմական գործողություններից տուժածներին, նման բան երբեք չի եղել։ Ի՞նչ չի եղել։ Հայաստանի նախկին երկու ղեկավարների կանայք պատերազմը իրական են տեսել, ոչ թե հանդարտվելուց հետո գնացել սելֆի անելու։ Նույն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքները որտե՞ղ են եղել Արցախյան պատերազմի ժամանակ։ Տարիներ շարունակ թնդանոթների զարկերի տակ են ապրել, ապաստարաններում։ Եթե կուզեք՝ հե՛նց նրանք կարող են քաջալերել, պատերազմի մասին պատմել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այդ բնակիչներն էլ՝ իրենց մասին։ Նրանք չեն գնացել բլինդաժներում սելֆի ու շոու անելու․ որովհետև սահմանը ֆոտոսեսիայի տեղ չէ, աչոկ հավաքելու տեղ չէ․ վստահ եմ՝ այդպես են մտածել ու մտածում։
Տիկին Աննան 2019-ի նոյեմբերին էլ ֆոտոսեսիա էր արել ԶՈՒ դիրքերում, մարզպետի ու հրամանատարի ներկայությամբ։ Էլի անհասկանալի էր, թե ինչպես էին նրան թողել առաջնագիծ, որպես ո՞վ։ Դեկտեմբերին էլ ամուսնու հետ էր գնացել ու էլի հագել էին զինվորական համազգեստ։ Տարիներ առաջ երբ նախկին կառավարության անդամները համազգեստ էին հագել գործադիրի նիստում, ծաղրի առարկա էր, դարձել, Հասմիկ Պողոսյանին ու Հրանուշ Հակոբյանին ծաղրում էին, այդ թվում՝ Փաշինյանի թերթը։ Չնայած որ դա կառավարության որոշումով անցկացվող զորավարժությունների առիթով էր։ Խնդալու էր, բայց դա իրենց որոշածը չէր։ Իսկ հիմա, պարզվում է, դա բարձր հայրենասիրություն է։
Եվ քանի որ իշխանական ընտանիքը կամուֆլյաժով հայրենասիրություն է խաղում, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ խնդիր եք այդ այցերի ընթացքում լուծել՝ ձեզ համար չէ, նրա՛նց համար։ Կոստյումով գնացեք, ջինսով, ոչի՛նչ, կդիմանան, բայց գնացեք ներդրումային ծրագրով, հարցերի լուծմամբ ու՝ առանց նկարվելու։ Նրանց դա՛ է հետաքրքիր, ոչ թե արհեստական՝ «ո՞նց եք», «ինչպե՞ս եք դիմանում»-ը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը ընտանիքի անդամներին անխնա խառնում է քաղաքականությանը, պետական գործերին, երևի իր հետ էլ հավասար կառավարում են երկիրը։
Մենք խոսում ենք համազգեստը ծաղրելու, անզուսպ PR-ի մասին, բայց ավելի վատ բանի էլ ենք ականատես՝ ծաղրվում է ամբողջ ուժային համակարգը։ Վարչապետի տիկինն այցելում է ինչ-որ ստորաբաժանում, ու ԱԻՆ սպան նրան պատվի է արժանացնում, ավելի ընդունված լեզվով ասած՝ «չեստ» է տալիս, զեկուցում իրավիճակի մասին։ Ինքն էլ զգաստ կանգնել-վայելում է։ Ի՞նչ գործ ուներ այնտեղ Աննա Հակոբյանը, ինչո՞ւ են ներս թողել, ինչո՞ւ եք մեր ուժային կառույցներն այդքան հեղինակազրկում, նվստացնում։ Աննա Հակոբյանը ո՛չ սահմանդրությամբ, ո՛չ օրենքներով հատուկ կարգավիճակ չունի, չունի զինվորական աստիճան։ Ա՜, վարչապետի տիկինն է, դրա համա՞ր։ Իսկ այդ դեպքում վաղն էլ չեստ եք տալու Աշոտի՞ն, Մարիամիկին ու փոքրիկ Արփիի՞ն։ Էս ի՞նչ սուլթանատ եք սարքել։
Ժողովուրդ, սահմանը դարձել է ինքնահաստատվելու տեղ, արդեն կառավարական ամառանոցն ու ղեկավարի պոստը չի բավականացնում, հայրենասիրություն պետք է խաղալ ամեն տեղ, զզվեցնող, նյարդայնացնող ու կեղծ հայրենասիրություն։
Աննա Հակոբյանի նկարները օրվա զավեշտի մի մասն էր միայն։ Օրվա սկզբում էլ փայլատակեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում դիմում է սիրելի հայրենակիցներին, թե՝ ոստիկանության պարեկային ծառայություն ենք ստեղծում՝ բարձր աշխատավարձով, եկեք ոստիկանության կրթահամալիրում սովորեք և մասնակցեք Հայաստանի համար կարևոր այս կառույցի կայացմանը: Ոստիկանական նոր ստորաբաժանումը Հայաստանի՞ համար է կարևոր, թե՞ ձեր իշխանության։
Հայաստանում խորը պանդեմիա է, թվերը չեն պակասում, մահերը երկնիշ թվով են ամեն օր, բժիշկները ոտքի վրա չեն կարողանում կանգնել, որովհետև ուժերը չեն բավականացնում, ունենք համաճարակաբանների, թոքաբանների, ու ընդհանրապես՝ բոլոր տեսակի բժիշկների խիստ կարիք, այս օրերին տարբեր մասնագետների սով է, վարակված բժիշկներ կան, ու համաճարակի վերջը չի երևում ամբողջ աշխարհում։ Դրսից ենք ընդունում բժիշկների, հարյուր հազարավոր դոլարներով վճարում։ Հարց եմ տալիս, մեր սիրելի վարչապետը քանի՞ անգամ է հանդես եկել կոչով, թե՝ սիրելիներս, գնացեք բժշկական կրթություն ստացեք, տեսեք՝ ինչ է կատարվում, մարդիկ են մահանում։ Հայաստանի սահմաններին լարված իրավիճակ է ու գնալով խորանում է, ամեն օր սպասում ենք, որ պատերազմ կսկսի, իրավիճակը կխորանա, բայց Նիկոլ Փաշինյանից չլսեցինք կոչ, թե՝ սիրելի տղաներ և աղջիկներ, գնացեք սովորեք, սպա դարձեք, որ պետք եղած դեպքում փոխարինող ունենանք։ Աննա Հակոբյանի այցելած սահմանամերձ բնակավայերում և ընդհանրապես՝ սահմանամերձ համայնքներում ուսուցիչների խիստ պակաս կա․ հիշու՞մ եք Փաշինյանը որևէ անգամ կոչ արած լինի մանկավարժ դառնալու, որ այդ երեխաներն էլ կրթություն ստանան, ոչ թե կիսատ-պռատ, տանեցիներով իրենց հարցերը լուծեն։ Ո՛չ, առաջինը սրանք մտքիս եկան, ու այս կարևորագույն մասնագիտությունների ձեռքբերման ու աշխատանքի տեղավորման կոչ վարչապետը չի արել, ո՛չ երեկ, ո՛չ էլ այս օրերին։ Բայց վարչապետը կոչ է անում դառնալ միլիցա, ժողովրդական լեզվով ասած։ Ինչո՞ւ, Հայաստանն հիմա էլ ոստիկանական պետություն եք դարձնում, դուրներդ երևի եկել է, որ ամեն օր քաղաքացու գլխին ոստիկանական մահակ է աշխատում, ընդամենը դիմակ չկրելու համար, աղջիկներին ձեռնաշղթա են հագցնում, քաշքշում, գոռգոռում վրաները ու արդեն պետք է ամեն մի քաղաքացի իրեն հսկող մեկ ոստիկան ունենա, որ խելոք պահի։ Այդ ի՞նչ անհրաժեշտություն է, որ, հանցավորությո՞ւնն է ելել մեզ ուտում, սպանություննե՞րն են շատացել, թե՞ հասարակական ընդվզումներից եք վախենում։ Միլիցա դարձեք, ժողովուրդ, իշխանությունը պահելու համար մեզ օդ ու ջրի պես ոստիկաններ են պետք։ Սա՛ է։
Կարճ ասած՝ ցավում եմ, բայց այս իշխանությունն ինչ անում է, իր աթոռները պահելու համար է անում․ եթե պետք է դրա համար գնալ սահման ու սելֆի անել, կանեն, պետք է նոր ոստիկանական համալրում անել, կանեն, բարձր աշխատավարձ էլ կտան, որ իրենց հրամանները կատարողներ լինեն։ Սիրով ու գործով չկարողացան, կանեն բռունցքով ու մահակով, ոստիկանական ուժերը՝ վկա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը