Ընդհանրապես, Արցախի խնդրի մասին Նիկոլ Փաշինյանի անհասկանալի, հակասական կամ ինչպես ասում են՝ անոտուգլուխ հայտարարությունները շատ են։ Բանն այն է, որ վարչապետը բազմաթիվ հայտարարություններ է անում հենց այդ պահի համար, ոմանց դուր գալու համար կամ բանակցություններից հեռու լինելով՝ այդ պահին ուրիշ պատասխան չգտնելու պատճառով։
«Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի». գյուտ արածի պես հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ և ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը։ Պետք է արձանագրել, որ այս հայտարարությունը ժամանակավրեպ է՝ ուղիղ երկու տարի։
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ընդունված երկու բանաձևերով՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի, հաստատվեց այս գաղափարը։ Նախ շեշտեմ, որ դրանք մեր՝ հայկական կողմի, այն ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության դրդմամբ և պնդմամբ էին, և հաստատվելուց հետո համարվեցին ապրիլյանից հետո իրական ձեռքբերում։ Հետո իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը և ջուրը նետեց պայմանավորվածությունները, թե՝ նման բան չկար ու ասաց, որ իր կետից է սկսկում բանակցությունները։ Իր կետը աղետն էր։ Հիմա, արդեն հասկացել է, որ պետք է ապավինել այն մոտեցումներին, որ իշխանությունը որդեգրել էր 2016 թվականին։ Ու նշում է՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Երկու տարի սար ու ձոր ընկավ ու վերջը հասկացավ՝ իրենից առաջ էլ խելոք մարդիկ են աշխատել։
Ընդհանրապես, վարչապետի հուլիսի 18-ի հանդիպումը ուշագրավ էր․ նա ստիպված էր հետ քաշվել ոչ միայն այս հայտարարությունից, այլ հերքել իր՝ նախկինում արած այլ հայտարարություն ևս։ Ընդ որում, շեշտեմ, հակասեց ինքն իրեն։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասում է, ուշադիր, «վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է, և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով»։ Ու հավելում է՝ Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի: Այսինքն, Ադրբեջանը կառուցողական չէ վերջին ամիսներին։
Սա ասում է հուլիսի 18-ին։ Վերջին ասածը նշանակում է, որ ընդամենը մի քանի ամիս է, որ Փաշինյանը նկատել է, որ Ալիևը կառուցողական չէ։ Բայց նաև ընդամենը երկու ամիս առաջ՝ մայիսի 6-ին, ԱԺ ամբիոնից Փաշինյանն ասում էր՝ «Ես Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, ուզում է հարցի լուծումը: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»: Հիմա ինչպե՞ս եղավ, որ երկու ամիս առաջ կառուցողական էր, չնայած որ ամիսներ շարունակ նկատել էիք որ կառուցողական չէ։ Այսինքն, թշնամուդ սիրաշահելը՝ մարդ դարձնելու հույսով, անիմաստ զբաղմունք է, մանավանդ երբ նրան սիրաշահում ես՝ քո երկրում քաղաքական հակառակորդներին զուգահեռաբար քեզ թշնամացնելով։
Տարօրինակ հայտարարություններից էր դեռ 2018-ի մայիսի 9-ին Արցախում ասած խոսքը, թե՝ Արցախի անունից Արցախի Հանրապետության իշխանութփյունները կարող են խոսել, ինքը չի կարող, ու մինչև հիմա անհասկանալի է, թե այդ խոսքերն ասելուց հետո առանց Արցախի ի՞նչ գործ ունեին բանակցային սեղանի շուրջ ինքն ու Զոհրաբ Մնացականյանը։
Մյուս զավեշտալի հայտարարությունն արվել է բզմիցս, ամենատարբեր առիթներով, թե՛ Հայաստանյան հանրահավաքում՝ քաղաքացիների զարմացած հայացքի տակ, թե՛ Ադրբեջանի նախագահի հետ կոնֆերանսում՝ նրա քրքիջի ներքո․ թե բա՝ Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ինձ հետաքրքրում է՝ Նիկոլ Փաշինյանը հիմա է՞լ է կարծում, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի նաև Ադբեջանի ժողովրդին ձեռնտու տարբերակով։ Մենք տեսանք Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու տարբերակը, նրանք հավաքվել էին Ադրբեջանի խորհրդարանի դիմաց և պահանջում էին պատերազմ, հարձակում Հայաստանի վրա։ Ստացվում է, որ Հայոց բանակն աշխատեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների, ու Արցախի խնդիրը չպետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու տարբերակով։ Մի գուցե այսքանից հետո Փաշինյանը ինքն էլ հասկանա, որ դա անմտություն է։
Մյուս հայտարարությունը, որը բանակցության գնացող երկիրի համար սխալ է, արվեց 2019թ․ օգոստոսի 5-ին՝ Արցախում, թե՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Ադրբեջանի նախագահը հենց այս հայտարարությունը ընդունեց որպես հիմք Հայաստանին վերագրելով ապակառուցողականի կերպար, թե մենք վիժեցնում ենք բանակցությունները։ Ադրբեջանի նախագահն այս հայտարարությանն անդրադարձավ հուլիսի սկզբին՝ Հայաստանի վրա հարձակվելուց օրեր առաջ, թե՝ էլ ի՞նչ բանակցեմ, եթե Արցախը Հայաստան է ու վերջ։
Եվ վերջապես, ամենազավեշտալի հայտարարությունների եզրափակիչ դրույթը՝ ասված ընդամենը մեկ ամիս առաջ՝ «Եթե տեսնեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ»:
Տեսեք, Փաշինյանը երբ եկավ իշխանության, ընդամենը պետք է շարունակեր այն կետից, որտեղից բանակցությունները կանգ էին առել, լավը պետք է վերցներ, վատը փոխեր։ Բայց նա փորձեց սուպերհերոս խաղալ, շուստրի ձևանալ, փորձեց ցույց տալ, թե բոլոր հարցերում նախորդները սխալ էին, այս հարցում ևս, գնաց անհասկանալի ճանապարհով, մեզ հասցրեց պատերազմի, ու հիմա արդեն կրկնում է այն, ինչ ասում էր նախորդ իշխանությունը։
Կարճ ասած՝ ինչո՞ւ եմ թվարկում այս չարչրկված հայտարարությունները․ ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանի վարչապետը վերջապես կարողացել է շեղվել իր հայտարարությունների անտրամաբանական շղթայից, և ինչպես այս մեկ հարցում եկավ եզրակացության, որ վստահության մոնիթորինգի մեխանիզմներ պետք է ներդնեն, նույնը կանի նաև մյուս հարցերում՝ իր անբովանդակ հայտարարություններից արդեն դուրս կգա, քանի որ տեսավ ռեալ վտանգը։ Հուսամ՝ ու կոչ եմ անում հետայսում հայտարարություն չանել պարզապես «պողոսներին» դուր գալու համար։ Զինվորները շտկեցին Նիկոլ Փաշինյանի սխալներն ու բացթողումները, բայց չափազանց կարևոր է, որ գոնե սրանից հետո կատարված քայլերը լինեն խորհրդակցված, կշռադատված, որպեսզի դրանք կյանքեր չարժենան։
Նոր բանակցությունները Հայաստանը պետք է սկսի ավելի կոշտ բառապաշարով, չգնա բանակցային սեղան տրամադրվածությամբ, որ իր դիմաց նստած է կիրթ ու կառուցողական մեկը, որն իրեն դաշնակից է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը