Բոլոր նրանց, ովքեր ուզում են միտինգ անել, Նիկոլ Փաշինյանը սպառնում է կոնտր հանրահավաքով, թե՝ բա որ ե՞ս միտինգ անեմ։ Մի կողմից, անհակսկանալի է, թե ինչու պետք է իշխանությունը միտինգ անի․ միտինգ ես անում, որ ի՞նչ անես․ մյուս կողմից էլ, իշխանության գալուց հետո Փաշինյանը բազմիցս միտինգ-քայլարշավ արել է, կոչերով հանրություն բերել հրապարակ ու այդպես վստահության մակարդակ որոշել։ Բայց դա ամիսներ առաջ էր, այժմ իրավիճակ է փոխվել։ Լավ, իսկ ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հենց հիմա՛ որոշի հանրահավաք անել։ Ովքե՞ր կգնան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, ովքե՞ր են մնացել իշխանությանը վստահության քվե տվողները և նրա ընտրազանգվածը և ընդհակառակը՝ ովքե՞ր չեն գնա կամ էլ միտինգ կանեն հենց արտակարգ դրությունը վերանա։
Պարզապես հազարավոր է մարդկանց թիվը, ովքեր իրենց խաբված են զգում, քանի որ մինչ այս մտածում էին, թե բանակը սոված է, տանկերի մեջ բենզին չկա ու ուզում էին իշխանափոխություն։ Հիմա պարզվեց, որ նման բան չկա ու անգամ չի էլ եղել․ հիմա նրանք ինչո՞ւ պետք է մասնակցեն հօգուտ Փաշինյանի հանրահավաքին։
Ամեն տարի Հայաստանից հարյուր հազարավոր մարդիկ գնում էին արտագնա աշխատանքի ու վերադառնում էին նոյեմբեր-դեկտեմբերին։ Այս տարի չեն կարողացել մեկնել, ու նրանց մեծ մասն այսօր անգործ նստած է, կառավարությունն էլ մատը մատի չի տալիս։ Նրանք կմասնակցե՞ն Նիկոլ Փաշինյանի վստահության հանրահավաքին։
Այսպես կոչված հեղափոխությունն արեց երիտասարդությունը։ Հայաստանում երիտասարդների մեծամասնությունն այսօր բնակարան չունի, շատերն այս, ֆինանսական ու հեռանկարի բացակայության պատճառով չեն ամուսնանում։ Երիտասարդներին տրված խոստումները չեն կատարվում, ու ընդհակառակը՝ հիփոթեկային վարկերի տոկոսները եկամտահարկով մարելու ծրագիրն են ուզում դադարեցնել։ Հիասթափված շահառուները շատ են։
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ոչ թե մեղմել աղքատությունը, այլ՝ վերացնել։ 105 հազար հոգի, որ ստանում են ընտանեկան նպաստ, ի՞նչ մոտիվացիա պետք է ունենան հօգուտ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու։
Այս օրերին բազմաթիվ մարդիկ են տուգանվել հանիրավի, սահմանափակումների ժամանակ, բազմաթիվ բիզնեսներ են փակվել, 71 հազար մարդ անգործ է մնացել միայն պաշտոնական թվերով։ Այս մարդիկ գալու են միտինգի, որ ի՞նչ անեն։ Նույնը վերաբերում է նաև նախարարությունների փակման, «սև» լինելու և այլ պատճառներով աշխատանքից ազատված տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք, ի միայլոց, ոչ սև էին ոչ էլ սպիտակ, իրենց գործն էին անում։
Մարդիկ, որոնք մտահոգ են Արցախի խնդրով, Արցախի՝ հարցը Ադրբեջանի սրտով լուծելու հայտարարությունից սարսափած են, պատրաստ են հանուն Արցախի ոտքի ելնել, ու հաստատ Նիկոլ Փաշինյանի հետևից չեն գնա։
Շատերը հույս ունեին, որ հայրենադարձություն է լինելու, արտագաղթ չի լինի, կմնան-երկրում կաշխատեն, ինչպես 2004,5,6 թվականներին էր։ Բայց դա չեղավ, հիմա շատերն են մտածում փախչելու մասին, անգամ նրանք ովքեր այստեղ բիզնեսներ ունեն։
Հազարավոր վարորդներ, որոնք ամեն օր կեղեքվում են տուգանքների պատճառով, փաստացի խաբվել են։ Որոշ տվյալներով շուրջ 100 հազար հոգի են տաքսիստները, որոնց Փաշինյանը հիասթափեցրել է անձամբ։
Առաջ Նիկոլ Փաշինյանի միտինգին շատերը մասնակցում էին միայն թալանածը հետ բերելու մասին խոստումների համար։ Հիմա այդ թալանից ոչինչ չի եկել․ ուրեմն կամ չկար կամ էլ եկել է, բայց ժողովրդի գրպանը չի եկել, կամ ինչ էլ եկել է, բաժանել են իրար մեջ։ Եկածից էլ շատ է ուղղվել պարգևավճարներին, եթե կուզեք իմանալ։ Կա՞ն հիասթափվածներ։ Որքան ուզեք։
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին հասարակական կարգն ապահովող ոստիկանները ի՞նչ զգացում են ունենալու այդ մարդու նկատմամբ, որը խոստացել էր աշխատավարձի բարձրացում, համերաշխություն ու սեր, բայց ստիպված են անեծքների տակ մարդկանց փռել ասֆալտին։ Ի՞նչ դիրքորոշում կունենան ուսուցիչները, դասախոսները, դաստիարակները, հոգևորականները, դատավորները, որոնք անվանվեցին պատերի տակ վնգստացողներ։
Կորոնավիրուսից 30 հազար վարակակիր ունենք․ տեսնես նրանք ո՞ւմ են մեղավոր համարում վարակվելու մեջ։
Կարո՞ղ եք ասել, թե քանի ծնող է դեմ, որ դպրոցներում սեռական դաստիարակության առարկա մտցվի․ արդյո՞ք նրանք ողջունում են Նիկոլ Փաշինյանի քայլերը։
Իսկ գուցե բազմաթիվ մարդիկ կան, որ չե՞ն ուզում Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան Շուշիում չայ խմեն։ Արցախցիների մասին էլ չասեմ։
Գիտությունների Ազգային ակադեմիան ունի 30-ից ավելի ինստիտուտ․ կառավարությունը քննարկում է ակադեմիայի լուծարումը․ դա նշանակում է գիտնականների բողոք․ իսկ դա ևս լուրջ թիվ է։
Հայաստանում քանի՞ հարյուր հազար հոգի կա, որ դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը․ իսկ այդ հարաբերությունները վատանում են կայծակնային արագությամբ։ Բա գնան միտինգի, որ ո՞ր ելույթին ծափ տան։
Ազատամարտիկները, որոնք տեսնում են իրենց նկատմամբ արհամարանքը, գեներալիտետի վրա գրոհն ու նվաստացումները, կգնա՞ն հօգուտ Նիկոլի հանրահավաքի։ Կան մարդիկ, չէ՞, որ դեմ են հանրությանը սև ու սպիտակ բաժանելուն, որոնք ատելությանը դեմ են, ուրեմն չեն գնա այդ հանրահավաքին, գնան հերթական ատելության չափաբաժի՞նը ունկնդրելու, ի՞նչ է։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի նախորդ հանրահավաքներին մասնակցում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, քանի որ ուներ այդ կուսակցությունների աջակիցները, իսկ հիմա նրանց սարքել է իրեն թշնամի ու հակառակորդ։
Հայաստանում գյուղացիական տնտեսությունները թալանվում են, խեղճանում են, տակ են տալիս, միայն սպանդանոցների դեմ հազարավոր մարդկանցով բողոքներ կան։ Նրանք էլ են, չէ՞, այսօր արդեն դեմ Նիկոլ Փաշինյանին։
Իրավապահ համակարգը ճռռում է անբովանդակ, անիմաստ, ֆեյքերի ու ջուր գործերի տակ․ նայեք էդ ծառայողների աչքերի մեջ, ամենը կհասկանաք։
Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը դադարեցվել են․ սրան դեմ են, չէ՞, ուսուցիչները։
Գյուղական ճանապարհների վիճակը աղետալի է, մշտապես ճանապարհ են մարդիկ փակում ու պահանջում վերանորոգում։ Կարող եմ թվարկումը շարունակել։
Այս մարդիկ, սակայն, տանը չեն նստի․ իսկ ո՞ւմ հանրահավաքին կգնան․ յուրաքանչյուրը կգտնի իր շահերի պաշտպան քաղաքական ուժին, նրան, որի մեջ կտեսնի իր խնդիրը լուծողին։ Ընդդիմության համախմբման պարագայում կհամախմբվի նաև Նիկոլ Փաշինյանի թիմից ու քաղաքականությունից դժգոհ այս բանակը։
Լավ, դե, հո տենց չի, որ մարդ չկա, որ չի գնա Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Շատ լավ, ճիշտ եք․ իսկ ովքե՞ր կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին․ կգան այն խաբվածները, որ դեռ ինչ-որ հրաշքի հավատում են, կմիանան դեռ շոկից դուրս չեկածները, կգան իշխանական թիմի անդամներն ու ընտանիքի անդամները, իշխանական կերակրատաշտից կամ իրենց բառերով ասած՝ լափամանից օգտվողները, սեռական փոքրամասնությունները, որոնք այսօր ազատ են իշխանության ներկայացուցչին ծեծելու հարցում։ Կգան աղանդավորները և այլք։ Հա, չմոռանամ՝ անհետացող տեսակ՝ լևոնականները։ Օտարերկրյա գործակալները, որոնք ատամներով պարտավոր են պահել այս իշխանությանը։ Կգան, ու Լեյլա տատիկի դեմքով պարտադիր կնկարվեն։ Ահա թե ով է ձեր ընտրազանգվածը, սիրելի իշխանություն։ Իսկ դա կազմում է շատ փոքր տոկոս։ Էնպես որ, ձեր փոխարեն, ես միտինգով չէի սպառնա, պարոն վարչապետ։
Կարճ ասած՝ Ժողովուրդ, դուք ոչ թե սխալվել եք, այլ ձեզ խաբել են։ Ձեզ խաբել է այսօր իշխող անճարների հավաքածուն․ ու հենց խաբվելն է ձեր սխալը։ Ու դուք ինքներդ պետք է ուղղեք ձեր սխալը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը