«Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի՛ ծավալելու»․ երբ այս խոսքերը հունիսի 25-ին ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատերի, այդ թվում՝ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը։ Մեկ շաբաթ անց, քանի որ շարունակում է իշխանությունը գործել, եկեք տեսնենք, թե այդ ո՞ր ուժն է ժողովրդի աչքերի մեջ նայելով խոստումներ տվել, ի՞նչ խոստումներ է տվել և՝ որոնք է կատարել։ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հանրության բոլոր շերտերին խոստումներ տալով։ Չեմ կարող բոլորը թվարկել, բայց գոնե մի մասին կանդրադառնամ՝ հպանցիկ։
Ասում էր․ Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, աղքատությունը 24,5 տոկոս էր, հիմա կրկնակի աճել է։ Իշխանավորի կարգավիճակում էլ, եզրակացության է եկել, թե այն ձեր գլխում է։
Հիշու՞մ եք, ասում էր․ մենք կադրային ջարդ չենք անելու։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի է ունեցել երբևէ եղած կադրային ամենամեծ ջարդը։ Փորձառու աշխատողներին փոխարինել են հիմնականում թրաշամանուկները։ Դա, արդեն, բոլորս գիտենք՝ փաստ է։
Ասում էր՝ Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում ներդրում անելուն։ Այդպիսի սփյուռքահայերի անուններ այդպես էլ չլսեցինք, եթե գիտեք՝ տվեք։
Փաշինյանը Գավառ քաղաքում 589 մլն դոլարի ներդրումների ցուցակ ցույց տվեց։ Դեռ որևէ տեղեկություն չկա իրականացվածի մասով․ ավելին, դադարեցվել են խոշոր ներդրումային ծրագրերը, վերջին տասնամյակի ամենցածր ցուցանիշն ունենք։
Ասում էր՝ հոսանքի գինը Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնի: Նույն գինն ունի։
Ասում էր՝ 15 րոպեում շարաքավազի մենաշնորհը կլուծվի։ Գերիշխող դիրքը պահպանվում է։
Ասում էր՝ պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում։ Բարձր պարգևավճարներ են ստանում միայն բարձրաստիճանները։
Ասում էր․ Վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու: Իշխափոխությունից առաջ և հատկապես հետո սկսվեցին խուզարկությունների, քրեական գործեր հարուցվելու շքերթներ՝ ներառելով անգամ երեխաներին, ծնողներին, հարազատներին և այդ գործերը մինչև հիմա փակուղում են։
Ասում էր՝ ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա։ Այսօրվա ԱԱԾ տնօրենն ասում էր՝ ձեր ի՞նչ գործն է, թե ես ինչ ունեմ։ Իսկ պաշտոնյաները, ըստ հայտարարագրերի, արագ հարստանում են։
Ասում էր՝ այլևս ծնողները զինվորներին սնունդ, համազգեստ, տրուսիկ-մայկա չեն ուղարկելու։ Սո՛ւտ է, շարունակում են ուղարկել։
Ասում էր՝ Ղարաբաղյան բանակցությւոնները լինելու են բաց, թափանցիկ, Արցախի մասնակցությամբ։ Պատահական իմանում ենք, որ փուլային տարբերակի շուրջ են բանակցում, ու անգամ Արցախը տեղյակ չէ, իսկ ինքն ասում է՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ։
Ասում էր՝ Առաջնային հարց է մեծ հայրենադարձությունը։ Սփյուռքի հանձնակատարն էլ ասում է, որ ի վիճակի չենք հայրենադարձություն անելու։
Ասում էր՝ առաջին անգամ ներգաղթ է եղել։ Պարզվեց՝ 30 հազար հնդիկ է եկել։
Ասում էր՝ որևէ մեկի մտքով չի անցնի փայ մտնել, նալոգներ դնել, կաշառք վերցնել: Այնինչ վարչապետի տիկինն ասում է՝ ով ապօրինի փող ունի, կարող է իր հիմնադրամին տալ, ոչ մի խնդիր։
Բազմաթիվ գործարանների բացման մասին հայտարարեցին նախընտրական շրջանում՝ հայկական տեխնիկայի, բալոնների և այլն․ ոչ մեկը չկա։
Շատ մարդիկ հրապարակ էին եկել, քանի որ 2 տարի շարունակ ասվում էր՝ ապրիլյան պատերազմում պարտվել ենք, որովհետև զենք չի եղել, տանկերի մեջ վառելիք չի եղել, սնունդ չի եղել։ Իրենց իսկ քննիչ հանձնաժողովը օրերս ասաց, որ դա սուտ էր։
Ասում էր՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ ենք։ Եթե նախկինում կային մարդիկ, որ այդ համակարգի մեջ չէին, հիմա բոլորի՛ համար է պարտադիր։
Խոստանում էր վարկերի տույժ-տուգանքները ներել։ Հետո ասաց, որ ներելու փոխարեն դասընթացներ կանեն, որ այսուհետ էլ տույժ չունենան։
Ասում էր՝ արագաչափերն ու տեսախցիկները պետք է վերացվեն, մարդը տուգանվելու ապրանք չէ․․․ Արագաչափերը շատացան, իսկ մարդուն հիմա դիմակ ու անձնագիր չունենալու համար էլ են տուգանում։
Խոստանում էր, որ դատավորները զանգով արդարադատություն չեն անելու․ սա ամենատանջված թեման է, որովհետև հետո ասաց կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի, հետո հրապարակվեցին գաղտնալսումներ, հետո շրջափակվեցին դատարանները, ու հիմա շատ դատավորներ հենց վարչապետի ասածն էլ անում են։
Պատգամավոր Փաշինյանը ձեռք էր առնում, թե՝ կարագը թանկացել ա, խառը կանաչի կերեք, այսօր իր նախարարն է խոսում փոխարինիչ ուտելու մասին։
Ասում էր, որ Հայաստանում ընդունելի աշխատավարձը պետք է սկսի 500 հազար դրամից։ Այսօր նվազագույնը 68 հազար է, սովորական քաղաքացու համար, իսկ 500 հազարից բարձ աշխատավարձ ստանում են իր բոլոր թիմակիցները՝ առանց բացառության, ու մի բանել դժգոհ են, թե՝ մենք հո նվիրյալներ չե՞նք։
Ասում էր՝ մենք իշխանությունը պահելու, ճանկռելու, կրծելու խնդիր չունենք։ Այսօր ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, անգամ երկարաձգում է արտակարգ դրությունը՝ վախենալով հավաքներից։
Խոստանում էր բացահայտել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Մինչև հիմա բացահայտված չեն։
Խոստանում էր կադրային հեղափոխություն անել․․․ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության։
Խոստանում էր տաղանդավորի համար Հայաստանը դրախտ սարքել։ Իսկ հիմա խոսում են գիտությունների ակադեմիան լուծարելու մասին։
Խոստանում էր ռազմաարդյունաբերական համալիրի համար նոր շուկաներ նվաճել։ Այսօր այն ուղղակի կանգ է առել։
Խոստանում էր, որ 5 տարի Հայաստանում գնաճի խնդիր չի լինի, որ Վերին Լարսին այլընտրանք կունենանք, տնտեսական հեղափոխություն էր խոստանում, որ տնտեսական աճը մաշկի վրա կզգա յուրաքանչյուր ոք։ Խոստանում էր, որ յուրաքանչյուր հայ Հայաստանում կունենա տուն, գյուղական վայրերում բոլորը կունենան բաղնիք, ցնցուխ, տաք ջուր, որ հիփոթեքային վարկերը․․․ Հերիք է, ժամանակս չհերիքեց։
Կարճ ասած՝ հիմա հիշեք քաղաքական ուժ, որը ժողովրդին այսքան կոնկրետ խոստումներ է տվել։ Հիմա հիշեք քաղաքական ուժ, որ ժողովրդին այսքան խաբել է։ Հիմա ասեք՝ ո՞ր կուսակցությունը, ո՞ր ուժը իրավունք չունի աշխատելու և ո՞ր ուժը պետք է նետվի պատմության աղբարկղը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը