30 06 2020

«Կարճ ասած»․ «Պողոսները» շարունակում են լռել, ուրեմն տեղն է



Դժվար է այս պահին ասել՝ կորոնավիրո՞ւսն է մարդկանց ավելի մեծ վնաս տալիս, թե՞ Հայաստանի կառավարությունը։ Պատկերացնու՞մ եք ուր ենք հասել, որ մտածում ենք՝ եթե ոչինչ չանեին, հնարավոր է՝ ավելի լավ լիներ։ Գործադիրը վերջին 4 ամիսներին մի քանի օրենք-որոշում է մտածել մարդկանց գրպանը մտնելու համար։ Այսօր կանդրադառնամ ամենացավոտին։ Խոսքը գույքահարկի մասին է. Այն թանկանում է 4․3 անգամ։ Այն տարածվում է բոլորի վրա՝ անկախ նրանից՝ Երևանի կենտրոնում առանձնատո՞ւն է, թե՞ ամենախուլ գյուղում 1 մլն դրամ արժեքով գոմ։

Քաղաքացիների մեջ կա զայրույթ, թե ինչու է գույքահարկը բարձրանում, այն էլ՝ այս վիճակում, երբ համաճարակ է, այն էլ՝ այն դեպքում, երբ պետությունը չի կարողացել որևէ շոշափելի օգնություն տրամադրել սահմանափակումներից տուժած և պարտքերի մեջ արդեն իսկ խրված քաղաքացիներին։ Էլ չեմ ասում քաղաքացու կենսամակարդակը բարձրացնելու մասին։ Արձագանքում են իշխանական բազմաթիվ գործիչներ, մեկը մյուսից զարմանալի տրամաբանությամբ, փաշինյանական պոպուլիզմով․ այ դուք տեղյա՞կ եք, որ սահմանամերձ գյուղում կամ քաղաքում մանկապարտեզների վճարը թանկ է, իսկ Երևանում՝ անվճար, դուք տեղյա՞կ եք, թե հեռավոր մարզի բնակիչները որքան գումար են վճարում, որ երեխաները որակյալ կրթություն ստանան, քանի որ բուհերը Երևանում են կենտրոնացված, իսկ դուք գիտե՞ք, որ ամեն ինչի համար մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք վճարել և այլն և այլն։

Պարոնա՛յք, իսկ դու՛ք, հա՛, դու՛ք, տեղյակ եք։ Վստահ եմ՝ դուք նո՞ր եք տեղեկացվել այդ խնդիրների մասին ու լուծման համար դա՞ եք մտածել, քաշել ազգաբնակչության մի հատվածից, մյուսին խնդիրները լուծելու համա՞ր։

Մի հարց տամ․ Արդյո՞ք մայրաքաղաքում կամ որևէ մարզում բնակվողի խնդիրն է, որ Սիսիանից մարդիկ գալիս են Երևանում կրթություն ստանալու՝ մի հատ տան վարձ են տալիս, մի հատ ուսման վարձ, մի հատ էլ ապրելու փող։ Ո՞ւմ մեղքով է դա կամ ո՞վ էր, որ խոսք էր տալիս այդ բոլոր հարցերը լուծել, ե՞ս։ Կրթության նախարարդ առավոտից իրիկուն քաղաքական ստատուսներ է գրում ոլորտը կարգավորելու փոխարեն։ Բա բարեփոխում էիք խոստանում, արեք, ինչո՞ւ եք որոշել, որ դա պետք է անեք իմ գրպանի հաշվին։ Կամ, ինչո՞ւ եք իմ բնակարանի գումարը համեմատում Սյունեցու կրթության հետ։ Համալսարանի մասնաճյուղ բացեք, քաղաքացուն ապահովեք անվճար կրթությամբ, մի բան արեք, բայց արեք դո՛ւք, ոչ թե մենք։ Փող չկա՞։ Ճոխ պարգևավճարների համար գումար կա՛, վահեգրիգորյաններին անիմաստ պահելու համար կա՛, վարչապետի հարմարավետ կյանք ապահովելու համար, կա՛, իսկ հեռավոր գյուղի ուսանողների համար չկա՞։ Իշխանություն եք, պետբյուջե ունեք, սուբսիդավորե՛ք։ Մինչ այս ասում էին, որ բյուջեն թալանվում է, դրա համար այդտեսակ խնդիրները չեն լուծվում։ Հիմա՞ էլ է թալանվում։ Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ ենք մենք ընտրել ձեզ որպես իշխանություն․ մարդկանց կաշին քերթելով բյուջե լցնելու համա՞ր, թե՞ մեր կյանքը թեթևացնելու։ Ընդ որում, կառավարությունը միայն գույքահարկը չի բարձրացնում, նաև մտածում է հիփոթեքային վճարի տոկոսները եկամտահարկից գանձելու օրենքը վերացնելու մասին։

Լավ, հիմա ինչի՞ս է պետք այն իշխանությունը, որն իմ գլխին պրոբլեմներ է բերում։ Մեռաք ասելով նախկին հանցավոր ռեժիմ Հիմա՞ ով է, հանցավոր, Սե՞րժը, որը այդ գույքահարկը չեր բարձրացնում ու եկամտահարկի փոխհատուցման ծրագրեր էր անում, թե՞ դուք, որ հակառակն եք անում։ Ո՞վ է ավելի շատ ժողովրդի մասին մտածում։ Պատկերացրեք, էն ժամանակ նման բան ուզենային անել․ էլ թալանչի, էլ բյուջեն լափող, ժողովրդից քերող, էլ ինչ ասես՝ չէիք ասի։

Իշխանությո՜ւն, դու ինձ խաբել ես․ երբ գալիս էիք երկիր կառավարելու, դուք ինձ, մյուսին, պողոսին ու բոլորին, չէիք ասում, որ երկրում ցանկացած խնդիր լուծելու համար պետք է սողոսկեք մեր գրպանը։

Մի հատ պատկերացրեք․ մարդիկ աշխատատեղն են կորցնում, ապրուստի միջոցներն է վերջանում, և իշխանությունն ավելի լավ բան չի կարողանում մտածել, քան հարկեր բարձրացնելը։ Այ, մարդ սաղ աշխարհը հակառակն է անում, հարկային արձակուրդ են տալիս, սուբսիդավորում են ամբողջ ոլորտներ, մարդկանց ուղղակի փող են բաժանում։ Մերոնք հարկերն են ավելացնում։ Վարչապետն ինքն է ասում, որ 71 հազար մարդ կորցրել է աշխատանքը․դա նշանակում է՝ այդքան ընտանիք մնացել է առանց ապրուստի․ նրան օգնելու փոխարեն վզին նոր բեռ եք դնում, դա՛ եք դուք անում։

«Լեգիտիմ» պատգամավորներից մեկն ասում է՝ ով չի կարողանում վճարել, թող տունը ծախի-գնա այլ տեղ, մեկ ուրիշն ասում է՝ գույքահարկը մարդու վրա հարկ չէ, գույքի վրա է հարկ։ Լեզվի մարզանք են անում։ Վաղն էլ մեզ վրա մունաթ եկեք, թե տեսնում եք՝ հարևանը չի կարողանում մուծել, հարևաններով հավաքվեք, մուծեք ձեր «պոդյեզդի» տատիկի գույքահարկը։

Եթե սա արվել է կոնկրետ մի քանի տասնյակ կամ հարյուր մեծահարուստի համար, ապա անօգուտ է, նրանք այսպես թե այնպես կարող են վճարել, կտուժի սիրելի ժողովուրդը։ Բնիկ երևանցի, թե եկվոր, կեղծ թեզեր են։ Իսկ ո՞վ ասաց, որ եթե ապրում ես Երևանի կենտրոնում, ուրեմն օլիգարխ ես։

Օրենքն ընդունել են առանց հանրային քննարկման, ու հիմա ասում են՝ եկեք քննարկենք։ Օրենքն ընդունելուց հետո դրա քննարկումը էլ ում․․․

Կարճ ասած՝ Ժողովուրդ, դուք այլևս բարձր հարկ եք վճարելու հենց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանին վստահել եք, սիրել եք։ Սիրում եք՝ մուծվեք։ Մեր երկրում այլևս որևէ հարց լուծելու համար պետք է մուծվի քաղաքացին։

Իսկ իշխանությունը ասում է, պողոսնե՛ր, լուռ եք, չէ՞, ուրեմն ձեզ տեղն է։

 Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ