26 06 2020

«Կարճ ասած»․ Սա՛ է ձեր իշխանության կերպարը



Երեկ և այսօր մեր խմբագրությունը ստացել է 9 զանգ քաղաքացիներից։ 9-ն էլ սոցիալական բողոք է, ապրելու խնդիր ունեցող մարդու խոսք։ Բոլորին էլ ինչ-որ ձևով խաբել է իշխանությունը։ Մեկը բողոքում էր, որ թոշակը սպառել է կոմունալի, սննդի, դիմակի վրա, արդեն երկու օր ցամաք հաց է ուտում, իսկ հաջորդ թոշակ ստանալուն դեռ մեկ շաբաթ կա։ Հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը արժանապատիվ թոշակ էր խոստացել, իսկ երեկ խորհրդարանի ամբիոնից ասում էր՝ ժողովրդի աչքերին նայած ու ստած քաղաքական ուժը պետք է աղբարկղը նետվի։ Մյուս քաղաքացին բողոքում էր, որ այս օրերին կորցրել է աշխատանքը, վերջին խնայողությունները ծախսել է ու մնացել օդում։ Մեկ ուրիշը բողոքում էր, որ արտագնա աշխատանքի չի կարող մեկնել ու արդեն կասկածում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու արդյունքում ընդհանրապես կարող է մեկնել։ Քաղաքացիները զանգում են ու խնդրում իրենց խնդիրներին անդրադառնալ, ասում են՝ վարչապետի աշխատակազմին նամակ ենք գրել, չի պատասխանում, տարբերակ չունենք, մեր ձայնը լսող չկա։ Մի կին զանգել-փող էր խնդրում, քանի որ սրա-նրա տունն է մաքրում, իսկ կորոնավիրուսի պայմաններում տնային կանչերը պակասել են։ Ասում է՝ 3 երեխա, տարեց ու հիվանդ ծնողներ ո՞նց պահի։

Այսօր առավոտյան ելույթ է ունենում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը պետությունից ստացել է շուրջ 16 միլիոն դրամ աշխատավարձ, ավտոմեքենա, բայց չի աշխատել, մատը մատին չի խփել, ու մարդը ասում է՝ այո, ես իմ պարտականությունները չեմ կատարել։ Հարցնում են՝ ինչո՞ւ է ստացել աշխատավարձ՝ առանց աշխատելու, պորտաբուծությամբ զբաղվելով․ պատասխանում է՝ իմ ապրուստի միջոցն է դա, եթե հրաժարվեմ, դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, վստահ ու ապահով կզգա՞ք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը։ Մեզ զանգահարած պապիկը աշխատել է ողջ կյանքում ու ստանում է 45 հազար դրամ թոշակ, որը ապրելու համար անհրաժեշտ գումարից քիչ է, Վահե Գրիգորյանը ստացել է 330 թոշակառուի գումար՝ ոչինչ չանելով, կամ ոչինչ չանելու համար։

Քաղաքացին սրա-նրա տունը մաքրում է առավոտից իրիկուն, ստանում է 2 հազար դրամ․ դու տզրուկի պես պետբյուջեին, այսինքն՝ ժողովրդի գրպանին ես կպել ու ստացել ես 16 միլիոն դրամ․ հիմա, ինձ, մյուսին, էն մյուսին ո՞ւմ ճակատագիրը պետք է անհանգստացնի։ Այդ մարդիկ հայտնվել են այս օրին, որովհետև մեր երկրի թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում, թե՛ ՍԴ-ում հայտնվել են անձինք, որոնք պարզ ձրիակեր են։ Շատերն օրն ի բուն սև աշխատանքով միջին մակարդակի անգամ չեն հասնում, դուք էլիտա եք կոչվում ու հղփացել եք։ ՍԴ դատավորը խոստանում է այսուհետ աշխատել․ այն դեպքում, երբ չաշխատելու համար վաղուց պետք է աշխատանքից հեռացված լիներ։ Ընդ որում, սկզբում ասում էր, որ ՍԴ-ում միայն երկու դատավոր կա, մնացածն անդամներ են, իսկ հիմա ասում է, որ արդեն կա 6 դատավոր։ Իսկ կարող է՞ 9 դատավոր կա, պարզապես դուք տեղյակ չեք, քանի որ նիստերին չեք մասնակցում։

Վահե Գրիգորյանը միակ անգործունյան չէ մեր երկրում։ Հայաստանում կորոնավիրուսից արդեն 550 մահ կա, անգամ օր ենք ունեցել, երբ 21 մահ է գրանցվել։ Պետք է Հայաստանի առողջապահության նախարարի, պարետի, վարչապետի քունը չտաներ խղճի խայթից։ Բայց նրանց քունը չի տանում վախից․ թե՝ հենց քնեն, աթոռը կքաշեն տակից։ «Բժիշկ մահ» մականունը ստացած առողջապահության նախարարը սկզբում համատարած կոչ էր անում լուրջ չվերաբերվել, դիմակ չկրել, քանի որ ոչ մի լուրջ վտանգ էլ չունի կորոնավիրուսը, իսկ այսօր, երբ ունենք 550 զոհ, ֆեյսբուքում հանրահաշիվ է սովորեցնում, թե՝ 132-ի 1/5-ը որքան է։ Ընդ որում, սխալ հաշվարկ է անում, նույնպիսի սխալ, որպիսին պետության կառավարումն է։ Էդ հաշվարկը ձեր խելքի բանը չէ՝ լինեք վարչապետ, արդարադատության նախարար,  առողջապահության նախարար, թե «հեղափոխական ընդդիմություն», որի միակ անելիքը դարձել է գործընկերներին «պոդնոժկա» տալը։ Ուղարկվել է դիմումը ՍԴ, արդեն նրանց տիրույթում է, ու ինչ որոշի ՍԴ-ն պարտավոր եք գլուխներդ կախ ենթարկվել։ Ուղղակի քարից նյարդեր պետք է ունենալ այս մարդկանց տրամաբանությունը հասկանալու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի աննախադեպ աճ ունեցող 11 երկրի շարքում Հայաստանն է նշում։ Սա թողել-ընկել եք ինչի՞ հետևից։

Հիմա էլ հո բոլորը դիմակ են կրում արդեն 20 օր, բա ինչո՞ւ է թվերի ռեկորդ գրանցվում։ Մեզ մի՛ ասեք, թե կորոնավիրուսն աշխարհի պրոբլեմն է, որովհետև մենք օրինակներ ունենք, որ երկրներն արդեն սահմաններն են բացում, մեզանից ավելի շատ բնակչություն ունեցող երկրներում ամբողջ 3 ամսում գրանցվել է այնքան զոհ, որքան մեզանում մեկ օրում է։ Ամեն ինչ փոխի, ջնջի, վերացրու, բոլորին մեղադրի, նստացրու, բայց ի՞նչ ես անելու այդ մահերի հետ, որոնց մեղքը քեզ վրա է։

Պարոն վարչապետ, մարդիկ զանգում-դժգոհում են, որ դուք չեք կատարել ձեր խոստումները, դուք կշտացել եք, աղքատությունը հանել գլխից, բայց շատերը հացի խնդիր ունեն․ դուրս են գալիս խնդիրը լուծելու՝ տուգանքի մատերիալ եք սարքում։ Ու դուք այս մասին մտածելու փոխարեն ԱԺ հաջորդ պատկեր՞ն եք նկարում՝ ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում, ով՝ ոչ։ Իսկ դուք ի՞նչ գիտեք, թե ով է ընտրվելու, եթե ոչ թե դուք եք որոշելու, այլ ժողովուրդը։ Իսկ եթե ժողովուրդը, զզվելով էս վիճակից, ձեզ էլ ձեր հեղափոխական թիմին էլ վռնդի, էլի պետք է ասեք Սերժն ու Ծառուկյանն են վճարել։

Մարդկանց կյանքը վարի եք տվել ու ամբիոնից խոսում եք երկրի ու ժողովրդի շահի՞ց։ Չի՛ կարելի, չի՛ ներվում․ մարդիկ հեռուստացույցի ալիքն են փոխում, չի՛ լսվում արդեն։

Կարճ ասած՝ դուք ոտնատակ եք տալիս իրավական պետությունը, դուք մեր երկրում ստեղծել եք սոցիալական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, կառավարման ճգնաժամ, բոլոր տեսակի ճգնաժամեր, այսօր, արդեն, սահմանադրական ճգնաժամ, ու դեռ խելքի չեք գալիս։ Ձեզ ոչ միայն պատմությունը չի ների, այլև չի ների ժողովուրդը․ ձեզ դատելու են, քանի որ այսպիսի՛ն է ձեր իշխանության կերպարը՝ ոչինչ չանել, ճգնաժամ սարքել ու փող ստանալ։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ