24 06 2020

«Կարճ ասած»․ Փաշինյանն արդեն հպարտանում է ևս երկուսով



Հայաստանի քաղաքացիների գլխավոր դժբախտությունն այն է, որ չունեն նորմալ իշխանություն․ նորմալ ասելով՝ նկատի ունեմ իր մասին հոգ տանող, իր ու պետության շահով շարժվող․ խոսքս վերաբերում է իշխանության բոլոր ճյուղերին։ Բացի այն, որ չունեն նորմալ իշխանություն, չունեն նաև թեկուզ սակավ լիազորությունները պատշաճ իրականացնող նախագահ, չունեն նաև խորհրդարանական լիարժեք ընդդիմություն․ կա ընդդիմադիր խմբակցություն, որը բավարար ձայն չունի անգամ մեկ հարց լուծելու համար։

Ես ինչպե՞ս բնորոշեմ Հանրապետության նախագահին, որն ամբողջ օրը հաղորդագրությամբ տարածում է ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, թե ինչ փորձառու է, հայրենասեր և այլն, իսկ գիշերվա կեսին, ստորագրում է օրենք այն մասին, որ իր ստորագրությունը հեչ էլ պետք չէ։ Ես ինչպե՞ս ասեմ, որ որպես ՀՀ քաղաքացի ունեմ նախագահ, բացատրե՛ք ինձ։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մեկ մարդու պես ստորագրել է ՍԴ դիմելու թղթի տակ․ մարդիկ ուզում են իրավական պետության վերջնական թաղումը կանխել։ Պակասում է մեկ ստորագրություն։ Իրեն ընդդիմություն զգացող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մեկ ստորագրության համար երկու օր տանում-բերում է ու վերջում էլ՝ խնդրեմ․ մենք ինքներս կդիմենք ՍԴ-ին, բայց՝ ուշ։ Ասել է, թե՝ Բարգավաճ Հայաստանին չենք միանա։ Չնայաց որ ԲՀԿ-ն չէր, որ իրեն ապտակում էր ու ստորացնում, այլ այն խմբակցությունը, որի օգտին հաշվարկ արեց։

Նրանց տեսակետը չի տեղավորվում որևէ բանական ուղեղի, անգամ՝ քաղաքական հաշվարկի մեջ։ Լուսավորն ասում է․ անգամ իրավաբանությունից հեռու մարդիկ են հասկանում, որ սահմանադրությունը խախտվել է։ Բայց, չենք դիմում։ Իրենց տրամաբանությամբ, հանցագործությունը տեսել են, կարող են կանխել, բայց ասում են՝ թող մինչև վերջ կատարեն, հետո մեր անելիքը գիտենք։ Ու խմբակցության ղեկավարը պարզաբանում է, թե՝ չենք ուզում նախկինների կամ ներկաների հետ կապեն։

Խոցելի դիրքորոշում՝ եթե դիմեք ՍԴ, նախկինների հետ ինչո՞ւ պետք է կապեն։ Իրավաբան մարդ եք, ի՞նչ կապ ունի, թե երկրի Սահմանադրական դատարանը ում գործն է քննում՝ Ռոբերտ Քոչարյանի՞, Նիկոլ Փաշինյանի՞, թե՞՝ Էդմոն Մարուքյանի։

Պարոն պատգամավոր, բացատրեք, խնդրեմ, ի՞նչ կապ ունեն Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը իշխանությունների հետ, նախկին իշխանությունների հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ։ ՍԴ որևէ դատավոր նրա օրոք չի նշանակվել։ Հրայր Թովմասյանը Քոչարյանին անգամ մոտիկից չի տեսել։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան»-ին գործողների հետ չկապելուն․ հարգելիներս, դուք արեցիք այն, ինչ ուզում էր իշխանությունը, անձամբ Փաշինյանը, Սիմիդյանը, Մակունցը, Վահե Գրիգորյանը, սորոսականները, լևոնականները։ Մամուլը տեղեկություններ հրապարակեց, թե մինչ ուշ գիշեր բանակցել եք իշխանության հետ։ Ենթադրում եմ, որ Լիլիթ Մակունցը, երեկոյան Սասուն Միքայելյանի նկարն է ուղարկել, ու ասել՝ նայի հա, խելո՛ք։

Հարգելի քաղաքացի, ձեր մտքով չի՞ անցնում, թե ինչպես եղավ, որ, ասենք, ոչնչով աչքի չընկած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միանգամից մոտ 20 տեղ ունեցավ խորհրդարանում, իսկ, ասենք, ՀՀԿ-ն, որ ուներ 150 հազար անդամ, 5 տոկոս չհավաքեց։ Մերժվել էր, դրա համա՞ր։ Ոչ։ Ավելին, ՀՀԿ-ականները կորցրել էին աշխատանքը իշխանափոխությունից հետո, ուրեմն պետք է ավելի եռանդով քվեարկեին իրենք իրենց օգտին։ Պատճառը արդյոք այն չէ՞ր, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր ելույթներում սևացնում էր ՀՀԿ-ին ու մյուսներին և Լուսավորի մասին՝ ոչ մի թթու խոսք։ Իսկ ինչո՞ւ էր պետք Նիկոլ Փաշինյանին որպես խորհրդարանական ընդդիմություն ունենալ Էդմոն Մարուքյանին։ Գուցե հետագայի՞ համար էր պետք, այ հենց այս պահերի համար։

Ու այսօր նույն Լուսավոր Հայսատանի ղեկավարի ուղիղ եթերի տակ շատ քաղաքացիներ գրում էին՝ արդյո՞ք իշխանության պրոյեկտը չէ այս ուժը։ Ես կարծում եմ, որ իշխանության պրոյեկտը չէ, բայց ինչպե՞ս է ապացուցելու։ Փաստացի, այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունի երկու խմբակցություն, որ պահին որ մեկը պետք գա, կօգտագործի։ Նիկոլ Փաշինյանը պարզապես պարտքի զգացում պետք է ունենա և՛ նախագահի, և Լուսավոր Հայաստանի նկատմամբ։ Չնայած նա բոլոր պարտավորությունների մասին հեշտ մոռացող կերպար է։

Այլևս մոռացեք խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժ ունենալու մասին, նրանցից մեկն իրեն թաղեց պատմության խորը փոշու տակ։ Բանն այն է, որ այդ խմբակցության մեջ, 17 հոգու մեջ չգտնվեց 1 մարդ, ժողովրդի մեկ ընտրյալ, որը կասեր՝ ոչ, ես այդ առևտուրին չեմ մասնակցում։ «Լուսավոր Հայաստան»-ի որոշման հետևանքները կրում են նաև այն անդամները, որոնք գուցե համաձայն չեն Էդմոն Մարուքյանի հետ, բայց հիմա լուռ են։ Նրանք բոլորը մասնակից են սահմանադրական կարգի տապալմանը։

Կարճ ասած՝ այսքանից հետո պարզվեց մի քանի կարևոր բան, ու դրականը դա է այս ամբողջ պատմության մեջ։ Առաջինը, որ նախագահ չունենք, կարող ենք անգամ ծախս չանել այդ մարդու վրա, որ ԱԺ «Լուսավոր Հայաստանը» այլևս իշխանական ուժ է, առանց նախարարական պորտֆելների, և որ, Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամներն են, որ իմ ու քոնը չեն արել դեռ, ցույց են տվել, որ ինչ ուզում է լինել, կարևորը պետության շահն է։

 Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ