22 06 2020

«Կարճ ասած»․ Հայաստանում Սահմանադրական կարգն այլևս տապալված է



Ուղիղ մեկ տարի է իրեն ժողովրդավար հռչակած Հայաստանի իշխանությունն ընկել է Սահմանադրական դատարանի հետևից․ հայտարարություններ, նոր օրենք, որը մերժվեց, ՍԴ դատավորներին կաշառելու փորձ, որը չաշխատեց, Նիկոլ Փաշինյանի շանտաժ՝ նվեր ստացած գրիչով, որը ծաղրի առարկա դարձավ, հանրաքվե, որը տապալվեց․․․ Վերջապես որոշեցին դիմել էլ ավելի գեղական կարգին ու գնացին սահմանադրական կարգի տապալման՝ բացառապես իշխանական պատգամավորներով լուծելով հարցը։

ԱԺ իշխանական պատգամավորները ներկայացրեցին ՍԴ 3 անդամի լիազորությունները դադարեցնելու, Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ, քննարկեցին, իրենք իրենց 2-3 հարցեր տվեցին և քվեարկեցին։ Այլ խմբակցություն չմկասնակցեց այդ ֆարսին։ Անգամ հիմնական զեկուցողն էր իմքայլական նույն կամիկաձեն, որի իրավաբանական գիտելիքները 0 լինելով՝ բարձր դատարանի հարցը լուծելու օրինագիծն է ներկայացնում արդեն որերորդ անգամ։

Ազգային ժողովը կարևորագույն օրենք ընդունեց՝ առանց անգամ Սահմանադրական դատարան դիմելու, ինչի պարտավորություն ուներ, այսպիսով՝ գերազանցեց իր լիազորությունները, յուրացրեց իշխանությունը։

Այս ամենի պատճառը մեկն է՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը ուղարկել են Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով իրենց գնահատականները, և անաչառ դատարանը չի կարող հակասահմանադրական չճանաչել հոդվածները, որով մեղադրվում են Ռոբերտ Քոչարյանը և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Իսկ եթե նպատակը դա է, ուրեմն անաչառ դատարան չի լինի։ Վերջ։

Խորհրդարանի այս քայլին հակադարձել է Վենետիկի հանձնաժողովը՝ նշելով, որ հենց հեղինակավոր հանձնաժողովի կարծիքը տալու օրը, անմիջապես գնում են օրենքն անցկացնելու, առանց քննարկելու, գցել-բռնելու։ ԵԽ գլխավոր քարտուղարն է ամիջապես կոչ անում, որ այդ ամենը գոնե արեք անցումային շրջան ապահովելով։ Այս մարդիկ հակառակ են գնում միջազգային կարծիքին, որպես վստահելի գործընկերներ՝ թաղում են իրենց համբավը, Հայաստանի համբավը։ Լավ, հարց է առաջանում․ եթե պետք է դիմեք միջազգային կարծիք ստանալու համար, բայց թքած ունենաք այդ կարծիքի վրա, ինչո՞ւ եք դիմում։

Դիմում եմ մեկ տոնայնությամբ քվեարկող նույն խորհրդարանին․ դուք ընդունել էիք հանրաքվե անելու նախագիծ, բա ինչո՞ւ քաշվեցիք հետ, էլ չե՞ք վստահում հպարտ քաղաքացիներին։ Թե՞ երբ ձեզ է պետք՝ սա ժողովրդի իշխանություն է, երբ ձեզ պետք չէ, ժողովուրդը դառնում է անգրագետ ամբոխ, որը չի կարող որոշել։

Նիկոլ Փաշինյանը սեփականաշնորհում է ՍԴ-ն բուդկայի պես, ու նրան օգնում է գրպանային մեծամասնությունը։ Այս իշխանությունը՝ խմբակային ու անհատական կերպով մի քանի անգամ տապալել է սահմանադրական կարգը։ Հարգելի պատգամավորներ, հետո՞, մտածում եք այս ամենի համար պատասխան չե՞ք տալու։ Նիկոլ Փաշինյանը գնալու է, չի մնալու, նա ձեր կարծիքով, ձեզ պաշտպանելո՞ւ է։ Ինչ միամիտն եք։ Նա բոլոր կարևոր պահերին պատասխանատվությունից փախել է, դա կանի նաև հիմա՝ ասելով՝ թող չքվեարկեին։ Ձեզ նետեցիք քրեական հոդվածների տակ։

Հետևողականորեն պնդում են նույն անիմաստ միտքը՝ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Եթե կա ճգնաժամ, ուղիղ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչո՞ւ է դիմել ՍԴ՝ Հայաստանը վարկի տակ գցելու համաձայնություն ստանալու համար։

Ամենահետաքրքիրը նաև այս հակասահմանադրական քայլին դիմելու պահն է․ ընդամենը այսօր Ռուսաստանից Հայաստան է եկել օգնության խմբաքանակ, բժիշկներ, Սլովակիայից օգնություն է եկել, Վրաստանը օգնություն է առաջարկում, Չինաստանից օգնություն է եկել, անգամ Թուրքիան է օգնություն առաջարկում․ Հայաստանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, մարդիկ են մահանում, որովհետև չեն կարողանում հիվանդանոց գնալ, մարդիկ են մահանում կառավարության անգործության պատճառով։ Այս ամենը տեսնում են մեր բարեկամ, գործընկեր կամ թշնամի պետությունները, անգամ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարն է ժպիտը դեմքին հարցազրույց տալիս ու ասում որ այո, այս ընթացքում, որ պայմանավորվել էին չկրակել, իրենք դիրքերն առաջ են բերել, ինժիներական աշխատանքներն էլ շուտով վերջացնում են, ու դու ընկել ես ՍԴ հետևի՞ց։ Միացրեք դիտեք, այդ հարցազրույցը, այսօր է հրապարակվել։

Սահմանադրական դատարանն էլ փոխի, բա հետո՞․ կորոնավիրուսի զոհերի թի՞վն եք քչացնելու, պատերա՞զմն եք կանխելու, ներդրո՞ւմ եք բերելու, աշխատատե՞ղ եք բացելու, ներգաղթ ու հայրենադարձությո՞ւն է լինելու, ի՞նչ է լինելու։ Իմ թվարկածներից ոչինչն էլ չի լինելու։ Նույն կամիկաձե պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է՝ «Մենք քվեարկում ենք, որ մեր երկրում անհատը լինի երջանիկ, հանրություը հոգատար, Հայաստանը՝ հզոր պետություն»։ Սահմանադրական կարգը տապալում եք հանուն Հայաստանի՞։ Այս որոշմամբ ո՞ր մի անհատը երջանիկ դարձավ։ Իսկ վաղը որ քվեարկեք Արցախին օգնություն տրամադրելուց զրկելու հարցը, է՞լի եք ասելու՝ անում ենք որ անհատը երջանիկ լինի։ Ո՞ր անհատը, Ադրբեջանի՞։ Դուրս եկեք փողոց, տեսեք ինչ է ուզում քաղաքացին, ինչ է պահանջում, ինչից է դժգոհ։ Ստի՞, թե հանրությունը երբևէ ձեզանից դա է պահանջել։ Միայն այսօր քաղաքացիներից երեք հատ զանգ ենք ստացել այն մասին, որ ձեր սահմանափակումների պատճառով մարդիկ զրկվել են եկամտից, բայց բանկերը վարկերն ու տոկոսներն են ուզում։ Հուսահատ քաղաքացին ասում է ինձ մինչև հուլիսի 1-ն է ժամանակ տրվել, հուլիսի 1-ից հետո կյանք կա, չէ՞, ո՞նց ապրեմ։ Իշխանությունը ասում է, թե ՍԴ-ն խոչընդոտում է, բարեփոխումներին․ մի բարեփոխում բերեք, որ ուզեցել եք անել, և ՍԴ-ն խոչընդոտել է։ Բերեք մի օրինակ տեսնենք այդ ի՞նչ է արել, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, կամ Հրայր Թովմասյանը, նախագահի դերում, որ ուզում եք իրենց հանել, տեղը բերել վահեգրիգորյանների, որոնք կարող են մեկ տարի բարձր աշխատավարձ ստանալ բայց չանել որևե աշխատանք, որովհետև այդպես են ուզում։

Այս ամենը կատարվեց և շարունակում է կատարվել, խորհրդարանական ընդդիմության ջայլամային կեցվածքի, միջազգային կառույցների զարմանքի, արտախորհրդարանական ուժերի զայրույթի ու մասնագիտական բողոքի, հասարակական հավաքներ անելու սահմանափակումների պարագայում։

Կարճ ասած՝ գնդակը, որքան ել որ չէին ուզենա, խորհրդարանի ընդիմադիր ֆրակցիաների դաշտում է․ կա՛մ նրանք հիմա հավաքվում են ու օրենքը ուղարկում Սահմանադրական դատարան, կա՛մ կիսում են իշխանության հետ պատասխանատվությունը։ Որովհետև վաղը, երբ քրեական գործ լինի սահմանադրական կարգ տապալելու հոդվածով, իրենք պետք է բացատրեն թե այդ ինչու՞ իմանալով որ սահմանադրական օրենք է խախտվել, և ՍԴ չի ուղարկվել, դուք ինչո՞ւ դա չնախաձեռնեցիք, չէ՞ որ դա ոչ միայն ձեր լիազորությունն է, այլև՝ պարտականությունը։ Նույնն է, թե տեսնես մեկը հանցանք է կատարում և կողքով անցնես, հետո ասես՝ վայ էս ինչ արեցին։

Ինչ վերաբերում է ՍԴ կազմը փոխելուն, ապա նշեմ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է հեշտությամբ ազատվել նոր ձևավորվող ՍԴ-ից, քանի որ այն օրենքի խախտմամբ է կազմավորվել և չունի որևէ ուժ։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ