19 06 2020

«Կարճ ասած»․ Ապօրինի կալանքի վերջը․ ուրախացողների ու ողբացողների մասին



 

Հայաստանի դատական համակարգը շարունակ պայքարում է իր անկախ լինելու համար, և դա փաստ է. վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասին է խոսքը․ Դատավարական պրոցեսը, ինչ խոսք հետաքրքիր էր, դինամիկ, տրամաբանված, կազմակերպված։ Վաղուց այպիսի դատի չէինք հետևել, որը միանշանակ գովելի է։ Չնայած նրան, որ դատարանի որոշումն ամբողջությամբ ընկալելի չէ, մասնավորապես՝ իմանալով, որ երկրորդ նախագահի գույքը, ողջ ունեցվածքը կալանքի տակ է, այնպիսի թիվ սահմանվեց գրավի, որը տալը մեկ մարդու համար հեշտ գործ չէ։ 2 մլրդ դրամը աննախադեպ գրավ է Հայաստանի դատական համակարգում, բայց այնուամենայնիվ, երկրորդ նախագահի մասով կայացվեց որոշում՝ գոնե ազատազրկելուն այլընտրանք ներկայացնելով։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենահայտնի ու հեղինակություն ունեցող մարդկանցից է, դա փաստ է, հատկապես՝ գործարարների շրջանում։ Ռոբերտ Քոչարյանը բավականին հարգված անձանցից է նաև սփյուռքահայ ազդեցիկների շրջանում։ Ռոբերտ Քոչարյանը մեծ հարգանք ունի ոչ միայն հայերի շրջանում, այլ նաև արտերկրի հեղինակավոր ու ազդեցիկ դեմքերի շրջանում, ու չնայած, որ 4 միլիոն դոլարը մեծ թիվ է, կարծում եմ, այդ գումարը կարող է հավաքվել կարճ ժամանակում՝ այդ բոլոր կապերի շնորհիվ։

Երկրորդ նախագահի գրասենյակը, հարազատները այսօր արդեն նշեցին, որ իրենց հեռախոսներին անդադար զանգում են, մարդիկ ցանկանում են մասնակցել, գումար փոխանցել՝ անկախ նրանից՝ երկրորդ նախագահն ինքը համաձայն է, թե ոչ։ Բազմաթիվ մարդիկ ֆեյսբուքյան էջերում հրապարակում են հաշվեհամարներ, որով արդեն գումար են փոխանցել։ Մարդիկ կան, որ իրենց ամբողջ գույքն են պատրաստ գրավադրել։

Դա գիտե՞ք ինչից է․ ասեմ․ դա նրանից է, որ շատ մարդիկ կան, որ ունեն հիշողություն, որ գիտեն՝ մեր երկիրը երբ էր զարգանում, ոնց էր զարգանում, ինչպես էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ու տեսնում են, թե ինչպես է հիմա, ու նաև՝ երկամյա արդարության պակասից։ Գյումրեցի Գարիկը, որ հաշվեհամարն է խնդրել գրասենյակից, հիշել էր, որ երկրաշարժից հետո Գյումրին ավերակ էր մնացել, մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը։ Գործարարները հիշում էին, որ իրենց բիզնեսը լավ է եղել հենց այդ ժամանակ։ Դա նախագահի պարտականությունն է եղել, բայց նրանք չեն մոռանում։ Երբ դատավորը սահմանեց 2 մլրդ դրամ ահռելի գումարի չափ, այս մարդիկ չասացին՝ դե ունի էլի, կտա դուրս կգա ինչ ա եղել, որ։ Կարծում եմ, շատերը որոնք պատրաստակամություն են հայտնել, մասնակցելու գրավի գումարի հավաքմանը, առաջին իսկ հերթին մտածել են, որ չի կարելի երկրի նախագահի պատանդի կարգավիճակով պահել, անտեղի, ընդամենը որովհետև ինչոր մեկի սրտով չէ։ Մի գուցե, այսքան անկազմակերպվածությունից ու իշխանության ապաշնորհությունից, մարդիկ այլևս հույսները կապում են հենց նախագահ Քոչարյանի հետ, կամ, հնարավոր է մարդիկ նաև իրենց մեղքն են համարում որ նախագահն այսքան ժամանակ փակի տակ էր, գուցե ժամանակին բավականաչափ չեն ընդվզել, էյֆորիայի մեջ, երիտիշխանիկներին թույլ են տվել անել ինչ ուզում են, հիմա հասկացել են, որ չէր կարելի։ Հնարավոր է։ 

Նրանց հետ մեկտեղ, կան օդ պղտորողներ, հատկապես՝ համացանցում։ Նրանց թիվը ինչես երևաց, այլևս շատ չէ, և ի՞նչ, իրենց դժգոհությունը արտահայտելու համար նորից թիրախավորեցին դատավորին, ինչպես նախկին դեպքերում էր։ Դրանք են, որոշ իշխանական գործիչներ, իշխանամերձ ստատուսչիները, դրսից գրանտներ ստացողներն, այսպես ասած «սորոսականները» և ավանդաբար՝ «լևոնականները»։ Նոր բան չեն անում, փաստարկված գրառումներ չկան, միայն պիտակներ, մաղձ և ատելություն։ Դիմեմ իրենց, ուղիղ․ որ հրապարակում եք դատավորի լուսանկարը, հասցեն, իրավապաշտպանների ընտանիքների լուսանկարները, ձեզ լա՞վ եք զգում, ուրախանո՞ւմ եք։ Լավ իշխանություն չկա, որ ձեզ անդրադառնա, այսօր նրանց սիրելին եք, իրենց համար եք աշխատում, բայց լա՞վ եք զգում հայհոյանք շալակելուց։

Ես այս երկու տարի է, ինքս ինձ մտածում եմ, լավ, ի՞նչն է իրենց ուզածը։ Ասում են վեթթինգ։ Ավելի քան մեկ տարի, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանքի մեջ էր, դատական համակարգը հազար ու մի ապօրինություն թույլ տվեց՝ թե նրա նկատմամբ, թե ուրիշների, ու այդ ընթացքում որևէ իշխանավորի մտքով չանցավ վեթինգ պահանջել, հենց Քոչարյանն ազատ արձակվեց՝ հոպ, բա խի վեթինգ չեք անում։ Հիմա դուք ի՞նչ եք ուզում, ժողովուրդ, դուք ուզում եք անկախ դատական համակա՞րգ, թե ձեր սրտով որոշում։

Ասեք հասկանանք, դուք ուզում եք դատավորը կարդա իր գրած որոշումը՝ կայացրած իր խղճի մտոք և օրենքի համապատասխան, թե՞ ուզում եք վարչապետը բութ մատը շարժի ներքև ու վերև, և ըստ այդմ մարդուն սպանեն կամ բաց թողնեն։ Բա իրավական համակարգ, արդարադատություն ինչի՞ ենք ասում։

Ժողովուրդ, ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչպես եղավ, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորները Հայաստանի փաստաբանների կողմից որակվում են ամենալավ դատավորները։ Ալեքսանդր Ազարյանը առաջին տեղում է, Դավիթ Գրիգորյանը բավականին բարձր դիրքերում է ու իր նկատմամբ անտեղի հետապնդումից հետո աճել է նրա գնահատականների թիվը, Արսեն Նիկողոսյանի վարկանիշը բարձր էր, և երեկվա որոշումից հետո ևս մեկ կետով բարձրացել է։ Իսկ ո՞րն է պատճառը, որ սովորաբար ցածր վարկանիշ ունեցող դատավորներն են երկրորդ նախագահին կալանավորում կամ կալանքի որոշումը թողնում անփոփոխ։ Նրանց դուք չեք գնահատում, վարչապետը չի գնահատում, գնահատում են մասնագետները։

Այո, կան մարդիկ, որոնք ծանր տարան Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելու լուրը, ու դրա պատճառը բացառապես քաղաքական է։ Վարչապետը, օրինակ, պարետատան նիստ չարեց, կարևոր հարցերի չպատասխանեց։ Գուցե տրամադրություն չուներ։ Բայց լավ դատավորի, արար դատավորի համար վարչապետի տրամադրությունը պետք է զրո արժեք ունենա։ Ասենք վեթինգ արեցինք ու բոլոր բարձր վարկանիշով դատավորներին համակարգից հանեցիք, թողեցիք Մնացական Մարտիրոսյանին, Արտուշ Գաբրիելյանին, Արմեն Դանիելյանին, Աննա Դանիբեկյանին, հետո՞, իրավական պետությո՞ւն իրենցո՞վ եք կառուցելու։ Այս մարդիկ, հավանաբար, ընդամենը կարճ ժամանակ անց տալու են Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը, եթե հաջորդ իշխանությունն այդպես կամենա։ Հիմա վաղը նրանց ինչպիսի՞ դատավոր կհամարեք։ Դատավորը, որ ազատ է թողնում Սասնա ծռերին, լավն է, որ ազատ է արձակում Մանվել Գրիգորյանին, վա՞տն է։ Հիմա դատավո՞րն է լավը կամ վատը, թե՞ մենք, որ այդպես ենք գնահատում։ Վստահ եմ, Ալեքսանդր Ազարյանն ու Արսեն Նիկողոսյանը չեն նայի՝ վաղվա ղեկավարն ինչ է ուզում, որովհետև այսօր էլ նրանք այդ պատվերով չեն շարժվում։

Եթե ո՛ր դատավորը բռնեց Ռոբերտ Քոչարյանին, նա լավն է, ուրեմն միանգամից ասեք՝ 0-ից ցածր վարկանիշ ունեցողները մեր սրտի դատավորներն են, ու վերջ։ Որովհետև բարձր վարկանիշ ունեցողը չի կարող նման շինծու գործով կալանք տալ։

Կարճ ասած՝ դուրս եկեք ատելության թրենդի տակից, փորձեք վերադառնալ ռեալ դաշտ, ու հաշտվեք էն մտքի հետ, որ այսօր եղավ ազատ արձակելու որոշում, վաղը կարող է լինել գործը կարճելու որոշում, իսկ մյուս օրը, պատասխան պետք է տան շինծու քրգործի դերձակները։ Մեղադրյալի աթոռներին կնստեն մարդիկ, մարտի 1-ի իրական կազմակերպիչները, որոնք մի դեպքում համաներվել են, մյուս դեպքում ընդհանրապես խուսափել են պատժից, ու այդ ժամանակ մոմ եք վառելու, որ ձեր գործը ընկնի Արսեն Նիկողոսյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ