11 06 2020

«Կարճ ասած»․ Որտե՞ղ տապալվեց Փաշինյանը



Հայաստանը մտել է ձախողումների երկարատև փուլ, որտեղ աշխարհը տիրած համավարակն ընդամենը մեկ օղակն է։ Նիկոլ Փաշինյանը տապալել է այսպես կոչված՝ հեղափոխական հայտարարված ծրագրերը, և արդեն կոչ են անում փոխել նրան։ Մի մասը կոչ է անում փոխել ամբողջական թիմը, մյուսը՝ գնալ արտահերթ ընտրությունների, մի մասը կոչ է անում այս պահին ընդամենը փոխել վարչապետին, ներսից մեկին ընտրել։ Կան նաև մարդիկ, որոնք առաջարկում են ևս մեկ շանս տալ։  

Ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել և ո՞ւմ բերել։ Մինչ նոր եկողներին ու անուններին անդրադառնալը պետք է հստակ տեսնել՝ ինչ ունենք, ինչի ենք հասել, ճիշտ հասկանալ կատարվողն ու պատճառները, որպեսզի տեսնենք՝ ինչն ենք փոխում և ումով։ Պետք է հստակ գնահատենք, որ այլևս չկրկնենք նույն սխալը և այս անգամ էլ, ասենք, երկրի մյուս ծայրից քայլով եկածները իշխանություն չվերցնեն ու հերթական անգամ գետնին չտան։

Տնտեսություն Երևի թե կա երկիր, որտեղ հեղափոխությունը բերի տնտեսության կտրուկ աճի։ Բայց դրանք եզակի դեպքեր են, «հեղափոխություն» ասածից հետո տնտեսությունը հետ է գնում, ու կախված իշխանության քայլերից, սկսում է զարգանալ կամ՝ ոչ։ Հայաստանի նոր իշխանությունը միմիայն օգտվեց նախկինների արածներից, այսինքն՝ վերագրեց իրեն։ Եթե այսօր բացվում է որևէ գործարան, դրանում կա Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի կառավարման հետքը։ Իշխանությունը չի կարող նշել որևէ խոշոր ներդրում, որ կատարվել է, անգամ մի քանի միլիոն դոլարանոց, ու դրանց չլինելու համար իշխանությունը միայն քաղաքական պատճառներ է բերում։ Տնտեսությունը փլուզման եզրին է, և փրկությունը այլևս վարկերն են լինելու, որոնք էլ ժողովրդի ուսերին են ծանրանում։

Առողջապահություն Կորոնավիրուսը ցույց տվեց, որ մեր երկրում առողջապահությունը բարձիթողի վիճակում է։ Հայաստանում մարդիկ մահանում են տանը՝ չստանալով բժշկական օգնություն։ Նախարարությունը, ոլորտում իմն ու քոնը անելով, բզկտել է ու մասնատել այն։

Կրթություն Երկու տարվա ընթացքում կրթության նախարարը միմիայն զբաղված է քաղաքական գրառումներով, այս ու այն կրթական հաստատությունների կոռուպցիոների պիտակ կպցնելով, բուհերի ղեկավարություն փոխելով։ Մի քանի նախարարություն միացրել են ու տվել մարդու, որն անգամ նորմալ հայերեն չգիտի։ Ներդրեցին էլեկտրոնային համակարգեր, որը միայն ծնողների դժգոհությունն է շարժում։ Բանը հասել է այնտեղ, որ արդեն գրեթե առանց քննության, առանց գիտելիք ստուգելու ընդունելու են համալսարան։

Բանակ Նիկոլ Փաշինյանը բանակի վերաբերյալ երեք հարց է լուծել․ ըստ իրեն՝ շշով ջուր են տալիս զինվորներին, նաև՝ մայկա-տրուսիկ։ Այս մասով, պարզվում է, չափազանցրել է։ Իսկ այն, որ բանակն անցել է սննդի մատակարարման այլ ձևաչափի, դրանում Փաշինյանը դեր չունի։ Երրորդն էլ բանակի հետևողական պիտակավորումներն են՝ սկսած գեներալների վարկաբեկումից, վերջացրած անպիտան զենք գնելու մասին հայտարարություններով։ Բանակը զինելու համար գումար հատկացնելու փոխարեն վարչապետն ասում է՝ հենց կոռուպցիա բացահայտենք, գումարը կուղղենք։

Թալանի վերադարձ․ Բազմիցս հայտարարում էին՝ ժողովրդից թալանածը կվերադարձնենք ժողովրդին։ Ո՞ր թալանածն եք վերադարձրել ու եթե անգամ վերադարձրել եք, արդյո՞ք տվել եք ժողովրդին։ Գուցե նկատի ունեք, որ պետբյուջեն ժողովրդի՞նն է։ Այդ դեպքում ինչո՞ւ եք դուք առանց ժողովրդի որոշել, որ բյուջեից հսկայական պարգևավճար տաք միայն ձեզ ու ձեր մտերիմներին։

Արդարադատություն Այս ոլորտում եթե ոչինչ չասեմ, միայն այն, որ Հայաստանի վարչապետի հրամանով շրջափակվել են դատարանների դռները, արդեն հերիք է։ Ունեցել ենք գաղտնալսում այն մասին, որ երեք պաշտոնյաներ պայմանավորվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կալանք տալ-չտալու շուրջ։ Ու այդ ամենը իրավական հետևանք չի ունեցել․ սա դասագրքային օրինակ է, թե ինչպիսին չի կարող լինել արդարադատության ոլորտ կոչվածը։

Մարդու իրավունքներ․ Ոստիկանությունը մարդկանց փողոցում սամասուդի է ենթարկում, տանից դուրս է հանում ու ծեծում, բերման ենթարկելիս ծեծում է։ Ու դա խրախուսվում է վարչապետի, նախկինում իրավապաշտպան՝ այսօրվա պաշտոնյաների կողմից։

Արտաքին քաղաքականություն Հայաստանը երկու տարվա ընթացքում չի կարող նշել մեկ կետ, որ արտաքին քաղաքականության ձեռքբերում ունի։ Հարևան ու բարեկամ երկրների հետ հարաբերությունները լարել ենք․ վերջին օրինակը Իրանում բողոքի ցույցն էր Հայաստանի դեսպանատան դիմաց։ Վրաստանի հետ հարաբերությունները խզելու համար առողջապահության նախարարը լրջագույն քայլեր արեց։ Ռուսաստանի հետ հարաբերությունն այնքան ենք փչացրել, որ նախապես պայմանավորված վարկի շարունակությունը չի ստացվում ձեռք բերել, գազն էլ թանկանում է։ Ամերիկայի հե՞տ եք լավ, տեսանք տնտեսական կապերը։

Արցախի հարց․ Պարզվեց, որ ժողովուրդի թիկունքում բանակցում եք փուլային տարբերակով։ Խոսք տվեց, որ առանց Արցախի ներկայացուցչի չենք բանակցի, խելոք- խելոք բանակցել եք, էն էլ՝ փուլայինով։ Իսկ Ադրբեջանն իր «Ղարաբաղի համայնքի ներկայացուցչի» և միջազգային դեսպանների ու ներկայացուցիչների հետ հանդիպումներ է կազմակերպում։ Ապրե՛ք, ի՞նչ ասեմ։

Ազգային ժողով Խորհրդարանական երկրի խորհրդարանը աչքի է ընկել ծեծ ու ջարդով, հայհոյանքներով, ինքնասիրահարված ու գլուխգովանների շքերթով, կառավարության ներկայացրած օրենքները դակելով։ Բազմաթիվ աղմկահարույց օրենքներ են ընդունել ու՝ ժողովրդի դեմ։ Չթվարկեմ, ինձնից լավ գիտեք։

Չկա ոլորտ, որ բարեփոխում ունի, ընդհակառակը, շատ ավելի վատ է, քան նախկինում էր։ Ու չկա պատճառ հաջորդ շանս տալու այս իշխանությանը։ Արդարանում են, թե՝ մենք մաքուր ենք, կռուպցիայի մեջ չկանք։ Նախ դա սուտ է, ամենօրյա ռեժիմով կոռուպցիոներ են բացահայտվում։ Վստահ եմ՝ իշխանությունը կորցնելուց հետո շատ ավելի շատ են լինելու դրանք։ Այս հաղորդման թողարկումներից մեկում բացահայտված ու կասկածվող կոռուպցիոներների ցանկին կանդրադառնամ։ Բայց եթե անգամ այդպես լիներ, կոռուպցիա չանելը մի մտցրեք մեր աչքը․ դա պարտավոր եք չանել։ Մենք սրբերի չենք բերել իշխանության, մեզ արդյունք ցույց տվեք, ոչ թե ասեք, որ կոռուպցիա չեք անում։ Մեզ մի՛ ասեք, թե դուք էլ եք ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց գնում։ Մենք ձեզ լացելու համար չենք բերել, այլ արդյունքի, որը, պարզվում է, չկա։

Կարճ ասած՝ բոլոր ոլորտները տապալված են ու սա միայն Փաշինյանի տապալումը չէ, այլ՝ ամբողջ թիմի, ուրեմն պետք է փոխել ամբողջ թիմով։ Իսկ ո՞վ պետք է լինի, ովքե՞ր պետք է գան։ Վերջապես՝ կա՞ վերադարձ հնին, թե՝ ոչ։ Այդ մասին կանդրադառնամ հաջորդ թողարկմանը։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ