04 06 2020

«Կարճ ասած»․ Անլուրջ, մահացու վտանգավորները



Բոլորը, բոլոր-բոլորը այլևս մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որ իր և իր թիմակիցների անլուրջ գործունեության արդյունքում կորոնավիրուսը տարածվել է Հայաստանում ավելի շատ, քան աշխարհի որևէ այլ երկրում։ Փաշինյանի և պարետի հրահանգով արտադրությունները բացվել են, մարդիկ գնում են աշխատանքի, ամբողջ օրը աշխատել են տագնապով, որ կարող է՝ վարակվեն, բայց այլ ելք չկա, ապրել է պետք։ Երեկոյան, աշխատանքից հոգնած տուն են վերադառնում, դա նկարում եք, ու Փաշինյանը գցում է իր ֆեյսբուքյան պատին, թե՝ այս մարդիկ մեղավոր են կորոնավիրուսի տարածման մեջ։ Դու իրենց գումար չես տվել, որ տանը տիտիկ անեն, տաքսու փող չես տվել, մեքենա չունի, էշ ու ձի չունի, բա ինչպե՞ս հասնի գործի։ Նա մեղավոր է, որովհետև դու սահմանափակումները հանել ե՞ս։ Դու բացել ես ռեստորանները, մարդկանց ասել ես՝ կարող եք գնալ ու այնտեղ հաց ուտել, քեֆ անել, պարզապես սեղանները մի քիչ հեռու-հեռու դրեք։ Հիմա նրանց քեֆ անելը քննադատում ե՞ս ու ամոթանք տալի՞ս։ Մի քանի օր առաջ էլ դու էիր այդ օրին, բայց՝ առանց իրարից հեռու դրած սեղանների, իրար քիթ մտած։

Մի քանի օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ իրենց տնտեսական օգնության ծրագրերը օգուտ են տալիս, մարդիկ հերթ են կանգնել բանկերի դիմաց, որ 0 տոկոսով գյուղատնտեսական վարկ ստանան։ Իսկ այսօր նույն բանկերի դիմաց հերթերի լուսանկարները գցում է իր ֆեյսբուքյան էջին, բայց՝ արդեն պախարակելու համար։ Կրկնում եմ՝ նույն բանը երկու օր առաջ ներկայացնում էր որպես կառավարության հաջողություն, հիմա՝ համազգային անպատասխանատվություն։ Լավ, պարոն վարչապետ, ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ինչու են հերթ կանգել։ Էդ ո՞ր մի վարկ վերցնողի սիրտն է ուրախությունից պայթում։ Գնացել են վարկ վերցնեն, որովհետև քեզ վրա, որպես կառավարություն, այլևս հույս չեն կապում։

Էլ չեմ խոսում այն մասին, որ հին, նավթալինոտ նկարներ եք ձեր էջում հրապարակում՝ դա ներկայացնելով որպես հենց նոր արված կադր՝ իբրև թե ընդգծելով քաղաքացիների անպատասխանատվությունը։ Այսինքն, լինելով վարչապետ, ձեզ պահում եք դեղին մամուլի անպատասխանատու խմբագրի պես։

Դուք՝ պարոն վարչապետ, հայտարարում եք, որ անխնա կտուգանվեն ու կպատժվեն քաղաքացիները, եթե խախտեն կանոնները, բայց երբ դուք ինքներդ վարակված եք կորոնավիրուսով, վիրուսակիր եք, վարակի աղբյուր և օջախ, առանց դիմակի եթեր եք մտնում ու կես ժամ խոսելուց հետո ասում ներողամիտ եղեք, որ կանոնները չեմ պահպանել։ Յա, իրո՞ք։ Չէ բայց ինչի՞ պիտի ես ներողամիտ լինեմ, ինչո՞վ եք ավելի, դուք էլ եք վարչապետ, ինձ էլ եք հռչակել վարչապետ, ինչո՞ւ է ձեզ էդպես կարելի, ինձ՝ չէ։ Եթե դուք գնում եք-քեֆ եք անում պաշտոնյաների հետ, կարելի է, բա ինձ համար ինչի՞ է արգելված, դուք վերևի արտի ցորենն ե՞ք։

Պարոն վարչապետ, դուք վարակված եք կորոնավիրուսով, ձեզ հետ շփվելը մահացու վտանգավոր է, բայց դուք մտնում եք եթեր, հետևում երկու պաշտոնյա է կանգնած՝ ընդամենը դիմակով պաշտպանված ու ձեռնոցներով, ձեզ հետ են ձեր թիկնապահները, օպերատոր։ Այլ երկրների վերաբերյալ դիտում ենք տեսանյութեր, թե ինչպես են կորոնավիրուսով վարակվածների հետ շփվում՝ պաշտպանիչ հանդեձանքներով։ Պաշտոնյան ձեր տանից դուրս գալուց հետո չի մտնելու, չէ՞, լվացքի մեքենան, չի գնալու հագուստը վառի․ բա ինչպե՞ս եք մարդկանց կյանքի հետ այդպես խաղում ու հետո մեղադրում նույն այդ մարդկանց։ Դուք հո հստակ գիտեք, որ վարակված եք։

Այս ընթացքում ի՞նչ օրինակ եք հանդիսացել հանրության համար դուք, ձեր ազգային ժողովը, կառավարությունը։ Ո՞ւր է սոցիալական հեռավորությունը։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին իր չնչին եկամտից տուգանք վճարի, իսկ պատգամավորները, որ ստանում են բարձր աշխատավարձ ու պարգևավճար, իրար կիպ նստած նիստ անեն, որոշեն, թե ՍԴ հանրաքվեն ոնց չեղարկեն, ում գույքը խլեն՝ պարետի սահմանած կանոնների վրա թքած ունենալով, ու չկրեն որևէ պատասխանատվություն։ Կարող ե՞ս ինձ ասել, այս օրով, այդ ո՞ր օրենքի քննարկում են արել, հայրենի պառլամենտականները, որը անհետաձգելի էր։ Ո՞րը։ Լանզարոտեի կոնվենցիայի հենց հիմա վավերացումն այդքա՞ն կարևոր էր, Դատախազի հաշվետվություննե՞րն էին կարևոր, Անդրանիկ Քոչարյանի սրտի ուզած շոունե՞րն էին կարևոր։ Համաճարակի այս օրով գնում-նստում են իրար կողքի, մեկը դիմակ հագնում է, մյուսը, չի հագնում, շուլուխներ են անում, բայց այսօրվա աղետի առումով որևէ որոշման մասին խոսք չկա, ամենինչով զբաղվում են բացի նրանից ինչն այսօր այլևս անհետաձգելի է։

Վարչապետն ասում է՝ մեր տեսակը չէ, որ մտնենք-ջարդենք մարդկանց կանոնները չպահելու համար, դա մեր ծագումնաբանությունը չէ։ Իսկ հաջորդ նախադասությունն այն մասին է, որ Մեյմանդարում մարդկանց բերման են ենթարկել, ձերբակալել, շուկան փակել։ Իսկ հայրենի ոստիկանությունը բերման ենթարկելիս սովորաբար շանսատակ է անում։ Հիմա ո՞րն է ձեր ծագումանաբությունը։ Անլուրջ եք։

Կարճ ասած՝ իշխանությունն անլուրջ է, վարչապետն անլուրջ է, պարետը, առողջապահության նախարարը։ Եթե սովորական ժամանակ ուղղակի կքննադատեյինք, այսօր ասում ենք՝ ձեր անլրջությունը այլևս վտանգավոր է, մահացու վտանգավոր։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ