02 06 2020

«Կարճ ասած»․ Մեղավոր են բոլորը, բացի Նիկոլից և ասեմ, թե ինչու



Արդեն կասկած չի հարուցում այն, որ մեր այս իշխանության գլխավոր անելիքը աշխատելու փոխարեն մեղավոր և արդարացում փնտրելն է: Բայց՝ իշխանության ղեկավարն իրեն ապահովագրում է բոլոր ձախողումներից։ Ձեզ կթվա, թե ամենուր ինչ-որ խառնակիչներ են, պրոբլեմ ստեղծողներ, նախկինների մնացուկներ։

Վիրուսը տարածվո՞ւմ է՝ մեղավորը դուք եք, որ դիմակ չեք կրում, իսկ կոնկրետ, այն կինն է, որ տղային հարսանիք էր արել, ջերմությունը պետությունից թաքցրել, հետո՞ ինչ, որ Հայաստան գալուց հետո նրանով չէր հետաքրքրվել առողջապահության պատասխանատուն։ Նիկոլ Փաշինյա՞նն է վարակվել կորոնավիրուսով, մեղավորն ինքը չէ, մատուցողն է։ Չե՞ք կարողանում ապրել, հեղափոխությունը ամեն բան արել է, որ ձեր գլխում եղած աղքատությունը հանեք, է հանե՛ք։ Արտագնա աշխատանքի չե՞ք կարողանում գնալ, մեղավորը դուք եք, որ գյուղատնտեսությամբ չեք զբաղվում, զբաղվելուց էլ կոկիկ չեք հագած։ Խոստացված գործարանները չե՞ն բացվել, մեղավորը գործարանատերերն են, Հայաստանում ներդրումներ չկա՞ն, մեղավորը Հրայր Թովմասյանն է, մաքսատան աշխատողին գործից հանե՞ց դրոշի պատճառով, մեղավորը հենց նա էր, որ դիմում գրեց, է թող չգրեր։ Ամեն ինչում մեղավոր կա, ու դա կառավարությունը չէ։ Ռուսաստանն իր գազը Վրաստանի համար էժանացնում է, դաշնակից Հայաստանի համար թանկացնո՞ւմ, մե՞նք չենք կարողանում բանակցել, ոչ, մեղավորը Միլլերն է, Պուտինը, Ռոբերտ Քոչարյանը, վերջ ի վերջո։ Հարավկովկասյան երկաթուղու դեմ շինծու գո՞րծ ենք հարուցում, մեղավորը Ռուսաստանն է, որ չի հասկացել, որ դա «մասկի շոու» էր և լուրջ է ընդունել, փչացրել հարաբերությունները դրա պատճառով, խոստացած տնտեսական հեղափոխությունը չի՞ ստացվում, մեղավորը քաղաքացին է, որ ՀԴՄ կտրոն չի պահանջում։ Բանանը թա՞նկ է, մեղավորը նախկին մենաշնորհյալն է, թոշակները չե՞նք բարձրացնում, մեղավորը դուք եք, որ արագ եք ծերանում։ Անլո՞ւրջ է այս ամենը, մեղավորը կրկին դուք եք, որ անլուրջներին եք բերել իշխանության։

Որ դեպքով նայում ես, Նիկոլ Փաշինյանն իրեն պատասխանատվությունից արագ ազատում է։ Բա չգիտեի՞ք, որ նա ուղղակի դարձավ վարչապետ ոչ թե այս խնդիրները լուծելու համար, այլ՝ որ խնդիրների պատճառն ու մեղավորությունը արագ բացահայտի, ձեզ բացահայտի, սիրելի հանրություն, որ առաջ վարչապետ էիր, բայց հիմա, պարզվում է, մեղքի տոպրակ ես։

Հիշո՞ւմ եք, խոստանում էր, որ կորոնավիրուսից Հայաստանը կշահի, բայց դարձավ աշխարհում ամենատուժածը, իսկ մեղավորը քաղաքացին է, որը, ըստ Փաշինյանի, խելացի չէ, անպատասխանատու է։ Անհնար է, որ Մերկելը կամ Մակրոնը Նիկոլից լավ աշխատեն, ո՛չ նրանց բախտը բերել է, որ ժողովուրդը խելացի է ու պատասխանատու։ Մի անգամ Հայաստանի մասնագետներին որևէ առիթով իրար գլխի չհավաքեց իշխանությունը՝ հասկանալու համար, թե ինչ են խորհուրդ տալիս անել, բայց մեղավորը, բնականաբար, այդ մասնագետներն են, որ ինքնագլուխ չեն հավաքվում։ Չէ, դե հավաքվելուց էլ զգույշ պետք է հավաքվեն, հանկարծ չպիտակավորվեն որպես նախկինների մնացուկներ։

Հիշո՞ւմ եք, Փաշինյանը խոստանում էր՝ ոռոգման ջրի ու սերմացուի խնդիր չեն ունենա գյուղացիները, պարզվեց՝ ունեն, բայց դա հեչ, մեղավորը գյուղացիք են, որ մտածողություն չեն փոխում, որ կոստյումներով ու բաբչկեքով չեն գնում հող մշակելու, որ ժամանակակից տեխնոլոգիաներով չեն մշակում։ Բայց կառավարությունը մեղավոր չէ, որ գյուղացին չունի ժամանակակից տեխնոլոգիա․ թարսի պես՝ կոստյումի հարցով էլ չի կարող օգնել։

Գիտեք մեղավորներն այսքանով ավարտվեցի՞ն։ Ո՛չ, իհարկե, մեղավորը պետական ապարատն է, որ ներսից աշխատում է հեղափոխության դեմ, մեղավորն իրավական համակարգում դավաճաններն են, մեղավորը սփյուռքահայությունն է, որ հայրենադարձ չի լինում։ Կորոնավիրուսի համար աջակցությունը տեղ չի՞ հասել, մեղավոր են գործատուները, Ամուլսարի հարցը չի՞ լուծվում, մեղավորը դարձյալ կորոնավիրուսն է, չնայած որ կորոնավիրուսը մի քանի ամիս է, որ կա, իսկ Ամուլսարի հարցը երկու տարի ձգվում է։ Գողությունը կրկնակի շատացե՞լ է, մեղավորը՞․․․ բոլոր բոլորն են բացի իրենցից։

Նիկոլ Փաշինյանին մեղադրում են սիգարետի, զենքի, ադամանդի ապօրինի առևտրի մե՞ջ, մեղավորը նա չէ, Միքայել Մինասյանին ինֆորմացիա տվողներն են։ Արտակարգ դրությունը չեն հանում, ու դրա համար էլի դուք եք մեղավոր, որովհետև հենց հանեն՝ միտինգ կանեք։ Իսկ հիշու՞մ եք թե երբ առաջին ու վերջին անգամ վարչապետը խոստովանեց իրենց մեղքը․ հիշեցնեմ, ասեց, որ միայն մի բանում է մեղավոր, որ ժողովրդին սիրում է ու վստահում։

Վատի համար մեղավոր են բոլորը, լավի համար պատասխանատու է ինքը: Իսկ առաջ այս բոլոր խնդիրներն ունեին հասցեատեր՝ նախկին իշխանությունն էր։ Իշխանությունը փոխվեց, հասցեատերը մնաց ժողովուրդը, նոր իշխանությունը ոչնչում մեղավոր չէր, իրեն հռչակել է ժողովրդի իշխանություն, ասում է՝ ձայն եք տվել՝ վերջ, ինձանից չպահանջեք, ես՝ դա դու եմ, ուրեմն՝ մեղավորը դուք եք։

Կարճ ասած՝ հիմա «ծուռը նստենք, դուզը խոսենք»մեզ պետք ե՞ն իշխանավորներ, ղեկավարներ, որոնք աշխատելու փոխարեն ամեն օր հորինում են պատճառներ, թե ինչու այսինչ բանը չարվեց ու նշանակում են մեղավորների։

Իսկ իրականում, ես համաձայն եմ Փաշինյանի հետ․ քաղաքացին իրոք մեղավոր է, ու  դարձյալ այն մեկ բանում, որ իրենց հետ հույս է կապել, իսկ եթե չի կապել, ուրեմն մեղավոր է, որ հանդուրժել է իրենց իշխանության գալն ու գոյությունը։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ