27 05 2020

«Կարճ ասած»․ Տղա ե՞ք՝ հանրաքվեն արեք



Ընդամենը ամիսներ առաջ խորհրդարանի ամբիոնից բուռն ելույթներ էին ունենում իմքայլական պատգամավորները, ասում էին, որ ժողովուրդը պահանջում է հանրաքվե, պահանջում է ազատվել Սահմանադրական դատարանի 7 անդամներից, նոր ՍԴ է ուզում, նրանք ծախված են։ Ու դրեցին-հանրաքվեի մասին օրենք ընդունեցին ու նշանակեցին օր։ Մասնագետները հայտարարում էին, որ դա հակասահմանադրական է, Ազգային ժողովը օրենք է խախտում, սահմանադրության հերն անիծում է։ Բայց դե, սահմանադրությունը ո՞ւմ շունն է, էդքան հանցանք ենք գործել, մի հատ ավել, մի հատ պակաս․․․

Անմիջապես 7 միլիոն դոլար գումար հատկացրեցին մեր ու ձեր գրպաններից այս ծանր ժամանակներում։ Նիկոլ Փաշինյանն էլ լավ ելույթներ ծրագրեց, գնաց բեմերի վրա դրանք ասեց, հավաքեց բազմություն ու Հայաստանում տարածվեց աղետաբեր կորոնավիրուսը։

Իսկ այսօր գիտե՞ք ինչ է անում նույն խորհրդարանը։ Հիմա էլ օրենք է բերել ու չեղարկում է այդ հանրաքվեն։ Իսկ ամենից հետաքրքիրը, որ էլի անում է հակասահմանադրական եղանակով։ «Իմ քայլը» խմբակցությունը տրորում է սահմանադրությունը, ըստ իր ճաշակի։ Պարզ ասած՝ Ազգային ժողովն անում է մի բան, որի իրավունք՝ օրենքը, սահմանադրությունը իրեն չի տվել։ Բայց անում են, որովհետև մեծամասնություն են։ 

Դուք հայտարարեցիք, որ այսուհետ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, ու այս հարցը հանձնեցիք ժողովրդի դատին։ Բայց հիմա, երբ պետք է ժողովուրդը որոշում կայացնի, հետ եք վերցնում, չէ ժողովուրդ, դու էլի դարձար անգրագետ Պողոս, այ գրագետը խորհրդարանում նստածներն են։ Պարզ պատճառ կա, որովհետև տապալել են երկրի կառավարումը, վախենում են, որ անգամ հարյուր հազար կողմ ձայն չեն կարող հավաքել ու վախենում են գնալ հանրաքվեի։ Եթե տապալվեն, բնական հարց է առաջանալու մարդկանց մոտ՝ իսկ դուք էլ ինչի՞ համար եք, արդյո՞ք իրավունք կունենաք շարունակելու պաշտոնավարումը։ Վախենում են։ ԱԺ փոխխոսնակն ասում է՝ մենք էնքան վստահություն ունենք, որ կարողն ենք ժամը մեկ հանրաքվե անել։ Քուանշ, պարոն իմքայլական, չե՛ք կարող։ Ժամը մեկ մի արեք, էդ մե՛կը արեք ընդամենը։ Ասում եմ՝ տղա՞ եք՝ հանրաքվեն արեք։ Չեք կարող, որովհետև կորոնավիրու՞ս է, է աշնանը արեք, ձմռանը արեք։ Դուխ չունեք։ Կտապալվեք, ինչպես ամեն ինչն եք տապալել։ 

Թե էն ժամանակ, թե հիմա պնդում ենք, Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է, ժողովրդին չի հետաքրքրում սահմանադրական դատարանի հարցը, նրանք չեն համարում, որ այնտեղ կա խնդիր։ Ժողովուրդն իր դարդերն ունի, որոնց ձեռքին կրակն է ընկել։

Այդքան պատգամավոր, որ քննարկում եք ՍԴ հարցը, գիտե՞ք, թե մեր քաղաքացիներին այսօր ինչ հարցեր են հետաքրքրում։ Մարդիկ հետաքրքրված են նրանով, որ ապրելու փող չունեն, իշխանությունը թողել է իրենց բախտի քմահաճույքին, վիրուսի դեմ միայնակ։ Սարսափելի վատ կառավարություն ունենալու արդյունքում մեր երկրում միջին խավը ընկավ աղքատության ճիրանները, աղքատները ծայրահեղ աղքատացան, իսկ ծայրահեղ աղքատներն արդեն ոչինչ չեն զգում։ Օրեկան արձանագրվում է շուրջ 400 կորոնավիրուսով վարակված, իշխանությունը չի կարող հա՛մ տնտեսությունը պահել, հա՛մ ժողովրդին, նախարարն ասում է, որ արդեն մարդկանց պետք է սորտավորեն՝ ով բացի կորոնավիրուսը, այլ հիվանդություն էլ ունեցավ, կարող են անգամ հիվանդանոց չտանել, այլ տանեն նրանց, ովքեր ի սկզբանե փրկվելու շանս ունեն։ Հասկանո՞ւմ եք, որ երկիր ու ժողովուրդ է ձեռքից գնում։ Ու այս ամենին հանգիստ հետևում է վարչապետը՝ գիլազի ծառի տակ պառկած։ Այսքան խնդիր կա կուտակված խորհրդարանը զբաղվում է սահմանադրության հերն անիծելո՞վ։

Հայաստանի սահմանադրությունը գերի է դարձել քայլածների թիմի ձեռքին։ Սերժը գոնե կոստյում էր սարքել սահմանադրությունը, սրանք այդ կոստյումը դարձրին տրապկա, պոլի շոր։ Սրանք արհամարհում են մայր օրենքը, ինչ որոշում ուզում են՝ կայացնում են։ Որովհետև մեծամասնություն են։ Միջակ լրագրողը, որը, ասում են, անգամ բարձրագույն կրթություն չունի, այսօր դարձել է երկրի թիվ մեկ սահմանադրագետը։ Իրավաբաննե՛ր, վառեք ձեր դիպլոմները, տեսեք, թե ովքեր են այսօր խոսում օրենքից, օրինականությունից, իրենց հռչակում օրենքի գիտակ։ Երբ կա գլխաքանակ, օրենքն ու սամանադրությունը դառնում են անիմաստ։

Գիտե՞ք այս ամենի պատճառը որն է։ Ասեմ իմանաք, ժողովուրդ,Նիկոլ Փաշինյանը վարի է տալիս իրավական պետությունն էլ, Սահմանադրությունն էլ, երկիրն էլ, ձեզ էլ՝ հանուն նրա, որ օրենք փոխի, մի ապօրինի ճանապարհ մտածի ու Ռոբերտ Քոչարյանին պահի կալանքի տակ։ Ձեռք է բերել սեփական օգտագործման դատավորների, դա քիչ է, ուզում է սահմանադրական դատարանի կազմ փոխել ինչ գնով էլ լինի, որպեսզի իր սրտի ուզածն անեն։ Նա հանուն այդ մեկ նպատակի ամեն ինչի վրայով անցավ ու էլի կանցնի, բայց մեկ է՝ տապալվում է։ Որովհետև ինչ անում է՝ անում է օրենքից դուրս կերպով։ Հլա շատ օրենքների ու որոշումների վրայով կանցնեն, հլա շատ կհեղինակազրկվեն, բայց չեն կարող հասնել արդյունքի։ Դուք արդեն պարտվել եք։

Կարճ ասած՝ այս իշխանությունը արդեն վտանգավոր է մեր երկրի համար, ժողովրդի համար, քաղաքացիները ստիպված են միայնակ պայքարել վարակի դեմ, սոցիալական խնդիրների դեմ ու արդեն՝ իշխանության դեմ։ Անլուրջ եք, տղերք, ինքնակամ գնացեք, հերիք է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ