26 05 2020

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ Վրաստանը հաղթահարեց համաճարակը, Հայաստանը՝ ոչ․ 6 պատճառ



Հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունացել։ Խոսքը բնավ սիգարետի մաքսանենգությունը չէ, որի մեջ անպատասխան մեղադրում են վարչապետ Փաշինյանին ու մերձավորներին։ Չնայած, որ սիգարետն էլ, ադամանդն էլ միջազգային սկանդալի որակներ են ստանում։ Խոսքը, սակայն, Հայաստանի առողջապահության նախարարի՝ նախարարին ոչ վայել վարքագծի մասին է։ Հայաստանում վարչապետի ու առողջապահության նախարարի անփույթ վերաբերմունքի, տևական ժամանակ վիրուսին շան տեղ չդնելու կամ շան տեղ դնելու պատճառով ունենք կատաստրոֆիկ իրավիճակ։ Մեր դարդերով տապակվելու փոխարեն մեր պաշտոնյաներն իրենց անգործությունը քողարկելու համար հայտարարում են, թե՝ հարևան երկիրը թվերը թաքցնում է և իրենց համակարգը վատն է, մերը՝ լավը։ Վրաստանն աշխարհի մասշտաբով կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետը պայքարած երկրներից է, նախանձի արժանի։ Ու դու փոխանակ հետևես արդյունավետ պայքարողների փորձին, սովորես, ներդնես քո երկրում իրենց հաջողված փորձը, հրապարակայնորեն կասկածի տակ ես առնում, պիտակավորում, որ ի՞նչ անես, պարզ չէ։ Բազմաթիվ նրբություններ կան, որից ելնելով՝ վրացական կողմը ամեն օր լուտանքներ է թափում Արսեն Թորոսյանի գլխին, չնայած որ նա ԱԳՆ միջոցով ներողություն է խնդրել։

Ասեմ ինչի մասին է խոսքը, եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ հարևան երկրի ցուցանիշներին։ Եվ այսպես՝ Վրաստանում այս ընթացքում գրանցվել է վարակման ընդամենը 732 դեպք՝ 12 մահով, Հայաստանում՝ 7402 դեպք՝ 91 մահով, Վրաստանում մեկ օր առաջ գրանցվել էր 1 դեպք, մեզ մոտ՝ 457։ Սրան ի պատասխան՝ մեր նախարարն ասում էր՝ նրանց բախտը բերել է։ Մերոնք այդպես էլ չհասկացան այս տարբերության պատճառը և վերագրում են ճակատագրին։

Բայց եկեք տեսնենք, թե Վրաստանը ինպե՞ս է պայքարում վիրուսի ու դրա հետևանքների դեմ, մենք՝ ինչպես։ 

Վրաստանն իր բոլոր նորմալ մասնագետներին, պրոֆեսիոնալներին հանեց ոտքի, բոլորին՝ անկախ նրանից հին էին, նոր էին, Սահակաշվիլո՞ւ ժամանակ էին աշխատել, թե՞ Շևարդնաձեի։ Մեզ մոտ անգամ այս հարցում են հին ու նոր դնում, չեն լսում մասնագետների խորհուրդները, մեծամիտ են, իրենց դնում են Հիպոկրատի տեղը, բայց սովորական սնխչի են։ 

Վրաստանում կորոնավիորւսի դեպք դեռ չէր գրանցվել, նրանք Թբիլիսիի փողոցները ախտահանում էին հատուկ լուծույթով։ Իսկ մեր կարգին քաղաքապետարանի ավագանու անդամը ղժժում էր, ձեռք էր առնում։ Վրաստանում հենց կորոնավիրուսով դեպք գրանցվեց, մտցրեցին կարանտին ու հայտարարեցին վարկային արձակուրդի մասին։ Մեզանում վարկային արձակուրդի մասին հարցը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ԱԺ ամբիոնից հիստերիկ ելույթ ունենալու համար, թե՝ հեշտ եք խոսում։ 

Վրաստանում հայտարարվեց երկու ամսով կոմունալ վճարներից բաժանորդներին ազատելու մասին։ Հայաստանում նախ դա համարեցին աբսուրդ, հետո կիսատ-պռատ որոշում կայացվեց՝ մինչև 5 հազար դրամ հոսանք սպառածներին, 50 տոկոս, հետո 30 տոկոս աջակցություն։ Նիկոլ Փաշինյանը 6 անգամ ուղիղ եթեր մտավ այս թեմայով, ու վերջում էլ մունաթ եկավ, թե գումարը տարեք-տվեք հարևանին։ 

Վրաստանում հասկացան, որ երկիրը վտանգի առաջ է, ու գյուղատնտեսությանը որոշեցին զարկ տալ, մարդկանց ազատեցին ոռոգման ջրի վճարից։ Հայտարարվեց, որ ով ուզենա գյուղտեխնիկա ձեռք բերել, 50 տոկոսը պետությունը կտա։ Հայաստանում հայտարարվել է 0 տոկոսով գյուղվարկերի մասին, բանկերի դիմաց հերթեր են, բայց հերթով մերժում են, ում էլ չեն մերժում, պահանջում են հաջորդ  ամսին վճարում կատարել։ 

Վրաստանի վարչապետը գյուղատնտեսության մասին խոսեց ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ օգնություն տալու առիթով։ Մեր վարչապետը միայն գյուղատնտեսության մասին տաս անգամ խոսեց, էլ այցելեց գյուղ, զարմացրեց գյուղատնտեսության մասին ևս իր գիտելիքների պակասով, հարցրեց, թե ինչն են ծառից քաղում, ինչը՝ հողից հանում։ Հետո մի հատ էլ լայվ մտավ ու ասաց, որ կոստյում-շալվարով պետք է գյուղացին գնա հող մշակելու, թե չէ արդյունքի չի հասնի։ Խոսեց, խոսեց՝ ոչ մի խնդիր չլուծեց։ Խնդրեմ՝ Վրաստանում ռեալ օգնություն տրվեց, Հայաստանում՝ ոչ մի բան։ Ու ասում են՝ Վրաստանի բախտը բերել է։ Հա, վրացիների բախտը բերել է, որ  ղեկավարներ ունեն, ոչ թե լայվ մտնողներ։ 

Հայաստանի վարչապետը կորոնավիրուսի՝ մեր երկրում ի հայտ գալուց ի վեր 40 անգամ լայվ է մտել, հարյուրավոր քոմենթներ գրել ֆեյսբուքյան էջին, ելույթներ ունեցել հրապարակներում, բազմություն հավաքել։ Դրանից ազատ ժամանակ էլ զբաղվում է այգում գիլազ քաղելով։ Վրաստանի վարչապետի սոցցանցային զբաղվածությունը փորձեցի ուսումնասիրել, բավականին աղքատիկ էր մերի համեմատ, ըստ երևույթին՝ դրա փոխարեն աշխատել է, գործ է արել։

Մեզ մոտ ամնիջապես ժողովրդին մեղադրեցին վիրուսի տարածման համար։ Ո՛չ, պարոնայք, ժողովուրդները կարգապահության մասով միշտ գրեթե նույնն են, այստեղ խոսքն իշխանության գործողությունների մասին է, նա՛ է թելադրում, կազմակերպում և պարտադրում կարգապահության աստիճանը։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ գլխավոր պայքարող մասնագետները հրավիրել են Արսեն Թորոսյանին Վրաստան՝ փորձի փոխանակման։ Աստված սիրեք, մեր վարչապետին էլ հրավիրեք, կարող է մի բան էլ ինքը սովորի։ 

Կարճ ասած՝ որ երկու տարի է ասում էին՝ Աստված ոչ անի մի լուրջ վտանգի առաջ կանգնենք, սրանք ոչ միայն ոտքներին կգցեն, այլև վարի կտան երկիրը, ճիշտ էին ասում։ Այսօր հենց այդ վիճակն է, գցել են ոտքներին, երկիրը վարի է գնում, ժողովուրդն էլ՝ հետը։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ