20 05 2020

«Կարճ ասած»․ Խայտառակ իրադարձությունից մեկ տարի անց



Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցավ անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ իրադարձություններից մեկը՝ երկրի ղեկավարը հրահանգեց շրջափակել դատարանների մուտքերը։ Վարչապետի կոչին հետևելով, շուրջ 1000 հոգի Երևանում և մարզերում, մասնակից եղան մեր երկրում սահմանադրական կարգի տապալմանը։ Ընդ որում, նրանց թվում էին նախարարներ, պատգամավորներ, իշխանական ակտիվիստներ, անգամ՝ իրավաբաններ։ Պատճառն այն էր, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չէր ենթարկվել գործադիր իշխանության կամքին և շարժվել էր օրենքով՝ Արցախի նախագահների երաշխավորությամբ ազատ էր  արձակել ՀՀ երկրորդ նախագահին։

Շրջափակեցին դատարանի դռները, քաշքշեցին փաստաբանի, հրեցին, հատակին ցեցին բարձր հեղինակությամբ երկրորդ տեղը զբաղեցնող դատավոր Բալայանին, խոչընդոտեցին դատարանների աշխատակիցների մուտքը իրենց աշխատավայրեր։ Փաշինյանն անձամբ էր մասնակցում գործընթացին, իսկ հետո ելույթ ունեցավ և խոսեց կաշառակեր դատավորների մասին՝ երևի նկատի ունենալով իրեն չենթարկվող դատավորներին, խոսեց այն ժամանակ դեռ անծանոթ վեթինգի մասին։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և հայտարարությունը քննադատեցին քաղաքական ուժեր, թե՛ տեղի, թե՛ դրսի մասնագետները, միջազգային կառույցները։ Այն ժամանակ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը մամուլի միջոցով ներկայացրեց իր վերաբերմունքը, 3 օր անց հրաժարական տվեց։ Անտարբեր եղան ԲԴԽ այլ անդամներ և արդարադատության նախարարը․ որոշեցին հաշտվել այս հակաօրինական քայլերի հետ և պահպանել պաշտոնները։ Հետո պետք է գար մի պահ, որ արդարադատության նախարարն այլևս չէր հաշտվի ու դիմում կգրեր, բայց մինչ այդ նա կուլ տվեց ամենը՝ որակելով որպես ակցիա։

Ընդամենը մեկ-երկու դատավոր եղան, որ ըմբոստացան վարչապետի այս հայտարարությանը։ Միջազգային քննադատությունները Փաշինյանին զսպեցին վեթինգի մասով, բայց հետո սկսվեց լայնածավալ հարձակում Սահմանադրական դատարանի վրա։ Դարձյալ թեման Ռոբերտ Քոչարյանի գործն էր։ Իշխանությունը վստահաբար գիտի, որ որևէ դատավոր, որևէ դատական ատյան արդար որոշում կայացնելու պարագայում կարճելու է գործը, ազատ կարձակի երկրորդ նախագահին, և պատասխանատվության կենթարկվեն տասնյակ պաշտոնյաներ այդ գործով անօրինականությունների և ստեղծած խառնաշփոթի համար։

Այնուհետ որոշեցին փոխել ՍԴ կազմը, որ հլու-հնազանդ դատավորներով համալրեն։ Սկզբից աօրինական եղանակով ընտրեցին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, որը հայտարարեց որ ինքն է ՍԴ նախագահը, հետո սկսեցին շահարկել ՍԴ անդամ-դատավոր տարբերությունները, հոգեբանական ճնշումների ենթակեցին մնացյալ անդամներին։ Չանցավ։ Հետո հարձակվեցին ՍԴ դատավորների վրա․ դա ևս չանցավ։ Խորհրդարանը հակասահմանադրական օրենք ընդունեց՝ Հրայր Թովմասյանից ազատվելու համար։ Եվս չանցավ։ Պետական մակարդակով կաշառք առաջարկվեց ՍԴ դատավորներին․ մերժում ստացան։ Վերջում նախաձեռնեց հակասահմանադրական հանրաքվե։ Հիշեցնեմ, այս ամենն արվում էր մի նպատակով՝ պահել երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փակի տակ, թույլ չտալ, որ որևէ օրինական ընթացքով անցնի «Քոչարյանի գործ» կոչվածը։ Հասել են հանրաքվեին ու կանգ են առել։ Համարձակություն չունեն առաջ գնալու, որովհետև կձախողի, ու ակնհայտ կդառնա իշխանության իրական վարկանիշը։Այսօր՝ դատարանների վրա գրոհից մեկ տարի անց, Փաշինյանը նշում է, որ ոչ, այլևս պետք է գնալ ոչ վիրահատական ճանապարհով։ Ինչո՞ւ։ Երևի որովհետև գտել է դատավորի, որը համաձայն է ենթարկվել և շարժվել իր կանոններով։ Իսկ ինչ եղավ այս մեկ տարվա ընթացքում դատական համակարգի հետ, ցավալի է։

Դատարաններն այնքան հեղինակազրկվեցին, որ անգամ կառավարության անդամը հրաժարվեց կատարել նրանց վճիռը։ Այսօր այն վիճակում ենք, որ մեղադրվողները նախընտրում են թաքնվել իրավապահներից, որովհետև հույսները կտրել են արդար դատական ընթացքից։ Գնացածները չեն վերադառնում, որոշները մեկնում կամ պարզապես թաքնվում են, որովհետև մտածում են, որ եթե նախկին նախագահի նկատմամբ է այսպես արվում, է մենք ո՞վ ենք որ մեր դեպքում օրենքին նայեն։

Մեկ տարի առաջ շրջափակվեցին դատարանները, դրանից առաջ կալանավորվեց նախկին նախագահը, հանրության մեծամասնությունը լուռ հետևեց իրականացվողին, չմասնակցեց, բայց իր լռությամբ դարձավ հանցակից։ Դա Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց ասելու, թե 70 տոկոս ձայն եմ հավաքել, ինձ արտոնել եք անել ինչ ուզում եմ։ Այդ «ինչ ուզում եմ»-ը նշանակում էր, որ ուզի՝ դատավորին կճնշի, ուզի՝ հողեր կզիջի, ուզի՝ սիգարետի մաքսանենգությամբ կզբաղվի, կանի՝ ինչ կուզի։

Կարճ ասած՝ մարդն ասում էր՝ լավ եմ անում, չես ուզում՝ վեր կաց ու թույլ մի տուր։ Այսօր, ընդամենը 2 տարի անց, շատ բան է փոխվել, շատ բաներ են պարզ դարձել, չկա ո՛չ աջակցությունը 70 տոկոսի, ոչ էլ 30-ի, ընդամենը մնացել են մատներ վրա հաշված կատարողներ, որոնք էլ օր-օրի պակասում են՝ հասկանալով որ թե՛ երկիրն է վարի գնում, թե իրենք՝ անձամբ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ