30 04 2020

«Կարճ ասած». Սամոսուդը վերջին կետն է, որից այն կողմ քաղաքացիական բախումներն են



Երկու օր է արդեն, ինչ Հայաստանն աչք չի բացում սկանդալներից: Մեկ խորհրդարանում են իրար մայր հիշում, մեկ ոստիկանապետի աչքի առաջ իրար են մորթում, մեկ անձեռնամխելիությամբ օժտված պաշտոնյան է որոշում քիթ կոտրել: Կարանտինում գտնվող հանրության համար, ի՞նչ խոսք, լավ թամաշա էր, սերիալ՝ երկու օր՝ առանց գովազդային ընդմիջման:

Մեր երկրում արդեն փաստացի հաստատվել է սամոսուդի շրջան: Բայց դա միանգամից չեղավ: Սկզբում սև ու սպիտակի բաժանումն էր, դրան գումարվեց աասֆալտին փռելու և պատերին ծեփելու օպերացիան, դրան գումարվեցին աղբարկղ նետելու կոչերը, քարով գլուխը ցխելը, հիմա էլ այդ ամենին ավելացավ շղթայի հաջորդ օղակը՝ սամոսուդը:

Մինչ այս նման հնարավորություն ուներ ոստիկանությունը՝ վարչապետի հանձնարարությամբ: Ոստիկանները մարդուն բռնում էին, ու մինչև բաժին տանելը պարտավորված էին փռել ասֆալտին, կպնել ինքնասիրությանը, նոր բերման ենթարկել: Անգամ մարդ էին բռնել, որի մոտ կսկածելի բան չգտնելով՝ այնուամենայնիվ խնդիրել էին թույլ տա իրեն փռել ասֆատլտին՝ զուտ նկարահանելու համար, շեֆի մոտ հանձնարարությունը կատարած երևալու համար: Ոստիկանները հետո չբավարարվեցին պարզապես ասֆալտին փռելով, ու մենք տեսանք Իջևանի դեպքերը, երբ տանից հանում-տանում էին բաժին, քիթը ջարդում, սարքում էին գլխի չափ և հետ էին բերում տուն:

Այն պահից, երբ ելույթ ունեցավ վարչապետը, սամոսուդը, պարզվեց, հարց լուծելու ձևերից մեկն էր (ի՛նքը չի թողել), ոստիկանության ձեռքից մենաշնորհը վերցվեց և բաժանվեց հպարտ պողոսներին և մնացած բոլորին: Ստացվեց, որ ով ում ուզի կարող է սամոսուդ անել, իհարկե եթե ինքը որոշի որ ուզում է հենց սամոսուդով լուծել իր հարցը: Վարչապետը օրինակ, չի ուզել: Ենթադրվում է` դեռևս: ԱԺ փոխնախագահը, կարծես ուզեց. զբոսնում էր, մեկին բարևեց, մի տեսակ այլ բարև ստանալուց հետո, որոշեց ու գլխով տվեց մարդու քթին:

Մտանք ինքնադատաստանի ռեժիմ. պետություն այլևս չկա, իշխանությունը մեռավ: Նրան փոխարինեց վայրենությունը: Դրա համար էլ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում: Նիկոլ Փաշինյանի վատ ազդակները կատարվում են անմիջապես:

Գավառի դեպքը ինչի՞ նշան էր, եթե ոչ՝ պետության բացակայութան, իշխանության վախճանի: Երբ ոստիկանապետն ահաբեկչին ուղեկցում է իր ավտոմեքենայով, առանց ձեռնաշղթաների, դա հանցանքի նկատմամբ հակում ունեցողներին ազդակ է, որ իրենք պետական հոգածության են արժանանալու: Երբ ոստիկանական գունդը գրաված ահաբեկիչներին բաց ես թողնում ու թույլ տալիս մասնակցեն քաղաքական պայքարի, դա ևս ազդակ է մարդկանց: Երբ ամեն առիթով ապացուցում ես, որ քրեական գործերը հարուցվում են և ասֆալտին փռվում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարության, պետությունից արդարադատություն ակնկալող քաղաքացին հասկանում է, որ ինքը միայն իր վրա կարող է հույս դնել, պետությունը ավելի կարևոր գործերով է զբաղված: Ավելի կարևոր գործերը չակերտների մեջ, իհարկե:

Երբ ասում ես քաղաքացուն, որ դու հեղափոխությունից հետո ազատ էիր ինքնադատաստանի ենթարկելու, միայն բարի կամքն էր քեզ հետ պահել, քաղաքացին ինքն իրեն պատկերացնում է որ ազատ է ինքնադատաստանի ենթարկելու հարցում, և որ դա կարող է անել բոլորի նկատմամբ հավասարապես՝ հներին էլ, նորերին էլ, առաջիններինն էլ, վերջիններինն էլ, դռնապանին էլ, իսկ մի օր էլ՝ վարչապետին:

Սա մեր երկրում գրամ-գրամ սերմանված անհանդուրժողականության արդյունքն էր: 2018 թվականի ապրիլից սկսած, երբ իշխանափոխության գործընթացն ուղեկցվում էր ատելության խոշոր դոզաների ներարկմամբ, անընդհատ ասել ենք՝ ժողովուրդ, սա մեր վերջի սկիզբն է, սա սիրո հեղափոխություն չէ, սա ատելության հեղափոխություն է, ատելության իշխանություն: Մենք անցանք այդ դաժան ճամփի բոլոր փուլերով, ու սամոսուդը, արդեն վերջին կետն էր, որից այն կողմ քաղաքացիական բախումներն են: Մարդը, որ սովորեց կոկորդ կտրելուն, պարզապես ասֆալտին փռելով ու ֆեյսբուքում վատ քոմենթ գրելով այլևս չի բավարարվելու:

Ինչո՞ւ իշխանությունն ատելության այսքան մեծ չափաբաժին ներարկեց. Մեկ պարզ պատճառով՝ դա իր երկարակեցության միակ բանաձն է: Եթե այս ամենը շուռ գար իշխող խմբակի դեմ, կասեինք՝ ոչինչ, արժանի են: Բայց սա աշխատում է պետության դեմ, պետության հիմքերի տակ Նիկոլ Փաշինյանն ականներ է դրել ու ամեն վայրկյան սպառնում է պայթեցնել:

Կարճ ասած՝ վերացել են այն ժամանակները, երբ Հայաստանը ապահով երկիր էր համարվում: Եվ արդեն մոտեցել են ժամանակները, երբ մարդիկ պետք է ման գան զինված: Ի՞նչ իմանաս, թե որ պահին ով կուզենա սամասուդ անել, չէ՞ որ ոստիկանությունն ավելի կարևոր հանձնարարություններ է կատարում:

Հա, ի դեպ, ուշագրավ է, որ այս խառնակչությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի ողջ հանրությունը և Սփուռքը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Մինսկի խումբը, սպասում է Նիոլ Փաշինյանի պատասխանին, թե, ի վերջո, ղարաբաղյան հարցով ի՞նչ թաքուն բանակցությունների, առևտրի մեջ է: Վերջին օրերին բազմիցս Նիկոլ Փաշինյանին պահանջ հնչեցվեց բացել փակագծերը, իսկ որպես պատասխան ստացանք ջարդ, սպանություն, թամաշաներ: Սրանք ուշադրությունը հիմնական բաներից շեղելու փորձեր են կամ առիթներ: Իսկ նա, ակնհայտորեն, չի ուզում խոսել: Ուրեմն սպասեք ավելի վատ բաների:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ