27 04 2020

«Կարճ ասած». Հանրությունը ցածր աշխատվարձից է դժգոհ, պաշտոնյան՝ բարձր



Մինչ հանրությունը դժգոհում է պաշտոնյաների՝ անարդարացիորեն բարձր աշխատվարձերից, վերջիններս էլ, ի հակառակ, սկսել են բողոքել իրենց աշխատավարձի փոքրությունից: Մեկ Էջմիածնի քաղաքապետն է ասում, թե աշխատանքը շատ է, գումարը՝ չնչին, մեկ Ազգային ժողովի փոխնախագահն է բողոքում իրենց ու նախարարների աշխատվարձից, մեկ վարչապետն է դժգոհում: Մի տեսակ՝ բոլորը սկսել են բողոքել ստացածից, ու տպավորություն է, թե առաջ աշխատավարձը տրցակներով էին բաժանում և հիմա եկել-տեսել են, որ իրենց համար տրցակներ պահված չեն:

Այն, որ մեր երկրում պաշտոնյաների աշխատավարձ-պարգևատրումներն ամենօրյա քննարկման առարկա են, դա առաջին հերթին նշանակում է, որ իշխանությունը խորթացել է հանրությունից, մարդկանց խնդիրները թողել է մի կողմ ու մտածում է իր սոցիալական վիճակի կտրուկ բարեփոխման մասին, քանի դեռ հնարավոր է: Այն, որ մեր երկրում մարդիկ սկսել են հաշվել պաշտոնյաների ստացածը, նշանակում է, որ իրենք՝ քաղաքացիները վատ են ապրում, կամ առնվազն գոհ չէն պաշտոնյաների արած աշխատանքի արդյունքներից: Երջանիկ ու պահով քաղաքացին չի բողոքի մյուսի հարաբերական բարեկեցությունից: Իսկ որ բարձր պաշտոնյաներն այսօր ավելի բարեկեցիկ են ապրում, քան նախկինում էին, կասկած անգամ չունենք, թեկուզ միայն նրա համար, որ առաջին անգամ իրենց աշխատավարձը մի քանի անգամ ավելի բարձր է, քան իրենց աշխատանքի արդյունքն է: Ասում են, թե պրոֆեսիոնալ կադրեր պահելու համար բարձր աշխատավարձ է պետք, իսկ արդյո՞ք այդ չակերտավոր պրոֆեսիոնալների աշխատանքի պատճառով չենք այս օրին՝ խորացող աղքատություն, գործազրկություն. վերջ ի վերջո, ոչ մի ոլորտում հաջողություն չկա:

Աշխատվարձ-պարգևատրումների վերաբերյալ արդարացումները զավեշտալի են՝ պարգևատրում ենք, որ կոռուպցիա չանեն: Նախ իրականում հակառակն է՝ կոռուպցիոն պաշտոնյայի աշխատավարձն աճելու արդյունքում կոռուպցիայի արժեքն էլ է աճում: Դա կվկայեն կուռուպցիայի արդյունքում կալանավորված նորօրյա պաշտոնյաները: Բայց կուզենայինք հարցնել՝ երբ գալիս էիք իշխանության՝ շահարկելով քաղաքացիների սոցիալական դրությունը, չգիտեի՞ք, պաշտոնյայի աշխատավարձի չափը: Նախարարի աշխատավարձի չափն էլ էր հայտնի, պատգամավորի էլ, վարչապետի էլ, քաղաքապետի էլ, Փաշինյանը մեկ անգամ չէ, որ շահարկել էր սեփական լրատվամիջոցում կամ ԱԺ ամբիոնից: Այդ դեպքում ինչո՞ւ համաձայնեցիք աշխատել այդ պաշտոններում: Գուցե մտածում էիք, որ կողքից գումա՞ր եք աշխատելու: Ու հիմա ինչո՞ւ եք մեզ վրա վաճառում կոռուպցիա չանելը: Նախ այնպես չէ, թե կոռուպցիայի մեջ չկաք, այդ մասին բազում փաստեր կան, բռնված ու չբռնված պաշտոնյաները՝ վկա: Բայց դուք, որ անգամ 1,5 միլիոն աշխատավարձն եք պակաս համարում, գոնե տեղյա՞կ եք, թե Հայաստանում քանի ընտանիք է ապրում նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձով, դուք տեղյա՞կ եք, որ 100 հազար ընտանիք ապրում է նպաստի հույսին: Վարչապետն ուղիղ եթերում զանգում է քաղաքացուն ու զարմանում, թե 40 հազար դրամով ինչպե՞ս եք ապրում: Լո՞ւրջ: Չգիտեի՞ք: Իսկ գուցե մտածում եք, թե եկաք ու մարդկանց եկամուտն աճե՞ց:

Ախր, արդարացումներն էլ են աբսուրդ: Վարչապետն ասում է՝ աշխատավարձը բարձրացնելով կատարել եմ իմ նախընտրական խոստումը, լավ եմ արել, դուք ինձ վստահության քվե եք տվել: Ինձ թույլ կտամ հարցնել՝ իսկ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը խոստումների ցնկում ո՞րերորդն էր: Կարո՞ղ է, պատահաբար, գործարանների վերագործարկման խոստում էլ էիք տվել, տնտեսական հեղափոխության խոստում էլ իք տվել, կարող է՞ խոստացել էիք, որ ազգուտակով չեք լցնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը, որ դատավորներին չեք զանգելու, վենդետա չի լինելու, պաշտոնի նշանակելիս առաջնահերթությունը չեք տալու մանկապարտեզի սաներին ու անփորձներին, իսկ գուցե խոստացել էիք, որ Ղարաբաղը մասնակից կդարձնեք բանակցություններին ու առանց նրանց ոչինչ չե՞ք քննարկի: Այդ ինչպե՞ս որոշեցիք խոստումների կատարման հաջորդականությունը սկսել ձեր աշխատավարձի բարձրացումից ու օպտիմալացումից ու ինչո՞ւ որոշեցիք դրանից հետո կանգ առնել: Գուցե պատճառն այն է, որ դա հե՞շտ էր, որովհետև տնտեսական հեղափոխություն անելը գիտելիք, լավ թիմ, ջանք, ներդրում է պահանջում, աշխատավարձի բարձրացումն ու օպտիմալացումները ո՞չ: Վարա՞կն էր պետք՝ բացահայտելու համար, որ ուսուցիչն ու բուժաշխատողը ավելի մեծ աշխատանք են կատարում, քան ձեր բերած պաշտոնյաները:

Մեր կառավարությունն աշխատավարձ է բարձրացնում կրճատումների հաշվին, հանրության հաշվին, մարդկանց աշխատանքից ազատելու, փողոց նետելու հաշվին:  ԵՊՀ ռեկտորին պաշտոնակատարն աում է, որ ուսման վարձերը կբարձրցնեն և դրանով կբարձրացնեն աշխատավարձը: Սա մի երկրում, որի ղեկավարը խոստացել էր բլորին հասանելի դարձնել կրթությունը:

Պետական եկամուտների կոմիտեյի նախագահը վախենում է, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք՝ անկախ նրանից՝ անձը պետական ծառայող է, թե ոչ: Հարգելի պարոն Անանյան,  ո՞վ է ձևավորել այդ կարծիքը, արդյո՞ք Հայաստանի այսօրվա վարչապետը չէ, որ տարիներ շարունակ քարոզել է ոչ թե բարձր աշխատավարձի ստացումն ու հարստացումը, այլ հակառակը՝ քարոզել է աղքատություն, ամենուր անարդարություն, ատելություն է սերմանել հարուստների նկատմամբ, որը շահարկելու հաշվին պետք է իշխանության գար:

Կարճ աած՝ պաշտոնյաների գաղտնի բարձրացված աշխատավարձերը պետք է բերվի հին վիճակին, և գումարը ներդրվի տնտեսության մեջ ու հատկացվի կորոնավիրուսի արդյունքում տուժածներին, քանի որ մենք այս օրին ենք հայտնվել ա՛յդ պաշտոնյաների փնթի և ոչ կոմպետենտ աշխատանքի պատճառով:

Այն էլ հիմա, երբ մարդկանց աշխատավարձը քչացել է, շատերն էլ զրկվել են եկամտից, իսկ տրվող աջակցությունը հավասար է ընդամենը սոցիալական նվազագույն զամբյուղին կամ դրանից ցածր է, պաշտոնյաները պարտավոր են ձգել գոտիները: Կան բազմաթիվ երկրներ, որոնցում 30-70 տոկոսով կրճատել են պաշտոնյաների աշխատավարձն ու պարգևատրումները: Ինչո՞ւ ոչ, կարելի է և ուրիշ երկրներից սովորել հարգել պետությունն ու քաղաքացիներին: Թե չէ, բոլոր երկրներին ժողովրդավարության դասեր ենք տալիս, բայց այստեղ էլ խաբեցիք՝  հպարտ քայլերով կառուցում եք դիկտատուրա:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ