Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի սենսացիոն ելույթում երեք խոշոր ազդակներ եղան, որոնք ոչ միայն հենց իրավիճակն են բնութագրում, այլև գուժում են հայ-ռուսական չափազանց վատ հարաբերությունների մասին: Բացատրեմ:
Առաջինը. Արցախյան հարցի մասին խոսելիս Սերգեյ Լավրովը կարևոր բացահայտում արեց. Հայաստանն ու Ադրբեջանը, համանախագահների մասնակցությամբ, ակտիվ քննարկում են խնդրի կարգավորման փուլային տարբերակ, որը նախորդ տարվա ապրիլին են տարածել: Նշեց նաև առաջին փուլում նախատեսվածը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում:
Այս հայտարարությունից հետո հրատապ անդրադարձ եղավ մեր նախարար Մնացականյանի կողմից որը, այսպես ասեմ՝ չասաց՝ Լավրովը ստում է կամ չկա նման բան: Ի՞նչ է ստացվում. Հայաստանի իշխանության՝ բանակցային գործընթացում ժողովրդի հետ անկեղծ լինելու մասին խոսքերը դատարկություն էին: Ընդամենը հունվարի 25-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանը, այսինքն՝ գլխավոր բանակցողը հայտարարում է բառացիորեն հետևյալը. «Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»: Բայց պարզվում է, որ կար դեռևս դրանից ավելի քան կես տարի առաջ:
Ուշագրավ է մեկ այլ բան ևս, Նիկոլ Փաշինյանը բանակցում է փուլային տարբերակի շուրջ և միևնույն ժամանակ նախորդ իշխանություններին մեղադրում, թե բանակցել են տարածքները հանձնելու շուրջ: Այն դեպքում, երբ Լավրովը վերահաստատում է, որ նախորդ իշխանությունները մերժել են տարածքների հանձնումների առաջարկները:
Լեռնային Ղարաբաղի ազատագրված շրջաների հանձնոմ, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ուղիների բացում, հայկական զորքերի դուրս բերում և անհասկանալի ապագայում հանրաքվե: Ահա թե ինչ է ենթադրում փուլային տարբերակը: Սրանք միակողմանի զիջումներ են և ոչ մի խոսք փոխզիջման մասին:
Լավրովն ասաց այն, ինչ ռիսկ չեն անում ասել Հայաստանի իշխանությունները՝ վախենալով Հայաստանում հիասթափություններից և վստահության կորստից: Դա, սակայն, անխուսափելի է:
Արտգործնախարար Մնացականյանը ելույթ ունեցավ և ասաց, թե իրենք զիջում չեն անում: Բայց հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարարը բառ անգամ չի ասել զիջումների մասին, այլ՝ որ բանակցվոմ է փուլային տարբերակ:
Մնացականյանի հայտարարությունը, որտեղ խոսում է անվտանգության, փոխզիջումների, ինքնորոշման գերակայության և այլնի մասին, զուտ ներքին լսարանի համար են: Եթե ինքնորոշումը գերակա է, ինչո՞ւ եք փուլային տարբերակ քննարկում:
Փաշինյանը մինչ այս հայտարարել է, որ պետք է լուծումը բավարարի երեք կողմերին էլ, բայց, ըստ ամենայնի, քննարկում է միայն մեկ՝ Ադրբեջանին ձեռնտու տարբերակ: Հայկական կողմը պարտավոր է հայտարարել՝ համաձա՞յն է փուլային տարբերակին, թե՝ ոչ և պարտավոր է նշել իր տարբերակը:
Հետաքրքիր է՝ այս մասին տեղյա՞կ է Արցախի կողմը, Նիկոլ Փաշինյանը, որ նշում էր, թե նախկինները թաքցրել են բանակցությունները Արցախից, ինքը ներկայացրե՞լ է, որ նախորդ տարվա ապրիլից քննարկում են Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակը: Հետաքրքիր է՝ Արցախի նորընտիր նախագահը, որ նշում էր, թե Հայաստանի հետ համընկնում են տեսակետներն այս հարցում 100 տոկոսով, այժմ ի՞նչ կասի: Սրանք պատասխաններ են, որ պետք է տրվեն անհապաղ: Երեկ՝ ապրիլի 21-ին էլ բանակցություն ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, և գրեթե վստահ եմ, ար հիմա էլ կասեն, թե դա բանակցություն չէր, տակը փոստաթուղթ չկա: Ստելու ու ֆռացնելու սովորություն:
Ընդ որում, փաստենք, հիմա, երբ ողջ աշխարհի ուշադրությունը կորոնավիրուսն է, բոլոր երկրները մի կողմի վրա են դրել մյուս խնդիրները, մենք, պարզվում է, ակտիվ բանակցում ենք: Եվ ուշագրավ է՝ ինչո՞ւ է այս մասին հենց այժմ բարձրձայնում Ռուսաստանի Դաշնությունը:
Այս հարցին պատասխանելուց առաջ անդրադառնանք Լավրովի մյուս երկու կարևոր մտքերին:
Եվ այսպես՝ գազի գին: Հայ լրագրողը հարց է ուղղում, թե ինչու է գազի գինը շարունակում բարձր մնալ Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար, այն դեպքում, երբ ռուսները ԵՄ անդամ որոշ երկրների համար իջեցրել է գինը: Լավրովն արձագանքում է, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց եթե հիմա այս գինն է, ուրեմն կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն: Կարճ ասած՝ սա է, պետք է վճարեք: Եվ հիշեցնում է, որ երեք-չորս տարի առաջ հակառակ պատկերն էր: Ընդ որում, դա այն ժամանակ էր, երբ Փաշինյանը քննադատում էր Հայաստանի իշխանությանը գազի գնի համար՝ ասելով, թե թանկ է: Գազը, հիշեցնեմ, կարող է թանկանալ 36 տոկոսով: Գազի թանկացման խոսակցություններին նախորդեց Նիկոլ Փաշինյանի զանգը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և ըստ ամենի՝ բողոքը հենց գազի գնից: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է որոշել բողոքել հենց Լուկաշենկոյին, նա ի՞նչ կապ ունի: Բայց հեռախոսազրույցից ուղիղ մեկ օր անց՝ ապրիլի 1-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ ներկայացրեց: Այսինքն՝ սա ևս Հայաստանի ղեկավարի անմիջական մեղքով: Ի դեպ, հիշենք այսպես կոչված հեղափոխության էյֆորիկ փուլը՝ պետք լինի մեկ խորանարդ մետրի համար 1000 դրամ կվճարենք, բայց մեր ինքիշխանությունը, չգիտեսթեինչը… Բա էսօր ինչի՞ եք խառնվել իրար:
Եվ վերջապես՝ Լավրովի երրորդ մեսիջը: Հայաստանի նոր իշխանության առաջին քայլերից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն էր: Օգոստոսի 15-ի կեսգիշերին ՊԵԿ աշխատակիցները խուզարկություն անցկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գրասենյակում, առգրավեցին փաստաթղթեր, քրեական գործ հարուցեցին չարաշահումների մեղադրանքով, որը մինչ օրս դոփում է տեղում:
Այսօր՝ 1 տարի և 8 ամիս անց, Լավրովը պատասխանելով գազի մասին հարցին, հիշեցնում է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է լինեն բազմակողմանի, ոչ թե վերաբերեն միայն էժան գազ ստանալուն և հույս է հայտնում, որ առանց դաշնակիցներին ոչ հարիր տարատեսակ բաներ ներդնելու փորձի երկաթուղու հարցը կլուծվի:
Եվ ուրեմն, վերադառնանք հարցին, թե ինչո՞ւ է այս ամենը. պարզ պատասխան՝ որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ, նրա հետ այլևս մեսիջներով չեն խոսում, այլ ուղիղ ասում են, թե որը ինչից հետո է:
Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբնական ժամանակաշրջանում նույն Լավրովը հայտնեց պաշտոնական Մոսկվայի տեսակետը, որ այլ խոստում էր տրվել գործընկերներին՝ վենդետա չի լինելու, այնինչ երկրորդ նախագահը ենթարկվում է վենդետայի: Դաշնակից երկրի գործընկերները տեսնում են՝ եթե Նիոլ Փաշինյանը սեփական քացաքացիներին տված խոստումները դրժում է, ինչպե՞ս կվարվի այլ պետւթյունների հետ: Սրան զուգահեռ, նա հակառուսական կադրերին էր տեղավորում բարձր պաշտոնների, իսկ աջ ու ձախ հայտարարում էր, թե հարաբերությունները նորմալ են, աննախադեպ փայլուն:
Նա Պուտինին համարում է իր մեծ եղբայրը, հայ-ռուսական հարաբերությունները՝ պատմության ընթացքում ամենաջերմը, բայց տեսնում են՝ տակից «խաղեր է տալիս»։ Եվ այժմ մեր երբեմնի կարևոր դաշնակիցն ասում է, որ հարգելի Հայաստանի կառավարություն, ես քեզ չեմ վստահում: Իսկ թե ում է վստահում, արդեն երևում է վերջին մեկուկես տարիներին Ադբեջանի հետ հարաբերությունների ջերմացումից, որոնք ստացել են փաստաթղթային բնույթ: Դրա փոխարեն, մենք ունենք իրավիճակ, երբ Փաշինյանի այցեր են չեղարկվում ՌԴ, իսկ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումները եղել են ընդամենը ինչ-որ միջոցառումների շրջանակներում:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն երկրի ներսում, այլ երկրից դուրս հարաբերությունները փչացնելու վարպետ է: Իսկ Արցախյան հարցի առումով արդեն պարզ է՝ նա հաստատուն քայլերով գնում է Տեր-Պետրոսյանի ճանապարով:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը