08 04 2020

Ժողովրդին ճիշտն ասեք, թող իմանան գլխին գալիքը



Շաբաթ –կիրակի օրերի վարչապետի ուղերձի հում կիադրերի վրա պատրաստած հումորային հոլովակներից, կարծում եմ, չարժե խոսել, ամեն բան ասվեց, մեկը մեկին հակառակ, վերջակետ դրվեց վարչապետի կողմից: Մի բան կասեմ, ընդամենը հումորային հոլովակ էր, կարիք էլ չկար դարձնռլ Հայոց հարցը, վերջում էլ ասել՝ դե ոչինչ, էդպես էլ է լինում: Ինչևէ, նման փնթի կառավարումն ամենուր է: Չմոռանանք որ դեռ արտակարգ դրության մեջ ենք և աշխարհում մոլեգնում է մահացու վարակ, որի լուծումները դեռ բավականին մշուշոտ են:

Շատերը, անգամ իշխող թիմից ահազանգում են, որ մեր երկրում հաստատված է ոչ թե արտակարգ դրություն, այլ դրա տնազը: Պարզապես դրա համար ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, վերջինս՝ ժողովրդին՝ նրա ոչ պատասխանատու վարքագծի համար: Համացանցը ողողված են նկարներով այն մասին, որ փողոցները լցված են մարդկանցով:

Պարետ Ավինյանը ելույթ է ունենում խորհրդարանի ամբիոնից ու հայտարարում՝ եթե ոչինչ չանեինք, ինչքան վատ կլիներ և որպես ժողովրդին ու երկրին արած մեծ լավություն համարում այն, որ իրենք ձեռքները ծալած չեն նստել, աշխատել են: Կներեք, իհարկե, որ ձեր ժամանակը տրամադրել եք կորոնավիրուսի դեմ պայքարին: Իսկ ի՞նչ պետք է անեիք, մի՞թե կառավարությունն իր գործը անելու համար պետք է քաղաքացիներին երեսով տա: Իսկ դուք ինչի՞ համար եք այդտեղ, եթե պետք է ոչինչ չանեիք: Ավելին, հարցնեմ՝ էս է՞լ, չէիք ուզում անել: Այսինքն նվազագույն անհրաժեշտը: Այն էլ՝ ուշացած:

Իսկ ի՞նչ եք անում:

Բանն այն է, որ իշխանությունն ի սկզբանէ և այսօր ավելորդ հանգստություն է մարդկանց հաղորդում: Այսքան մարդ փողոցում իրավունք ուներ լինել միայն մի դեպքում՝ երբ բոլորս վարակված լինեինք ու իրար վարակելուց այլևս չվախենայինք:

Մշտապես ահազանգով են հանդես գալիս մասնագետներ, հայտարարում, որ մենք դեռ չենք հասել պիկին, չնայած որ երկրի ղեկավարը հայտարարում է, թե մարտի 31-ին մենք անցել ենք պիկը: Ոչ, այդ ժամանակ ընդամենը գրանցվել է մինչ այս ամենամեծ թիվը, բայց այժմ մենք ամեն օր ունենում ենք մահեր, գրանցում մի քանի տասնյակ դեպքեր: Ահազանգ հնչեցնողներին համարում են խուճապ տարածողներ, ձայները լռեցնում, պահանջում ջնջել գրառումներն ու ելույթները:

Մեր երկրում մեծ հաշվով պահպանվում է «կորոնավիրուսն ում շունն ա» թեզը:

Եթե այսպես պետք է շարունակվի, մենք ինչո՞ւ ենք տնտեսությունը փակել, հա՛մ երկիրը հրում ենք ճգնաժամ, հա՛մ չենք կարողանում գոնե դա արդարացնել:

Գուցե պետք էր իրո՞ք խուճապ առաջացնել: Մենք տեսնում ենք, որ ՔԿՀ-ներում վարակվել են, ունենք վարակման դեպքեր բանակում, բազմաթիվ դեպքեր կան հիվանդանոցներում, իսկ հիվանդանոցները հազարավոր մարդկանց են սպասարկում: Չունենք մարզ, որտեղ կորոնավիրուս չկա, շուտով չենք ունենա գյուղ, որտեղ կորոնավիրուս չի լինի: Ավելին, մեր՝ բոլորիս շրջապատներում ևս կլինի: Ինչո՞ու այս մասին չենք խոսում: Մարդկանց դա ասեք, ճիշտը ասեք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ վերահսկվում է, Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ մենք կորցրել ենք վերահսկողությունը: Փաշինյանն ասում է՝ վիրուսի մեջքը կոտրում ենք, առողջապահության նախարարին հարցնում ենք՝ ինչո՞ւ էին նախորդ օրը դեպքերը շատ, երեկ՝ քիչ, պատասխանում է՝ որովհետև նախորդ օրը շատ ենք թեստ արել: Մարզպետն ասում է՝ ամեն ինչ վերահսկվում է, մեկ օր անց երկու գյուղ ամբողջությամբ մեկուսացնում են: Էլ ի՞նչն է վերահսկվում: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս վիրուսից մեր տնտեսությունը շահելու է, հաջորդ օրն ասում է՝ մենք ճգնաժամի շեմին ենք, ռեցեսիայի և այլն:

Լավ ես ո՞ւմ հավատամ, ո՞ւմ վստահեմ, ո՞ւմ վրա դնեմ իմ հույսը: Այսքան հակասություն կարո՞ղ է լինել ընդամենը 12 հոգանոց կառավարության մեջ: Մարդը տունը փակված ձեզ է նայում համացանցով, եթերով, գլուխն ու ձեռքն անկանոն թափ է տալիս, հայհոյում, որովհետև տեսնում է՝ հակադիր եք խոսում, գլուխ չեք հանում, իշխանությունը ոտքներիդ եք գցել: Քաղաքացին հասկանում է, որ ինքը պաշտպանված չէ: Առավել շատ արտաբերվում է՝ «Անտերություն է, մարդ չգիտի ինչ անի, ինչ չանի» բառակապակցությունը: Որովհետև չգիտի՝ կողքինը հիվա՞նդ է, թե՞ առողջ, որովհետև չգիտի՝ վաղը մեզ ինչ է սպասվում: Բայց մենք էլ ավելի վատ վիճակում ենք, ի տարբերություն մյուս բոլոր երկրների՝ մենք չգիտենք՝ մեր ղեկավարությունը մեզ օգնո՞ւմ է, թե՞ վնասում:

Շատ ավելի ազնիվ է օրինակ՝ Բելառուսի նախագահի կեցվածքը, որն ասում է՝ ժղովուրդ, ես չեմ հավատում, դրա համար էլ չեմ պայքարում, թողնում եմ իքնահոսի, քան մեր ղեկավարության պահվածքը, որն ասում է՝ «ժողովուրդ, անցնում ենք տեղաշարժի սահմանափակման ռեժիմի, դուրս եկեք հեծանիվ քշելու և վազելու»: Իմ համեստ տեսակետն է՝ անլուրջ է դա:

Մեր երկիրը այդքանել լուրջ չի պայքարում, երևի մի կողմից էլ բախտներս է բերում, բայց շտապում ենք մյուսների քիչ թվերի համար պատճառ նշել, թե՝ ստում են, չեն հայտնում կամ էլ՝ երջանիկ պատահականություն է: Որ Վրաստանում դեպքերը քիչ են, դա երջանիկ պատահականություն չէ, այլ նրա, որ կառավարությունն իրեն ամենագետի տեղ չի դրել ու մասնագետների հետ է խորհրդակցում: Ձեզ համար երջանիկ պատահականությունն է այն, որ այսօր ոլորտ եք ղեկավարում…

Ուզո՞ւմ ես ճիշտն իմանալ հարգելի՛ քաղաքացի. դու գտնվում ես շատ ծանր վիճակում. Իմ կարծիքով, իմ և քո երկրի ղեկավարությունը թքած ունի աղետի վրա ու քեզ ևս նման հանգիստ ռեժիմի ազդանշան է տալիս: Մենք ունենք մեր դուռը չոքած տնտեսական և սոցիալական ճգնաժամ, սով, հիվանդության անկանխատեսելիություն, ունենք այդ ամենի հետ ոչ կոմպետենտ կառավարություն, թույլ պարետ, չլսվող մասնագետներ, ամենագետ և հակասական վարչապետ։ Պարզվում է, պարետից 10 անգամ լավ է աշխատում անձրևը, որի մաղելուց են միայն փողոցները դատարկվում:

Եթե պետք է ձևական հսկեք ու մարդիկ սոված մնան, ավելի լավ է վերացնեք արտակարգ դրությունը, թող ամեն մեկը գնա իր գործին, տնտեսությունը շնչի, վարակն ու մահերն էլ կհամարենք մարդկանց ճակատագիրը:

Ժողովրդին պետք է ոչ թե հանգստացնել ու ասել, որ ամեն ինչ վերահսկվում է, ելեք վազելու, հեծանիվ քշելու և առանց ասելիք ունենալու օր ու մեջ ուղերձներ հղել, այլ ասել ճշմարտությունը՝ «ժողովուրդ, վատ է, վերահսկողություն չունենք, կարող է՝ դուք էլ եք վարակված, ուղղակի չգիտենք, բայց եթե իմանանք էլ, չենք կարողանա բոլորիդ օգնել»։

Հիմա կասեն խուճապ եք տարածում. բայց ավելի լավ է, որ մարդն իմանա իր գլխին գալիքը և վախենա անգամ խանութ գնալ, քան ամեն օր կարդա լուրերն ու հաշվի զոհերի թիվը:

Կարճ ասած՝ հարգելի՛ կառավարություն, քաղաքացուն վարակը մի դարձրեք սովորական բան: Կառավարման փորձ չունեք, ճգնաժամային կառվարման փորձ՝ առավել ևս, գոնե հետևեք, թե ձեզանից խելոքներն ինչ են ասում: Դիմեք մասնագետների, դուք ունեք իսկական մասնագետի կարիք:

Սա, ինչպես և պատերազմի ժամանակ, ընթացքում սովորելն ու փորձ հավաքելը մարդկանց ճակատագրեր է խեղում, մեղմ ասած:

Իսկ վերջում, ինչպես էլ վերջանա այս ամենը, մի օր, մի իշխանություն անպայման բացելու է մի քննիչ հանձնաժողով և քննի ձեր արած ամեն մի քայլ, հայտարարություն, ծախս և օգնություն, և անպայման հարցնելու է, թե այդ ինչպե՞ս է ստացվում որ երկիրը ընդամենը 2 ամսում հասցվեց այն վիճակին որ եղան այդքան մահեր, վարկվածներ, տնտեսական և սոցիալական այդպիսի աղետ: Անպայման հարցնելու է և պատասխանը սպասելու է ոչ թե իշխանությունը, այլ իրակա՛ն, ոչ ֆեյքային ժողովուրդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ