16 04 2020

«Կարճ ասած». Կաթողիկոսի հայտարարությունը հերթական առիթ էր սխալն ուղղելու համար



Հայաստանում այսօր իշխող էլիտայի մասին խոսելիս երկու բնորոշում կա, որ առավել հաճախ են օգտագործում՝ առանց անանցյալի ու անհայրենիք: Չգիտեմ թե ո՞վ է առջինն այդպես բնորոշել, բայց անշուշտ լինում են դեպքեր, երբ այդ երկու բնորոշումները համանաժամանակ են ի հայտ գալիս: Վերջին անգամ դա տեղի ունեցավ ընդամենը երկու օր առաջ: Հարձակում մեր ազգային-հոգևոր արժեքների վրա:

Ի՞նչ է արել կաթողիկոսը, հանդես է եկել մարդասիրական հորդորով: Անհրաժեշտ է համարել այս ծանր իրավիճակում մտածել Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության մասին՝ հաշվի առնելով մասնագետների կարծիքները նրա առողջության վտանգի համատեքստում: Նա դա չի արել սովորական պայմաններում, չի արել երբ առաջին անգամ էին կալանքի համար դիմել դատարան, ոչ էլ երկրորդ անգամ, ոչ էլ երրորդ խայտառակ դեպքում: Այլ հորդորով է հանդես եկել մի պայմանում, երբ մահաբեր վիրուսով վարակվում են շատերը, այդ թվում՝ դատարաններում ու Քրեակատարողական հիմնարկներում և ռեալ վտանգի տակ է Հայաստանի նախկին նախագահը, որի տարիքն ամբողջ աշխարհի կողմից համարվում է ռիսկային այս վարակի պարագայում:

Կաթողիկոսը կոչ չի արել քրեական գործը կարճելու, թեև նման կոչ հնչեցնողները գնալով շատանում են: Նա ընդամենը կոչ է արել ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք պետության նախկին ղեկավարի նկատմամբ, որը չի կրում պատիժ, այլ ընդամենը խափանման միջոցի տակ է, և միանգամայն անմեղ, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղքը:

Անմարդկային և արժեքներից դուրս հարձակում: Բոլոր տմարդի գրառումներից առավել ուշադրության արժանի էին երկուսը, որոնց հեղինակների գոնե պաշտոնը համարվում է պետական՝ կոչված լինելով պահպանելու մեր ազգը, երկիրը, պետությունը, արժեքներով հանդերձ: Այս դեպքում այդպիսին է միա՛յն նրանց պաշտոնը և ցավոք՝ ոչ ավելին: Եթե Հայաստանը լիներ իրոք ժողովրդավարական և պատասխանատու իշխանավորներով նորմալ պետություն, երեկ կունենանյինք երկու հրաժարական՝ ԱԺ փոխնախագահի և հանրային խորհրդի նախագահի՝ իրենց ներողություններով:

Բայց վստահ եմ, բոլորը գիտեն՝ այդ ամենը չեն նախաձեռնել այդ երկու անձինք, դա իշխանության դիրքորոշումն է, եթե այդպես կարելի է անվանել Վեհափառի վրա հարձակումը: Իսկ ինչո՞ւ է իշխանությունը կատաղել. որովհետև Կաթողիկոսը նախապես Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հորդորի վերաբերյալ չի՞ հարցրել:  Պարտավո՞ր էր: Իսկ ինչո՞ւ պետք է հարցներ: Ի՞նչու է վարչապետին թվում, որ բոլորը՝ լրագրողները, դատավորները, ընդիմությունը և այլոք, պետք է պարտադիր իր կարծիքը իմանան որևէ որոշում կայացնելուց կամ հայտարարություն անելուց առաջ: Իսկ հիմա պարզվում է՝ նաև Ամենայն Հայոց Կաթողիկո՞սը դրա պարտավորությունն ունեցավ: Ինչու՞, որովհետև մեկ ու կես տարի առաջ Հայաստանի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 30 տոկոսը իր կուսակցությանը ձա՞յն է տվել: Պարոնայք, լու՞րջ, այդքանը հերիք է որ դուք այլևս բոլորին թելադրեք ձեր կամքը, ճաշակն ու կոմպլեքսնե՞րը: 

Մեր հանրության հիմնական խնդիրն այն է, որ չենք վերլուծում, չենք գիտակցում, խորամուխ չենք լինում իրողությունների ու գործընթացների բուն էության և պատճառների մեջ: Ի վերջո, կլինի՞ մի ժամանակ, երբ յուրաքանչյուր սթափ դատողի չհամարենք այս կամ այն գործչի կողմնակից, կամ իրենց լեզվով ասած՝ ծախված,  Ռոբերտ Քոչարյանի մասին խոսք ասելիս՝ նրան չհամարենք քոչարյանական, մյուս դեպքում՝ սերժական, լևոնական, նիկոլական: Այլ կարող են լինել մարդիկ, որոնք պարզապես ճշմարտախոս են, մտահոգ են, ասում են իրենց դիրքորոշումը, որը թեև ցանկացած դեպքում կարող է որևէ մեկի շահերից չբխել, բայց դա անխախտ դիրքորոշում է ու իրավունք ունի լինելու: Դա ազատ մտածելու, ազատ արտահայտվելու իրավունքն է, որը ունեն բոլորը, ու պատկերացրեք՝ նաև Մայր Աթոռը և Կաթողիկոսը:

Այս ընթացքում բազմաթիվ գործիչներ՝ մշակույթի, քաղաքական, իրավական, կարծիք են հայտնել թե՛ այս հնչեղ գործի, թե՛ երկրորդ նախագահի կալանքի մասին, ու այդ կարծիքները հաճախ համընկել է: Իսկ ինչո՞ւ իշխանությունը չի ուզում հասկանալ, որ եթե բացի իրենից, մյուսները հիմնականում մեկ բան են ասում, ուրեմն խնդիրը իշխանության մեջ է, կամ առնվազն իրենց պատկերացումների: Եթե վաղ թե ուշ բարձրաձայնում են, ուրեմն խնդիրը կա, ուրեմն մի բան այնպես չէ, ինչպես որ ցանկանում է մեզ հրամցնել իշխանավորը: Ի՞նչ անել խնդիրը լուծելու համար, գնանք բարձրաձայնողին գնդակահարելու ճանապարհո՞վ, թե լսենք, փորձենք հասկանալ, թեկուզ եթե մեր սրտով չէ այն:

Պարզվում է՝ մեր երկրում այլևս առանց վարչապետ Փաշինյանի համաձայնության, ոչ ոք իրավունք չունի կարծիք հայտնել, և իրավունք չունի կարծիք հայտնել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության պատկերացումներին հակառակ՝ լինի նա բանվոր, լրագրող, թե նախագահ ու այսօր պարզվում է՝ նաև կաթողիկոս:

Հիմա ի՞նչ, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, անկախ ու ազատ են դատարանները, մամուլը, ազատ են քաղաքական գործիչները, մտավորականները, հոգևորականները, բայց երբ խոսում են իշխանության համար հաճելի տեսանկյունից. հակառակ պարագայում վերջինս ֆաս հրահանգն է տալու իր մանր ու մեծ ստատուսչիներին: “Բա դրա՞ համար էինք Նիկոլի հետ քայլում ու պառկում փողոցներում”,- կասեն իր ժամանակվա կողմնակիցները:

Կա՞ աշխարհում այլ պետություն, որի ղեկավարությունն աշխարհիկ ու հոգևոր արժեքները չի խորշում հավասարեցնել գետնին, մեկ Հայաստանի մի մարզը հայտարարում է նարկոթրաֆիկի կենտրոն, մեկ էլ հեշտությամբ երկիրը հայտարարում է ահաբեկիչների համար զենք տեղափոխող: Մեկ ուրիշ անգամ էլ հայտարարում է որ ռազմամթերք ունի, որն անպիտան է ի սկզբանե: Երկիր, որ հպարտանում է իր ազգային ու հոգևոր պատմությամբ, բայց Մայր Աթոռի հասցեին պաշտոնյաների անպատվությունները հանդուրժում է:

Հարգելի քաղաքացի, մենք առանց գիտակցելու դա հանդուրժում ենք, մենք անտարբեր ենք: Մենք հանդուրժեցինք, երբ մեկ անգամ արդեն շրջափակեցին եկեղեցու դուռը, մենք անտարբեր եղանք, երբ մեր պատերազմի հերոսների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցեցին, մենք անտարբեր եղանք, երբ մարտնչող տգիտությունը հասավ երկրի թիվ մեկ քաղաքական հարթակ՝ Ազգային ժողով: Խոսքը միայն վերջին շրջանի խորհրդարանի մասին չէ, այլ առհասարակ, իհարկե՝ հիմա է՛լ ավելի վատ է վիճակը ու մենք դարձյալ անտարբեր ենք:

Շատ ենք սիրում ասել որ մենք մոռացել ենք մեր ազգային արժեքները: Իսկ միգուցե մենք ուղղակի դրանք չենք հասկանում, չենք գնահատում ըստ արժանավույն, ունակ չենք... Ունենք արժեքներ, պատմություն, եկեղեցի, հերոսներ, պատմական դեմքեր և այլն, բայց այդ ամենը իրականում մեզ համար արժեք չեն: Հուսով եմ՝ այդպես չէ:

Ո՞վ կմտածեր, որ եկեղեցին դարեր շարունակ կռիվ կտա հազար ու մի թշնամու դեմ ու այսօր հարված կստանա, ոչ թե պարսիկ, թուրք, կամ բոլշևիկյան, այլ Հայաստանի  անկախ իշխանությունից: Այսօր մենք կռիվ ենք տալիս մեր ազգային արժեքները իշխանությունից փրկեկու համար, վաղը պայքարելու ենք հավատի համար: Նախանշանները կան, որ մենք պայքարի լուրջ առիթ ենք ունենալու:

Երբ ասում էինք, որ օրենսդիր, գործադիր, դատական իշխանություներն իրենով անելուց հետո իշխանությունը կանցնի մամուլին, սխալվում էինք: Ոչ միայն ազատ մամուլին, նա զուգահեռ անցել է նաև եկեղեցուն:

Որովհետև Հայաստանում իշխում է, ինչպես վերջերս հաճախ ենք լսում այդ բնորոշումը,  առանց անցյալի, առանց գաղափարի, անհայրենիք կերպարների խմբակ:

Հիմա դիմեմ ձեզ, իշխանավորներ. հասկացեք, կաթողիկոսի հայտարարությունը հերթական առիթն էր ձեր սխալն ուղղելու համար: Սա ևս բաց եք թողնում: Արդարադատությունը, հավատքը, եկեղեցին, պետությունը վերջ ի վերջո կենդանի օրգանիզմ են, իսկ բոլոր օրգաններն անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար: Դրանցից երբ մի կարևոր բանի կպնում ես, վնասում ես, քայքայվում է՝ իր հետ մաշելով մնացած կարևորն ու անհրաժեշտներին: Մենք թողել ենք ամեն ինչ իշխանության հույսին ու ձեռքին, ու նա ռետինն առած՝ ջնջում է ինչ պատահի. այսօր պե՞տք է՝ մեր արժեքները, եկեղեցին, վաղը՝ մեր պատմությունը և ինքնությունը: Ի՞նչ է եղել որ, կմտածենք, երեկ հայ էինք, վաղը կարող ենք մոնղոլ լինել, ի՞նչ տարբերություն: Բա գիտեք ինչպե՞ս են ներսից քանդում, նույնացնում ու կլանում փոքրաթիվ ազգերին: Այ հենց այսպես:

Այն ազգը, ով չունի իր ավանդույթները, տոները, արժեքները, հավատքը թույլ է, գաղափա՛ր առանձնապես չկա, հե՛րոս էլ չկա, նպատա՛կ էլ չի ունենա: Երբեք...

Եթե նպատակ չունենք, կծառայենք այլոց նպատակների համար, ի՞նչ է եղել որ...

Կարճ ասած՝ դարձի եկեք, ներողություն խնդրեք: Կաթողիկոսը ձեզ առանց դրա էլ կների, իրավունք չունի չներելու, նա հոգևոր հովիվ է և բլորիս նայում է նույն աչքով:

Վաղը նա ձեզ համար էլ կաղոթի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ