Մինչ մեր երկրում ստեղծված արտակարգ ծանր իրավիճակը, կառավարության ղեկավարն ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան էջը ողողում էր դրական ցուցանիշներով՝ գրեթե երկնիշ աճ, ամեն առումով բարվոք վիճակ, ներգաղթ, էլ չգիտես ինչեր․․․ Կարճ ասած՝ տնտեսական հեղափոխության ակտիվ իրականացման երևակայական փուլ՝ հնգամյակը երեք տարում կարգախոսին համապատասխան։ Ավելին, հիմա, երբ Հայաստանի տնտեսությունը գրեթե կանգ է առել, դարձյալ հրապարակում են դրական ցուցանիշներ, թե բա՝ ժողովուրդ, մի նայեք, թե մենք հիմա վատ ենք, դեկտեմբերին, նախորդ տարի գիտե՞ք ինչեր ենք արել։
Ընդամենը մի քանի օրում՝ մարտի վերջին ու ապրիլի սկզբի օրերին, բավականին աղմուկով պայթեց Փաշինյանի փչած տնտեսական փուչիկը ու պարզորոշ երևաց, թե ինչի է ընդունակ Հայաստանի տնտեսությունն ու կառավարությունը։
Ամեն օր համացանցը, բոլոր կայքերը ողողված են տեսանյութերով, լուսանկարներով, ընտանիքների պատկերներով, որոնք օգնություն են աղերսում, գումար են պահանջում, հա՜ց՝ գուշակելով սպասվող պարենային և այլ ճգնաժամը․․․ Նրանք նախարար-պատգամավորի չափ պարգևատրում չեն ուզում, այլ՝ հաց՝ գոյատևելու համար՝ չմոռանալով հիշեցնել, թե ինչի համար են գնացել Նիկոլ Փաշինյանի հետևից։
Ասացեք, խնդրեմ, պետությունը, որն արդեն երկար ժամանակ տնտեսական փայլուն ցուցանիշ է գրանցում, այն կարգի, որ անգամ վարչապետը հայտնում է ներգաղթի մասին, կարո՞ղ է ընդամենը 20 օրում հայտնվել այն վիճակում, որ մարդիկ ազգային ժողովի դիմաց բերանները կարեն՝ սոցիալական խնդիրների պատճառով։
Նայեք վարչապետի ֆեյսբուքյան էջում նրա ուղիղ եթերի տակ գրառումները, նայեք սոցապնախարարի գրառումների տակ մեկնաբանությունները, կտեսնեք, որ այդ պաշտոնյաները հանրությանն այլևս հետաքրքրում են հիմնականում հայհոյելու և դրանով սրտները հովացնելու համար։ Այս ընթացքում քանի՞ հոգի է խոստովանում, որ ինքը խաբվել է, որ այլ բան էր ընտրել, այլ բան դուրս եկավ։
Սա ունի պատճառներ, որոնք իշխանությունը հետևողականորեն չի ուզում տեսնել։
Չկա հանրության կարիքների գնահատում։ Իշխանությունը չգիտի, թե ինչ է ուզում ժողովուրդը, հանրության խնդիրներից խորթացած է, դրա համար էլ վարչապետն ինքը ստիպված է զանգել պատահական կամ ոչ այնքան պատահական հեռախոսահամարներով, ուղիղ եթերում լսել քաղաքացու լացի ձայնը, որն ապրելու գումար չունի և ինչ-որ ծրագիր նախաձեռնել։ Եթե տեղյակ լինեին խնդիրներից, մեկ օր չէին հայտարարի, թե Հայաստանում օրավարձով աշխատող չկա, հետո էլ գրեին, թե իրենց են դիմել բազմաթիվ օրավարձով աշխատողներ։ Եթե հասկանային հանրության խնդիրները, չէին համարի, որ այսօրվա թիվ 1 լուծելու հարցը մինչև 5 հազար դրամ հոսանքի վարձն է։
Երբ կառավարության անդամների հրապարակած աճի թվերը լուրջ չենք ընդունում, ԱՎԾ տնօրենին համարում ենք համարյա Այվազովսկու կարգի նկարիչ, հենց այսօրվա համար, որովհետև մենք տեսանք՝ դա ֆիկտիվ բան է։ Ընդամենը մի քանի օր տնտեսությունը չաշխատեց, ու քաղաքացին սովի գիրկն է ընկել։
Բանն այն է, որ հանրությունը, ժողովուրդն այդպես էլ չզգաց իր մաշկի վրա և ոչ մի տոկոս տնտեսական աճ։ Դա իհարկե, զգացողներ եղան, բայց նրանք հանրությունից չեն, այլ նրանցից, ովքեր ժողովրդի անունը տալով հասան իշխանության ղեկին ու վարում են՝ առանց իրենց հաշիվ տալու։ Ինչպես առաջին անգամ ավտոբուսի ղեկին նստած, և կյանքում մեքենա չվարած պատանին։ Իսկ ավտոբուսի մեջ լիքը մարդ կա, կանայք, ծերեր, երեխաներ, ընտանիքներ․․․
Իսկ ի՞նչ է անում իշխանությունն այդ ամենի համար․ մեծահոգաբա՛ր հայտարարում է թե իր մարտ, ապրիլ, մայիս և միգուցե հունիս ամիսների պարգևավճարները հետ կփոխանցեն բյուջե։ Մեկը հարցնի՝ ո՞ր փայլուն աշխատանքի համար պետք է ստանայիք այդ պարգևավճարները, որ մի հատ էլ լավություն եք համարում հետ փոխանցելը։ Չէ, իսկապես, ո՞ր ձեռքբերման համար, ի՞նչ լավ աշխատանքի․․․էն որ մեր ավիանկերությունները լիցենզիաների՞ց են զրկվու՞մ, թե՞ որ վարչապետն ասում էր կորոնավիրուսն ում շուննա և շարունակում անհոգ քարոզարշավները, խրախճանքները՝ պատգամավոր-նախարարների ձեռքը բռնած: Դրա՞ համար։ Չէ՞ որ բոլորին պարզ է՝ եթե սահմանափակումներ մտցնեիք մարտի սկզբից, սահմանները փակեիք, Իտալիայից և այլ ռիսկային երկրներից փոխադրումները արգելեիք, վարակի այս տարածումը չէր լինի, այս մահերը չէին լինի․․․
Ներկայացնում են թվերը՝ այս ծրագրից կարող է օգտվել 250 հազար շահառու, 300 հազար շահառու. իսկ հաշվե՞լ եք, թե քանի դրամ է ստանում յուարքանչյուր շահառուն՝ 2520 դրա՞մ։ Փաշինյանը, իհարկե, կարող է իր հերթական 100 փաստի մեջ ներառել արտագաղթի պակասը, 300 հազար մարդու տված 4-7 հազար դրամ օգնությունը՝ որպես գազի ու հոսանքի վարձ, թղթեր ու հաշվետվություններ ներկայացնել ու ֆեյքերին հանձնարարել անխնա փառաբանել՝ առանց հիշատակելու, որ արտագաղթի պակասը ոչ թե կառավարության խելացիության արդյունք է, այլ՝ կորոնավիրուսի և սահմանափակումների։
Կառավարությունն առաջարկում է, օգնություններ, հիմնականում՝ անհասցե։ Մարդիկ չգիտեն՝ որտեղ դիմեն օգնություն ստանալու համար, շատերն էլ, որ գիտեն ու դիմում են, մերժում են ստանում։ Մեծ ընտանիք է, ապրելու ճար չունի, խնդիրը բարձրաձայնում ենք, յուրաքանչյուրս՝ մեր հերթին, ու կառավարության անդամները՝ մարզպետ, նախարար ու պատգամավոր, սկսում են ծաղրել։ Հետո՞, դուք էլ պետությո՞ւն եք ղեկավարում, դուք էլ եկել եք հանրային խնդիրները լուծելու համա՞ր։ Հասկացանք, որ այժմ նյութական օգնության կարիքը չունեք, բայց կան, չէ՞, մարդիկ, որոնք ունեն այդ կարիքը ու մոտավորապես այն վիճակում են, որում դուք էիք մինչ ձեր այս գլխապտույտ հաջողությունը։
Հետո՞, դուք ձեզ լա՞վ եք զգում։ Իսկ արդյո՞ք դուք հետագայում կխոստովանեք՝ մարդը մահաբեր վիրուսի՞ց մեռավ, թե՞ սովից՝ ձեր՝ հանցավոր անճարակ իշխանության պատճառով։
Իսկ ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու է քաղաքացին գերադասում ոչ թե իշխանության «ազնիվ», ոչ կոռուպցիոներ, հեղափոխական կադրերին դիմել, այլ ընդդիմությանը, լրատվամիջոցներին։ Հարց տվե՞լ եք ձեզ, արդյոք կա՞ ժողովրդի տրամադրությունը չափելու այլ ցուցիչ, քան անվստահությունը։ Եթե քաղաքացին չի դիմում, ասենք, Արայիկ Հարությունյանին, որն առավել շատ հնարավորություն ունի իր խնդիրը լուծելու, այլ դիմում է ընդդիմադիր պատգամավորի կամ քննադատող լրատվամիջոցի, ուրեմն էլ ձեզ չի վստահում։
Կարճ ասած՝ սա կառավարություն չէ, այլ՝ կառավարության տեսքով, բայց հանցավոր վարքագծով, պատահական մադկանց հավաքածու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը