Աշխարհի մի շարք երկրներում` կապված կորոնավիրուսի տարածմամբ, բանակը ներգրավվում է արտակարգ դրության պահպանման գործում։
Կարող ենք բերել Ֆրանսիայի օրինակը՝ Փարիզում, Միացյալ Նահանգների օրինակը՝ Նյու-Յորքում, Մոլդովայի օրինակը՝ Քիշնևում և այլն։ Նշված ոչ մի երկրում էլ քաղաքացին ավելի կամ պակաս կազմակերպված ու կարգապահ չէ. բոլոր տեղերում էլ քաղաքացիները սահմանափակումները չեն ընդունում այնպես, ինչպես սպասվում է ու շարունակում են դուրս գալ փողոց։
Բայց պետությունը քաղաքացուց տարբերվում է իր պատասխանատվության գերագույն աստիճանով։ Այլ երկրներում կառավարություններն արդեն հասկացել են, որ ո՛չ շտապօգնության կամ ԱԻՆ ավտոմեքենաները, ո՛չ էլ ոստիկանությունը չի կարող զգաստացնել։
Երբ ես գիտեմ, որ արտակարգ դրություն է ու տեսնում եմ փողոցով շարժվող շտապօգնության մեքենան, դրանից չեմ վախենա, քանի որ առողջ եմ, ԱԻՆ ավտոմեքենան էլ չի կարող անհանգստացնել, որովհետև տունս չի վառվում, ոստիկանությունը՝ նույնպես, մանավանդ որ հանցագործություն չեմ գործել և վախենալու բան չունեմ։
Բայց երբ գիտեմ, որ արտակարգ դրություն է և տեսնում եմ քաղաքում զինված ուժեր՝ զինվորականներ, տեխնիկա, զենքով ծառայողներ, զգաստանում եմ։ Եվ հենց զիտեխնիկայի ներգրավմամբ է, որ որոշ երկրներում կարողացան արտակարգ դրության ռեժիմը պահել այնպես, ինչպես պետք էր։
Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Փաստացի ունենք խիստ ձևական ազատ տեղաշարժի սահմանափակման ռեժիմ։ Փակվել են ձեռնարկություններ, խանութներ, աշխատատեղեր և այլն, բայց փողոցում մարդկանց հոսքը չի դադարում։
Կարճ ասած՝ քաղաքացին, որն արտակարգ դրության պատճառով աշխատանքի չի գնում, դուրս է գալիս փողոց։ Ու ստացվեց, որ այդ ռեժիմը չի պահպանվում։ Իսկ երբ փողոց է բերվում, օրինակ՝ զինտեխնիկա, ասենք՝ ավտոմեքենաներ կամ ԲՏՌ-ներ, քաղաքացին տեսնում է, որ վիճակը լուրջ է և արդեն կմտածի՝ արժե՞ այսօր հեծանիվ քշել, թե՞ ոչ։
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլ է տալիս թե՛ արտակարգ դրության ռեժիմի ժամանակ, թե՛ առանց դրա ներգրավել բանակը, եթե կա պետությանը և ժողովրդին ուղղված սպարնալիք։ Այսինքն, չի կարող որևէ մեկը վաղը Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության նրա համար, որ բանակը ներգրավել է հայտարարած արտակարգ դրության ռեժիմը պահպանելու համար։ Ընդ որում, եթե, ասենք, քաղաքացին կատաղության նոպայի ժամանակ սպանի որևէ զինվորի կամ քաղաքացու կողմից ոստիկանի կամ զինվորականի նկատմամբ սպառնալիք լինի, և նույն ոստիկանը կամ զինվորականը համապատասխան գործողության դիմի, իսկ քաղաքացին մահանա, նույնիսկ այդ դեպքում Փաշինյանին որևէ ոք չի կարող մեղադրել, որ նա բանակ է ներգրավվել, և այ հենց դրա արդյունքում եղել է մահ, զոհ և այլն։
Ոչ ոք, եթե, իհարկե, նա Սասուն Խաչատրյանը չէ։
Նիկոլ Փաշինյանը գտնվում էր հոգեբանական շեմին՝ արդյո՞ք հանել բանակը․ չէ՞ որ նա ունի իր ստեղծած նախադեպը, երբ արտակարգ դրության պայմաններում ընդամենը պետական շենքերը պահպանելու համար բանակն օգտագործելու համար, նույնիսկ անձեռնմխելիությամբ օժտված նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
Աբսուրդ է, իհարկե, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մի վիճակում, երբ պետք է հստակ որոշում կայացնի՝ օգտվե՞լ սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունից և արտակարգ դրության պահպանման համար հանե՞լ բանակը, թե՝ ոչ։
Փաշինյանն աստիճանաբար ներգրավում է բանակը գործընթացներում՝ սկսելով ռազմական ոստիկանությունից։
Փաստենք, սակայն, որ բացի նրանից, որ երկու դեպքում էլ հիմնական դերակատարը Նիկոլ Փաշինյանն էր, 2008 և 2020 թվականների նմանությունը միայն հենց արտակարգ դրության ռեժիմն է։ 2008-ին միայն Երևանում էր, այսօր՝ ամբողջ հանրապետությունում, 2008-ին վտանգի տակ էր սահմանադրական կարգը՝ պետական բոլոր ինստիտուտները, ներքին անվտանգությունը, քաղաքացիական բախումների լուրջ հավանականություն կար, դավադրություն կար, որին մասնակցում էին պաշտպանության փոխնախարարներ. և ստորաբաժանումներն ու բնականաբար՝ ոստիկանական ուժերը չէին կարող քաղաքացիներին զսպել: Իսկ բանակը պետք էր պահպանության, կարգ ու կանոն հաստատելու համար։ Այն ժամանակ, կրկնում ենք, իրավիճակը օրհասական էր՝ պետության մեջ սահմանադրական կարգի տապալման մասով, հանրահավաքներում հրահրում էին բախումներ, մայրաքաղաքը վերածել էին մեծ ու հարուստ թալանի օբյեկտի։
Այսօր ևս օրհասական է իրավիճակը, սակայն սահմանադրական կարգին վտանգ չի սպառնում, դավաճաններ և դավադիրներ չկան, որքան էլ որ ուզի առաջին նախագահը, այլ՝ արտակարգ ռեժիմ է մտցված իր սահմանափակումներով, որը պահպանելու հնարավորություն ոստիկանությունն ակնհայտ չունի։ Կառավարության, պարետատան քայլերը ոչ ադեկվատ են, նրանք սահմանում են ինչ-որ սահմանափակումներ, հետո վերացնում, հետո քաղաքացիներին կոչ են անում տանից դուրս չգալ, տուգանում են, բայց մեկ է՝ ոչինչ չի ստացվում։ Նրանք չունեն ճգնաժամային կառավարման փորձ, գիտելիք, չեն ընդունում նաև խորհուրդներ։
Նիկոլ Փաշինյանը հաղթահարեց հոգեբանական շեմի մի մասը, բայց նաև մի օր կհաղթահարի մյուս մասը՝ երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, և փողոց կհանի զինված ուժերը՝ հսկողություն իրականացնելու համար, քանի որ ինքը, իր կառույցները տապալել են հսկողությունը. այդ ամենը միայն կոչերով և լայվերով չի լինում։ Քաղաքի մի ծայրից մյուսը կարելի է հեշտ երթևեկել, անգամ լուսաֆորի տակ խցանում է առաջանում մեքենաների առատությունից: Իսկ Փաշինյանը դեռ հապաղում է։
Բայց նաև բանակը հանելուց առաջ Հատուկ քննչական ծառայությունը և Դատախազությունը պարտավոր են հետ կանչել սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը դատարանից՝ որպես բացառիկ ապուշություն, քանի որ 2008 թվականին գործող Սահմանադրությունը թույլ էր տալիս արտակարգ դրության պարագայում ներգրավվել բանակը, իսկ գործող Սահմանադրությունն ընդհանրապես բանակն օգտագործելու համար արտակարգ դրության պարտադիր նորմ չի նախատեսում։ Եվ մենք ունենք օրինակներ, թե ինչպես բանակի ներկայությունը կարողացավ մի քանի երկրներում քաղաքացիներին ստիպել մնալ տանը։
Կարճ ասած՝ բանակը ներգրավվել է թե՛ նախկինում, թե հիմա՝ կորոնավիրուսային ճգնաժամում, թե՛ այլ երկրներում, թե՛ մեզ մոտ, և թե 2008-ին երբ քաղաքական գործընթացների արդյունքում սպասվում էին լրջագույն բախումներ։ Խնդիրն այն է որ այն ժամանակվա համար այսօր դատվում են, քանի որ այսօրվա իշխությունը հենց էդպես է ուզում։
Ընդամենը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը