13 04 2020

«Կարճ ասած»․ Դանիբեկյանի քթացավի ու ԲԴԽ անգործության մասին



Yerevan.Tooday-ը մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «Կարճ ասած՝ Սևակ Հակոբյանի հետ»։ Հաղորդմանն անդրառնում ենք քաղաքական, տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական, հասարակական հնչողության ամենատարբեր թեմաների։ Հաղորդումը հեռարձակվում է նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերով։

Հաղորդման առաջին թողարկումը վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանի աղմկահարույց վարքագծին․ այն է՝ կալանքի միջնորդության քննարկումը կիսատ թողնելով՝ քթի պլաստիկ վիրահատության դիմելը։

Առաջարկում ենք դիտել տեսանյութը և տեքստը ամբողջությամբ։

«Ինչպես ընդունված է ասել՝ Համաշխարհային ճգնաժամի, իսկ իրականում՝ բնական աղետի այս օրերին, երբ ողջ աշխարհում վայրիվերումներ են, իսկ բնակչության մեծամասնությունն անհանգիստ նստել է տեղները, բոլորս ենք  հասկանում՝ ամեն ինչ չէ, որ կանգ է առնում: Կան պետության կյանքում դերակատար ճյուղեր, որոնք պետք է գործեն։ Օրինակ՝ արդարադատությունը։ Չես կարող փակել դատարանները, արդարադատություն չանել, քանի որ կա կորոնավիրուս: Ավելին, դու պարտավոր ես առավել ուշադիր ու արագացված կարգով մտածել կալանավորվածների ճակատագրի մասին։ Միջազգային կառույցները կալանավորված անձանց առանց խտրականության և անվերապահորեն ազատ արձակելու կոչով են հանդես գալիս։ Եվ շատ պետություններ էլ ընդառաջել են կոչին՝ ազատ արձակելով ոչ միայն կալանավորվածներին, այլև դատապարտվածների։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը, կոչ անելուց առաջ, սակայն, չի տեղեկացվել, որ Հայաստանում, օրինակ, ռիսկային գոտում գտնվողին ազատ արձակելու փոխարեն, անգամ երբ կա անգամ պետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անձնական երաշխավորությունը, դատավորը որոշում է իրեն նշանակել ժամանակավոր անգործության՝ պլաստիկ վիրաբուժության ենթարկվելու միջոցով։ Հենց այդպես, մարդը որոշել է քթից ինչ որ հատված պարզապես կտրել կամ առնվազն միջնապատն  ուղղել:

Սա անարգանք է ոչ միայն դատական գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ, ոչ միայն արդարադատության նկատմամբ ընդհանրապես, այլև պետության նկատմամբ, պետական ինստիտուտների նկատմամբ։ Գիտենք, որ նախկին վարչապետները միջնորդություն են ներկայացրել իրենց անձական երաշխավորության ներքո Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Հարց է առաջանում՝ միջնորդությունը դատարան մուտքագրելու օ՞րը բռնեց Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատություն անելու անհրաժեշտությունը։

Երբ վարչապետները հայտնեցին անձնական երաշխավորության մտադրության մասին, Դանիբեկյանն այդ ժամանակ առողջ էր, իսկ հենց միջնորդությունը մտավ դատարան, տիկինը  դարձավ անգործունյա։

Ինչո՞ւ։

Որովհետև միջնորդությունը ներկայացվեց անսպասելի, և ամենայն հավանականությամբ, խառը իրավիճակի պայմաններում դատավորը չստացավ սպասված՝ որոշումը թելադրող զանգը: Ականջդ կանչի Նիկոլ, ասում էր չէ՞, երբ դատավորին չես զանգում, ընկնում են անհանգստության մեջ, թե ինչպե՞ս գործն անի։ Այս պարագայում երևի թե պետք էր ձգձգել, մինչև վերևներում կողմնորոշվիեն։ Բայց վերևներում ավելի խառն էին և չկողմնորշվեցին, Դանիբեկյանն էլ որոշեց զրուցել ոչ այնքան վերևի, բայց մի քիչ վերևի հետ: Զրույցը պատկերացնում եմ այսպես։ Դանիբեկյանը փորձում է հասկանալ, թե ի՞նչ անի, x մարդն ասում է՝

«Սպասիր, մի բան մտածիր»։

«Ի՞նչ մտածեմ»։

«Գնա բժշկի»։

«Բայց ես առողջ եմ»։

«Հլա ուշադիր նայի, մտածի, ծուռ-մուռ բան չունե՞ս»։

«Ամեն բան ուղիղ ա»։

«Իսկ կարողա՞ քիթդ վիրահատել տանք»։

Դանիբեկյանին այդ միտքը դուր է գալիս, իսկ ինչու՝ ոչ, հատկապես երբ  ինքը չի վճարելու և դիմում է դատարանի նախագահին, թե բա՝ երեկ գիշեր քթով չէի կարողանում նորմալ շնչել, գնամ վիրահատեմ։ Նա էլ փոխանակ ասի, թե՝ քթով չես կարողանում՝ բերանով շնչի, մինչև միջնորդություններդ քննարկես, ասում է՝ քա՞նի օր կտևի մի շաբա՞թ։ Չէ, առ քեզ 1 ամիս, էս էլ քեզ պետպատվեր, ինչդ ուզում ես պակասեցրու, ինչդ էլ ուզում ես՝ ավելացրու։

Պետք էր, չէ՞ դատարանի նախագահը թույլտվություն տալուց առաջ դատավորի ծանրաբեռնվածությունը ստուգեր, հրատապ գործերը տեղաբաշխեր, որպեսզի դատավորի երկարաժամկետ անգործունյա լինելու ժամանակահատվածում արդարադատությունը չտուժեր։ Բայց չէ, արդարադոտությունը ո՞ւմ շունն է, մտածել է, համարյա կորոնավիրուսի պես և հանգիստ նստել է տեղը ու զեկուցել՝ «Շեֆ, հարցը լուծեցինք»:

Շեֆն էլ, այսինքն՝ ԲԴԽ-ն իր շեֆին է զեկուցել ու Դանիբեկյանը առոք-փառոք գնացել է սիրունանալու:

Այս օրերին միջազգային կառույցների ճնշման տակ մեր դատախազությունը, ի վերջո, հայտարարեց ռիսկային խմբում գտնվող ազատազրկվածների խափանման միջոցի փոփոխության մտադրության մասին։ Դա հայտարարեց այն բանից հետո, երբ հիվանդանոցից երկրորդ նախագահը տեղափոխվեց կալանավայր։ Սակայն դատախազության որոշումը, ըստ փաստաբանական համայնքի պնդումների, պետք է վերաբերի նաև երկրորդ նախագահին՝ առնվազն տարիքի և համակցված հիվանդությունների պատճառով: Դատախազությունը լուռ է, նաև՝ խուլ, ԲԴԽ-ն էլ գործի քննությունը հանձնարարել է միմիայն Աննա Դանիբեկյանին․ անունն էլ  փորագրել են, փոփոխման ենթակա չէ:

Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին կարող է ներկայանալ դատարան, վերջանում է բյուլետենի ժամկետը։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ կներկայանա, կարող է դատավորը որոշել, որ այլևս ուղղված միջնապատով քթին նոր որակի եղունգ է սազում, որը պետք է լցնել, իսկ եղունգ լցնողները, գիտենք, մտնում են սահմանափակումների տակ և առնվազն մինչև կարանտինի ավարտը ոչինչ չեն լցնում։ Բայց այլ վտանգ էլ կա․ փորձը ցույց է տալիս, որ առաջին փորձից հետո երբեմն կանանց մոտ ձևավորվում է պլաստիկ վիրահատությունների նկատմամբ հակում, ու դատավոր Դանիբեկյանը կարող է որոշել կանգ չառնել։ Օրինակ՝ բրազիլացի հեռուստահաղորդավար և մոդել Ջենիֆեր Պամպլոնան մի վիրահատություն արեց, որպեսզի մի քիչ նմանվի Քարդաշյանին։ Վիրահատությունը դուրը չեկավ, որից հետո նա վիրահատվեց ևս 19 անգամ։ Կանացի ցանկությունները մեծ են, հնարավորություն ստեղծողները՝ ևս։

Հասկանում եմ, արդեն բոլոր են հասկանում, որ հապճեպ ձևավորված ԲԴԽ-ն ստեղծվեց ոչ  թե արդարադատության անխափան իրականացնելը ապահովելու, այլ՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար։

ԲԴԽ-ի՝ արդարադատության հետևելու գործընթացը տարօրինակ է: Մի դեպքում, օրինակ, այս կառույցը կրավորական դիրքորոշում է ցուցաբերում, երբ ողջ դատական համակարգի դռները շրջափակվում են, մեկ այլ դեպքում դատավորին թույլատրում է անխնա բացակայել:

Հարգելիներս, դուք վաղը գնալու եք, իսկ երկիրն ընկնելու է տույժ ու տուգանների, տհաճ բանաձևերի տակ, մենք ենք կանգնելու մեռած արդարադատության լեշի առաջ։

Ընդամենը զարմանում ենք, թե ինչպե՞ս կարելի է պետության նախկին ղեկավարի, ճակատագիրը թողնել մի քանի արկածախնդրի ձեռքին, որոնց հետաքրքրում է միայն քիթը կամ էլ վերևից զանգերը։ Թե ինչքան վերևից, այդ մասին կան անգամ բացահայտված գաղտնալսումներ։

Լսել ենք, չէ՞….

Ինչպես հեղափոխական առաջնորդը կարճ կասեր՝ իսկը սեփականաշնորհած բուդկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ