Ֆիլմերում շատ ենք հանդիպել, իրական կյանքում էլ կա, երբ մեկին շանտաժ են անում, գումարի կամ այլ պահանջներ ներկայացնում, փող տուր, թե չէ սենց կանեմ, սա կհրապարակեմ, հարազատիդ կսպանեմ։ Մեր իրականության մեջ կար թերթ, որը փակվեց․ ինչ-որ մեկի, հատկապես՝ որևէ պաշտոնյայի վերաբերյալ վատ բաներ էին գրում, հետո զանգում էին ու ասում՝ այ էսքան փող տուր, թե չէ էլի բաներ կգրենք։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակի» մասին չէ։ Չնայած իրենց մասին էլ հրապարակվել է փաստ, որը ոչ մի այլ լրատվամիջոցի մասին չկա․ Միքայել Մինասյանը հայտարարեց, որ տարիներ շարունակ փող է տվել «Հայկական ժամանակ»-ին, որպեսզի իր ընտանիքի մասին հերյուրանքներ չտպագրվեն։ Փող է տվել, որ ընտանիքը հանգիստ թողնեն։ Հիմա ժամանակները հանկարծ փոխվել են, էլ էդ թերթի խմբագիրը չէ, պաշտոնապես, բայց շանտաժը որպես հարց լուծելու գործիք, մնում է նրա պաշտոնական մեթոդների մեջ։
Տեսե՛ք։ Նիկոլը նախկին նախագահներին աղաչում է, դե փաստացի՝ աղաչում էր, որ իր հետ բանավեճի գնան։ Ստանում է մերժում ու վերջում էլ, թե՝ այ եթե չգաք բանավեճի, հանրությանը կօգնեմ ձեր բանակցությունների մասին հետևություններ անի։ Այսինքն՝ ստեր կտարածեմ։ Ու սկսում են ստերի տարածումը, այսինքն՝ եղած բանին, օրինակ՝ կատարված բանակցություններին ավելացվում են ստեր, չեղած բանը, չբանակցածը ներկայացնում են որպես իրողություն։ Ի միջի այլոց, բանավեճին էլ եթե գնային, էլի նույն կերպ էր Փաշինյանը ներկայացնելու՝ չեղած բանը համեմեր «օդում կախված տեղեկություններով»։ Նոր բան չկա, նույն Փաշինյանն է ու իր խմբակը։
2018 թվականից ի վեր պետական կառույցներում տեղի ունեցած ամենացավալին, վտանգավոր բանը հանրությանը ֆեյքերի վրա նստեցնելն էր․ ինչի՞ սաղ քանդվեց․ որովհետև ստով էր ղեկավարվում, սուտ քարոզչությամբ, գործեր սարքելով, փչացնելով։ Հայաստանը պետություն է, որտեղ կա պետական հիմնարկ՝ ՊՈԱԿ, որը սնվում է պետական բյուջեից ու ժողովուրդը նրան դրել է ֆեյքերի ՊՈԱԿ անունը։
Երկու օր է՝ նոր թափով տարածում են ստեր բանակցային գործընթացի մասին․ իհարկե՝ դիմացի կողմը շան տեղ չի դնում, որովհետև մեկ է՝ սուտը կանցնի, կմնան փաստերը։ Բայց «Արի բանավեճի, թե չէ քո մասին ստեր կտարածեմ»-ը աբսուրդ է ուղղակի։ Երեկ հիշել էի 2005 թվականի ապրիլին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակը Ռոբերտ Քոչարյանին, որտեղ առաջարկում էր բանակցել հարաբերությունները կարգավորելու շուրջ, բայց Ցեղասպանության թեման թողնել երկու երկրների պատմաբաններից, փորձագետներից բաղկացած հանձնաժողովին, որ արխիվներն ուսումնասիրի ու եզրակացության կգա։ Քոչարյանը պատասխանել էր, որ իհարկե եկեք բացեք սահմանները և երկխոսություն սկսենք, բայց Ցեղասպանության իրողությունը ո՛չ մեր, ոչ էլ Թուրքիայի կառավարությունն իրավասու չէ պատմաբաններին հանձնարարելու․ դա իրողություն է, փաստ է, ոչմեկ չի կարող քննարկել, բանավիճել՝ եղե՞լ է, թե ոչ։ Նույն Էրդողանի առաջարկին է նման Նիկոլի առաջարկը․ կատարված փաստեր են փաստաթղթերն ու բանակցությունները, հիմա ասում է եկեք բանավիճենք՝ դրանք ոնց են եղել։ Ի՞նչ բանավիճես։ Ու ոնց որ Էրդողանն է ասում դե որ տենց է՝ սահմանը փակ կմնա, նույնն էլ Նիկոլն է ասում՝ դե որ չեք գալիս, ստեր կտարածեմ։ Չեմ ասում ձեր ստերին հավատացող չկա, ուղղակի միշտ նույն շրջանակն է, չի ընլայնվում։ Ընդհակառակը, պակասում է աջակիցների թիվը։
Զավեշտ է, որ էդ շանտաժի տրամադրություններով կայացնում են նաև որոշումները։ Ամենաթարմ՝ Էսօրվա օրինակը դիտարկենք Նիկոլ Փաշինյանը մինչև երեկ հայտնի էր, որ պետք է գնա ՌԴ՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում նախ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, մեկ օր անց՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Նիկոլը վերջերս ԱՊՀ-ից խուսափում է, ԵԱՏՄ-ից ոչ։ Իր տրամաբանությամբ, ԱՊՀ-ն քաղաքական կառույց է, ԵԱՏՄ-ն տնտեսական։ Իսկ ինքը ուզում է քաղաքական կապերով լինի Արևմուտքում, ոչ թե նախկին ԽՍՀՄ տարածքում, իսկ տնտեսական կապերով՝ հենց այդ տարածքում։ Աբսուրդ է, իհարկե, քանի որ ԵԱՏՄ-ն հենց քաղաքական միավոր է առաջին հերթին։ Այս անգամ ԱՊՀ նիստին մասնակցությունից խուսափելը դժվար էր, որովհետև նույն վայրում էին, մեկ օրվա տարբերությամբ։ Ու Նիկոլ Փաշինյանը մի պատճառ բերեց հրաժարվելու նիստից, որին ոչ ոք, վստահ եմ՝ անգամ թիմակիցները չհավատացին՝ վարակվել եմ կորոնավիրուսով, հետո՝ առողջացել եմ․ երբ շատ ծաղրանքի ենթարկվեց, դարձյալ գրեց, որ վարակվել է։
Էս մանկապարտեզի խաղի իմաստը ո՞րն էր։ Իսկ կարող է՞ էլի շանտաժը։ Մեկ ամիս առաջ հայտնի էր, որ դեկտեմբերի 25-26-ին տեղի են ունենալու ԱՊՀ և ԵԱՏՄ նիստերը։ Պետք է Հայաստանում լինեին, Նիկոլ Փաշինյանն էլ խնդրել էր անցկացնել Լենինգրադում, որպեսզի Լուկաշենկոյի ոտքը Հայաստան չընկնի։ Ըստ երևույթին, Պուտինից էլ էին վախենում, որովհետև ՌԴ նախագահի այցի դեպքում պետք է ձերբակալեին, համաձայն Հռոմի ստատուտի, բայց նման դուխ, հասկանալի է, չկար։ Ուստի խնդրեց շառից-փորձանքից հեռու, անցկացնել Լենինգրադում։
Մինչ այստեղ քննարկում էին Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպում-առանձնազրույցը, ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ նման հանդիպում նախատեսված չէ։ Պուտինն ու Նիկոլը կարող են ընթացքում, ոտքի վրա շփվել իրար հետ։ Սա այն դեպքում, երբ կարծես մյուս ղեկավարների հետ առանձին հանդիպումներ ունի Պուտինը։ Ըստ երևույթին, կորոնավիրուսի վարակը Նիկոլը օգտագործեց որպես շանտաժ՝ այ որ ինձ հետ լայեղ չեք անում հանդիպել, ես էլ չեմ գա։ Նիկոլին առանձին չհանդիպելով պարզ է, ինչ-որ բան էին հասկացնում, գուցե՝ որ ցանկալի հյուր չէ, գուցե այլ բան, բայց բոլոր դեպքերում, դրա լուծելու ձևը այլ է, երկրի ղեկավարի պարագայում, ոչ թե սիմուլյանտությունը։
Բայց հարցը նաև, այն է, որ Նիկոլ Փաշինյանի շանտաժներին, բացի իր թիմից, ոչ մի տեղ չեն տրվում։ Կարող է իր թիմակիցներին շանտաժով պահել ինչ-որ տեղ կամ հեռացնել էդ տեղից։ Թիմում էլ, կարծես, էս վերջերս շանտաժը լավ չի աշխատում։ Ու էլի նույնը, վարկաբեկում են՝իրենք իրենց՝ ֆեյքերով։
Իր այս՝ շանտաժով հարց լուծելու քաղաքականությունը հիշեցնեմ, թե ինչ կործանիչ ավարտ ունեցավ։ Հիշում ե՞ք, շանտաժ էր անում, թե՝ նենց բան կասեմ, Ադրբեջանը ներսից կքանդվի։ Ի՞նչ պետք է ասեր, տենց էլ չիմացանք։ Վստահաբար, շանտաժ էր անում։ Ադրբեջանը հարձակվեց, գրավեց, ու գրավում է, տիրանում է մինչև էսօր։ Դե բա ասա, էդ ի՞նչ էիր ասում, էլ ե՞րբ ես պատրաստվում ասես։ Իսկ հիմա հակառակն է, ինքն է Ալիևի շամնտաժի տակ․ Ալիևն ասում է՝ այսինչ բան արա, թե չէ բանակցություններից փաստեր կհրապարակեմ, Արայիկի հարցազրույց կհրապարակեմ, էս կանեմ, էն կանեմ։ Միանգամից չոքերը թուլանում է, ինչ պետք է անում է։ Իսկ, լավ, ինչո՞ւ ոչ մեկ չի տրվում Նիկոլի շանտաժին, իսկ ինքը տրվում է շանտաժներին․ որովհետև իր ձեռքին ֆեյք նյութեր են, իր դեմ՝ փաստեր։ Մեկ այլ հարց է, որ իր դեմ փաստերը դրսում լավ են աշխատում, ներսում այդ փաստերը տեսնող ու լսող չկա, որովհետև ինչ-որ վախեցած համագարգեր են, ոչ թե իրավապահ, կամ անվտանգության։
Նիկոլի՝ հիվանդանալու մասին գրառման տակ սաղ ծաղրում են, 100 քոմենթից 96-ում ձեռք են առնում, վիրավորանք է, չեն հավատում։ Բայց, ժողովուրդ ջան, էս ամենը խնդալու կլիներ, եթե չվերաբերեր մեզ, մեր ժողովրդին, երկրին ու մեր երկիրը արտերկրում ընդունելուն։ Էս պահվածքը, ժողովուրդ ջան, մեզ վրա է անդրադառնում։ Ցավոք, սրանով են մեզ ճանաչում վերջին 6-7 տարում։ Էս պահվածքն է ամեն տեղ, ու էդքանից հետո ուզում ենք մեզ լուրջ ընդունե՞ն, մեզ հետ հաշվի նստե՞ն, մեր շահերն հասկանան ու հարգե՞ն։ Պաշտոնեական դեմքերի էս որակի պատճառով մեր երկիրը, ժողովուրդը նվաստացածի կարգավիճակով է։ Նաև նրանց անձնական որակների պատճառով։ Մեր երկրի ղեկավարության նաև այս որակների պատճառով է, որ մեր բարեկամները մեզ թողնում, գնում ու ջերմ համագործակցում են մեր թշնամիների հետ։ Սենց որ նայում եմ, մտածում եմ, հա էլի, էս ո՞վ ա, սրա հետ ի՞նչ խոսեն, պայմանավորվեն։ Էլ չեմ ասում, որ ամենում իրենց շահերն են, չեմ էլ մեղադրում։ Ինչի՞ մեր շահերը սկսել են չհամընկնել մեր բարեկամների շահերի հետ ու ընդհանրապես ոչ մեկի հետ․ որովհետև էս եք։ Անկեղծ խոսենք, ժողովուրդ ջան, էդ որակի մարդկանց ձեր շրջապատում կընդունեի՞ք, ընկերություն կանեի՞ք։ Իրենց մոտ ոչինչ չի ստացվում, չի էլ ստացվելու։ Ասում ենք Նիկոլը թրքամետ, ադրբեջանամետ քաղաքականություն է տանում։ Հա, ճիշտ եք, բայց նրանց հետ էլ չի կարողանում, չի ստացվում։
Կարճ ասած՝ մեզ երկրի դե ֆակտո և դե յուրե իշխանության գործունեությունը խոսում է այն մասին, որ այդ մարդը չի հասկացել ու շարունակում է չհասկանալ այն պաշտոնի լրջությունը, որը եկել ընկել է իր ձեռքը։ Ու կրկնում եմ, դրա համար վճարում է պետությունը՝ իր տնտեսությամբ, հեղինակությամբ, սահմաններով, ՀՀ քաղաքացիները՝ իրենց կյանքով, գրպանով, նվաստացմամբ։ Էս շանտաժների ու կռուտիտների գինը մենք ենք վճարում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը