Բազմիցս ենք այս կասկածն ու անհանգստությունը հայտնել, և շատերդ եք այդ կարծիքին, որ այս ամենը, որ Արցախի գլխին եկավ, Հայաստանի գլխին եկավ ու դեռ գալիս է, այն, որ Ադրբեջանն անընդհատ պահաջում է, ու Հայաստանի իշխանությունն էլ միլիմետրի ճշտությամբ կատարում է և խոստանում է կտարել, այդ ամենի պատճառը կոմպրոմատներն են։ Ինչ-որ բաներ Ալիևն ունի իր ձեռքին, փաստեր, որոնք չի հրապարակում, բայց սպառնում է, որ եթե չանես՝ կհրապարակեմ․ շանտաժ է անում ու ստանում։ Իսկ հիշո՞ւմ եք, թե առաջին կոմպրոմատը երբ հրապարակվեց․ 4 տարի առաջ այս օրը։ Դա պատերզմից ընդամենը օր ու կես առաջ էր։
Էն որ անընդհատ հարցնում էինք, թե 2018 թվականին Դուշանբեում ինչ եք պայմանավորվել Ալիևի հետ, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Ալիևը հայտարարեց, որ պայմանավորվել են հետևյալը․ Փաշինյանը խնդրել է սահմանին չկրակել ու իրեն ժամանակ տալ, մինչև երկրի ներսում ամրապնդվի, ընդդիմության հարցերը լուծի, հետո Արցախի հարցը կլուծի Ադրբեջանին ձեռնտու տարբերակով։ Էս պայմանավորվածությունը հիմա մանր բան է թվում էն ամենի դիմաց, որ կատարել է, բայց էն ժամանակ սենսացիա էր, ու պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Արցախի հաշվին, անվտանգության հաշվին ինքը իր դիրքերն էր կայունացնում․ դա էլ ո՞րն էր․ դատարանին ասում էին՝ ուզած-չուզած պետք է կալանք տաս Ռոբերտ Քոչարյանին։ Պետք է տուշոնկա շոուներով, գեներալներին վարկաբեկելով ալեկոծեին հանրությանը, բաժան-բաժան անեին, սև սպիտակի բաժանեին, որովհետև իրենց դիրքերի ամրանալը միայն ատելություն տարածելով էր հնարավոր։
2018 թվականին, փաստորեն, այդպես է ստացվում, որ Փաշինյանը խոստացել է Արցախի հանձնումը։ Ադրբեջանական իշխանական մամուլն էլ հրապարակեց, որ Նիկոլ Փաշինյանը, միջնորդավորված, նախկին խորհրդական Արսեն Խառատյանի միջոցով, գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, տարածքների հարց քննարկել։ Այս սենսացիոն երկու հրապարակումից հետո ի՞նչ տեղի ունեցավ․ Նիկոլ Փաշինյանը 4 տարի առաջ այս օրը՝ պատերազմից ընդամենը մեկուկես օր առաջ, ընդունեց Արցախի պատգամավորների պատվիրակությանը ու ասաց՝ պետք է հարցը լուծվի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով, ասաց՝ հուլիսի մարտերը ցույց տվեցին, որ հենց Ադրբեջանը հարձակվեց, մռութը կջարդենք, ոնց որ հուլիսին ջարդեցինք․ ինչքան հարձակվեք, էնքան կջարդենք։ Ապա անդրադարձավ ադրբեջանական բացահայտումներին, բայց ոչ թե հերքեց, այլ ասաց՝ Ադրբեջանցիները կոնֆինենցիալ ինֆորմացիաներ են հրապարակում։ Մեջբերում եմ իր խոսքը․ «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
Այդ գիշերն անցավ, հաջորդին սկսեց պատերազմը։ Այ էս բոցաշունչ ելույթից հետո Փաշինյանը մի լուսանկար հրապարակեց Հ1-ի հաղորդավարի հետ ու ասաց, որ երեկոյան բացահայտումներ է անելու։ Այսինքն, դա էն հարցազրույցն էր, որը պետք է, ըստ Նիկոլի, հուսահատորեն ապակայունացնել Ադրբեջանում իրավիճակը։ Այդպես էլ եթեր չգնաց այդ հարցազրույցը։
Դրանից հետո եղավ պատերազմ, Փաշինյանը հա ասաց հաղթում ենք, բայց ստորագրեց կապիտուլյացիոն թուղթ, դրանից հետո բազմաթիվ տարածքներ նվիրեց Սյունիքից, Վարդենիսից, հարձակվեցին ու գրավեցին Ջերմուկից շուրջ 80 քառակուսի կիլոմետր, օկուպացրեցին 200 քառակուսի կիլոմետրից ավելի, գերիներ տարան ու պահում են մինչ օրս, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական զեկավարությանը․ մեր 5 հազար նահատակ հերոսները, որոնց անունները մինչև հիմա չեն հրապարակել։ Այդ ամենի արդյունքում Ալիևի դիրքերն Ադրբեջանում կտրուկ ամրապնդվեցին, երկու ընտրություն հաղթեց և այլ ու այլ լիքը բաներ եղան, բայց այդպես էլ Փաշինյանը չհրապարակեց այդ կոնֆիդենցիալ ինֆորմացիաները, որ պետք է Ադրբեջանում քաոս ստեղծեին։ Դրա փոխարեն իրական քաոս ստեղծեց Արցախում՝ անհուսորեն ապակայունացավ և հանձնվեց և մինչև հիմա ուշքի չի գալիս ՀՀ կյանքը՝ բոլոր առումներով։ Ու շատերն էին հարցնում՝ իսկ ինչո՞ւ չես ասում այն, ինչ գիտես, ի՞նչ կա դրա տակ․ որովհետև եթե դու կարող ես ասել բաներ, որոնք թշնամի պետությունը կքանդեն, բայց չես ասում, առնվազն նրանց գործակալն ես մեր երկրում։ Ամեն դեպքում, էս թրքասիրությունը, որ ցուցաբերում են ՔՊ-ն ու իրենց առաջնորդը, ոչ մի այլ կերպ չբացատրվող հանելուկ է։
Բայց ամեն անգամ ադրբեջանցիները մի կոմպրոմատ ցույց տալով, ստանում են ուզածը։ Երբեք մի մոռացեք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի մասին, որն ադրբեջանական հեռուստատեսությունը ձայնագրեց ու այդպես էլ ցույց չտվեցին․ բայց այդ ցույց չտալու մասին հայտարարելուց հետո Նիկոլ Փաշինյանը գյուղեր ու տարածքներ նվիրեց նրանց Տավուշի մարզից։
Քանի որ խոսք գնաց թրքասիրությունից, արժե անդրադառնալ նաև երեկ տեղի ունեցածին։ Հայաստանի կառավարության լրատվականը տարածեց տեղեկություն, թե ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Բովանդակությունը խնդրահարույց է, բայց դրան կանդրադառնամ հայ-թուրքական հարաբերությունների մասին թողարկմանը։
Փաշինյանի լրատվականը կարևոր բացթողումներ էր արել, վստահաբար՝ դիտմամբ․ չէր նշել, թե որտեղ է կայացել հանդիպումը, որովհետև, երբ նայում ենք որտեղ էր, երևում է, որ բնավ էլ ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում չէր։ Հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում «Թուրքական տանը»։ Նիկոլը Էրդողանին հանդիպելու համար այցելել էր «Թուրքական տուն»։ Որևէ միջզգային միջոցառում, որ կազմակերպվում է, էդ միջոցառման տարածքում առանձին սրահներ են հատկացնում, որտեղ տեղի են ունենում երկկողմ, եռակողմ, բազմակողմ հանդիպումներ, ու դա տեղի է ունենում էդ միջոցառման շրջանակներում։ Իսկ հայկական պատվիրակութունը, Հայաստանի դրոշը՝ իր պատվանդանով, շալակած, գնացել էին «Թուրքական տուն»։
Կարող՞ է կառավարությունը պարզաբանել, թե ինչու Փաշինյանի և Լեհաստանի նախագահի հանդիպումը տեղի չի ունեցել Նյու Յորքում Լեհաստանի գլխավոր հյուպատոսարանում, ինչո՞ւ է ՄԱԿ շենքի սրահում եղել։ Ինչո՞ւ Կիպրոսի նախագահի հետ հանդիպումը տեղի չի ունեցել նրա կեցավայրում, այլ՝ ՄԱԿ շենքում։ Էդ ի՞նչ ընդգծված վերաբերմունք է թուրքերի նկատմամբ, էդ ի՞նչ սեր է, ի՞նչ կապեր են։
Իսկ թե ինչ սեր է ու հարգանք, երևում է նրանից, թե ինչքան մեծ սիրով ու ջերմությամբ է Նիկոլ Փաշինյանը գրկել հետայսու իր բարձի տակի գիրքը՝ Էրդողանի ձեռագրով, մակագրությամբ ու նկարով։
Հայ ժողովուրդը կրկին զայրացած է, ամոթ է զգում, քննադատում է Նիկոլի՝ Նյու Յորքում այս պահվածքը, լիաթոք ծիծաղը էրդողանենց հետ։ Բայց փաստենք, որ այ էդ իրավիճակը իրեն շնորհել է ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացին է որոշել, որ պետք է Հայաստանը ոչ թե ըստ արժանվույն ներկայանա միջազգային այդ հեղինկավոր բեմերում, բանակցություններում, այլ խղճուկ կեցվածքով։ Այ էս լուսանկարը, ժողովուրդ ջան, ՀՀ ընտրել է 680 հազար ընտրող։ Այ էդ լուսանկարի միջի աջ կողմի բեղավոր մարդն է հենց երկրում մի քիչ ցնցվում Նիկոլի աթոռը, անմիջապես սկսում Ադրբեջանի բեղավորի հետ ձեն-ձենի տված, սատարել մեր մոտի բեղավորին ամեն ինչով՝ ընդհուպ առաջարկելով զորք, որ աթոռը ամրացնի։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, այո, ըստ ամենայնի, այս ամենը լուրջ կոմպրոմատների արդյունք են։ Իհարկե՝ որոշները կասեն՝ անում է հոժարակամ, որոշները կասեն՝ թրքասիրության պատճառով է, մի մասը կասի՝ ագենտ է, մի մասը կասի՝ ընկերական է անում, մի մասը գուցե հավատում է, որ դրանք իրոք հարաբերությունները կարգավորելու համար զոհողություններ են։ բայց եկեք չմոռանանք, որ 2020թ․ այս օրը հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի դեմ Ալիևի առաջին կոմպրոմատը, ու կասկած չունենք, որ շատ ավելի կարևոր կոմպրոմատները դեռ առջևում են, սպասում են հրապարակման հարմար ժամանակին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը