Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք, բնականաբար՝ Աննա Հակոբյանի հետ։ Այնտեղ մնալու է մոտ մեկ շաբաթ։ Այս այցի միակ դրական նորությունը թերևս այն է, որ ինչպես հասկացվում է տեսանյութից, ի տարբերություն 2018թ․ կատարած այցի, միայն թռիչքի վրա 700 հազար դոլար չի ծախսվել, ու այդ այցը կարող է և 1 մլն դոլարից ավելի չնստել հարկատուների վրա։ Բայց սա միակ դրական կողմն է։ Ի՞նչ է անելու Նյու Յորքում․ ասում են՝ ունենալու է հանդիպումներ, նաև՝ Էրդողանի հետ, ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի միջոցառումներում: Թե ինչ ելույթ կունենա Փաշինյանն այնտեղ, կարծում եմ՝ քիչ թվով մարդկանց է հետաքրքրում։ Բայց խոսքի արժեքը ընդգծելու համար ուզում եմ հիշեցնել, որ այդ ամբիոնից հեռակա կարգով նա ելույթ ունեցավ նաև սրանից 4 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից ընդամենը 2 օր առաջ։ Ինչի՞ց խոսեց այդ ժամանակ։
Խոսեց հուլիսյան մարտերի մասին․ հիշում եք, էն որ 2020թ․ հուլիսին երկու դիրք Տավուշում առաջ տանելու համար հարյուրի չափ մեդալ, կոչում բաժանեց։ Ու ՄԱԿ ամբիոնից հայտարարեց․ «Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»։ Բարձր ամբիոնից ասաց՝ Ադրբեջանի ղեկավարը ուզած չուզած թող հասկանա, ընդունի էդ փաստը, զենքով չկա հարցի լուծում ու թող գա նստի բանակցությունների։ Սա, ժողովուրդ ասում էր պատերզմից 2 օր առաջ։ Ի՞նչ եք կարծում, պետության ղեկավարը, որ հպարտանում է բանակի հզորությամբ, տարածաշրջանում առաջատար լինելով, չգիտե՞ր, որ պատերազմ է սկսում։ Նա ՄԱԿ ամբիոնից խոսում էր՝ ասես ոչինչ չի լինելու, բայց հետո պետք է հարյուր անգամ խոսքը ֆռացներ, թե՝ մենք գիտեինք, որ պատերազմ է լինելու, բայց չգիտեինք երբ․ հետո՝ մենք չգիտեինք, որ լինելու է․ հետո՝ մենք մենակ ժամը չգիտեինք և այլն։ Պատերազմից մեկ օր առաջ միջազգային ամենահեղինակավոր ամբիոնից գովում էր բանակը, պատերազմից հետո, իր պարտության պատասխանատվությունից ինքն իրեն ազատելու համար, մեղադրում։
ՄԱԿ-ի ամբիոնից 4 տարի առաջ այս օրերին խոսում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին ու ասում էր՝ դա ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների կողմից։ Նույն մարդը, որ ՄԱԿ ամբիոնից խոսում էր ինքնորոշման մասին՝ հղում անելով միջազգային հանրությանը, դրանից 2 տարի հետո դարձալ այդ հանրությանը հղում էր անում, թե՝ մեզանից պահանջում են նշաձող իջեցնել, իսկ հիմա բառամթերքից իսպառ հանել է ինքնորոշում տերմինը։ Ու նա դարձյալ նույն ամբիոնից պետք է ելույթ ունենա։
Ասում էր՝ «Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման»։ Բա դու Արցախի կողմից օրինական ընտրված նախագահ էի՞ր, որ ոչ թե փոխզիջեցիր, այլ լրիվ հանձնեցիր։
Էլ չեմ ասում, որ այդ ելույթում քննադատում էր Թուրքիային հուլիսյան մարտերը թեժացնելու համար ու շեշտում էր՝ «Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար»: Ու ինքը իր քայլերով Թուրքիային բերեց ու խցկեց տարածաշրջան, հայ-ադրբեջանակլան հարաբերություններում դարձրեց գլխավոր ասողը։
Զավեշտը գիտե՞ք որն է․ այն մարդիկ, որոնց առաջ գնացել է ելույթ ունենալու, նրանց մեծ մասը այդտեղ էին նաև 2020 թվականին․ նրանք, որ լսել են Փաշինյանից էս ամենը, հիմա պետք է էլի լսեն նրան, լրիվ այլ ելույթ, մեկ ուրիշ իրավիճակում, երբ բանակը վարի է տվել, Արցախը չկա, ինքնորոշման վրա տապանաքար է դրել, Թուրքիայի հետ գնում է քիրվայության, չնայած որ սաղ աշխարհն է տեսնում, որ Թուրքիան նույն սպառնալիքն է որտեղ որ ոտք է դնում, Հայաստանից էլ օկուպաված հողեր կան։ Լրիվ հակառակ իրավիճակ է։ Ուղղակի նույն մարդն է ելույթ ունեցողը, մի քիչ ծերացած ու գիրացած։ Մենք սովոր ենք լսել, որ նա մի բան ասում է, լրիվ հակառակը՝ անում։ Բայց դա նա կվերահաստատի նաև ՄԱԿ ամբիոնից ու եթե այն անգամ պահանջում էր խաղաղություն, հիմա էլի կխոսի խաղաղությունից, բայց արդեն մուրացիկի տոնով։
Այսօր Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ու ըստ երևույթին՝ օրը դիտմամբ է ընտրել՝ Փաշինյանի ելույթին ընդառաջ ցուց տալու, որ միջազգային հանրության առաջ ինչ էլ խոսես, խաղաղությունը շատ հեռու է։ Դու հանձնել ես ու հանձնվել ես, որ ստանաս խաղաղություն, ինչ ունեիր՝ ծախել ես ու նվեր ես տվել, բայց նա դեռ առևտուր է անում․ քեզ հետ խնդիր չունի էլ, ըստ երևույթին գիտի, որ տվող ես, աշխարհի հետ է առևտրի մեջ։ Ղրաբաղը քո ձեռքին կոզր էր, համ խաղաթուղթ էր, համ հաղթաթուղթ էր ոչ միայն քո հարևան ու թշնամի երկրների դեմ, այլև աշխարհում արժեք, կշիռ ներկայացնելու առումով։ Հիմա հանձնել ես ու ո՞ւմ ես պետք։ Հիմա էդ հաղթաթուղթը արդեն Ալիևի մոտ է։
Նիկոլն է ասում, որ խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 13-ը պատրաստ է, 3-ը համարյա պատրաստ է, 1-ն է միայն անպատրաստ, եկեք էդ 13-ը ստորագրենք։ Ադրբեջանի նախագահն ասում է՝ կան չհամաձայնեցված կետեր, որոնք Հայաստանը հանել է բանակցություններից։ Այսինքն՝ կասկածի տակ է դնում Փաշինյանի ասածը, որ ընդամենը մեկ կետ կա չհամաձայնեցված։
Առավոտից իրիկուն մեզ ասում են՝ գնում ենք խաղաղության պայմանագրի, դա կերաշխավորի խաղաղությունը, սահմանին ցանցեր ենք քաշել, ժեշտեր ենք քաշել, երեխաները Ադրբեջանի զինվորներից 50 մետր այս կողմ են դաս անում, բայց խնդիր չէ, հիմա ամենաանվտանգ սահմաններն ունենք, ու նրան զուգահեռ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը ռազմական հզորության ավելացումն է։ Ու ավելացրել է՝ Երկրի առաջ ծառացած խնդիրներից մեկը նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է: Ալիևը խոսել է բանակում նոր զինված միավորումների մասին, հատուկ նշանակության ուժերի թվաքանակի ավելացման մասին, զենքերի ձեռքբերման մասին, ռազմական գործարանների արդիականացման մասին։
Հայաստանի ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խոսում է ոչ զենքով, այլ բանակցություններով Ադրբեջանի օկուպացիայից մեր տարածքներն ազատելու մասին, Ալիևը իր Միլի մեջլիսի ամբիոնից խոսում է նոր զենքեր ձեռք բերելու, Զանգեզուրի մասին։ Նիկոլը իբր խաղաղության է պատրաստում, իսկ Ալիևը անում է պատերազմի ակնարկներ։ Հեսա կասեն՝ ներքին լսարանի համար է, Ադրբեջանում ընտրություններ են։ Հա, կարող եք ամեն ինչին հիմնավորում գտնել՝ ձեր պարտությունից սկսած, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Իրականությունն այն է, որ Ալիևն ասում է ավելի ուժեղ ենք զինվում, որ Հայաստանի հետ կապված խնդիր լուծենք, Նիկոլն ասում է՝ երեխաները պետք է ասեն ինչ լավ է, որ դպրոցից 50 մետր ն կողմ Ադրբեջան է։
Էս պայմաններում Հայաստանում Անկախության տոնն էր։ Ես դիտմամբ չասացի նշել բառը․ որովհետև ես չտեսա տոնի նշում։ Դուք տեսել ե՞ք, որ որևէ երկրում անկախության օրվա տոնումը սահմանափակվի զոհերի շիրիմին այցով, ընդ որում՝ պետականորեն միջոցառում չլինի։
Գիտե՞ք, որպեսզի երկիրը անկախ լինի, պետք է ղեկավարը անկախ լինի։ Պետք է, օրինակ, կախված չլինի թշնամու շանտաժից։ Ես ենթադրում եմ, որ ինքը թշնամու շանտաժի տակ անգամ հրաժարական չի կարողանում տալ, որովհետև անելիքներ ունի, որովհետև բաներ է խոսք տվել, բաներ կատարելու պարտավորություններ է վերցրել։ Իսկ մենք բազմիցս ենք տեսել ու լսել, որ մի բան հայտարարում է Ալիևը, մի քանի ամիս անց իր ասուլիսում Նիկոլն է խրոխտ հայտարարում դրանք անելու մասին, նա էնտեղ սպառնում է, բաներ է պահանջում սահմանադրության մասին, սրանք ասում են, որ այո, փոխում ենք, բայց կապ չունի ձեզ հետ, բայց փոխում են էն, ինչ պահանջում են։ Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ պետության գլուխ կոչվածը, որն ունի, ինչպես նախորդ ժամանակ եմ ասել, էն իշխանությունը, որը չի ունեցել Հայաստանի որևէ ղեկավար, ամեն ինչին տիրապետում է և կարողանում է անել ինչ ուզում է, իհարկե դրա արդյունքում համ ինքն է վարի գնում, համ երկիրը, բայց ինքը մնում է ու կատարում է այ էդ բոլոր պահանջները։ Ու ամենից ցավալին էն ա, որ նա կատարում է ոչ միայն Արևմուտքի, Եվրոպայի կամ իր այլ հովանավորների պահանջները, այլև մեր դարավոր թշնամիների։
Դու անկախ չես, անձամբ․ դու կախված ես թիկնապահներից, կախված ես ոստիկաններից, կախված ես քո թիմից, կախված ես պետական բյուջեից․ դու անգամ կախված ես Ալիևից ու իր կոմպրոմատներից։ Այնպես որ, ճիշտ էլ արեցիր, որ չնշեցիր անկախության օրը․ որովհետև դա քո օրը չէր։
Կարճ ասած՝ ընդամենը ուղերձով բավարարված Նիկոլ Փաշինյանը էլի ներողություն խնդրեց սխալների համար ու ասաց, որ ներողություն է խնդրում նաև էն սխալների համար, որ գործելու է։ Այնքան հարվածներ, որ մեր երկիրը տեսավ վերջին 6 տարիների ընթացքում, հավատացեք, որ երևի շատ պետություններ չդիմանային էդ հարվածներին։ Բայց մերն էլ արդեն չի դիմանում․ որովհետև էդ հարվածները ներսից են ու հարվածում են հենց պետության ու պետականության հիմքին։ Ու հլը խոստանում է, որ էլի է սխալներ անելու։ Սխալնե՞ր են, թե՞ ճիշտ ծրագրած, հաշվարկած քայլեր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը