24 09 2024

ՔՊ-ի անհաջող կարգախոսն ու անմրցունակ հեծանվորդը հասան ՄԱԿ-ի ամբիոն․ «Կարճ ասած»



 

Սահմանադրական դատարանն այսօր քննեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության վերաբերյալ հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը։ Քննարկեց հանրությունից թաքուն, ընդամենը մի քանի ժամում։ Այդ կանոնակարգի վերաբերյալ ընդգծված արագություն է ցուցաբերում Հայաստանի իշխանությունը։ Օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են, մեկ շաբաթ չանցած՝ սեպտեմբերի 5-ին, կառավարությունը հավանության արժանացրեց և անմիջապես ուղարկեց ՍԴ։ Շատ արագ ՍԴ-ն որոշեց քննարկման օրը՝ սեպտեմբերի 24 ու այսօր մի քանի ժամում քննեց-մտավ խորհրդակցական սենյակ։ Բայց այս բոլորը տեղի ունեցավ հանրությունից թաքուն․ ո՛չ կառավարությունում քննարկեցին, ո՛չ ՍԴ-ում քննարկեցին ուղիղ եթերում։ Ինչպես որ թաքուն բանակցել են ամեն բան, թաքուն ստորագրել են ու հանձնել, սա ևս թաքուն էր։

Հայաստանը ընդամենը 25 օրում Ադրբեջանի հետ ստորագրած այդ կանոնակարգը մի քանի ատյանով անցկացրեց։ Իսկ դուք տեղյակ ե՞ք, թե իր օրինակը Ադրբեջանը ինչ է արել․ Ադրբեջանի կառավարություն մտե՞լ է, ՍԴ մտե՞լ է։ Ոչ։ Իսկ ինչո՞ւ։ Կարող է՞ նրա համար դիտամբ չեն քննարկում, որովհետև մեկ է՝ առանց կանոնակարգի արդեն 4 գյուղ հանձնել ես։ Եթե առանց էդ սահմանազատման թղթի հանձնում ես, էլ ինչի՞ վավերացնեն։ Ալիևը երեկ ասում էր՝ փետրվարին ասացի Ղազախի շրջանի 4 գյուղերը տվեք, էնքան ազդեցիկ էր խոսքս, որ առանց միջնորդի, առանց պայմանների տվեցին։ Առանց նախապայմանի․ իսկ Նիկոլը իբր պայման էր դնում, որ մենք տանք, իրենք էլ պետք է տան։

Լավ, իսկ այդ կանոնակարգը ինչո՞ւ եք ափալ-թափալ վավերացնում․ իսկ որ Սահմանադրական դատարանը կողմ կքվեարկի, կասկած չունեմ․ բա ինչո՞ւ են նիկոլականներին հավաքել այդտեղ, եթե ոչ էսօրվա ու վաղվա համար։

Ալիևը, ցավոք, երեկ միայն չի խոսել Հայաստանից այդ գյուղերը վերցնելու մասին։ Երեկ ես անդրադարձա ընդամենը զինվելուն։ Միլի մեջլիսում ունեցել է 10 էջանոց ելույթ, որի 9 էջը անվտանգությունն է, զինումն է, Ղարաբաղն է, Հայաստանն է, պատերազմն է։ 

Երեկ ելույթ ունեցան նախ Ալիևը, ապա՝ Նիկոլը, Ալիևը իր խորհրդարանում, Նիկոլը՝ ՄԱԿ-ում, ալամ-աշխարհի աչքի առաջ։ Երբ Նիկոլը ելույթ էր ունենում ՄԱԿ-ում, տասնյակ պետությունների ղեկավարների առաջ, արդեն Ալիևը ավարտել էր ելույթը, ահավոր բաներ էր ասել և տրամաբանական էր, որ պետք է հակադարձում ստանա։ Բայց մեզ հերթական ամոթն էր սպասում։

Եկեք իրար կողքի դնենք այդ ելույթները․ Ալիևն ասում է՝ որ ինձ գյուղեր է տվել Նիկոլը, սա ելույթում չի խոսում այն մասին, որ Ալիևը մեր 32 գյուղի կենսական նշանակության տարածքները չի տվել։ Ալիևը խոսում է արցախյան պատերազմի մասին, խոսում է Փաշինյանի ստորագրած կապիտուլյցիայի մասին, համեմատում է ֆաշիստական Գերմանիայի հետ՝ երկրորդ համաշխարհայինից հետո, ասում է՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոչ ոք ֆաշիստական ​​Գերմանիային խաղաղության պայմանագիր չառաջարկեց։ Նացիստական ​​Գերմանիան բաժանվեց մի քանի մասի»: Սպառնում է Հայաստանը մասնատելո։ Ի՞նչ պայմանագիր, ի՞նչ խաղաղություն, խոսում է զավթելու մասին։ Ի՞նչ արձագանքեց Նիկոլը ՄԱԿ ամբիոնից․ ոչ մի բան, կամեցավ աշխարհին խաղաղություն ընդամենը։

Ալիևն ասում է՝ այլևս չկա էն ժամանակվա անվտանգության ճարտարապետությունը ամբողջ ախարհում, գերիշխում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը։ Այսնինքն՝ մոռացեք խաղաղության մասին, ես զինվում եմ, ես ուժեղ եմ․ դա բացահայտ է ասում․ ՄԱԿ ամբիոնից փոխանակ էս ամեն ինչը մեկացնելու, քննադատելու, ասում է՝ ես ոչ թե կքննադատեմ իմ հարևան երկրներին, կմեղադրեմ, այլ՝ կկենտրոնանամ հնարավորությունների վրա։ Ես մենակ դրականը կասեմ, թող մտածեն։ Կրկնում եմ, երբ Նիկոլը ՄԱԿ-ում ելույթ էր ունենում, մի քանի ժամ առաջ արդեն Ալիևի եույթը ուներ ձեռքի տակ։ Փոխարենը կարդալու, պատասխան գրելու, նա Նյու Յորքում հեծանիվ էր քշում, ջազ քլաբ էր այցելում։ Ու վերջում կարդում է իրականությունից, կյանքից, աշխարհից, ամեն ինչից կտրված մարդու տեքստ։

Մի գիրք կա շատ հետաքրքիր, որի վերնագիրը էս պահին չեմ հիշում․ կանադական փոքր քաղաքի քաղաքապետի ծնունդը պետք է նշեն․ քաղաքի պաշտոնյաներից մեկը, որ ուզում է անընդհատ քծնվել, խնդրում է ծննդյան տոնակատարության կազմակերպիչներին թողնեն ինքը ճառը կարդա։ Երեք ամիս աշխատում է այդ ճառի վրա, շատ գեղեցիկ խոսքեր գրում, ամեն նախադասություն ավելացնելիս ընտանիքի անդամներին նստեցնում, կանգնում աթոռի վրա ու կարդում է տեքստը այն մասին, թե ինչքան լավ քաղաքապետ ունեն, Աստծո ընծա, դեռ ինչեր ունի անելու այդ քաղաքապետը, ինչքան բարի ծրագրեր կան, եթե շատ ղեկավարի, ապագայի նկատմամբ ինչքան մեծ վստահություն կլինի և այլն։ Ծննդյան տոնից մեկ օր առաջ քաղաքապետը մահանում է, ու էս մարդուն ասում են՝ դե ի՞նչ արած, քանի որ պետք է ասեիր ծննդյան օրվա ճառը, դրա փոխարեն հենց դու էլ կկարդաս մահախոսականը։ Ափսոսում է, որ երեք ամիս պատրաստված ելույթը գնա կորի և հուղարկավորության ժամանակ կարդում է այն, ինչ պատրաստել է ծննդյան օրվան․ դագաղի մոտ կարդում է, թե ինչքան լավն է քաղաքապետը և դեռ ինչքան բան պետք է անի ապագայում, մաղթում քաջ առողջություն։ Նիկոլի երեկվա՝ իրավիճակից չբխող ելույթը լսելիս հիշեցի այդ քծնվող կանադացի պաշտոնյային։ Նիկոլը վաղուց պատրաստել է իր ճառը ՄԱԿ-ում ելույթի համար ու ով գիտե, գուցե ընտանիքի անդամներին, ՔՊ-ական պատգամավորներին, ԱԱԾ պետին որպես հանդիսատես նստեցրել, կանգնել աթոռին ու քանիցս արտասանել է այդ «ապագա կա»-ն։ Հիմա նույն օրը Ալիևը խոսել է, հո նրան պատասխանելու համար վարի չի՞ տա էն խոքը, որի վրա էդքան չարչարվել է։

Դրա համար էլ Ալիևը խոսում էր զինվելուց ու հարձակվելուց, Նիկոլը՝ որ ապագա կա ու եկեք «միայն խոսենք, քանի որ Սկզբում էր Խոսքը»։

Հայաստանում այս պահին գործում է ԵՄ դիտորդական առաքելությունը․ Ալիևն ասում է՝ մենք համաձայնել ենք, որ Հայաստանի կողմից պայմանական սահմանի ուղղությամբ կտեղակայվի փոքրաթիվ դիտորդական առաքելություն ՝ ընդամենը երկու-երեք ամսով։ Բայց, ասում է, էս ի՞նչ բան է, երկարացրել են ժամկետը, թիվն են ավելացրել, փաստորեն՝ ՆԱՏՕ-ի առաքելություն է, մեր դեմ են աշխատում, «հեռադիտակային դիվանագիտություն» են անում։ Եթե նրանք չեն ուզում, որ հարաբերությունները նորմալանան, չեն նորմլանա։ Այ էսպիսի բաներ է ասում, իսկ Նիկոլը կանգնում է էն երկրների ղեկավարների առաջ, որոնք դիտորդական առառքելություն են ուղարկել ու արձագանքում է՝ ուզում եմ այս կարգախոսը որպես թեորեմ առաջարկենք՝ «ապագա կա, կա ապագա»։ Սա որև մեկը պետք է լո՞ւրջ ընդունի։ Ասում է՝ էդ կարգախոսով ընտրություններ եմ կրել։ Բայց մեկը չի ասում՝ բայց ոչի՞նչ որ, էդ ընտրություններից հետո էդ կարգախոսով 80-ից ավելի քառակուիսի կիլոմետր ես հանձնել։ Էստեղ էդ կարգախոսով աղետ ես բերել, հիմա աշխարհի համար թեորեմ ես առաջարկում, կարող է՞ երրորդ համաշխարհային սկսի։

Բայց անկեղծ էլի, ժողովուրդ, մի հատ անաչառ դիտորդի աչքերով նայեք․ առավոտ վաղ թշնամի պետության ղեկավարը ելույթ է ունենում, քեզ ինչ ասես ասում է, սպառնում է, ասում է ոչ մի խաղաղությւոն, էդ պայմանագիրը, որ էդքան բանակցում ենք, անլուրջ է, մենք զինվում ենք, մենք խնդիր ունենք լուծելու, իսկ երեկոյան մարդ, ով պարտավոր է ի պաշտոնե պատասխանել էդ խոսքերին, ասում է՝ հերիք ա իրար սպառնանք, մեղադրենք էս հարթակներից, եկեք պոզիտիվ խոսենք, ребята давайте жить дружно: Ո՞վ ադեկվատի տեղ կդնի։

Ինձ հետաքրքիր է՝ մենք էդքան դիվանագետներ ունենք, որևէ մեկը նախապես ծանոթանում է՞ քո տեքստին, քեզ խորհուրդ տալիս է՞, թե ինչ պետք է ասել ու ինչը՝ ոչ, որովհետև իսկականից ամոթ ա։

Կարճ ասած՝ մենք հասկանում ենք, որ ՄԱԿ-ում էդ ելույթը անլուրջ է։ Բայց մենք նման անլուրջ ելույթներ լսում ենք արդեն որերորդ տարին։ Լսում ենք ոչ միայն էդ անլուրջ ելույթները, այլև տեսնում դրանցից տասնապատիկ ավելի անլուրջ քայլեր։ Նման ելույթների ու գործողությունների պատճառով է, որ տասնամյակներ շարունակ կռացած պետությանը ընդամենը երկու տարում Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց, օգնեց կատարեն իրենց պատմական բոլոր երազանքները, տարածաշրջանում ու աշխարհում գլուխները բարձր քայլեն ու նրանց փոխարեն ինքը կռացավ։

 

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ