31 07 2023

«Կարճ ասած»․ «Ապագա կա»-ն՝ Ադրբեջանի բանտերում



 

Արցախի վերաբերյալ իրադարձությունները զարգանում են այնպես, որ արդեն բոլորի համար պարզ է դառնում գալիքը։ Իրականություն են դառնում բաներ, որոնք կանխատեսվում էին 2 տարի առաջ, երբ դեռ Լաչինի փակ միջանցքի թեման չկար, իսկ «խելոքները» բերան էին ճպացնում, թե՝ թշնամին Արցախն ա ուզում, եթե տան՝ էլ բան չեն ուզի։ Հուլիսի 29-ին Արցախից Կարմիր Խաչի ուղեկցությամբ սրտի վիահատության համար Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանը հենց միջանցքում առևանգեց։ Կարմիր Խաչը Ադրբեջանին է փոխանցել բուժման նպատակով Արցախից դուրս եկող քաղաքացիների ցանկը, համաձայնություն են կայացրել, միաժամանակ, սկսել են տարեց մարդու նկատմամբ պլաններ կազմել։ Մեղադրել են, թե պատերազմի ժամանակ ադրբեջանցիների է կոտորել, արտաքսել և այլն։ Այստեղ հարցն այն չէ, որ Ադրբեջանը ստում է, որ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէ և այլն․ հարցն այն է՝ ինչ նպատակով է արվում այս ամենը և ովքեր են թույլ տալիս։

Մեր ԱԳՆ-ն հայտարարում է, թե սա միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է, ռազմական հանցագործություն է։ Ճիշտ է ասում։ Բայց նույն այդ արտաքին գործերի նախարարը երկու անգամ Վաշինգտոնում մի քանի օրանոց հանդիպում է ունեցել Բայրամովի հետ, բանակցությունները համարել են առաջընթաց ու հիմա ասում է՝ հանցագործություն են անում, դա ո՞նց ա լինում։ Էս առևանգումից ուղիղ 4 օր առաջ ասուլիսում Փաշինյանը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արցախցիներին ճանաչում էր Ադրբեջանի քաղաքացի ու զարմանում ենք, որ ամեն անգամ երբ Փաշինյանը այդ արտահայտությունը կրկնում է, սենց մի բան է լինում։ Այսինքն, Ադրբեջանն այդ արտահայտությունները լսելուց հետո կամ ճանապարհ է փակում, կամ զինվոր ու քաղաքացի է առևանգում, հետևից էլ ասում է՝ է ի՞նչ է եղե՞լ, որ, իմ տարածքում ինչ ուզում անում եմ, դու՞ք ինչ կապ ունեք։

Առևանգումից, իրադարձության վերլուծությունից կարծում եմ, շատերը հասկացան, թե սա ինչ վտանգավոր ազդակ է ու, ի միջի այլոց, ոչ միայն արցախցիների համար։ Նախ սա նշանակում է, որ Արցախում բնակվողները պատանդառված են։ Էն, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Ալիևը հայտարարեց, թե՝ ով ուզում է մնալ, դառնալ Ադրբեջանի քաղաքացի, թող մնա, ով ոչ՝ մեր դրած անցագրով գնա, գլխիկոր թող գան Բաքվում բանակցեն, մենք կորոշենք համաներենք, թե ոչ, հիմա ցույց է տալիս, որ Լաչինի անցակետը փրկություն չէ դուրս եկողների համար․ Արցախում ապրող երևի թե բոլոր տղամարդկանց սպասում են Ադրբեջանի բանտերում։ Որովհետև Նիկոլն Արցախն ամբողջությամբ, քաղաքացիներով հանդերձ, փաթեթավորել է, կողպեք խփել ու բանալին հոկտեմբերի 6-ին Պրահայում հանձնել Ալիևին, դե նա էլ ոգևորվել է, ու ոնց ուզում՝ անում է։ Ադրբեջանը չի ասելու արցախցիները եթե ուզում են անցնեն սահմանով ու գնան Հայաստան, թող գնան․ նա ասում է, կա՛մ եկեք կամովի հանձնվելու կամ մեկ է մի օր մի տեղ կբռնեմ, կձեռբակալեմ, հետո կորշեմ ինչ անեմ, բոլորդ էլ հանցագործ եք, սեպարատիստ։

Նիկոլի Էդմոնն ասում է. «Այսպիսով, Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում Արցախի ողջ չափահաս արական բնակչությանը։ Սա ի՞նչ է նշանակում»։ Կարծում եմ, եթե Էդմոնն այդքան անհեռատես էր, որ դեռ ամիսներ առաջ իր համար պարզ չի եղել, թե ուր է հասնելու իր ղեկավարի եփած բորշչը, այս հարցը ոչ թե օդում պետք է հիմա տա, այլ տա իր ղեկավարին ու հենց այդ պահանջատիրական տոնով, թող նա էլ փորձի պատասխանել, դա ինչ է նշանակում։

Հայտնի է, որ Արցախյան պատերազմներում մասնակցել են ոչ միայն արցախցիները, Արբեջանը վաղը կարող է պահանջել բոլորին հանձնել, Նիկոլին ինչ կա, նա ոչ մի պատերազմին չի մասնակցել, առաջին պատերազմից թռել է, ապրիլյան պատերազմում գնացել է խրամատ փորելու պատերազմի ավարտից մեկ ամիս անց, 44-օրյա պատերազմում էլ ավելի շուտ օգնել է ադրբեջանին, քան պայքարել նրանց դեմ, դժվար ինքն անձամբ խնդիր ունենա։ Իսկ նրանք, ովքեր կռվել են, սահման են պահել, բանակ են գնացել, վտանգի տակ են։ Իսկ ի՞նչ եք կարծում, եթե իր «կիրթ ու կառուցողական» գործընկերը պահանջի ցուցակով հանձնել բոլոր-բոլոր մասնակիցներին և առհասարակ ազատագրված հողերում ծառայածներին, ոչ միայն պատերազմի մասնակիցներին, Փաշինյանը չի՞ հանձնի, հիպոթետիկ՝ ինչոր բանի դիմաց։ Չեմ շարունակում, ինքներդ կռահեք։

Վագիֆ Խաչատրյանը, ասում ենք առևանգվեց, բայց այս պայմաններում ու իրականում հանձնվեց, ոնց որ հանձնվեցին մայիս ամսին մեր երկու տղերքը, մեր դիրքերից։ Հիշում ե՞ք նրանց, թե՞ մենակ ծնողներն են հիշում։ Ո՞նց խելոք-խելոք տվեց ականապատ դաշտերի քատեզները, այդպես էլ կտա քաղաքացիներին, ազատամարտիկներին, հրամանատարներին, գեներալներին։ Բա հայրենիք է ազատագրվել, հարյուրավոր գյուղ-քաղաքներ, նրանք կիմանան ամեն մեկի վրա ինչ մեղադրանք սարքել։ Էն մարդիկ, որոնք Նիկոլին դիմավորել են Վարդենիսում, Արարատում և այլ վայրերում, եթե նրանց մեջ կան մարդիկ, որոնք արցախյան առաջին պատերազմի ժամանակ չափահաս են եղել, վաղը Ադրբեջան հանձնվելու մատերիալ են լինելու, թող չկասկածեն։

Նորից եմ հիշեցնում, մեր երկրի տարածքից գողացան տարան երկու զինվորի ու դատեցին, ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը։ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը սրա շարունակությունն է, բայց ոչ ավարտը։ Սա միայն Արցախի խնդիրը չէ, այլ բոլորի խնդիրն է։ Վաղը կարող են ադրբեջանցիները ցանկացած երկրիր մեկնած հանգստացող, շրջագայող, զբոսնող, գործուղման կամ աշխատանքի գնացած ՀՀ քաղաքացու ձերբակալել տանել, ասել՝ հետախուզվում էր պատերազմական հանցագործություններով․ քանի որ քո պետությունը քեզ տեր չի կանգնում։ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ հայ-ադրբեջանական ճանապարհները բացելու շուրջ, ասում է Ադրբեջանով Ռուսաստան կգնաք, Բաքու կգնաք, բայց պարզ է չէ՞, որ չի կարող անգամ երաշխավորել, որ իր քաղաքացիներին չեն գողանա կամ որ գողանան՝ հետ կբերի։

Ադրբեջանին ոչ մի միջազգային իրավունք ու սկզբունք չի կանգնեցնի, նրան կանգնեցնելու է ուժը․ նրան ուժն է կանգնեցրել մինչև 2018 թվականը, իր դիմաց եղել է իրենից բան ներկայացնող երկիր։ Վագիֆ Խաչատրյանի դեպքը, կարծում եմ,  Հայաստանի իշխանությունը կարող է օգտագործել Պրահայի պայմանավորվածությունը՝ Արցախը հանձնելու մասով, չեղարկելու համար։ Արդեն այդ պայմանավորվածությունների մասնակից հավաքական արևմուտքը փաստարկներ է ունենում, թե ինչ է սպասվում Արցախին, ինչ անվտանգություն է սպասում և որ փրկությունը ինքնորոշումն է։ Այո, մենք միջազգային հանրությունից ակնկալիք-պահանջներ ունենք, բայց նրանք էլ մեզանից ակնկալիք ունեն, որ ողնաշարներս կուղղենք։

Ժողովուրդ ջան, Նիկոլն ասում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վատն է, բայց հղում են անում սաղ դրան․ ասում էինք վատն է, հիմա էլ ենք ասում՝ այդ փաստաթուղթը կապիտուլյացիա է, բայց նաև ասել ենք, որ եթե դու մնաս, ավելի վատ բաներ էլ են լինելու, արդեն անգամ այդ փաստաթղթի հետ կապ չունեցող։  Մնացել ես ու խնդրեմ՝ կատարվում է սարսափելին։ Եթե նոյեմբերի 9- փաստաթղթի արդյունքում հազարավոր արցախցիներ դարձան փախստական, էսօր համարվում են հանցագործներ։

Վագիֆ Խաչատրյանի դեպքը դրոշակ սարքելով՝ որոշները արդեն խոսում են Ադրբեջանի հետ երկխոսության արագացման մասին։ Ցավոք, դեռ կան մարդիկ, որ հավատում են Արցախի ու Ադրբեջանի երկխոսության դրական արդյունքին։ Այս պարագայում անգամ վստահություն չկա, որ բանակցողները կվերադառնան։

Ժողովուրդ, Ալիևը թշնամի է ու անում է այն, ինչ կաներ ցանկացած թշնամի, բայց նրանց հետ էլ հո հայեր են բանակցում։ Էլի հիշում եմ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը՝ եթե Հայաստանում լիներ թշնամու գործակալների իշխանություն, կաներ այն, ինչ հիմա անում են։ Արցախցիները ՀՀ քաղաքացիություն ունեն, ՀՀ անձնագիր ունեն, դու նրանց անվտանգության երաշխավորն ես, ու էս պայմաններում ամեն օր ժողով ես անում Երևանի ավագանու ընտրությունների  մասի՞ն։ Քա՞նի հոգու պետք է առևանգեն, գողանան, դատեն, սպանեն, որ հասկանաք ձեր անադեկվատությունը։ Հիշո՞ւմ եք, 2018 թվականին կար «կա՛մ կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստան վարչապետ չի ունենա» թեզը։ Դա որքան էլ վտանգավոր էր, այնուամենայնիվ ապացուցվեց, որ ինքը թեև վարչապետ է, բայց Հայաստանը կարող է և չլինել։ Հիմա շարժվում է՝ «թող սաղ առևանգվեն, մեռնեն, գերի ընկնեն, բայց ես մնամ վարչապետ» թեզով։

Կարճ ասած՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը փաստում է հենց իշխանության չգոյությունը։ Ասում են՝ ժողովուրդ, մենք ձեր անվտանգությունը չենք կարող ապահովել, մենք կարող ենք մեր խոստացածից 5 տարի անց մի քանի ավտոբուսի գիծ բացել, մենք կարող ենք ձեր փողերով դրսից աստղ բերենք երգացնենք, կարող ենք փառատոններ անել, շոուներ անել, կարող ենք մեզ համար տուն, դաչա ու ավտո առնել, այլ բան մի սպասեք։ Սա փառատոնային իշխանություն է։

Սա էն պահն ա ժողովուրդ, որ անգամ պետք է ճնշում չլիներ հեռանալու համար։ Պետք է հասկանային, որ իրենց խոստացած ապագան արդեն Ադրբեջանի բանտերն են։ Պետք է իրենց արհավիրք լինելը հասկանալով՝ գնային առանց անգամ բողոքի ակցիայի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ