Հայաստանը պահողը գյուղն է ու գյուղացին, բայց գյուղացին այսօր ամենանտեսվածների շարքում է։ Հայաստանի այսօրվա իշխանությունը դավաճանել է գյուղացիներին երևի թե արցախցիներից հետո ամենաշատը։ Եթե Նիկոլը խիղճը ման գա ու ձեռքը դնի այդտեղ, կխոստովանի, որ եթե գյուղացիության աջակցությունը չլիներ, նա չէր լինի այսօր այնտեղ, որտեղ է՝ ո՛չ 2018-ին կհայտնվեր այդտեղ, ոչ է 2021-ին կվերընտրվեր․ տոկոսային առումով ամենաբարձր ձայները հենց գյուղերում է հավաքել, անգամ երեկ հանձնված ու վաղը հանձնվելիք գյուղերում։ Մարդիկ նրան ձայն են տվել, իսկ մեզ բողոքում են անտեսվածությունից։
2018թ․ ապրիլի 15-ին ֆրանսիայի հրապարակում ակցիայի ժամանակ ամբողջ ելույթը նվիրում է գյուղացիներին, ասում է եկեք միացեք փոխենք։ Խոսում է անասուններից ու կաթի գնից։ Ասում է մինչև քայլելով Գյումրիից հասա Երևան, բազմաթիվ մարդիկ բողոքեցին, որ խոշոր եղջերավոր անասուն են պահում, վարկ են վերցնում ու հենց պետք է կաթը մթերեն, ինչ-որ մեկը, պայմանական ասած՝ Սաշիկը, կաթի փոշի է ներկրում ու կաթի գինը ընկնում է։ Ասում էր կսահմանափակենք կաթի փոշու ներկրումը և այլն։ Կաթը էսօր մթերվում է նույն գնով, ինչպես էն ժամանակ, երբ Նիկոլը բողոքում էր, իսկ հաճախ՝ ավելի էժան է։ Եթե մինչ 2018 թվականը կաթը մթերվում էր 120-150 դրամով, ինչից գյուղացիները արդարացի դժգոհում էին, Փաշինյանն էլ ելույթ էր ունենում ու աչոկներ հավաքում, հիմա 120 դրամի կարգի է։ Ու ինչ է պատասխանում Նիկոլը, գնում է գյուղ, գյուղացուն ասում այ որ խելացի անասնագոմում կթես 250 դրամ կլինի։ Ո՞րտեղից, էդ ինչ հաշվարկ է։ Կաթը կաթ է ինչ տարբերություն որտեղ ես կթել։ Էդ ե՞րբ եք խանութից կաթ առել, որի վրա գրված է, որ կթված է խելացի անասնագոմում։
Ժողովուրդ ջան, ձեզ չթվա, թե սա միայն կով ունեցող գյուղացիների խնդիրն է։ Բոլորդ էլ օգտագործում եք կաթնամթերքի որևէ տեսականի։ Էդ որ գյուղացուց գնում են 120 դրամով կաթը, երբեմն՝ 100 դրամով, ձեզ վրա որքանո՞վ են ծախում։ Ասեմ․ 2018 թվականին մեկ լիտր կաթը գյուղացուց գնել են 120 դրամով, խնութում վաճառել են 410 դրամ։ 2023 թվական, 1 լիտր կաթը գյուղացուց գնել են 100-120 դրամով, խանութում վաճառել են 500-550 դրամ։ Էն որ կաթը մթերում էին 150 դրամով, Նիկոլը բողոքի ցույց էր անում, ասում էր գյուղացուն թալանում են, բիզնես են անում․ բա հիմա էդ թալանչիները ովքե՞ր են, ովքե՞ր են հարստանում գյուղացու հաշվին։ Կաթի փոշու ներկրման արգելք չի դրվել, կտրուկ քայլեր չի արվել, ինչպես խոստանում էր, և գյուղացու համար շուկաները շարունակում են մնալ նույնը։
Հելնում 35 հավոյով գնում ես գյուղ, պարզ, միամիտ գյուղացուն հերթական անգամ խաբում, կուտը տալիս ես ու հետ գալիս։ Թե բա՝ խելացի անասնագոմ պահեք, որ կաթը թանկ լինի։ Բա որ խելացի կառավարություն ու խելացի կառավարության ղեկավար ունենա՞ն որքան թանկ կլինի։ Խոսք կա, չէ՞, որ ասում են՝ ջրի գին, այ գյուղացի ջան, քո կաթը ջրի գնին էլ չէ, ջրից էժան է։ Հայ գյուղացուց մեկ լիտր կաթը գնում են ավելի էժան, քան Նիկոլի օլիգարխի արտադրած կես լիտր ջրի գինն է խանութում։ Որ կաթից ջուր սարքի, ավելի էժան կգա, քան էդ ջրի շշալցումը։ Մեկ լիտր կաթը 100-120 դրամ է, կես լիտր ջուրը՝ 120-150 դրամ։ Գյուղացու տանջանքը անգամ ջրի գին չունի։ Կրկնում եմ, էն գյուղացու, որը Նիկոլի համար հրապարակներում ա լուսացրել։ Խանութում 5 լիտր կաթը հավասար է գյուղացու վաճառած 20 լիտր կաթի գնին։
Բայց դեռ միամիտներ էլ կան, որ ասում են՝ դե ինչ մեղք ունի էդ խեղճը, էլ արդեն չասեմ խեղճից հետո սովորաբար ինչ բառ են ասում։ Գյուղացիներից մեկը, որ հլը ուզում է հավատալ, որ Նիկոլը մեղք չունի, ասում է՝ դե ինչ անի, որ ռուսը կաթնամթերքն արգելում է։ Հարգելի միմիտ խաբված գյուղացի․ բա ինքը ինչի՞ է կառավարական դաչաներում ապրում, ոչ թե Իջևանի տանը, այ նրա համար, որ կարողանա լեզու գտնել ու ոչ մեկը ոչ մի բան չարգելի։ Բա կարող է՞ միջազգային շուկայով պետք է զբաղվի Ռանչպար գյուղում 2 կով պահողը։
Ու ի՞նչ է տեղի ունենում սրա արդյունքում․ կաթը էժան է մթերվում, խոտը թանկ, շատ տեղերում արոտավայրերը հանձնված են թուրքին, վարկային բեռը մեծ, 0 տոկոս գյուղվարկերը վերացրել են, մարդիկ հարկադրաբար մորթում են անասուները։ Մեր երկրում Նիկոլ Փաշինյանի օրոք 85 հազար կթու կով մորթել են։ Ժողովուրդ ջան, լավ օրից գյուղացին կթու կովը կմորթի՞, Հայաստանում չէ մենակ, ամբողջ աշխարհում։ Գյուղացի մարդիկ եք, քաղաքականություն չկա, լավ օրից կթու կովը մորթում ե՞ն։ Սաղդ տեսել եք «Գիքորը» կինոն ու կուշտ լացել․ Գիքորի հերը՝ Համբոն, Ծաղիկ կովը լավ օրից մորթե՞ց։ Իսկ ՔՊ Գիքորներն ու Համբոները եկեք տեսեք ոնց են հարստացել։ Իսկ որ կովերը մորթում են, ո՞վ է արտահանում, ո՞վ է հարստանում։ 2018 թվականի Նիկոլը կասեր՝ սմբակն էլ, կաշին էլ, պոզն էլ, պոչն է Սաշիկին ա։ Բա հիմա՞ ումն ա, ովքե՞ր են մերրյա սմբակատերերը։
Բայց մի աբսուրդ էլ դա է․ Հայաստանում կար 290 հազար գլուխ կթու կով։ Իշխանության 6-րդ տարում կթու կովերի քանակը 85 հազարով պակասում է, կաթը քչանում է ու բնականաբար թանկանում, բայց թանկանում է խանութում, ոչ թե ֆերմերի մոտ։ Կարո՞ղ եք ասել, թե որ տնտեսագիտական օրենքով է մի ապրանքի քանակը պակասում ու գինը էժանանում։ Իսկ որ խանութում թանկանում է կաթը, ո՞ւմ ջեբն է գնում փողը։
2018 թվականի հեղափոխության օրերին Ֆրանսիայի հրապարակում օրինակ է բերում Ֆրանսիային ու ասում է՝ պետությունը պետք է գյուղոլորտում արտադրողին ամեն հարցում օգնի։ Ասում է՝ ինչքան փող բանակի ու անվտանգության վրա է ծախսվում, էնքան փող պետք է ծախսվի գյուղատնտեսության ու պարենային անվտանգության վրա։ Բայց մարդը դարձավ վարչապետ, գյուղնախարարությունը փակեց առաջնահերթ՝ հզորացնելու փոխարեն։ Խոստանում էր բանակի ու գյուղատնտեսության վրա նույն փողը ծախսել․ այս տարվա բյուջեով գյուղոլորտին հատկացվել է 38 մլրդ դրամ, ՊՆ-ին՝ 520 միլիարդ։ Ֆրանսիայի չափ աջակցություն խոստացողն ասում է ինչի՞ պետք ա բերքի վնասելու համար գյուղացուն փոխհատուցում վճարեմ, գյուղացին իմացել ա կարկուտը որտեղ ա գալու, տարել էնտեղ ա ցանել։
2018 թվականին ասում էր՝ մեր գյուղացին արարող է, ստեղծող է, որ չթալանեն, հողից բարիք կստանաք, ոչ թե բահով կգնաք գյուղ, այլ կոստյումով, թուղթ ու գրիչով։ Հիմա վելի վատ եք ապրում, բայց ասում է չէ, մեղավորը դուք եք, որտեղ պետ է կարկուտ գա, էնտեղ եք ցորեն ցանում։ 35 ավտոյից կազմված շարասյունով քշում-գալիս է ձեր գյուղ, ծաղրում է ու հետ գնում։ Թե բա՝ մոշն աճացնելու համար անգլերեն պետք է իմանալ։ Սկի քո մինիստրները անգլերեն չգիտեն, եկել էր գյուղացիներից էր պահանջում։ Էս տեմպերով վաղը կովերից էլ դիպլոմ կպահանջի։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, իմ չարչարված, տանջված ու աղքատ գյուղացի, այ սրա համար էլ գյուղատնտեսության ոլորտով զբաղվող նախարարը մեկ տարում ավելի շատ պարգևավճար է ստանում, քան 10 գյուղի գյուղացիների եկամուտն է։ Իսկ գյուղացին վաճառում է անասունը, հրաժարվում է հողից ու տեղափոխվում խոպան կամ քաղաք, բանվորի գործ անում։ Ժողովուրդ ջան, մենակ հո կովն ու կաթը չէ գյուղացու պրոբլեմը։ Երկիրը այ էսպես զրկվում է գյուղից, պետությունը կանգնում է պարենային անվտանգության լուրջ պրոբլեմի առաջ, սահմանային գյուղը դատարկվում է, ու պատրաստվում հանձնելուն։
Էս ամենի համար ո՛չ ռուսն է մեղավոր, ոչ ֆրանսիացին, ոչ էլ անգամ թուրքն ու ադրբեջանցին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը