Վերջին երեք տարում մի ցավալի իրողություն է ի հայտ եկել․ երբ կառավարությունը ինչ-որ անհասկանալի փոփոխություն է ուզում անել, անմիջապես մարդիկ փնտրում են մոտիվացիան երկրից դուրս՝ ո՞վ է պարտադրում կամ թելադրում։ Չենք էլ մտածում, որ եթե դա անում է, ուրեմն պետական շահ կա և այլն․ ոչ, պետական շահով չեմ հիշում երբ են առաջնորդվել։ Եվ ուրեմն, ո՞վ է այսպես ասած՝ ինքնիշխան երկրի ղեկավարին պարտադրում՝ Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Արևմո՞ւտքը, ռուսնե՞րը, վրացի՞ք․․․ Նույնությամբ, օրերս երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, մարդկանց մոտ նույն հարցն առաջացավ՝ ո՞վ է պարտադրում։ Երկու ժամ հետո համացանցը ողողված էր պարտադրանքի ապացույցներով։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանի անկախության տոնից օրեր անց, Ադրբեջանի նախագահը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասում է՝ «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն, քանի որ գործող տարբերակը պարունակում է Թուրքիային տարածքային պահանջների ակնարկներ»։
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը հանրային հեռուստաընկերությամբ բոլոր կասկածները հաստատեց՝ Փաշինյանն ուզում է փոխել սահմանադրության նախաբանը, ըստ Իոաննիսյանի՝ քանի որ նախաբանում հղում է արվում Հայաստանի անկախության մասին հռրակագրին։ Իսկ հռչրճչակագրում էլ հղում Արվում Արցախին ու Հայոց ցեղապանության միջազգային ճանաչմանը։ Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամն ասում է՝ քանի որ Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, այնտեղ Արցախի մասին գրված բան կա, Ադրբեջանի դիվանագիտությունը սա հաճախ օգտագործում է, որ փորձի աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը ռևանշիստական պետություն է և փորձում է լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ իր նախորդ ու ապագա ագրեսիաները»։ Ալիևի տեսանկյունից շատ փայլուն հիմնավորում․ եթե մի ադրբեջանցի պետական գործիչ գար Հ1-ի տաղավար, էսպես չէր կարողանա։ Ու ասում է, ուշադրություն, քանի որ Հայաստանի դիվանագիտությունը թույլ է ադրբեջանի թեզերը կարող են հաջողության հասնել, դրա համար Փաշինյանը փոխում է սահմանադրությունը, որ աշխարհին ցույց տա, որ ռևանշիստ չենք։
Այսինքն, բուն հիմնավորումը ո՞րն էր, քանի որ Հայաստանի դիվանագիտությունը վատն է, պետք է փոխենք սահմանադրությունը։ Դիվանագիտությունը վատն է, սահմանադրությունը ինչի՞ ես փոխում, դիվանագետներին փոխի։ Քանի որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագետ է, դեսպանները, օրինակ՝ ԱՄՆ-ում, կադրային դիվանագետ է 98 թվից, Հայաստանի արտգործնախարարը, ԱՄՆ և այլ դեսպանները դիվանագիտությունից զրո են, դրա համար փոխում ենք սահմանադրությո՞ւն։ Հա, իրենցից սպասելու է․ սրանք ունեին կադրեր, որոնց չէին կարողանում տեղավորել աշխատանքի, ստիպված օրենք փոխեցին, պաշտոնի ստաժ ու ուսադիրի պահանջ փոխեցին, որ իրենց ուզած մարդուն նշանակեն։
Ո՞վ է դիվանագության գլուխը․ վարչապետը։ Սահմանադրական փոփոխության հանձնաժողովի անդամն ասում է՝ քանի որ Նիկոլը վատն ա, եկեք փոխենք սահմանադրությունը։ Է Նիկոլը վատն ա, Նիկոլին փոխի։ Ալիևի դիվանագիտությունը ուժեղ ա, քոնն էլ ուժեղացրու, ոչ թե նրանց ուժին համապատասխան թուլացրու մայր օրենքը։ Աբսուրդ է սա․ քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը վատն ա, սաղ խաղերը կրվում ենք, եկեք փոխենք, ֆուտբոլի հավաքականն ու կանոնադրությունը ու 10-ով զրո պարտվելը համարենք հաղթանակ։ Քանի որ դասատուն վատն է, եկեք փակենք դպրոցը։
Քո էս դիվանագիտության պայմաններում Ալիևը վաղը կասի՝ ձեր ազգանվան «յան»ը ինձ համար վտանգ է, ռևանշիստական է, պետք է դարձնեք «ով», «և»-ով կամ «զադե»-ով վերջացող, հայրանուններն էլ՝ «օղլի», փոխելու ե՞ք։ Իսկ որ քրիստոնյա ենք, դա ռևանշիզմ չէ՞Ադրբեջանի համար։ Էս ի՞նչ եք դուք քննարկում։ Եթե Ալիևը միջազգային հարթակներում կարողանում է բացատրել քեզանից լավ, ուրեմն դա քեզանից ա։ Բա էն, ինչ հիմա Ալիևն ասում է, նույնն ասել է 30 տարի, ինչի՞ շան տեղ դնող չկար։ Ի՞նչ է նշանակում Ալիևի պահանջով փոխում ենք սահմանադրությունը, որ չասի ռևանշիստ եք։
Դե որ Ալիևին լսեք, նա դեմ է ՀՀ անկախության հռչակագրի առաջին դրույթին, որ Հայաստան անկախ պետականություն է, փոխեք։ Դեմ է, որ ՀՀ-ն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Ի միջի այլոց, Նիկոլն էլ է դեմ։ Էն օրը հիմնին էր կպել, գերբին։ Ալիևն ասում է՝ ձեր սահմանադրությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջ ունի, Նիկոլը մի տարի հետո ասում է՝ որ մեր գերբի վրա Մասիս սարն է, դա կարող են ընկալել տարածքային պահանջ։ Ուրեմն փոխելու են նաև գերբը։ Ալիևը դեմ է մյուս հոդվածին, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Ո՞նց կարող է ինքնիշխան լինել, եթե երկրի մի մասում ադրբեջանցիներ են, իսկ տարածքի պաշտպանությունը եվրոդիտորդների ու ռուս ռազմաբազայի հույսին է, մեկ էլ Ադրբեջանի ողորմածության։ Ադրբեջանը վաղը ռևանշիստական կհամարի մեր անկախության հռչակագրի 5-րդ կետը, որտեղ գրված է զինված ուժերի, սահմանների անձեռնմխելիության մասին, բանակի մասին։ Դա կպահանջի փոխել։ 8-րդ կետը կպահանջի փոխել ու գրել, որ ոչ թե դրամն է մեր պաշտոնական արժույթը, այլ մանաթը, իսկ հայերենն էլ որպես պետական լեզու, չեղարկեք։ Բա եթե դու շարժվում ես էն սկզբունքով, որ ինչին թշնամին դեմ է, հեռացնես, սա ես ստանալու։
Կարող է՞ նույն՝ «Ադրբեջանի դիվանագիտությունը ուժեղ է» հիմնավորմամբ վաղը զանգեզուրի միջանցք տաք, ոնց որ տվեցիք Ղարաբաղը։ Դիվանագիտությունը ամորֆ բան չէ, դատարկ բան չէ, կոնկրետ բան է, ունի կոնկրետ վարող։ Վատ է աշխատում՝ փոխեք։
Ադրբեջանի անկախության հռչակագիրը կարդացել ե՞ք, սահմանադրությունը կարդացել ե՞ք։ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, Զանգեզուրն էլ իրենց հինավուրց հողը։ Դուք լսել ե՞ք, որ որևէ մի ադրբեջանցի փորձագետ, ասենք մի պայմանական ինչ-որ «Հեյդար օղլի Իոնիսզադե», գնա Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունում ասի՝ փոխենք մեր սահմանադրությունը, անկախության հռչակագիրը, որովհետև մեզ Հայաստանը կհամարի ռևանշիստ։ Եթե մեկն էդպիսի բան ասի, հենց իշխանությունը նրան չասեմ ինչ կանի։ Չեմ ասում հանրային եթերից, հանրային զուգարանից անգամ եթե մի ադրբեջանցի ուղիղ եթեր մտնի նման բան ասի, վռազ ջուրը կքաշեն, իրեն էլ կտանի։ Իսկ մեզ մոտ ազատ խոսք է, եթե բանը վերաբերում է Ալիևի փաստաբանությունն անելուն։ Կաթողիկոսին եթեր չեն տալիս, որ չհայտարարի Արցախ վերադառնալու երազանքի մասին, բայց Իոսաննիսյանին են եթեր տալիս, որ ասի՝ մեր սահմանադրությունը փոխենք, որ թուրքը չհարձակվի։ Հայաստանը կարծեմ ունի դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱԾ, որ մի բառի համար մարդկանց բերդ են լցնում, ո՞ւր եք։ Իսկ կարող ա՞ իրենք էլ են համաձայն ու պատրաստ են առաջինը փոխել ազգանունները, հայրանուններն էլ օղլու սարքեն։ Եթե ձեր անունն ու ազգանունը փոխելու պատրաստ չեք, բա պետության անձնագիրն ինչի՞ եք փոխում։
Չգիտեմ նոր սահմանադրությունը ով է գրում՝ հանձնաժողովի անդամները միայնակ, թե՞ Ալիևի, Փաշինյանի, ադրբեջանական փորձագետների հետ միասին։ Չեմ բացառում, որ արդարադատության նախարարի, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի, ՔՊ-ական օմբուդսմեն Անահիտ Մանասյանի, Էդմոն Մարուքյանի, Սաքունցի, Իոաննիսյանի և այլոց հետ ադրբեջանական փորձագետներ էլ աշխատեն ու թուրական, որ Հայաստանի սահմանադրությունը դարձնեն՝ Նիկոլի երազած կենսունակն ու մրցունակը։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, որ հանուն պաշտոնի մնալու հանձնեց մեր երկրորդ հայրենիքը, վստահ եմ, կարող է այդ նպատակի համար սահմանադրություն էլ փոխել, անկախության հռչակագիր էլ ու դա հիմնավորել մեկ նախադասությամբ՝ մնամ պաշտոնի, ինչ պետք է՝ կանեմ։ Իսկ կա՞ մի բան, մի արժեք, սրբություն, որ ձեզ համար կարմիր գիծ ա ու ոտնատակ չեք անի հանուն պաշտոնի։
Բայց եթե մենք նորմալ երկիր լինեինք ու Ազգային անվտանգությունը նորմալ աշխատեր, այլ արտահայոտություներից հետո՝ Փաշինյանից սկսած, Իոաննիսյանով ավարտած, անմիջապես կկալանավորեին խոստովանական ցուցմունքների հիման վրա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը