15 12 2023

«Կարճ ասած»․ Սուտ ասելով ման է գալիս․ փաստեր, որ գուցե մոռացել եք



 

Այս շաբաթ Yerevan.Today կայքում գործարկել ենք նոր նախագիծ։ Անվանել ենք «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար»։ Փորձել ենք հնարավորինս ամբողջացնել Փաշինյանի՝ տված ու չկատարած խոստումների պատկերը։ Ինչու ենք անունը դրել «Տեղեկանք»։ Երբ քաղաքացին ինչ-որ տեղեկություն է ուզում ստանալ պաշտոնական գրագրություններով, տեղեկանքով դիմում է և ստանում։ Այս դեպքում մարդը 2018 թվականի դեկտեմբերին կամ 2021թ․ հունիսին ընտրել է նրան, սիրուն աչքերի համար չի ընտրել, ընտրել է խոստումների համար։ Հիմա մենք անվճար տեղեկանք ենք տալիս՝ տեսնելու ինչի համար ընտրել է, ի՞նչ վիճակում է։ Մենք իրական պատկերը տալիս ենք, թող մարդն ինքը որոշի՝ բավարարվա՞ծ է․ թե չէ, եզրակացություններն ինքը անի։ Կարող է օգտակար լինել նաև ընդիմադիր, հասարակական-քաղաքական, գործիչներին, որոնց համար նաև կլինի հիշողության թարմացում։ Իհարկե՝ իշխանությունն էլ կարող է վերհիշել, թե ինչեր է խոստացել ու խաբել։

Եվ այսպես, 2018 թվականի ապրիլի 4-ին, ռադիոյի դուռը ջարդելուց հետո, երբ անցնում էին ֆուտբոլի ֆեդերացիայի մոտով, կոչ հղեց Ռուբեն Հայրապետյանին, թե՝ ֆուտբոլը ձախողել ես, գնա, ասաց՝ ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան քո ստեղծած հավաքականի ֆուտբոլիստները։ Ռուբեն Հայրապետյանը գնաց, եկան նիկոլենք, ու էսօր հավաքականը էնքան վատ դիրքերում է, որ հավաքականի համեմատ Նիկոլը «Ոսկե գնդակի» է արժանի։

2018թ․ Ֆրանսիայի հրապարակում խստացավ Բուհերը ապաքաղաքականացնել։ Ի՞նչ արեց․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանն է, ռեկտորը՝ ձեր խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Մանկավարժականում կրթության նախարարն է, Բրյուսովում նիկոլի թիմակիցներից կազմված խորհուրդ է, Տնտեսագիտականում Վահագն Խաչատուրյանն է, պոլիտեխնիկում Տիգրան Ավինյանն է և այլն։ Ասում է դե ՔՊ-ականներին եմ դրել, որ չքաղաքականացնեն բուհերը։ Աբսուրդ։

2018թ․ ասում էր՝ եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, և նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու: Եկավ իշխանության, իր խոպանչրի եղբայրը վերադարձավ ու մի տարում դարձավ 4 ընկերության տնօրեն։ Ալեն Սիմոնյանի եղբորն էլ չեմ ասում, որ դարձավ ասֆալտի մագնատ պետական տենդերներում։

Խոստումներից մեկը Վերին Լարսին այլընտրանք ստեղծելն էր։ Տարվա կեսը բեռնատարների վարորդները Լարսի անցակետից մի քանի կիլոմետր հեռու հերթում քնում են ֆուռի մեջ։ ՔՊ-ականներն ասում են՝ հույսը Ադրբեջանն է, սահմանը բացենք, այլընտրանք լինի։ 

Ելույթ էր ունենում ժողովրդի առաջ․ թե՝ 40 րոպեում բանանի, շաքարավազի, բենզինի մենաշնորհը վերացրել եմ։ Էն վախտ բանանի գինը 7-8 հարյուր դրամ էր, նոր տարուն՝ 1000 դրամ։ Հիմա էլ շատ հաճախ նույն գինն ա ու չգիտենք էլ՝ մենաշնորհ կար թե չէ։ Շաքարավազի 95 տոկոսը էլի նույն մարդն է բերում։ Բենզինում էլ Խաչատուր Սուքիասյանը կամ ընտանիքը դարձան փայատեր, գինն էլ էն վախտ 470 էր, հիմա 570 դրամ։ Բա էլ ի՞նչ ես խոսում։

Ասում էիր ռազմական բյուջեն 5 տարում կարձնեմ 3 մլրդ դոլար, մեկ միլիարդ 240 մլն է։ Այսինքն՝ մոտ 1,8 միլիարդ դոլար խաբել ես։

Ասում էր՝ մենք իշխանությունը ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունենք։ Պատերազմից հետո սաղ ազգը Հայաստանում, Սփյուռքում, նախագահը, կաթողիկոսը, գեներալները պահանջում էին հրաժարականդ, ատամներով պահեցիր, հետո էլ սկսեցիր համայնքները խլել։

Խոստացել էիր ազղետի գոտու բնակիչների նկատմամբ պարտավորությունները կատարել։ Էսօրվա դրությամբ 2600 հատ դոմիկ կա, 1016 ընտանիք էլ տուն չունի։ Մեկ ասում էիր տուն կտանք, մեկ էլ ասում էիր՝ կարող ա մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, հո տուն չե՞մ տա։ «Կարող ա»-ով էիր որոշում։ Քոչարյանի ժամանակ 2 հազարից ավելի բնակարան էր սարքվել, մի անգամ չասաց՝ ինչի՞ տուն տամ, կարող ա ծախեք։

100 անգամ խոստացել է՝ տնտեսական աճը կհասցնենք քաղաքացիներին։ Ժողովուրդ ջան, ո՞ր մեկդ եք զգում տնտեսական աճը ձեզ վրա․ թիվ չբերեմ, ամեն մեկդ որոշեք էդ խոստման արդյունքը։ Խոստանում էր ընդունելի աշխատավարձը դարձնել 500 հազար դրամից բարձր։ Դուք գիտեք ձեր աշխատավարձի չափը ու գիտեք ինչին է հերիքում։ Իսկ նախարարներինը կրկնապատկվել է, դատավոր-դատախազներինը։ Քանի անգամ ասել է՝ ժողովուրդ ջան, վստահ եղեքլ որ ձեր ամեն մի կոպեկը ըստ նպատակի ծախսելու ենք։ Մի քանի հաղորդում նվիրել եմ, ինքս հաշվել էի մի քանի հարյուր միլիոն դոլարի անարդյուանվետ ծախս՝ էլ թռիչքներ մասնավոր ինքնաթիռներով, էլ ամանորյա շռայլ ծախսեր, պադավատներ, գործուղումներ, ցուցահանդեսներ, անպիտան զենքեր և այլն։

Հանդիպել էր դասախոսներին, ասում էր՝ պետք է փոխենք խոշոր հարկատուների տասնյակը, հանքեր են, բնական մենաշնորհներն են և այլն, պետք է տեխնոլոգիաները լիեն։ Բա հիմա ինչե՞րն են՝ էլի հանքերը, բնական մենաշնորհները, սիգարետ արտադրող վաճառողները, բանկերը։ Տեխնոլոգիա չկա։ 

Ասում էր՝ հայկական ավիացիան համապատասխանեցնելու ենք միջազգային լավագույն չափանիշներին: Լրիվ հակառակը՝ գցեցին Եվրամիության սև ցուցակ, ԵՄ-ն փակեց օդային տարածքը, ասաց թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներից հեռու եք։

2018թ․ ասում էր՝ ինձ ընտրեք, մինչև 2024 թիվը խմելու ջուրը չի թանկանա։ Երկու անգամ թանկացել է, 2022թ․ հունվարին 20 դրամով, 2023թ․՝ 9 դրամով։ Հաջորդ տարի էժանանալու է 2,47 դրամով և կկազմի 206 դրամ։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնել, թանկացրել է շուրջ 30 դրամով, էժանացրել՝ 2,5 դրամով։

Ասում էր Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Եթե տուգանումենք էլ, գոնե Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին համապատասխան։ Բազմաթիվ օրինակներ ենք բերել, որ քաղաքացուն սարքել են տուգանքի մատերիալ։ Տուգանքի յուրաքահատուկ ձև է հարկերի բարձրացումը, տուրքերի բարձրացումը, նոր տուրքեր սահմանելը, չվճարման դեպքում՝ տուգանք է։ Շինթույլտվության տուրք, բնակարանների վարձակալության վճարներ, աղամանի տուգանք, կտրած ձմերուկի տուգանք, կարմիր գծերի տուրքեր։ Որ մինչև 800 հազար դրամ տուգանք եք սահմանել փողոցային երաժշտին, դա ինչո՞վ է համապատասխանում սոցիալ տնտեսական վիճակին։ Անցած տարվա նոյեմբերին հենց Նիկոլի կեցավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզվեց, որովհետև ասում էին 10 հազար դրամ տուգանքի պատճառով ավտոմեքենան ԴԱՀԿ-ն վերցրել էր, ապրուստի միակ միջոցը, շշեր էր հավաքում-հանձնում։

Ասում էր՝ ոչ ոք փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ, ով ուզում է լինի՝ պատժելու ենք, էս էլ նախկինը չէ։ Ընդամենը վերջերս Երևանի ավագանու ընտրություններին Ավինյանի քարոզարշավին ակտիվիստը ուղիղ եթերում ում մոտենում էր, պարզում էր ինչ-որ դպրոցից է բերվել, մանկապարտեզից, գրդարանից, սպորտդպրոցից, մշակույթի տնից, ցուցակով բերման են ենթարկվել։ Նիկոլի քարոզարշավներին լիքը ուսուցիչ ու աշակերտ էին։ Բա էդ էր՝ էդ էր, ՀՀԿ-ն լավ էլ անում էր, նրանց վախտ ասում էիք հանցավոր ռեժիմ, ձեր վախտ՝ «հանդիպում սիրելի վարչապետի հետ»։

Ղարաբաղում ելույթ էր ունենում, ասում էր ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է։ Բա ո՞վ հանձնեց Ադրբեջանի կազմ։

Ասում էր՝ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Հետո բացահայտվում էին գաղտնալսումներ, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հետ Քոչարյանի կալանքն էիք որոշում, հետո դատարաններ էիք շրջափակում, հետո ասում էիր՝ «Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞։

Ասում էիր մենք սրանից հետո պետք է մենակ որակյալ ասֆալտ անենք։ Դու գլուխ ես գովում ասֆալտովդ, ազգային ժողովում էլ քո դեպոտւտատ Նարեկ Ղահրամանյանը, ասում ա՝ պետությունը փող ունի, ծախսում ա ասֆալտի վրա, աշխատանք ա ցույց տալիս, բայց երկու ամիս հետո էդ ասֆալտը էլ գոյություն չունի։ Զգուշացնում են, որ մենք մերոնցով չենք, նկարում են, սուս․ ասում ա վա՜յ։

Միակ խոստումը էս շաբաթվա ընթացքում մեր տեղադրածներից, որ կատարել ես, գիտե՞ս որն է՝ 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ասացիր 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը ուղղակի ազդեցություն պետք է ունենա Արցախի ու Սփյուռի վրա։ Այո, ունեցավ, Արցախը հանձնեցիր, Սփյուռքի հետ էլ կապերը համարյա կտրել ես։

Ժամանակը չի հերիքի բոլորը կարդալու համար, կարող եք մեր կայքում գտնել, առանձին շարքով դրել ենք՝ փաստերով, հղումներով։

Կարճ ասած՝ էն որ ասում են խաբելով ման ա գալիս, այ քո ու ձեր մասին ա։ Տեսեք ժողովուրդ ջան, թե ինչ խոստումներով են եկել իշխանության, գալուց հետո ինչ խոստումներ են տվել ու ինչեր են արել։ 5 տարվա մեջ էնքան իրադարձությունն եղավ, որ երբեմն մեր մտքից էլ է թռնում, թե ինչպես են խաբել, մոլորեցրել մարդկանց։ Այս հիշողության թարմացումները, կարծում եմ, շատ կարևոր են, հատկապես՝ հետագայի համար։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ