08 11 2023

«Կարճ ասած»․ Երկու անտեր հաղթանակ



Վերջին երեք տարիների ընթացքում իմունիտետ ենք ձեռք բերել՝ տեսնել Ալիևին Արցախում։ Իհարկե՝ ցավ է, ամոթ, ազգային խայտառակություն։ Մի շաբաթ ծանր զինտեխնիկա էին տեղափոխում Ստեփանակերտ։ Էսօր զորահանդես են արել ընտանիքով։ Սնապարծությունը խեղդում է։ Էն որ տեղի-անտեղի ասում եք նախկիններ-նախկիններ, նրանց վախտ Արցախում տեսել ենք զորահանդեսներ, մասնակցում էր հայ զինվորը՝ իր զենքով, մեր ծանր հրետանին, ու առաջին անգամ Նիոլի օրոք է, որ Վերածննդի հրապարակում թշնամու տանկերն են։

Ամենավատ սցենարով անգամ սենց բան մտքներովս չի անցել։ Ամենավատը, որ պատկերացրել ենք, եղել է այն, որ հնարավոր էր՝ ազատագրված շրջաններից 5-ը տրվի Ադրբեջանին, այն էլ՝ Արցախի անկախ կարգավիճակի դիմաց․ բայց որ սաղ կտան, Հայաստանից էլ տարածքներ վրադիր, ամենավատատես մտքով անգամ չի անցել։ Փաշինյանն անգամ, երբ իր գրքում հողերը հանձնելու ցանկություն էր հայտնում, Ստեփանակերտի մասին չէր գրում․ բայց եկավ ու հանձնեց։ Ալիևը լոպազանում է, ծաղրում է, բայց մեր մեջ ասած՝ Նիկոլ ունեցող երկրին սաղ էլ կարող են ծաղրել։

Գիտե՞ք, զարմացած էի, որ ադրբեջանական պառադին ՔՊ-ականներին չէին հրավիրել։ Անկեղծ․ այն տրիբունայում պետք է Ալիևը մենակ կանգնած չլիներ․ սրանք փայ ունեն էդ հաղթանակի մեջ։ Պետք է պառադի առաջին վաշտը բռնած տաներ Նիկոլ Փաշինյանի, իր արտգործնախարարի, ԱԽ քարտուղարի և այլոց ու պարտադիր՝ ՔՊ-ական պատգամավորների ոսկեջրած կիսանդրիները։ Էդ պառադի հաճույքն Ալիևին ադրբեջանցի զինվորը չի պարգևել, Թուրքիան չի պաարգևել, պարգևել ա Հայաստանի իշխանութունը։

Ալիևը պարծենկոտ ա, նման դեպքերում ասում են՝ դուխը ելել՝ իրեն ուտում ա․ որովհետև 30 տարվա մեջ հազիվ օդերը բացվել են։ Դրա համար Ստեփանակերտի ամեն մի անկյունում, պետական շենքերի վրա մեծ պլակատներ են խփել՝ «Արցախն Ադրբեջան է»՝ ի պատասխան Նիկոլի՝ 2019 թվականին Ստեփանակերտի  նույն վերածննդի հրապարակում ելույթի, թե՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Ադրբեջանին էդ կարգախոսը հենց Նիկոլն ա նվիրել։ Ինչո՞ւ են օրինակ, Շուշի, Ստեփանակերտ այցելելիս փռում սեղան, ինքն ու Մեհրիբանը նստում են ու դիմացներն անպայման դնում չայ․ ուղերձ է Աննա Հակոբյանին, հրավիրել էիր չայի՝ եկել ենք, տանկերով ենք եկել, բայց հրավերով ենք եկել․ բա ո՞ւր ես։ Էսօր փռած սեղանին մի քանի ազատ տեղ կար, կարող էին նստել Նիկոլն ու Աննան, մեկի համար կիրթ էր ու կառուցողական, մեկն էլ սիրով հրավիրում էր մուղամ լսելու․ ձեր մուղամ չափող ՔՊ-ական դեպուտատներին վերցնեիք՝ գնայիք, ձեր շնորհիվ սարքած պրազդնիկ էր։

Ալիևները 30 տարի եղել են կզած, չոքած, Նիկոլը նրանց բարձրացրել է, դարձրել է հաղթող, բարձրացրել է նրանց ինքնագնահատականը։ Նիկոլը Հայաստանից տարածքներ է մտադիր հանձնել․ վստահ եղեք, որ էդ լոպազը հանձնած ամեն գյուղում պառադ է անելու, ինչպես Լաչինում էր էսօր անում․ էն Լաչինում, որի տները մաքրեցին, սրբեցին ու կոկիկ տվեցին Ադրբեջանին։

Նիկոլի ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն ասում է՝ պատերազմում պարտության մեջ ինչքան դուք եք մեղավոր, էնքան էլ ես։ Լրագրողին է ասում։ Դու եղել ես Նիկոլի ԳՇ պետը, ռազմական արդյունաբերության հիմնարկի պետը, պատերազմ ես կրվել, լրագրողն ինչո՞ւմ է մեղավոր, ասա իմանանք։ Ընդհանրապես, էս խոսքերը տեղի-անտեղի շատ են ասում՝ մենք բոլորս էլ մեղավոր ենք այս վիճակի համար։ Մի՛ ցրեք, ժողովուրդ ջան, մեղավորները կոնկրետ մարդիկ են, անուն-ազգանունով։ Իմ վրա վերցնեմ՝ ի՞նչ մեղք ունեմ նրանում, որ Բաքվում երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Վագիֆ Խաչատրյանը։ Ի՞նչ մեղք ունեմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում ա։ Մեղավորները շատ են ու՝ համարակալված։ Թիվ մեկ մեղավորը, վստահաբար՝ Նիկոլն ա իր խմբակով։ Այո, մեղավոր են նրանք, ովքեր աջակցում են իրեն, ընտրում են․ բայց այդ բոլորը ունեն անուն զգանուն։ Մեղավոր են նրանք, ում ձեռք չի տալիս Նիկոլի գնալը։ Մեղավոր են նրանք, ովքեր բավարար չափով չեն պայքարում։ Բայց նրանց մեղքը մեկ չէ։ Հող հանձնողը ՔՊ-ն ու թիմն է։ Ես ինչո՞ւմ եմ մեղավոր, որ Նիկոլը ԱՊՀ գագաթնաժողովին չի գնում, ԱԽ քարտողարը ԱՊՀ երկրների համաժողովին Մոսկվա չի գնում, կապերը քանդում են, բայց Բրյուսելում ցանկացած առիթի վազում-գնում են։ Նրանք, ովքեր գիշեր-ցերեկ ահազանգում են ու նրանք, որ ամեն մի կոչից հետո լցվում են փողոցները՝ երկիր ազատագրելու, ծեծվում են, բանտարկվում են, նրանք, որոնց ներվերը չի դիմանում, գրառումներ են անում ու հայտնվում բանտերում, հաստատ մեղավոր չեն։ Չասենք բոլորս ենք մեղավոր։ Մեղավոր են նրանք, ովքեր Ստեփանակերթում թուրքի պառադի ֆոնին երկիրը հանձնած վարչապետի գավաթ են անում, նա սուր ա ճոճում, իրենք ջութակ։

Սխալ չհասկանաք, բայց Ալիևը պառադի իրավունք հիմա ունի, որովհետև Արցախը հիմա պաշտոնապես Ադրբեջանի ձեռքի տակ է, որովհետև Արցախում հայ այլևս չկա, որովհետև Նիկոլը չոքած է իր դիմաց ու հնազանդվում է, որովհետև Հայաստանը այլևս դաշնակից չունի ու միայնակ է, որովհետև Հայաստանի ինքնիշխան տարածքներն Ադրբեջանի ձեռքի տակ են, որովհետև Արցախի ղեկավարությունը նստած է Բաքվի բանտերում, նրանց պահանջող չկա ու գլխավորապես՝ որովհետև էսքանից հետո Հայաստանը ղեկավարում է Նիկոլը։ Նա պառադի իրավունք հիմա ունի ու որ սենց շարունակվի՝ հաջորդը Սյունիքում է անելու։

Կարճ ասած՝ մենք պառադներ էինք անում Ստեփանակերտում․ բայց առաջին պատերազմում մեր հաղթանակը մնաց անտեր։ Մենք չկարողացանք ամրացնել էդ հաղթանակը, դարձնել ժողովրդական։ Եկան նիկոլենք և քանի որ ամրացած չէր հաղթանակը, հերոսներին սկսեցին «խուռդել», Վերածննդի հրապարակում պառադները կերտողներից ու ղեկավարածներից ում կարողացան՝ տարան գերեզման, նստեցրեցին բանտեր, հանցագործի անուն կպցրին, ում կարողացան՝ գլուխները կերան։ Հաղթանակի տերերին չպահեցինք, ու անտեր մնաց հաղթանակը։ Հաղթանակը փոխեցինք բանանի գնի հետ, փոխեցինք արագաչափերը հանելու խոստման հետ, փոխեցինք ստերի հետ, մանիպուլյացիների ու խոստումների հետ, ամեն մեկը իր անհաջողությունները այլոց հաջողությունների պատճառը հանարելու հետ։ Այո, անտեր մնաց։

Ալիևի հաղթանակն էլ ա անտեր։ Նայեք իրենց զորահանդեսի կադրերը․ տրիբունայում մենակ Ալիևն ա, չկա հերոս, չկա գեներալ, չկա զինվորր․ մենակ ինքն է։ Այսինքն ոնցոր մեր մոտ պարտության սիմվոլն ա Նիկոլը, էնտեղ էլ իրենց մոտ հաղթանակի սիմվոլը Ալիևն ա, մենակ ինքը․ Ու սա ապացույցն է, որ իր հեռանալուց հետո (կարևոր չէ՝ իշխանությունից, թե կյանքից) դավաճանությամբ, խարդավանքներով ու այլնով ձեռք բերված հաղթանակը մնալու է անտեր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ