25 10 2023

«Կարճ ասած»․ «Սաղ մեկ են․ ով էլ գա՝ բան չի փոխվի․ 30 տարի թող լուծեիք» թեզերի մասին



 

Որքան երկիրն է անհասկանալի վիճակում, նույնքան՝ քաղաքացիների տրամադրությունները։ Անժխտելի է, որ երկրում ընդդիմադիր տրամադրություններն ահռելի են։ Իշխանությունն ունի ընդամենը 10-15 տոկոս աջակցություն, ինչը ապացուցված է ընտրություններով։ Իսկ ընդդիմադիր ժողովրդի տրամադրությունները բազմաշերտ են, պահանջները լիքը, հաճախ՝ մեկը մյուսին հակասող, իսկ որ ցավալի է՝ երբեմն իշխանության թելը թելող։ Իշխանությանը դեմ անձանց մեծ մաս կա, որ ընդհանրապես դեմ են բոլորին ու ամեն ինչին։ Հիմա կանդրադառնամ տարածված մի քանի թեզի, որոնք համարում եմ Նիկոլին օգնող, չնայած որ այն հայտնողները սովորաբար իշխանության աջակիցները չեն։ Եթե նիոլականները մեկ գլխավոր թեզ ունեն՝ մեղավորը նախկիններն են, հականիկոլներից շատերի թեզերը ևս անտրամաբանական են։

Թեզ համար մեկ՝ նախկին ու ներկա սաղ ղեկավարներն էլ մեկ են։ Դա ասող մարդկանց եմ դիմում․ վերցրեք Հայաստանի երեք նախագահների կառավարման շրջանները իրենց ամեն արդյունքով՝ կոռուպցիայի մակարդակ, սահմանային իրավիճակ, ներքին իրավիճակ, տնտեսություն, անվտանգություն, թղթի վրա գրեք ինչ կա ու համեմատեք՝ նույնն է՞։ Դուք 1994 թվականին ապրում էիք այնպես, ինչպես 2005 թվականի՞ն։ Ուսուցիչը, թոշակառուն, բանվորը էդպես է՞ր ապրում։ Հայաստանի անվտանգային վիճակը առաջին պատերազմի ավարտից ի վեր, մինչև 2018 թվականը և դրանից հետո նույնն է՞ր։ Ո՞նց կարող է մի ղեկավարի օրոք սահմանին ունենաս 92 զոհ՝ 10 տարում, մեկի ժամանակ ունենաս 228 զոհ՝ 10 տարում, Նիկոլի վախտ ունենաս 5 հազարից ավելի՝ 5 տարում ու ասես սաղ մեկ են։ Ո՞նց կարող ես մեկի վախտ ազատագրես, Նիկոլը ինչ ազատագրել ես, մի բան էլ ավել հանձնի ու ասես՝ «սաղ մեկ են»։ Ո՞նց կարող է Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2020 թվականին թուրքի անօդաչուն հասնի Երևանի հենց կողքը ու ասես սաղ մեկ են։ Ո՞նց կարող ես 10 տարի ապրել կայուն գներ, բայց Նիկոլի վախտ ունենաս մեկ ամսում ավելի շատ գնաճ, քան Քոչարյանի 10 տարում էր ու ասես՝ սաղ մեկ են։ Լուրջ համեմատեք ու կտեսնեք, որ ոչ մեկն էլ մյուսին նման չէր, իսկ էս վերջինը լրիվ այլ բան էր:

Մյուս թեզը՝ ով էլ լիներ, նույնը կլիներ։ Ուզում են ասել՝ ով էլ լիներ, լինելու էր պատերազմ ու կրվելու էինք։ Կյանքը, փաստերը ապացուցել են, որ այս թեզը ևս սուտ էր․ նրանց ժամանակ էլ է եղել, ու հաղթել ենք․ ո՞ր մեկի ժամանակ ենք կրվել։ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանում քննարկում էր կազմակերպվել նիկոլականների մասնակցությամբ, որտեղ իմքայլական պատգամավորուհին ասում էր՝ պատերազմն անխուսափելի էր, Նիկոլը կապ չունի։ Լո՞ւրջ։ Բա ինչի՞ չէր լինում նախկինների վախտ։ Կարող ա՞պատճառն էն ա, որ բանակցել գիտեին, որ թուրքի շահերից չէին խոսում, առիթ չէին տալիս հարձակման, բարեկամների հետ չէին խարխլում հարաբերությունները։ Ինչի՞ իրենց պաշտոնավարման ժամանակ նախագահները չգնացին Ստեփանակերտ ու հայտարարեին՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ձեր չափ չէին սիրո՞ւմ, թե՞ Արցախի համար արած չունեին։ «Ով էլ լիներ՝ սենց կլիներ»․ ի՞նչ կլիներ, Քոչարյանը լիներ, Ղարաբաղ կտայի՞նք, անկլավներ կտայի՞նք, թուրքերին կբերեր Հայաստանում զանգվածաբար բնակվելո՞ւ։ Քոչարյանի վախտ քա՞նի անգամ եք անհանգիստ քնել գիշերը՝ մտածելով՝ հեսա պատերազմ կսկսի, քա՞նի անգամ եք Կապանի գլխին ադրբեջանական դրոշ տեսել, քա՞նի անգամ է Ալիևը սենց հաբռգած իրեն պահել։ Ալիևին «կուռկուռի ձագ» էր սարքել, իսկ դուք դարձրիք հերոս։ Ալիևի օգնականն ասում է՝ մենք չենք պլանավորում Սյունիքը գրավենք։ տեսնում ե՞ք հաբրգածության աստիճանը․ Նիկոլն ա, դրա համար էլ տենց են խոսում։

Մյուս աբսուրդ թեզը, որը ասում է Նիկոլն անձամբ, ու շատերը կրկնում են՝ բա թող 30 տարի հարցը լուծեիք։ Եթե սովորական քաղաքացին է սա ասում, կարող ես բացատրել, բայց երբ ասում է ղեկավար, ոչ միայն պատմական, այլև դիվանագիտական անգրագիտություն է։ 30 տարի որ չեն լուծել, դա քեզ իրավունք տալիս է՞ լուծես քո թշնամու ցանկացած տարբերակով։ Նախ սուտ է, թե՝ չեն լուծել՝ 30 տարի առաջ ազատագրել են, ինչը արդեն լուծում էր ու նշանակում էր, որ հետագա կարգավորումը պետք է լինի արդեն ձեռք բերած կարգավիճակից ոչ նվազ ելքով։ Եթե չէին լուծել, թող դու էլ քո պաշտոնավարման ժամանակ չլուծեիր, ինչի՞ էիր «վիզ դրած»՝ լուծում։ Քա՞նի հակամարտություն թվարկեմ, որ սառեցված է տարիներով, դու էլ սառեցնեիր։ Քանի հատ հակամարտություն եք ուզում ասեմ, որ գոյություն ունի մինչև հարյուրամյակներ։ Հնդկաստանն ու Պակիստանը, կորեական թերակղզին, արաբաիսրայելականը․․․ Պաղեստինն ու Իսրայելը քա՞նի տարի են հակամարտում։ Թուրքիան Հյուսիային Կիպրոսի հարցը արդեն 60 տարի լուծում ա, ու Թուրքիայում ոչ մեկ չասաց՝ նախկինները չեն լուծել, ես էլ Կիպրոսը տալիս եմ․ մեկը տենց բան ասի, Թաքսիմ հրապարակում չասեմ ինչ կանեն։ Նույնը Ադրբեջանի դեպքում, 30 տարի չէր լուծվում իր ուզած ձևով, որևէ մեկն այդ երկրում ասում էր եկեք մոռանա՞նք Ղարաբաղի մասին։ Իսկ մեզ մոտ էն գլխից լևոնա-նիկոլականներն ասում են տանք հանգիստ ապրենք։  

Թրքասիրության քարոզիչն Արսենյան Գուրգենը երեկ ասում է՝ էս 30 տարի շրջափակված ենք, 25 տոկոսով թանկ ենք ապրանք առնում, սահմանները որ բացվեն․․․ Մեկ անգամ չեմ լսել իսրայելական իշխանական պատգամավոր ասի՝ որ Պաղեստինի հետ պատերազմի մեջ չլիեինք, արաբական աշխարհի հետ բարիդրացիական հարաբերություն լիներ, էժան կապրեինք, եկեք մոռանանք ինչ եղել է, հանձնենք, ավելի հեշտ ապրենք։ Բոլորն էլ ուզում են բարիդրացիական հարաբերություններ, բայց ո՞ր մեկն ա դա անում զիջումների հաշվին։ Ասում էիք՝ Արցախը տանք լավ ապրենք, տվելեք, բա լավ ապրեք։

Իրենց կրած պարտությունն արդարացնում են նրանով, թե՝ դե Ռուսաստանը դե թող կանխեր պատերազմը, ուրեմն ռուսներն են ասել հարձակվեք։ Կարո՞ղ եք ասել աշխարհում մի երկիր, որ պատերազմ չլինելու երաշխիք է բաժանում։ Իսրայելի երաշխավորն Ամերիկան է, տարիներ շարունակ․ պատերազմ չեղա՞վ։ Սաղ արևմուտքը Ուկրաինայի մեջքին է, պատերազմի մեջ չէ՞։ Ո՞ր մեկը կարող է խաղաղություն երաշխավորել։  Մենք այստեղ պետք է խոսենք ոչ թե նրանից՝ պատերազ ուզում ենք, թե չէ, այլ՝ մեր երկիրն ուզո՞ւմ ենք, թե չէ։ Եթե Արսենյան Գուրգենի համար մեկ է՝ ինքը որտեղ կապրի, էդ տարածքի անունը ինչ կլինի, իր խնդիրն է, բայց մեզ համար մեկ ա՞ որ երկրում ենք ուզում ապրել։ Թե մեկ ա, ուրեմն այլևս մի ասեք ինքնիշխանություն բառը։ Ինքնիշխանությունը պահում ես զենքով, ուժով։

Եվս մեկ ցնդաբանություն այն է, թե՝ ով էլ գա, բան չի փոխվի, սաղ որոշված ա։ Սա էլ ապացուցվել է պատմությամբ, որ անգամ ամենաանելանելի վիճակում եկել է մարդ ու բան է փոխվել։ Հեռու չգնամ, մեր պատմության մեջ էլ կա անկախությունից հետո։ Նիկոլի մնալը արդարացնելու համար է, թե՝ մեկ ա՝ որոշված է ինչքան է հանձնելու, կհանձնի։ Ամեն ինչ կարող է փոխվել․ աշխարհը խառնվել ա իրար, ժողովուրդ ջան, ամեն երկիր սպասում է իր համար հարմար աեռիթի՝ իր տարածքային հարցը լուծելու համար։ Մեզ համար էլ հարմար առիթներ կլինեն․ միայն թե Նիկոլը առիթ ա ման գալիս, որ հանձնի։ Չի կարող բան չփոխվի՝ ով էլ գա․ վստահելի, հայրենասեր դեմք եկավ, զենքի կնքման պայմանագրերը կթարմացնի Ռուսաստանի հետ, Իրանի հետ ռազմավարական պայմանագրեր կկնքի, ոչ միայն աանվտանգության առումով, նաև էներգետիկ անվտանգության առումով կապահովի հնարավորություններ։ «Ով էլ գա՝ նույնը կլինի» թեզը արգելակում է մեր զարգացումը, մեզ հրում ճահիճը։ ՔՊ-ականների սիրած թեզն է, քանի որ բան չի փոխվի, ուրեմն կզենք, թող մեզ վրա «հավալա» խաղան։ Սրանք ասում են բազմավեկտոր աղաքականություն, բայց մի երկրի հետ թշնամանում են, մյուսին խոստանում լինել ծառա։ Ո՞նց կարող ես քո տարածաշրջանում թիվ մեկ ասողի հետ թշնամանալ։ Ո՞ւմ․․․ Մեջքով։ Կամ ամեն ինչ տալով բարիիշելս ո՞րն ա․ ասա՝ ստրուկ։

Թեզերը շատ են, ես անդրադարձա այսքանին։ Էս ցնդաբանությունները հասել են այնտեղ, որ տարբեր հիմարություն են ասում, որպեսզի հանկարծ իրենց չասեն նիկոլական, սերժական, քոչարյանական, կոմպլեքսավորվում են, իբր ուզում են երևալ օրիգինալ, բայց ասում են նիկոլական թեզեր։

Կարճ ասած՝ կյանքն ապացուց ել է, որ սաղ մեկ չեն, որ ով էլ լիներ՝ նույնը չէր լինի ու պատմությունն ապացուցել է, որ սուտ է, թե բան փոխել հնարավոր չէ։ Ես չեմ մտածում, թե էդպես ասողներին էդ թեզերը Փաշինյանի օֆիսն է ուղարկում, բայց, ժողովուրդ ջան, մեկ-մեկ ուշադրություն դարձնենք ինչ ենք խոսում։

Իսկ ինչվերաբերում է թեզին, թե՝ «բա ո՞վ գա» , ասեմ, պետք է գա նա, ով ատամներով, եղունգներով, ամեն հարթակներում կպաշտպանի հայ ժողովրդի շահերը։ Էս ստորացված վիճակից ես ուզում եմ ազատվել։ Վստահ եմ՝ դուք էլ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ