Գեղարքունիքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քննչական կոմիտեի։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Անդրանիկ Անտոնյանը դատարանից պահանջում է իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչել եւ իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին պաշտոնայի դրույքաչափն իր օգտին գանձել։
Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ ֆեյսբուքյան իր էջում այսպես ասած՝ «հականիկոլական» նյութերով կիսվելու համար։
Մասնավորապես, խոսքը «տարածքների հանձնման, պատերազմում զոհվածների թվի, Նիկոլ Փաշինյանի դավաճանության» եւ այլ նմանատիպ բովանդակություն ունեցող գրառումների մասին էր։ Ծառայողական քննության նյութերը ներկայացվել էին կարգապահական հանձնաժողովին։ Քննչական կոմիտեի նախագահն առաջարկություն Էր ներկայացրել քննիչին հեռացնել աշխատանքից, եւ կարգապահական հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը։ Ապրիլի 1-ին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Անդրանիկ Անտոնյանն ազատվել էր աշխատանքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը