23 12 2022

«Կարճ ասած»․ Վտանգավոր թեզեր, որ օգտագործում են մեր քաղաքացիները առանց հասկանալու



 

Ամեն օր փողոցում, այգիներում, սրճարաններում, ուրախ ու տխուր առիթների հավաքույթներում բոլոր-բոլորի քննարկման թեման քաղաքական իրավիճակն է։ Ինչից էլ խոսեն, վերադառնում են իրավիճակին ու սկսում քաղաքական թեման։ Գիտե՞ք այստեղ որն է հետաքրքիր․ բոլորը վերլուծաբաններին, քաղաքական ու պետական գործիչներին, քաղաքագետներին սխալ են հանում և լուծման իրենց տարբերակները ներկայացնում։ Չկա օր, որ ինձ քաղաքացիները չհանդիպեն ու իրենց կարծիքը ներկայացնեն վիճակի ու ելքերի մասին։ Հայաստանցին երևի աշխարհի ամենաքաղաքականացվածն է․ նրանք գիտեն բոլոր նորությունները․ ամեն օր լրահոսի մեջ լինելով՝ մենք՝ լրագրողներս, բաներ կան, որ աչքաթող ենք անում, բայց նրանք գիտեն ամեն ինչ, կարդում են, հատկապես ֆեյքնյուզը լավ ընկալում ու արմատավորում իրենց մեջ։ Բայց երբ արդեն պետք է քաղաքացիական կեցվածք որդեգրել, երբ միկրոֆոն ես առաջարկում, որ խոսեն, երբ ակցիա ես մատնանշում, որ մասնակցեն, միանգամից մեկ պատասխան ունեն՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Այսօր անդրադառնալու եմ մի քանի ծեծված թեմաների, որոնք և՛ խիստ կարևոր են, և՛ մեր այս վիճակի պատճառներից մեկը։

Խաղողագործները եկել էին կառավարության դիմաց միտինգ անելու ու իրենց խնդիրը ներկայացնելուց առաջ, ընթացքում ու հետո հազար անգամ շեշտեցին, թե՝ մեր ակցիան քաղաքական չէ, մենք դեմ չենք և այլն, ուղղակի խաղողը 100 դրամ են մթերում, որը ինքնարժեքով ա, մեզ ձեռք չի տալիս։ Քանի որ իրենց կարծիքով, չքաղաքականացրեցին, ուշադրություն դարձնող չեղավ, մնացին մենակ իրենք իրենց խնդրի հետ, ու վերջերս իմացանք, որ եթե 100 դրամին դեմ էին, մինչև 90 դրամով են մթերել, փողն էլ չեն տվել, ստիպված այգիները քանդում են։ Բրյուսովի ուսանողների բողոքը ինչի՞ լուծում չստացավ․ որովհետև իրենք էլ դեմից ասում էին, որ այս քաղաքական ուժի քաղաքականության պատճառով իրենց բուհին սպառնացող փակումը քաղաքական թեմա չէ։ Լարսի ճանապարհը փակել էին, միլիոնավոր դոլարների կորուստ եղավ, գործարարները, նրանց շահերի պաշտպան կազմակերպությունները ձեն չհանեցին, որովհետև վախենում էին խոսել Նիկոլի դեմ ու քաղաքականացնել։ Ասում էին՝ մենք գործարար ենք, չքաղաքականացնենք։ Ինչի՞ Լաչինի միջանցքի փակման դեմ բողոքի ցույցերը մի քանի հատ էին ու քիչ թվով մարդկանցով․ որովհետև էս մարդիկ էս մաքուր քաղաքական գործընթացը ասում էին քաղաքական չէ։ Լաչինի միջանցքում կատարվողը բանակցությունների տապալման արդյունք է, բայց քաղաքականության տապալման դեմ ցույց են անում ու ասում են մի քաղաքականացրեք․ օղորմածիկ Գալուստ Սահակյանը, ում հոգեհանգիստն է այսօր, ասում էր՝ թիվ մեկ քաղաքական ամբիոնը մի քաղաքականացրեք․ հումորով էր ասում, իհարկե, բայց այ էսօր լրիվ դա է։ Երբ Արցախը կործանումից 5 ա պակաս, բայց հանուն Արցախի միտինգ անողներն ասում են սա ապաքաղաքական ակցիա է, մենք ոչ մեկի պատվերը չենք կատարում, Արցախի ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնում, որ ապաքաղաքական ակցիա են արել, այդ բոլորը միասին ուզած թե չուզած կատարում են Նիկոլի և Արցախը մյուս կործանողների պատվերը, որովհետև այդ հարցը նախ քաղաքական է, դրա լուծումն էլ քաղաքական է, բացառապես․ սպորտային չէ, մշակութային չէ, տնտեսական չէ, քաղաքական է։ Բողոքի ցույցերին մարդկանց թվից ես ամաչում եմ, բայց էդ թիվը հենց չքաղաքականացնելու արդյունք է, որովհետև երբ ասում ես մեր ակցիայի նպատակը իշխանությունից պահանջելը չէ, այլ է, իսկ այլը չկա՝ օդ է, ուրեմն դու ընդամենը անում ես գալչկայի համար, որ գիտե՞ք 100 բժիշկ, 50 դերասան, 10 իրավապաշտպան գնաց ՄԱԿ-ի դիմաց։ ՄԱԿ-ի դիմաց ակցիաների արդյունքը ի՞նչ եղավ, բավարարված ե՞ք, որ մի երկու երկիր ավել կոչեր արեց․ ու՞, դրա արդյունքը ո՞րն է։

Մյուս թեզը, որ խիստ անընդունելի է, եթե չասեմ անգրագետ, և այսպիսի աղետալի վիճակներում անընդհատ կրկնում են, այն է, թե՝ Նիկոլը գնա ով էլ գա նույնն է լինելու, բոլորի ժամանակ էլ նույնն էր։ Էնքան հաճախ եմ սա լսում։ Ես չեմ կարող իհարկե, մտնել այդպես մտածող մարդկանց տրամաբանության մեջ, չեմ կարողանում հասկանալ, թե ո՞նց էր բոլորի ժամանակ էլ նույնը։ Ո՞ր մեկի ժամանակ ես 10 հազար քառակուսի կիլոմետր զիջել, ո՞ր մեկի ժամանակ ես 5 հազար զոհ տվել, այն էլ, ինչպես իշխանական ընտանիքն է ասում, հանուն ոչինչի։ Ո՞ր մեկի ժամանակ ես էսպես ծնկաչոք դիվանագիտություն ունեցել, խաղաղություն մուրացել։ Կամ ո՞նց կարող է ով էլ գա նույնը լինի․ հա կարող ա Նիկոլի փոխարեն Արայիկ Հարությունյանը գա ու նույնը լինի, գա որևէ ՔՊ-ական, նույնը լինի, մի քիչ ավելի լավ կամ վատ, բայց որ նորմալ մարդ բերես իշխանության, ո՞նց կարող է նույնը լինել։ Ինձ համար ծիծաղելի է, երբ ասում են՝ ով էլ գար՝ նույնը կլիներ։ Ուղղակի անհնար ա մի լուրջ մարդ լիներ ու պատերազմ լիներ, կամ եթե լիներ, էսպես արագ, մի ամսում կոտորեին, պարտվեինք։ Ու վստահ եմ, որ եթե Նիկոլը, կամ իր նմանը լիներ Հայաստանի ղեկավարը 10, 15, 20 տարի առաջ էլ, այո, կլիներ այն, ինչ հիմա է։

Մյուս իմ կարծիքով սխալ պատկերացումը, որը շատ հաճախ եմ լսում, այդ թվում՝ ընդդիմադիր ու իշխանական գործիչներից, այն է, թե՝ բոլորս մեղավոր ենք էս վիճակի համար։ Ընդ որում, երբ որ անհատակացնում են, պարզվում է՝ ոչ ոք մեղավոր չէ, բացի Նիկոլից, բայց ցրելու համար ասում են բոլորս։ Օրինակ՝ ես ինչո՞ւմ եմ մեղավոր կամ էն մարդիկ, որոնք ի սկզբանե կանխատեսել են, հասկացել են ուր է տանում այդ արկածախնդրությունը, պայքարել են ու իրենցից կախված ամեն ինչ արել են, որ սրան չհասնենք։ Ոչ գնացել եմ հրապարակ, ոչ գոռացել եմ Նիկոլ վարչապետ, ոչ էլ համաձայն եմ եղել Նիկոլի հրամանատարության ներքո պատերազմին։ Հակառակ, հենց սկզբից, հայհոյանքների տարափի տակ փորձել եմ մարդկանց էյֆորիայից հանել, տեղեկացնել, բացատրել, աչքերը բացել, ու ցավոք՝ կատարվել են իմ բոլոր կանխատեսումները, դեռ 18ից սկսած։ Նրանք, ովքեր 2018 թվականին Սերժ էին մերժում, ես խոշոր հաշվով նրանց մեղավոր չեմ համարում, որովհետև մարդիկ փոփոխություն էին ուզում․ անգամ 2018 թվականին Նիկոլ ընտրածները մեղավոր չեն․ բայց 2021 թվականի հունիսի 21-ին Նիկոլ ընտրածները մեղավոր են և պետք է պատասխանատվություն կրեն։ Ու բազմակի մեղավոր են, եթե հիմա ոտքի չեն կանգնում։ Ընդ որում, նրանք, ովքեր իրենց արած սխալի հետևանքները չեն ուզում գիտակցել, հենց նրանք էլ ասում են, թե՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ով էլ գար նույնը կլիներ և որ ամենից աբսուրդն է՝ Նիկոլը մեղք չունի, խեղճ հարիֆի գլխին սարքեցին։ Էդ մարդիկ համոզում էին, որ Քոչարյանը Նիկոլին տարել պադվալում պահել ա, պիստալետը դրել ա գլխին, որ Ղարաբաղը հանձնի։ Նրանք գիտեն, որ Քոչարյանը Ղարաբաղ ա ազատագրել, բայց դե բան ա ասում են էլի։ Նրանք, օրինակ, ասում են, թե Պուտինը Նիկոլին ամեն օր զանգում պահանջում ա, որ Զագեզուրի միջանցք տա․ նա չի տալիս, ու ռուսները Լաչինի միջանցք են փակում։ Ամեն ինչի նրանք կարող են հավատալ, բայց ոչ երբեք իրականությանը, նրան, որ այս ամենի մեղավորը քաղաքացին է, որն իր հերթին առանց երկար մտածելու բերում, ու ընտրում է առաջին պատահածին․ հետո, իհարկե, մեղավոր է այդ պատահական վարչապետ դարձած մարդը, որը չի հասկանում, որ պետություն ղեկավարելը հանաք չէ, մարդկանց կյանքեր, ճակատագրեր են խեղվում։ Որովհետև ժողովուրդը չի ուզում ընդունի, որ ինքը 2018-ին, 2021-ին խաբվել ա, որ իրեն հիմարացրել են, որ իրենց իմացած խեղճ հարիֆը, իրենց խնամքով պահած երեխան․․․ Դե գիտեք ինչ արեց, չկրկնվեմ։

Եվ 2020 թվականից մինչև հիմա ամենաշատը լսած ու ամենաախմախ թեզը, որ օգտագործում են, ասում են բոլորին ու իհարկե՝ միայն սոցցանցերում, դա այն է՝ հել գնա սահման։ Վերջերս էլ Քոչարյան Անդոնն էր լրագրողներին ասում։ Ասում են ինչի՞ եք բողոքի ցույց անում, փողոց փակում, դժգոհում, դրա փոխարեն գնացեք սահման պահեք։ Գնան սահման ի՞նչ անեն։ Օրերս ասֆալտի վրա երկրապահ աշխատող Սասուն Միքայելյանն էր ասում՝ թող մի օր ընդդիմությունը սահման գնա։ Սասուն Միքայելյանը ու բոլոր նրանք, որ ամեն խոսացողի ասում են հել գնա սահման, տեղյակ ե՞ն, որ էսօր սահմանը պահում են գրեթե միայն ընդդիմադիրները։ Դուք խոսել ե՞ք զինվորների հետ, սպաների հետ, նրանց ամեն օր մեծ դժվարություններով սնունդ ու հագուստ ուղարկող տանեցիների հետ․ էդ սաղ ընդդիմադիր են․ Վահագն Հովակիմյանի, Անդրանիկ Քոչարյանի ու ուրիշ իշխանականների տղերքը ազատվում են բանակից, բայց ընդդիմադիրները գնում են թե՛ սահման, թե՛ զորահավաքների։ Ուրեմն իմացեք, որ այսօր սահմանը պահում են ընդդիմադիրները․ այո՛, քաղաքական գործիչներ չեն, բայց բոլորը կամ ճնշող մեծամասնությունը չի ընդունում այս իշխանությանը, համարում են, որ դավաճան են։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, եկեք տարբերենք քաղաքականությամբ զբաղվելն ու քաղաքացիական պատասխանատու կեցվածք ունենալը։ Եկեք հասկանանք, որ բոլորս պարտավոր ենք լինել երկրի քաղաքացի, մասնակցել երկրի կյանքի բոլոր զարգացումներին, հանեդես բերել ակտիվություն, որ որևէ իշխանություն ռիսկ չանի գնալ արկածախնդրության։ Եթե մենք ունենանք քաղաքացիական կեցվածք ու այն արտահայտենք, ո՛չ բուհերը կքանդեն, ո՛չ բերքը կփչանա, ոչ էլ հող հանձնողները կմնան իշխանության։ 

Ի վերջո, երբ ձեր երեխան վաղը հարցնի՝ պապ, մամ, պապի, որ երկիրը հանձնում էին դու ի՞նչ էիր անում, ասելու ես՝ քաղաքականությամբ չէի զբաղվում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ